HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացավ ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի նիստը

ՀՀ տարածքային կառավարման նախարարին կից կոլեգիայի  այսօրվա նիստում, որը վարում էր փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը,  քննարկվեցին Տարածքային զարգացման հիմնադրամի ձեւավորման մոտեցումների վերաբերյալ լրամշակված առաջարկությունները:

ՏԿՆ աշխատակազմի տարածքային զարգացման վարչության պետ Հայկ Գալստյանը ներկայացրեց հիմնադրամի նպատակների, գործառույթների, կառավարման մեխանիզմների,  հիմնադրամի միջոցների ձեւավորման աղբյուրների վերաբերյալ հիմնական մոտեցումները: Փաստաթուղթը մշակելիս հաշվի է առնվել նմանատիպ հիմնադրամների ստեղծման այլ երկրների եւ, մասնավորապես, Վրաստանի փորձը:

Հիմնադրամի հիմնական նպատակներն են մարզերում իրականացվող կապիտալ ներդրումների ազդեցության մեծացումը` հաշվի առնելով տվյալ տարածաշրջանի համաչափ զարգացման եւ աղքատության կրճատման մակարդակը, տարբեր ֆինանսական կազմակերպությունների եւ դոնորների միջոցներով ծրագրերի համակարգված իրականացումը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել աշխատանքների արդյունավետությունը:

Հիմնադրամը կունենա հիմնական չորս գործառույթ` համայնքների  ֆինանսական եւ ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում, պետություն- մասնավոր հատված համագործակցության արդյունքում սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացում եւ մասնավոր հատվածի կողմից իրականացվող ծրագրերին աջակցության ցուցաբերում, միջհամայնքային համագործակցության խրախուսում, ուղղակի կապիտալ ծրագրերի իրականացում:

Փաստաթուղթը կներկայացվի կառավարություն, սակայն փոխվարչապետը նշեց, որ այն լայն քննարկման առարկա է լինելու եւ կոչ արեց կոլեգիայի անդամներին եւս ներկայացնել իրենց առաջարկություններն ու կարծիքները:  

Կոլեգիան ի գիտություն ընդունեց ՏԻՄ-երի տեղեկատվայնացման ուղղությամբ 2012 թվականին կատարված աշխատանքների արդյունքների մասին տեղեկատվությունը: Տարվա ընթացքում  ՏԻՄ-երի տեղեկատվայնացման առումով իրականացված հիմնական աշխատանքներն ուղղված են եղել քաղաքային եւ խոշոր գյուղական համայնքներում Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգերի (ՀԿՏՀ) ներդրմանը եւ «Mulberry» համակարգի միջեւ փոխգործակցության հաստատմանը: Պետական կառավարման մարմիններում շահագործվող փաստաթղթաշարժի «Mulberry» համակարգը ներդրվել է 115 համայնքապետարաններում (37 քաղաքային եւ 78 գյուղական): 2012 թ.-ին ՀԿՏՀ է ներդրվել 98 համայնքում: Ներկայումս  համակարգը տեղադրված է ընդհանուր առմամբ 339 համայնքում:  Փոխվարչապետը հանձնարարեց գալիք տարվա ընթացքում նույնպես  շարունակել աշխատանքները:

 ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը նախնական տեղեկատվություն ներկայացրեց 2012 թ. ընթացքում մատակարարված ոռոգման ջրի ծավալների, հասույթի, գանձման ցուցանիշների վերաբերյալ: Եղանակով պայմանավորված` այս տարի ոռոգման շրջանն ավելի վաղ էր մեկնարկել, եւ նախորդ տարվա համեմատ ձեւավորվել է  շուրջ 700 մլն դրամով ավելի հասույթ`  կազմելով  5 մլրդ 253 մլն  դրամ: Ա. Անդրեասյանը տեղեկացրեց, որ գանձումների ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, եւ վերջին տարիներին հավաքագրման միջին ցուցանիշը կպահպանվի:

Փոխվարչապետը եւս անդրադարձավ  ոռոգման  համակարգում այս տարի արձանագրված  դժվարություններին`  նշելով, որ գալիք տարիներին  կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամաբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter