HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Ինչու՞ է պետությունը տարբեր աշխատավարձ «նախատեսում» գյումրեցիների ու վանաձորցիների համար

Գյումրու քաղաքապետի աշխատավարձը 270  հազար դրամ է` ի տարբերություն Վանաձորի քաղաքապետի, որի աշխատավարձի չափն արդեն որոշվել է 301 հազար դրամ: Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական բաժնի պետ Լենա Ջիլավյանի փոխանցմամբ` իրենց քաղաքապետարանի աշխատակազմի փոփոխված հաստիքացուցակն ու դրույքաչափերը դեռ նոր պիտի ներկայացվեն ավագանու հաստատմանը: Մինչ այդ Գյումրու քաղաքապետարանից տրամադրված տվյալները համեմատեցինք Վանաձորի քաղաքապետարանի նախկին տվյալների հետ, որոնցով դեռ մինչև տարեվերջ կվարձատրվեն վանաձորցիները:

Ըստ այդմ` Վանաձորի և Գյումրու քաղաքապետները հավասար աշխատավարձ են ստացել` 270 հազար դրամ, իսկ մյուս պաշտոնների դեպքում գործել են տարբեր դրույքաչափեր. Վանաձորի քաղաքապետի տեղակալի ամսական աշխատավարձը եղել է 210 հազար դրամ, Գյումրու քաղաքապետի տեղակալինը` 216 հազար, Վանաձորի քաղաքապետի 2 խորհրդականներինը` 120 հազարական, Գյումրու քաղաքապետի խորհրդականինը, որը միաժամանակ գլխավոր ճարտարապետն է՝ 180 հազար (մեր տեղեկություններով՝ Վանաձորի քաղաքապետն էլ է պատրաստվում 200 հազար դրամ նոր աշխատավարձով այս պաշտոնում նշանակել քաղաքի գլխավոր ճարտարապետին, ով ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետն է և իր փեսան), Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարինը` 200 հազար, Գյումրունը` 216 հազար, Վանաձորի բաժնի պետերի աշխատավարձը` 150 հազար, Գյումրունը` 180 հազար, Վանաձորի բաժնի պետերի տեղակալներինը` 110 հազար, Գյումրու քաղաքապետարանում պետի տեղակալներ չկան:

Նշված պաշտոններում վանաձորցիների դրույքաչափերը գյումրեցիների համեմատ ցածր են,  մինչդեռ ավելի ցածր պաշտոնների դեպքում պատկերը հակառակն է. Վանաձորի քաղաքապետարանի գլխավոր մասնագետի աշխատավարձը 90 հազար էր, Գյումրունը` 80 հազար, Վանաձորի առաջատար մասնագետինը` 80 հազար, Գյումրունը` 70 հազար, Վանաձորի առաջին կարգի մասնագետինը` 70 հազար, Գյումրունը` 60 հազար:  

Եթե նշված` հայեցողական և համայնքային ծառայություն իրականացնող պաշտոնների դեպքում յուրաքանչյուր քաղաքապետարան ինքն է որոշում դրանց դրույքաչափերը, որը հաստատվում է ավագանու կողմից, ապա միանգամայն անհասկանալի է Վանաձորի և Գյումրու քաղաքապետարանների ենթակայությամբ գործող` Սոցիալական ծառայության և Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (ԶԱԳՍ)` միևնույն հաստիքների խիստ տարբեր դրույքաչափերը:

Վանաձորի սոցիալականի բաժնի պետի աշխատավարձը 130 հազար է եղել, Գյումրու նույն ստորաբաժանման պետինը`117 հազար 600, Վանաձորի սոցիալականի պետի տեղակալինը` 90 հազար, Գյումրունը` 100 հազար Վանաձորի սոցիալականի գլխավոր մասնագետինը` 68 հազար, Գյումրունը` 58 հազար, Վանաձորի սոցիալականի առաջատար մասնագետինը` 60 հազար, Գյումրունը` 40 հազար: ԶԱԳՍ-ի Վանաձորի տարածքային բաժնի պետի աշխատավարձը` 86 հազար 250, Գյումրունը` 100 հազար 529, Վանաձորի ԶԱԳՍ-ի առաջին կարգի մասնագետինը` 41 հազար  875,  Գյումրունը` 40 հազար 277:

Ինչպես Վանաձորի քաղաքապետարանի պաշտոնյաները հայտարարեցին, Սոցծառայությունն ու ԶԱԳՍ-ը, լինելով քաղաքապետարանի ենթակայության տակ, սակայն առանձնացող ստորաբաժանումներ, պետբյուջեից են ֆինանսավորվում, դրույքաչափերն էլ պետությունն է որոշում: «Ինչ պետությունը նախատեսել է, դրած է»,- նշեցին վանաձորցի պաշտոնյաները:  Գյումրու քաղաքապետարանի ֆինբաժնի պետն էլ հաստատեց, որ ՏԻՄ-ն այս դեպքում անելիք չունի, այդ ստորաբաժանումների համար նախատեսված գումարն ընդամենը փոխանցվում է տեղական բյուջե, որտեղից ելք է լինում: Բայց թե ինչ սկզբունքով է պետությունը «նախատեսել» այդ դրույքաչափերը, պարզ չէ, քանի որ ներկայացված թվերը հաշվարկման որևէ օրինաչափություն չեն ենթադրում:

Միայն մի բան միանշանակ է, որ Գյումրու քաղաքապետարանի 3 վարորդները, որոնց աշխատավարձը 100 հազարական է, այս ամիս էլ սոցիալականի պետին հավասար աշխատավարձ կստանան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter