HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովրդից, զարմանում եմ ես». Արթուր Մեսչյան

Միշտ ցանկություն եմ ունեցել վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություն գրել, եւ ահա այդ օրն եկավ: Վերջերս կարդացի Ֆրանկֆուրտում նրա արած հայտարարությունները Հայաստանի տնտեսության վերաբերյալ, եւ ահա իմ մեկնաբանությունները:

Նախ` Հայաստանի քաղաքական վիճակի մասին: Ըստ վարչապետին` մեր երկրում կայուն քաղաքական համակարգ է ձեւավորվել, եւ այս առումով ես կասեի հետեւյալը.

Բացի քաղաքական ճգնաժամերի բացակայությունից, որը բնորոշ է քաղաքական կայուն համակարգերին քաղաքական կայուն համակարգը նաեւ ենթադրում է արդարադատության, թեկուզ եւ հարաբերական արդարության ներքո, ինստիտուտների գոյությունը, որոնց օգնությամբ մարդը կարող է իր իրավունքները պաշտպանել: Քաղաքական կայուն համակարգը ենթադրում է կառավարման այնպիսի կառուցվածք, որը կբխի հասարակության պահանջներից: Ինչպես երեւի թե կարդում եք սոցիալական ցանցերում, մեր հասարակությունը ուղղակի խեղդված է այսօրվա` վարչապետի կողմից ներդրվող «ստատուս քվոյի» չարիքներից եւ աղմուկով քննադատում է այս համակարգի ոչ արդյունավետությունը եւ լեգիտիմությունը: Եւ վերջապես, վարչապետը պետք է հասկանա, որ քաղաքական կայունությունը ենթադրում է նաեւ սոցիալական ցնցումների կամ հեղափոխության բացակայություն, իսկ մեր երկրում, թեկուզեւ պասիվ, ռեպրեսիվ մթնոլորտից խուսափելու պատճառով, սակայն, հեղափոխություն է տեղի ունենում, եւ ցավոք սրտի, բացասական հետեւանքներով:

Վարչապետին բոլորովին էլ չի հաջողվել երկիրը փրկել սոցիալական ցնցումներից, ուղղակի մարդկանց այնքան են հոգնեցրել, որ անարյուն մարդն արդեն ի վիճակի չէ պայքարել իր սոցիալական պահանջների եւ իրավունքների համար: Մի հայացք նետենք թեկուզեւ վարչապետի ֆեյսբուքային կայքի վրա, երբ մարդկանց գրառումներն ուղղակիորեն ջնջելով` իրեն թվում է, թե այն առողջ երիտասարդությունը, որ դրսում բողոքում է իր վարած քաղաքականությունից, անհայտացա՞վ: Վարչապետը նման է բժշկի, ով հիվանդի արյունը խմելով` նրան ապաքինվելու հնարավորություն էլ չի տալիս:

Այս ամենից պարզ է դառնում, որ վարչապետի կողմից քաղաքական կայուն համակարգի ընկալումը թերի է, եւ ես հուսով եմ, որ եվրոպական կառույցներում այդ մասին քաջ գիտակցում են: Իսկ հիմա ասենք ճշմարտությունը: Հայաստանում քաղաքական համակարգը կայուն է այնքանով, որքանով այն համապատասխանում է մեր ռեգիոնում առկա աշխարհաքաղաքական իրավիճակին: Մասնավորապես, մեր քաղաքական իրավիճակը ուղղակիորեն կապված է այն քաղաքական գործչից, որը կարող է լուծում տալ Արցախի հարցին (կամ Արցախի ներկա կարգավիճակը ապահովել հետագայում դրական լուծման հույսով), եւ որը կարող է մեր երկրին ուժեղ հարեւանի առկայություն ապահովել, այսինքն` Ռուսաստանի, կամ մեկ այլ գերտերության հետ հարաբերությունների էլ ավելի սերտացում ապահովել: Այսօր մեր հասարակությունն ունի պայքարելու վերին սահման` քաջ գիտակցելով, որ դեմոկրատ եւ արդար լիդերներ, մենք մեր իրավիճակից բխելով, չենք կարող ունենալ, քանզի ունենք ավելի անհաջող հարեւաններ եւ նրանց ղեկավարներ:

Այս առումով մենք ուղղակի տանուլ ենք տվել ներքին քաղաքական առողջ կառավարման համակարգին` ի շահ մեր արտաքին անվտանգության: Մեզ մոտ ստեղծվել է քաղաքական վախի համակարգ, որտեղ խոսքի ազատությունն ազատ է միայն մինչեւ արտաքուստ որոշված վերին սահման: Այն աննպատակ է եւ արդյունքի հասնելու հավանականություն չունի, քանի դեռ մեր արտաքին քաղաքականությունն իշխում է մեր լիդերի ընտրության գործընթացը: Այս վերին սահմանի պատճառվ էլ մեր երկրում հեղափոխություն չի կատարվի, չնայած որ հասարակությունը պատրաստ է դրան: Թե՛ օտար երկրներում երիտասարդությունը, եւ թե՛ Հայաստանում առկա բնակչության մեծ մասը, իմ կարծիքով, երազում է փոփոխության մասին:

Հայաստանում ներդրումային գրավչության մասին: Եկեք պարզ մտածենք. մի օտարերկրյա գերմանացի ներդրող գալիս է Հայաստան եւ շատ հետաքրքիր մի ծրագիր է փորձում իրականացնել: Ենթադրենք նաեւ, որ օտարերկրյա ներդրողն իր գործունեության ընթացքում աշխատանքային տարաձայնություններ է ունենում իր բիզնես-գործընկերների հետ, կամ ասենք` այլ տեսչությունների հետ, այդ թվում նաեւ հարկային մարմինների: Ինչպե՞ս են կարգավորվում այս խնդիրները Հայաստանում: Դատական եւ բազմաթիվ գերատեսչությունների կողմից այս ներդրողին քաշքշուքներով մինչեւ այն ժամանակ, երբ նա շատ շտապ կերպով կվաճառի իր բիզնեսը եւ կհեռանա: Հիմա հարց վարչապետին. «Ո՞ւմ եք Դուք փորձում խաբել Գերմանիայում Ձեր հանդիպումների ժամանակ, ինչո՞ւ եք կարծում, որ այդ մարդիկ, այն էլ այն երկրում, որտեղ ռիսկերի գնահատման համակարգը բավականին անկաշկանդ է, եւ Հայաստանը այնտեղ 100-ից ցածր տեղում է, ձեզ կհավատան»: 

Խնդիրը, որին, ես կարծում եմ, Հայաստանի Հանրապետության վարչապետը չի տիրապետում, այն չէ, թե որքան արագ բիզնես կարող է բացվել Հայաստանում թղթի վրա, այլ իրականում` ինչ հարթություն է ստեղծված այսօր Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի այդ բիզնեսը շարունակի իր գործունեությունը, ինչպիսի՞ մեխանիզմներ կան Հայաստանի Հանրապետությունում, որ կպաշտպանեն օտարերկրյա ներդրողին առկա բազմաթիվ ռիսկերից` ներառյալ կոռուպցիան: 

Խոսեմ հիմա բարվոք մակրոտնտեսական իրավիճակից եւ ամենակարեւորը` այն գնից, որը վճարվում է այդ կայունությունն ապահովելու համար: Սկսենք նրանից, թե ինչ է նշանակում բարվոք մակրոտնտեսական իրավիճակ. սա նշանակում է` ունենալ իրական արդյունքի կայուն աճ, եւ այդ աճի տատանումների ծանր մակարդակ, սղաճի ծանր եւ կայուն մակարդակ, արտաքին հաշվեկշռի կայուն եւ դեֆիցիտի ցածր մակարդակ, կանխատեսելի եւ կայուն ֆինանսաբյուջետային ուղղվածություն, փոխարժեքի ճկուն եւ մինիմալ տատանումներով մակարդակ:

Նախ խոսենք իրական աճի մասին, որը, ըստ երեւույթին, մինչ տարվա վերջ կկազմի ոչ ավել, քան 4% նվազում 4.6%-ից 2011թ-ին: Բայց սա դեռ ամենավատ նորությունը չէ: Մակրոտնտեսական բարվոք վիճակի այս կարեւոր ցուցանիշը միայն վերջին հինգ տարիների ընթացքում (2008-2012թթ.) տատանվել է նվազագույնը 8%-ով: Պատկերացնո՞ւմ եք` սա ինչ տատանում է իրական հատվածի համար: Ի դեպ, 2008-2012թթ. վարչապետի կառավարման ժամանակահատվածն է: Համեմատած ԱՊՀ բոլոր մյուս երկրների հետ` 2009 թվականին միայն Հայաստանում արձանագրվեց իրական արդյունքի անկում 14.4 %-ով, մնացած բոլոր երկրներում, բացառությամբ միայն Էստոնիայի, ճգնաժամի ազդեցությունը շատ ավելի մեղմ էր:  Իրական աճի տեմպերի վերականգնման առումով Հայաստանը նույնպես զիջում է  ԱՊՀ բոլոր մյուս երկրներին, բացառությամբ միայն քաղաքական եւ տնտեսական անտագոնիստական ռեժիմ  ունեցող Բելառուսին: Մյուս էական խնդիրն այն է, թե ինչքանով է այս 4% աճը հավասարապես բաշխվում հասարակության տարբեր շերտերում: Վարչապետը պետք է մտածի, թե ինչպես անել, որ իր  բնորոշած բարվոք իրավիճակից օգտվեն բոլորը, հատկապես աղքատները: Սարասափելի է, երբ տեսնում ես, որ աղքատության ցուցանիշը Հայաստանում հասնում է մոտ 40 %-ի, եւ նույնիսկ աղետալի արտագաղթի պարագայում մեկ շնչին ընկնող իրական եկամուտը նվազում է ($1410-ից 2009թվ-ին $1365 2012 թվ-ին): Այսինքն` աճի տեմպերը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն նվազում են, այլ նաեւ ուղորդվում են սաստիկ բաշխման հետ կապված պրոբլեմներով, որն, ի դեպ, սոցիալական անհավասարակշռության եւ անկայունության հիմք է հանդիսանում: Այս ամենն, իհարկե, վարչապետի կողմից վկայակոչած քաղաքական կայունության ներքո:

Խոսենք այժմ սղաճի` մակրոտնտեսական իրավիճակի մեկ այլ շատ կարեւոր ցուցանիշի  մասին: Սղաճի տարեկան մինչև 4% մակարդակը, ասեմ, որ բարձր է նույնիսկ 2009թ.-ի 3.5%-ից, այսինքն` Կենտրոնական բանկին չի հաջողվել սղաճի տեմպերը զսպել եւ իջեցնել նախաճգնաժամային մակարդակի: Սա առավել ամոթալի է առկա ոչ ճկուն փոխարժեքի մակարդակի պայմաններում (ոչ ճկունությունը իր հերթին լուրջ խնդիրներ է առաջացնում նաեւ արտաքին մրցունակության համար), որն անուղղակիորեն պետք է օժանդակեր ցածր սղաճի տեմպերի ապահովման գործընթացում: Ինչ վերաբերում է տատանումներին, ապա 2008-2012թթ. ընկած ժամանակահատվածում սղաճի տեմպերի տատանումները կազմել են միջինում 2.5%, որը սղաճի համար բավականին բարձր մակարդակ է: Կրկին մենք խոսում ենք այն ժամանակահատվածի մասին, երբ վարչապետը ստանձնեց իր պատասխանատվությունները:

Երկրում տնտեսական իրավիճակի մեկ այլ ցուցանիշ է գործազրկության ցուցանիշը, որն անբացատրելի բարձր մակարդակում է գտնվում Հայաստանում: Ոչ պաշտոնական տվյալներով` 2011թ.-ի դրությամբ այն կազմել է 18.4%: Սա այն ժամանակ, երբ մինչեւ 2008թ. գործազրկության մակարդակը կազմել է ընդամենը 6.9%: Փաստորեն, վարչապետի` աշխատանքին անցնելուն պես գործազրկության մակարդակը հասնում է մինչեւ 16.4%-ի, իսկ այնուհետեւ` 18.4%-ի: Իհարկե, այստեղ ճգնաժամի գործոնն առկա է, սակայն վարչապետի վատ աշխատանքը երեւում է նրանով, որ գործազրկության մակարդակը այս ընթացքում էլ ավելի բարձրացավ մինչեւ 18.4%, որին նաեւ նպաստեց իրական հատվածում ռեֆորմների բացակայությունը, կամ նրանց անարդյունավետությունը: Եւ ավելին, իրական հատվածի այսպիսի կրճատումը նույնպես արդյունք է սղաճի զսպման կոշտ քաղաքականության, որը որդեգրվեց ճգնաժամի ընթացքում:

Փաստորեն, այն ելույթները, թե ռեֆորմները իրական հատվածում իրենց արդյունքն են տվել, կատարյալ սուտ են եւ միայն պոպուլիստական ուղղվածություն ունեն: Որպես տնտեսագետ` ասեմ, որ գործազրկության այս բարձր մակարդակը նվազեցնելու համար շատ երկար տարիներ են պետք: Ապագա սերնդի ղեկավարները շատ պետք է չարչարվեն վարչապետի այս կոպիտ բացթողումները շտկելու համար:

Ինչ վերաբերում է արտաքին առեւտրային հաշվեկշռի դեֆիցիտին, ապա այն չի նվազում արտահանման ծավալների դրական միտումների հաշվին: Բիզնես միջավայրը նորից խեղդված է, հարկային բեռը` բարձր: Արտահանման ծավալների աճը 2012թ. բավականին ցածր է եղել, քան 2011թ.: Իսկ ներմուծման ծավալների ապահովման ամիսները կրճատվել են 4.6 ամսից 4.1 ամիս: Վարչապետին հաջողվում է կրճատել առեւտրային հաշվեկշռի ճեղքվածքը միայն հարկաբյուջետային միջոցներով, որոնք բավական ծանր են անդրադառնում բնակչության վրա: Ներմուծման պահանջարկի արհեստական նվազեցման միջոցով եւ ժողովրդի գնողունակությունը նվազեցնելով` վարչապետին չի հաջողվի երկարաժամկետ հաջողությունների հասնել: Արտաքին հաշվեկշիռը մեծամասամբ ֆինանսավորվում է մեր հայ բարեկամների արժույթային ներհոսքով եւ այժմ հասկանալի է, թե ինչու է վարչապետը թիրախում օտարերկրյա պետություններում մեր հայրենակիցների եկամուտները: Սա լուրջ չէ: Ավելի լուրջ մոտեցումները կենթադրեն օտարերկրյա ներդրումների ավելացումը, որոնք բավականին պակասել են վերջին տարիներին:

Վարչապետն ասում է, որ մենք ունենք բանկային կայուն համակարգ: Մի խելացի մարդ թող տեսնի` ինչ տեմպերով են աճում արտարժույթով վարկերը Հայաստնում: Այս իրավիճակում գտնվում էին Հարավարեւելյան եվրոպական երկրները 2008-2009թթ.: Եւ պարզվեց, որ նրանց բանկային համակարգը բոլորովին էլ կայուն չէր: Իրականում Հայաստանը կարիք ունի կայուն եւ զարգացած ֆինանսական հատվածի, որտեղ ֆինանսական ծառայությունները եւ վարկային ռեսուրսները մատչելի կլինեն բոլորին եւ կուղղվեն այնտեղ, որտեղ այդ ռեսուրսների կարիքը մաքսիմալ առկա է: 

ՀՀ Կենտրոնական բանկն առ այսօր դրամի կայունացման իր քաղաքականությունը վարում է զուտ արտարժույթի վաճառքի տեսքով, եւ բոլորին պարզ է, թե այս ռեզերվները ինչ գնով են ձեռքբերվում եւ որքան հեշտ վաճառվում են շուկայում: Այս ռեզերվները մեր երկրին անհրաժեշտ են գոնե արտաքին պարտքերը վճարելու համար (ՀՀ արտաքին պարտքը ՀՆԱ-ում վերջին 5 տարիների ընթացքում աճել  է ավելի քան 2 անգամ), այլապես ինչպե՞ս են այս տարիների ընթացքում կուտակված արտաքին պարտքերը վճարվելու: Այս առումով անհրաժեշտ է ուժեղացնել շուկայում գործող այլ գործիքները, ներառյալ` տոկոսադրույքի գործիքը: Մենք այսօր նույնպես ունենք բանկային համակարգում լիկվիդայնության կառավարման լուրջ թերություններ, որոնք բերում են տոկոսադրույքների բարձր տատանումների:

Եւ վերջապես անդրադառնանք ֆինանսաբյուջետային քաղաքականությանը: Բյուջեի դեֆիցիտը, երբ համեմատենք 2009թ. հետ, նվազել է ավելի, քան երկու անգամ (7.9%-3.1%), սակայն ինչի՞ հաշվին: Սարսափելի է, քանզի դա հիմնականում սոցիալական վճարումների եւ աշխատավարձերի կրճատման հաշվին է: Փաստորեն, բնակչության գնողունակության հաշվին կառավարության ղեկավարը փորձում է լուծել թե՛ առեւտրային հաշվեկշռի կառուցվածքային խնդիրները, եւ թե՛ իր կողմից թերի հարկային քաղաքականության իրականացման պրոբլեմները:  Սա անընդունելի է:

Եւ մի քանի խոսք կառուցվածքային բարեփոխումների մասին: Բազմիցս խոսվում է բիզնես միջավայրի բարելավման մասին, եւ չնայած նրան, որ արդեն անդրադարձել եմ այս խնդրին, կուզեի նաեւ նշել, որ իրականում հայ գործարարներից շատերը հայտնվում են Վրաստանում: Սա է վիճակագրությունը, եւ ոչ թե տասը րոպեում բիզնեսի բացման` վարչապետի ինտերնետային գովազդը: 90-ական թվականներից, երբ դեռ ուսանող էի Պետական համալսարանի Տնտեսագիտական ֆակուլտետում, մեր երկրում փորձ էր արվում զարգացնել կապիտալի շուկան: Չունենք ոչ մի դրական արդյունք մինչ այսօր, իսկ գիտե՞ք ինչու: Որովետեւ վարչապետը այդպես էլ չհասկացավ, որ կապիտալի շուկայի զարգացումը կախված է հենց այդ կապիտալը վաճառող ձեռնարկությունների գոյությունից, իսկ երբ չկան նորմալ գործող ձեռնարկություններ, որտեղի՞ց առաջանա այս շուկան: Չափազանց մեծ կարճատեսություն է թոշակային ռեսուրսների հաշվին փորձել կապիտալի շուկա ստեղծել, այն միայն երկրորդական ռեսուրս է:

Եւ վերջում կասեմ. ամոթ է, որ Հայաստանը այսօր աղքատության մակարդակում է եւ տնտեսության այսպիսի վատ վիճակում: Համեմատում եմ մեզ աֆրիկյան ցածր եկամուտ ունեցող երկրներից որեւէ մի երկրի հետ, որը նույն ծրագրի ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի հետ հարաբերության մեջ է (ECF ծրագրի շրջանակներում): Այս աֆրիկյան երկրները շատ հասկանալի պատճառներով ունեն բարձր գործազրկություն, կրթության ցածր մակարդակ, ֆիզիկական կապիտալի խիստ պակաս, մակրոտնտեսական կայունությունը ապահովող  գործիքների ոչ բավարար ցանկ եւ այլ լուրջ կառուցվածքային եւ սոցիալական խնդիրներ: Հայաստանը, որ Սովետական Միությունից ժառանգեց ֆիզիկական կապիտալի այդքան մեծ պահուստ, կրթության բարձր մակարդակ ունեցող բնակչություն, այսօր գտնվում է գրեթե նույն մակարդակի վրա, ինչպես աֆրիկյան որեւէ երկիր: Ո՞րն է վարչապետի կարծիքով այս իրավիճակի պատճառը: Ես կարծում եմ, որ նրա կողմից կառավարման թերի մակարդակը, վերջինիս կողմից խրախուսվող կոռուպցիայի բարձր  մակարդակը, որը ոչ թե նվազում է ներկա կառավարման համակարգում, այլ ծաղկում է: «Մեր երկիրը ունի բոլոր պայմանները տնտեսապես բարգավաճ երկիր դառնալու համար, մի՛ գցեք կաշառակերության եւ կառավարման Ձեր թերությունները աշխարհաքաղաքական պրոբլեմների վրա»,-կասեի ես Տիգրան Սարգսյանին: Ինչպե՞ս եք կարծում. Իսրայելից ավելի վա՞տ աշխարհագրական դիրք ունենք: Այս իմաստով նույնիսկ Գերմանիայի աշխարհագրական դիրքը բարվոք չէ, քանի որ նրանց բոլոր առեւտրային ուղիները նույնպես կենտրոնացված են հարեւան երկրների ձեռքերում, բայց Գերմանիան աշխարհում երկրորդ երկիրն է արտահանման ծավալներով, եւ Եվրոպայի շարժիչ ուժը: Այնպես որ Ձեր թերությունները մի՛ բարդեք անորոշ եւ տեսական խնդիրների վրա, այլ մտածեք հրաժարական տալու մասին:

Իսկ ի՞նչ եմ ես մտածում մեր տնտեսության վերականգնման ճանապարհների մասին: Նախ ասեմ, որ արտահանմանն ուղղված քաղաքականությունը, բիզնես միջավայրի բարելավումը, մակրոտնտեսական կայունությունը, փոխարժեքի ճկունության ապահովումը, ֆինանսաբյուջետային արդյունավետ քաղաքականությունների որդեգրումը, այս բոլորը անպայման իրականացնել է պետք, եւ այն էլ` հետեւողականորեն, եւ ոչ թե թղթի վրա: Իսկ եթե ավելի փիլիսոփայորեն մոտենանք հարցին, ես կասեմ, որ տնտեսական հարթության վրա մեր երկիրը չունի որեւէ խոչընդոտ զարգացման բարձր տեմպեր ապահովելու եւ շատ կարճ ժամանակում տնտեսական հրաշք իրագործելու համար: Սա նույնիսկ շրջափակման պարագայում: Մենք ունենք ավելի լուրջ խնդիրներ, որ պետք է հաղթահարենք. կաշառակերության բարձր մակարդակի նվազեցում, կլանային քավոր-սանիկության համակարգի փլուզում, օրենքի բացառիկ գերակայության ապահովում ցանկացած ոլորտում: Իսկ մարդկային արժեքներից կուզեի նշել, որ մենք պետք է զերծ մնանք ագահությունից, անպատժելիությունից եւ փոքրոգի լինելուց: Այս որակները եթե սերմանենք յուրաքանչյուրիս, շատ ավելի շուտ կվերականգնվենք: 

Մանուկ Ղազանչյան

տնտեսագետ

Մեկնաբանություններ (13)

Movses Aristakesyan
Հոդվածը մասնագիտորեն բավականին ճշգրիտ է բնութագրում երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակը: Համամիտ եմ հարգարժան հոդվածագրի կարծիքին, որ կառավարության ղեկավարն է ստեղծված իրավիճակի մեղավորներից մեկը: Սակայն նա չէ հիմնական մեղավորը, այլ մեղավորը երկրում ստեղծված ոչ լեգիտիմ իշխանությունն է, ինչը հիմնված է մենիշխանական ու օլիգոպոլ արմատացած համակարգերի վրա, որոնց հլու-հնազանդ պաշտպանում են հարկային, մաքսային, դատական ու իրավապահ մարմինները: Վարչապետը այդ շղթայում սոսկ մի փոքր գործադիր օղակ է, ով կոչված է բավարարելու միայն ու միայն իր սեփական ու իրենս սատարող մարմինների բիզնես խմբակային շահերը` թքած ունենալով ժողովրդի հանրային շահերի վրա:
Карине Минасян
Уважаемый господим Газанчян! Критика очень важна для тех кто проводит реформы, очень важно понимание того как общественность относится к тем шагам , которое осуществляет Правительство. Ваша статья - обзор , который не раскрывает реальности и скорее вводит в заблуждение читателей, не очень осведомленных. Критика ради критики, это скорее процесс самоутверждения, чем желание помочь тем кто осуществляет реформы конструктивными предложениями. А если нет желания помочь, то встает вопрос зачем написали статью? Какая то вакханалия ненависти и цинизма. А может быть просто заказ? Институты власти надо все таки учиться уважать.
hasmik
Հայաստանում վարչապետը սոսկ սպասավոր է, որը սպասարկում է պետական մաֆիային, Հայաստանում խնդիրը ավելի խորն է, քան ներկայացված է հոդվածում, եթե շատ երկրներում կա պետություն և պետություից անկախ մաֆիա և պետությունը պայքարում է մաֆիայի դեմ, Հայաստանում պարզապես պետական մաֆիա է, իսկ մնացածները սոսկ սպասարկում են , այս օղակում ամենասարսափելին դատական իշխանությունն է, երբ սովորական մարդը հայտնվելով դատաիրավական մսաղացում, տասնյակ ապացույցներով ոչնչի չես հասնում, այսինքն դու քո իրավունքները չես կարող պաշտպանել, եթե դու ապահով խավից չես, նման իրավիճակում անիմաստ է բիզնես կամ որևէ նորդրման մասին խոսելը
David
Հարգելի պարոն Ղազանչյան , Ձեր դիտողությունները շատ ճիշտ են, ՀՀ ստեղծված ծանր սոցիալ տնտեսական վիճակը վաթարացրել է հասարակ քաղքացու առօրյան, օրվա հացի խնդիրը խեղդել է բոլորին: Միայն բանկային լավագույն մասնագետ լինելը բավարար պայման չէ երկիր վարչապետ աշխատելու համար:
Vardan
Պարոն Ղազանչյան կիսում եմ Ձեր մտահոգությունը ՀՀ վարչապետի կողմից իրականացվող սխալ քաղաքականության հարցում, պետք է նշեմ նա իրավունք չունի շարունակելու իր գործունեությունը:
Գևորգ
Տիգրան Սարգսյանի քաղաքականության վերաբերյալ այս մեկնաբանությունը չափազանց հաջողված է:Բայց Տիգրան Սարգսյանն երբեք չի կարդա այս մեկնաբանությունը և անհրաժեշտ դասեր չի քաղի դրանից,որպեսզի ինչ-որ չափով փոխի իր քաղաքականությունը:Նա չափազանց մեծամիտ է,իրեն անսխալական է համարում և երբեք ոչ մեկին չի լսում:Եվ անխնա կերպով քանդում է այն ամենը,ինչ իր ճանապարհին հանդիպում է:
Aida
Very good article! Bravo Manuk!
Ayrarat
Manuk jan, teghin a hodvatsd, erkire mets hetentac a aprel Tigran Sargsyani varchapetutyan orok. Hamadsaynelov ko Hodvatsi bolor keteri het, kuzei nshel, vor Tigran Sargsyane Khaghum e zinvori(peshka) u dziu mijev inch-vor derum HH Oligarkhik hamakargi khaghatakhtakin...
Հեղինե Մանասյան
Այս լավ համակարգված հոդվածն ավելի արժեքավոր կլիներ, եթե միտում չունենար և հղումներ պարունակեր բերված բոլոր փաստերի համար: Օրինակ, 2011թ. գործազրկության մակարդակի ցուցանիշի համար օգտագործվել են ոչ պաշտոնական տվյալները /18.4%/, իսկ 2008թ. նախորդող ժամանակի համար` պաշտոնական, այսինքն զբաղվածության ծառայության մարմիններում հաշվառված գործազրկության տվյալները /6.9%/: Դրանց միջև խզումը միշտ էլ հսկայական է եղել:
lll
Shnorhakalutiun meknabanutiunneri hamar. Xndrem hxumnery: IMF World Economic Outlook, World Bank country database. Gorcazrkutian tvailnery 2011-tvakani och pashtonakan en qanzi pashtonakan texekatvutiuny HH Azgain Vichakagrutian Tsaraiutiuny derchi hraparekel. Sakain, ete tvailnery nuin sharqum en (inchpes karox eq ditel aistex--ttp://employment.am/am/39/free.html), uremn hamemateli en, hxumy hashvi arnelov.
Dr. Aramies Mirzakhanian, Stockholm
Հարգելի պրն. Մանուկ Ղազանչյան, հարգելով Ձեր արհեստավարժ տնտեսագետի գիտելիքները և շահավետ հոդվածը, հարց եմ ուղղում՝՝ եթե այսօր դուք նշանակվեիք վարչապետ, կկարողանայի՞ք բարելավել Հայաստանի տնտեսական վիճակը։Թույլ տվեք իմ հարցին պատասխանեմ.- Ո՛Չ։ Տիգրան Սարգսյանի «փնթի» աշխատանքի մասին անգամ նախագահ Սերժ սարգսյանը գիտի, սակայն, այստեղ հիմնահարցը նրանում է, որ Հայաստանի տնտեսության «բունյաթը ավազի» վրա է դրված։ Ազատ շուկայական լիբերալ, օլիգարխիկ ու շահագործող հիմք ունեցող տնտեսական համակարգը ավելի լավ արդյունք չի կարող տալ։ Մաշտոց- Թումանյան խաչմերուկի վրա սեմուչկա ծախող տատիկը, պրն. Գագիկ Ծառուկյանի հետ մրցակցելու քիչ հնարավորություն ունի։ Հայաստանի զարգացման ուղին սոցալիստական զարգացման ուղին է...
Արամայիս Միրզախանյան
հարգելի պրն. Ղազանչյան, գրեք հայատառ։ Ձեր լատինատառ գրությունը չի կարդացվում...
lll
Հարգելի՛ պարոն Միրզախանյան, շնորհակալություն Ձեր մեկնաբանության համար: Չնայած նրան, որ ես չեմ հավակնում այդ պաշտոնին, այնուամենայնիվ, իմ պատասխանը Ձեր հարցին դրական է, եթե լավ եւ իր գործին նվիրյալ մասնագետ աշխատեր վարչապետի պաշտոնում: Եւ դա ոչ միայն պաշտոնի հարց է, այլ` տնտեսական թիմի, արդյունավետ կառավարման համակարգի ստեղծման եւ ազնիվ աշխատանքի: Մեկ հարց է, երբ մեկին նշանակում ես, ով միայն իր բարեկամներին է խրախուսում` չարաշահելով իր պաշտոնը, մեկ այլ հարց է, երբ նշանակվում է մեկը, ով լայնամասշտաբ ռեֆորմներ, ագրեսիվ տնտեսական քաղաքականություն է վարում, եւ հենց նույն Գագիկ Ծառուկյանի հետ երկրի համար տնտեսապես շահավետ լուծումներ գտնում: Չեմ հավատա Ձեզ, եթե Դուք ասեք, որ եզրեր չկան տնտեսապես փոխշահավետ ռեֆորմների, երբ բոլորը մասնակից կլինեն: Իմ հոդվածն ուղղակի շեշտում է, որ սխալ մարդու է վստահվել մեր տնտեսության կառավարումը` նշելով երկրում առկա բազմաթիվ պրոբլեմները: Ես կարծում եմ, որ գցել պրոբլեմները օլիգարխիկ համակարգի վրա “loser’s argument” է` ինչպես օտար երկրում կասեին` միտում չունենալով որեւէ կարծիք վիրավորել: Հայաստանի տնտեսությունը այնքան հին չէ, որպեսզի արմատացած օլիգոպոլիկ կապեր հաստատվեին, ոչ էլ մենք ռեսուրս արտահանող երկիր ենք, երբ վերին խավը կառավարում է այդ ռեսուրսը: Խնդիրները պետք է սեւեռվեն այնտեղ, թե ինչպես արդյունավետ կապիտալ ներգրավել, ինչպես պաշտպանել այդ կապիտալի արդյուքները եւ ինչպես առկա արդյունքները բաշխել տնտեսությունում` խուսափելով սոցիալական լարվածություններից: Լուծման միլիոնավոր կոմբինացիաներ կան այս պրոբլեմների շուրջ, ուղղակի մտածող չկա: Քաղաքական իշխանությունը չպետք է մի տարբերակ ունենա գործադիրի, այլ լուրջ ճնշում պետք է լինի նրա ընտրած գործադիրի նկատմամբ մեծ քանակով մասնագետների, լրատվության, որոնք այլ կոմբինացիաներ կառաջարկեն: Ո՞վ է այսօր Հայաստանի տնտեսությունով հետաքրքրվում: Մարդիկ կան, ովքեր կարող են լուրջ քննադատություն անել վարչապետի “փնթի” աշխատանքի վրաբերյալ եւ այլ լուծումներ տան: Ինչքան շատ լինեն, այնքան էլ լուծումները շատ կլինեն, եւ լավ լուծումներ կգտնվեն, համոզված եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter