
Ակտիվիստները հարցնում են գյուղնախարարին. ճի՞շտ է, որ Սյունիքում Իրանի 5000 անասուն է արածելու
Հարցում ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանին և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին
Սույն թվականի դեկտեմբերի 24-ին www.mitk.am վերլուծական ինտերնետային կայքում հրապարակվել է «Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր» վերնագրով նյութ: Որում ասվում է հետևյալը` այն կստորագրվի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարի՝ Սյունիքի մարզ կատարելիք այցի ժամանակ:
Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA տեղեկատվական գործակալությունը, ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը: Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը: «Ըստ համաձայնագրին` արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը:
Նրա խոսքով՝ Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն՝ Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ: Իսկ հարցի շուրջ կայքերից մեկին իր բացատրությունն է տվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը. «Որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»:
Մեր և հանրության լայն շերտի մոտ առաջացել է դժգոհություն և մտավախություն, որ սա կարող է իսկապես իրականություն լինել, քանի որ մենք մեր իրականությունից չենք հեռանում, եթե ՀՀ կառավարությունը պատրաստ է որոշում ընդունել Քաջարան գյուղը տարհանելու վերաբերյալ, ապա այս հարցին անտարակույս առանց հետևանքների մասին մտածելու ու կշռադատելու, կարող է լուծում տալ:
Այժմ, որպես շահագրգիռ և մտահոգ հանրություն դիմում ենք Ձեզ` «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի համաձայն ստույգ և հավաստի տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, մասնավորապես՝ Դուք, որպես պետական լիազոր մարմինների պաշտոնատար անձինք, պաշտոնապես հերքեք կամ հաստատեք այս տեղեկատվությունը: Եթե այն համապատասխանում է իրականությանը, ապա խնդրում ենք տրամադրել այդ հավաստող փաստաթղթերի պատճենները և անհապաղ ապահովել հասարակական լսումներ:
Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ձեզ ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ ցանկացած որոշում կայացնելուց, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու և առանց նրա գիտության: Հորդորում ենք` առանց հանրության կարծիքը հաշվի առնելու որևէ համաձայանգիր կամ պայմանագիր չկնքել:
Ակնկալում ենք սեղմ ժամկետում ստանալ Ձեր պաշտոնական և հրապարակային արձագանքը: Հուսով ենք, որ այն կլինի ի շահ հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության»:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնություն
Լուս.՝ aravot.am-ի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել