HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահագն Չախալյանը համաներմամբ ազատ կարձակվի

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանի ընդունած համաներման մասին օրենքը տարածվում է նաև «Միասնական Ջավախքի» առաջնորդ Վահագն Չախալյանի վրա: Վահագնը ազատ կարձակվի, երբ օրենքն ուժի մեջ մտնի: Այս մասին «Հետքին» հայտնեց Վահագն Չախալյանի փաստաբան Նինո Ադրիաշվիլին:

«Այն հոդվածները, որոնցով մեղադրանք է առաջադրվել Վահագնի նկատմամբ, ոչ ծանր հանցագործություն է համարվում, և նրան ազատ կարձակեն, երբ նախագահ Սահակաշվիլին ստորագրի համաներման մասին օրենքը: Այնուհետև պետք է հրապարակվի ազատ արձակվողների անունները, իսկ հետագա երկու շաբաթվա ընթացքում Վահագնի գործը կփոխանցվի դատարան, և դատարանն էլ երկու շաբաթվա ընթացքում պետք է ազատ արձակման որոշում կայացնի: Այսինքն՝  դա կտևի մեկ կամ երկու ամիս, և նա ազատության մեջ կլինի»,- մանրամասնեց փաստաբան Ադրիաշվիլին:

Դեկտեմբերի 21-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց համաներման մասին օրենքը: Այն վերաբերելու է անձանց, ովքեր հանցագործություն են կատարել մինչև 2012թ. հոկտեմբերի 2-ը: Համաներումը կվերաբերի մեծ թվով բանտարկյալների, և նախատեսում է պատժի կրճատումը հիմնականում մեկ չորրորդ մասով:

Վահագն Չախալյանը անազատության մեջ է 2008 թվականի հուլիսի 21-ից, և նա արդեն կրել է պատժի մեկ չորրորդից ավելին: Հիշեցնենք, որ Վահագնը Վրաստանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Քր. օր. 236-րդ հոդվածի առաջին մասով` զենք-զինամթերքի ձեռքբերման եւ պահպանման, 226-րդ հոդվածով` հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպման կամ ակտիվ մասնակցության, 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետով` խուլիգանություն` կատարված իշխանության ներկայացուցչի դեմ: Նրան դատապարտեցին 10 տարվա ազատազրկման: Նինո Ադրիաշվիլու խոսքով՝ Վահագնին առաջադրած բոլոր հոդվածների վրա համաներումը տարածվում է:

190 բանտարկյալներ, որոնք Վրաստանի խորհրդարանի կողմից ճանաչվել են քաղաքական հալածյալներ, ազատ կարձակվեն, և նրանց նկատմամբ առաջադրված մեղադրանքները կհանվեն: Վահագն Չախալյանին քաղբանտարկյալների ցուցակում խորհրդարանը չընդգրկեց որոշ պատգամավորների ելույթներից հետո: Սակայն խոստացել են վերանայել Վահագնի գործը: Տոներից հետո պարզ կդառնա, ի վերջո, Վահագնին կընդգրկեն քաղբանտարկյալների ցուցակում, թե ոչ:

Դեկտեմբերի 2-ին Վրաստանի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում խորհրդարանական փոքրամասնության առաջնորդ Դավիթ Բաքրաձեն, երբ խոսել է քաղբանտարկյալների ցուցակի մասին, անդրադարձել է Սամցխե-Ջավախքից ցուցակում ընդգրկված մի անձի, ով իբրև թե ահաբեկել է վրացական եկեղեցու թեմի ներկայացուցչին, կատարել է նաև այլ հանցագործություններ, այդ թվում՝ հարձակվել և ֆիզիկական բռնություն է կիրառել վրացի կրոնավորի նկատմամբ: Վերջինիս վիճակն այնքան վատ է եղել, որ նրան տեղափոխել են հիվանդանոց:

Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը», որի ներկայացուցիչն է նաև փաստաբան Նինո Ադրիաշվիլին, դիմել է գլխավոր դատախազին՝ Դ. Բաքրաձեի անպատասխանատու հայտարարությունն ուսումնասիրելու և զրպարտության փաստի վերաբերյալ նրան հարցաքննելու, Բաքրաձեի հայտարարության իսկությունը չապացուցվելու դեպքում՝ նրան պատասխանատվության ենթարկելու պահանջով:

«Մարդու իրավունքների կենտրոը» նշել է, որ Վահագնին երբևէ մեղադրանք չի առաջադրվել վրացի հոգևորականի նկատմամբ  բռնություն կատարելու համար, իսկ անազատության մեջ գտնվող Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչը Վահագնն է: Այսինքն՝ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչ Դ. Բաքրաձեն մեղադրում է անձին այն հանցագործության մեջ, որը տվյալ անձը չի կատարել և դատարանը նրան այդ հանցագործության համար չի դատապարտել, այլ կերպ ասած՝ զրպարտում է:

Նինո Ադրիաշվիլին տեղեկացրեց, որ եթե դատախազության դիմումն արդյունք չտա, կդիմեն նաև դատարան:  

Վրաստանի «Մարդու իրավունքների կենտրոնը» ուսումնասիրել է Վահագն Չախալյանի գործը և գտնում է, որ նրա, հոր և եղբոր նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռները քաղաքական ենթատեքստ ունեն:

Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանի գործն արդեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter