Ռազմական խորհրդի վերջին նիստը ՊԲ-ում
Դեկտեմբերի 25-ին բանակի հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի, միավորումների, զորամասերի և առանձին ստորաբաժանումների հրամանատարների ու նրանց տեղակալների, ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ 2012 թ. ռազմական խորհրդի վերջին նիստը, որը նվիրված էր ընթացիկ բանակային տարվա արդյունքների ամփոփմանը: Նիստին ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Նախքան օրակարգային հարցերին անցնելը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը համառոտ անդրադարձավ տարածաշրջանային ռազմաքաղաքական ընթացիկ զարգացումներին և, ըստ այդմ, կարևորեց հանրապետության պաշտպանական համակարգի ամրապնդմանն ուղղված գործընթացների նշանակությունը:
Այնուհետև բանակի հրամանատարն ըստ ուղղությունների ներկայացրեց քննարկվող ժամանակահատվածում կատարված աշխատանքները: Խոսելով հանրապետության զինված ուժերի մարտական և բարոյահոգեբանական պատրաստության ոլորտում իրականացված գործընթացների շուրջ, նախարարը համակողմանի վերլուծության ենթարկեց բանակի մարտական և զորահավաքային պատրաստության և պատրաստականության, մարտական հերթապահության, զորքերի ծառայության, անձնակազմի հետ տարվող աշխատանքների կազմակերպման, սպառազինության և տեխնիկայի շահագործման ու սպասարկման, առաջնային գծի ինժեներական կառույցների կատարելագործման, թիկունքային ապահովման, զինծառայողների սոցիալական վիճակի բարելավման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները:
Խորհրդակցության ընթացքում ամփոփիչ խոսքով հանդես եկավ նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Հանրապետության ԶՈւ գլխավոր գերագույն հրամանատարն անդրադարձավ տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների ընթացիկ վիճակին, առաջնային գծի ամրապնդման, զինվորական կադրերի պատրաստման և համալրման, սպառազինության թարմացման, թիկունքային ապահովման, զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման խնդիրներին՝ հատուկ շեշտադրում կատարելով անձնակազմի դաստիարակության և միջանձնային փոխհարաբերությունների ամրապնդմանն ուղղված հարցերին:
ՌԽ նիստն ավարտվեց ուսումնական տարվա արդյունքներով աչքի ընկած բաժինների, զորամասերի, ստորաբաժանումների և զինծառայողների պարգևատրման արարողությամբ:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել