Վերջին 8 տարում «Բժիշկներ առանց սահմանների»-ն բուժօգնություն է տրամադրել 972 տուբերկուլյոզով հիվանդի
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է «Բժիշկներ առանց սահմանների» միության հայաստանյան մասնաճյուղի առաքելության ղեկավար Աննաբել Ջերիբիին և բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումին:
Դերենիկ Դումանյանը նշել է, որ միության հետ համագործակցության երկար ճանապարհ են անցել տուբերկուլյոզի հայտնաբերման, ախտորոշման և բուժման գործում: Խնդիր, որ մշտական ուշադրություն և նորանոր լուծումներ է պահանջում:
Աննաբել Ջերիրբին ասել է, որ ռեգուլյար և դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման գործընթացն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային գրասենյակի հետ համատեղ և արդյունավետ:
2005 մինչև օրս Հայաստանում «Բժիշկներ առանց սահմանների» միության կողմից բուժօգնություն ստացած դեղորայքակայուն տուբերկուլյոզով հիվանդների ընդհանուր թիվը կազմել է 972: Նրանցից 225-ը դեռևս բուժվում է: Նա հույս հայտնեց, որ համագործակցությունը շարունակական կլինի և կընդլայնվի:
2013 թ. փետրվարին առաքելությունը նախատեսում է կազմակերպել վիրաբույժներից բաղկացած թիմի առաջին այցը Հայաստան: Մասնագետները Աբովյանի հակատուբերկուլյոզային դիսպանսերում կկատարեն վիրահատություններ, միաժամանակ տեղի մասնագետների հետ կանցկացնեն վերապատրաստման դասընթացներ:
Դերենիկ Դումանյանը ողջունեց առաջարկը և հավելեց, որ տուբերկուլյոզով հիվանդների բուժմանը միտված ցանկացած նախաձեռնություն կարևոր է հիվանդության կանխարգելման առումով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել