
«Հայկական ժամանակ». ԱԳՆ շենքը վաճառելուց հետո աճուրդի են դրել
ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը կառավարության առաջիկա նիստին կներկայացնի արտաքին գործերի նախարարության շենքն աճուրդի հանելու մասին որոշման նախագիծ: Այդ շենքը, ինչպես հիշեցնում է թերթը, կառավարության որոշմամբ արդեն վաճառվել էր:
Այս տարվա հոկտեմբերի 4-ին ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել շենքն ուղղակի վաճառքով վաճառել. Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը: Այդ որոշումը չեղյալ հայտարարելու մասին որեւէ տեղեկություն չի հրապարակվել, եւ հանկարծ կառավարությունը նոր որոշում է կայացնելու՝ հիմ էլ աճուրդով վաճառել: Ո՞րն է այս աբսուրդ որոշման պատճառը: Հնարավոր է՝ Էռնեկյանը փոշմանել է եւ այլեւս չի ուզում գնել այդ շենքը: Սակայն, ավելի հավանական է, որ նա որոշել է շենքը գնել հրապարակային աճուրդով, որպեսզի հետագայում խուսափի մեղադրանքներից, թե էժան է գնել: Եվ խնդիրն այստեղ ոչ թե Էռնեկյանն է, այլ մեր կառավարության սկզբունքները: Եթե ճիշտը աճուրդով վաճառելն էր, ապա ինչու էին ժամանակին կոկորդ պատռում, թե ուղղակի վաճառքն է ճիշտ: Եթե ճիշտը ուղղակի վաճառքն է, ապա ինչու են հիմա աճուրդ հայտարարում: Աճուրդի անցկացման ժամկետները դեռ հայտնի չեն, իսկ մեկնարկային գինը նախկինն է՝ 52 մլն դրամ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել