HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետական մտածողութեան գերակայութիւնը…Իրան

Քաղաքական շաբաթւայ տեսութիւն

Թէպէտ Իրանի շուրջ քաղաքական խմորումները աւելիով արտաքին ճակատի վրայ մարտահրաւէրները դիմագրաւելու շարունակական հոլովոյթ են ապրում, բայցեւայնպէս՝ ներքաղաքական անցուդարձերն էլ ակնյայտ են դարձնում մինչ նախագահական ընտրութիւնների ու դրանցից բխող զարգացումների հաւանական հանգուցալուծումները:

Հետաքրքիր է եւ միեւնոյն ժամանակ զարմանքի տեղիք է տալիս գործող նախագահ Ահմադինեժադի յամառութիւնը՝

ա-Իր ցանկալի յետնորդին՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Ռահիմ Մաշայիին անընդհատ գովազդելու- հովանաւորելու ու նրան յաղթող թեկնածու համարելու հարցում, որն նոյնիսկ պախարակւում է նոյնինքն Ահմադինեժադի «գաղափարական կնքահայր» համարւող այաթօլլահ Մեսբահ Եազդիի կողմից...

բ- Իր արդէն իսկ երկիրը անդունդի եզրին հասցրած «տնտեսական քաղաքականութեան» շարունակման հարցում, որն ամենօրեայ բախման է հանդիպում Օրէնսդիրի եւ նրանում խօսնակ Լարիջանիի գլխաւորութեամբ մեծամասնական ֆրակցիա համարւող խմբակցութեան պատգամաւորների կողմից: Իսկ սրա թարմագոյն օրինակը՝ դա նախագահի տնտեսական ձախողւած խաղաքարտ՝ սուբսիդաւորման քաղաքականութիւնը հէնց օրերս տապալելու մտօք խորհրդարանի կեցւածքն էր, որով արգելակւեց նոյն քաղաքականութեան շարունակման երկրորդ փուլի նախագիծը, որի մասին նախագահը ռադիօ-հեռուստատեսային հերթական ասուլիսում այնքա՜ն համոզւածութեամբ ու հպարտութեամբ էր խօսում...: «Առկայ սղաճն ու թանկացումները վերահսկէ՛ք ու մոռացէ՛ք սուբսիդաւորման 2-րդ փուլի գործադրման մասին...»,- հակադարձում ու բարձրաձայնում էին օրէնսդիրները:

Նախագահական ընտրութիւններին ընդառաջ՝ կանխարգելիչ քայլ կատարեց թեկնածուների արժանաւորութիւնը հաստատող Սահմանադրական օրէնքի Պահապան խորհրդի քարտուղար Ահմադ Ջաննաթին, երբ օրերս  յայտարարեց, որ «նախորդ ընտրութիւնների խժդժութիւնների ընթացքում սադրիչ-դաւադիրներին չդատապարտող քաղաքական գործիչները թող չմտածեն թեկնածու դառնալու մասին...»: Իսկ այսպիսի յայտարարութեան հասցէատէրերը, ըստ քաղաքական շրջանակների, ոչ այլ ոք էին, քան՝ նախկին նախագահ Խաթամին եւ ներկայիս Համակարգի նպատակայարմարութիւնը ճշտորոշող ժողովի պետ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին եւ այս վերջիններիս համախոհները, այսինքն՝ բարեկարգչական հոսանքի նախկին ու ներկայ դէմքերը, որոնցից մի քանիսի նախագահական թեկնածութեան մասին խօսքեր են շրջանառւում... Մասնաւորապէս, ծանրակշիռ հեղինակութեան տէր Ռաֆսանջանիի դէմ ամիսներից ի վեր «վարկաբեկման» գործընթաց էր գնում, որի ցայտուն օրինակը իր իսկ որդու՝ Մեհդի Հաշեմիի ազատազրկումն էր, անմիջապէս Լոնդոնից Թեհրան վերադառնալիս (այժմ նրան պայմանական ազատութիւն է շնորհւել): Իսկ Մեհդի Հաշեմիի ամբաստանութիւնը ոչ այլ ինչ էր, եթէ ոչ՝ 2009-ի նախագահական ընտրութիւններում համակարգի անվտանգութիւնը խաթարող անթոյլատրելի արարքների ու քայլերի դիմելը:

Ինչեւէ, պահպանողական-ծայրայեղական հոսանքի ներկայացուցիչները, որոնք նաեւ նախագահամէտ կեցւածքներով են զատորոշւում նոյն քաղաքական հոսանքի աւելի չափաւոր ներկայացուցիչներից, անդրդւելի են մնում թէ՛ Խաթամիի, եւ թէ՛ առաւել եւս Ռաֆսանջանիի նկատմամբ, մինչ այն աստիճան, որ որոշ քաղաքական շրջանակներ «Հաշեմիներին հայհոյելը անուն ու հաց վաստակելու հետ համազօր» են բնութագրում...:

Այս ամէնը, սակայն, չի խանգարել բարեկարգչական ճամբարում զուսպ կեցւածքներով յայտնի եւ կարեւորը՝ չափաւոր պահւածքի տէր 1-2 դէմքերի ի յայտ գալը՝ առաջիկայ նախագահական ընտրութիւններին՝ որպէս հաւանական թեկնածութեան յաւակնորդների: Զորօրինակ՝ նոյն Խաթամիի առաջին օգնական, փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արէֆը կամ նոյն Խաթամիի արդիւնաբերութեան ու հանքերի նախարար Էսհաղ Ջահանգիրին փաստօրէն յայտ են ներկայացնում հէնց որպէս բարեկարգչական հոսանքի առաւել «ոչ-խոցելի» դէմքերի՝ 2013-ի գարնան նախագահական ընտրութիւններին ընդառաջ:

Միւս կողմից նախագահական ընտրութիւնների «պահպանողական-արմատական-չափաւոր» միասնական թեկնածուի ճշտորոշման ու նրա շուրջ համախմբման աշխուժութիւն նկատւեց անցնող օրերին: Նախաձեռնողը հանդիսացաւ պահպանողական, Օրէնսդիր-Գործադիր երկարատեւ տարաձայնութիւնների ընթացքում մշտապէս նախագահամէտ կեցւածք որդեգրած, երբեմնի Իսլ. խորհրդարանի խօսնակ, իսկ վերջին քառամեակում նոյն պաշտօնի համար Լարիջանիին երիցս զիջած ու պարտւած Հադդադ Ադէլը, որը երկու տարբեր տրամաչափի պահպանողականների՝ նախկին արտգործնախարար եւ հոգեւոր առաջնորդի՝ արտաքին քաղաքականութեան հարցերով խորհրդական Վելայաթիի եւ ներկայիս Թեհրանի քաղաքապետ դոկտ. Ղալիբաֆի հետ կազմել էր 2+1 կոչւող թեկնածուական մի ճակատ, որից էլ պէտք է բխէր միասնական թեկնածուն: Սոյն նախաձեռնութիւնը, սակայն, շատ արագ տապալւեց, նոյն պահպանողական կոտորակւած թեւերի առանց այդ էլ իրարամերժ դիրքորոշումների պատճառով: Չի բացառւում, սակայն, որ առանձնաբար Ղալիբաֆը եւ մասամբ՝ Վելայաթին անհատական թեկնածութեան վարկածով փորձեն պահպանել իրենց ներկայութիւնը՝ ընտրական գործընթացներում:

Այսպէս թէ՛ այնպէս՝ պետական-քաղաքական վերնախաւում տիրական է այն կարծիքը, ըստ որի՝ անհրաժեշտ է մրցակցային ընտրութիւնների ապահովումը՝ թէ՛ ժողովրդի ներգրաււածութիւնը երաշխաւորելու, եւ թէ՛ արտաքին քարոզչական չարաշահումները նւազագոյնին հասցնելու համար:

* * *

Արտաքին քաղաքական ոլորտում Իրանը միաժամանակ դիմագրաւում է տարբեր ճակատներում՝ քաղաքական, քարոզչական, տնտեսական յարձակումները՝ կիրառւած Արեւմուտքի կողմից: Եթէ ոչ-տնտեսական, բայց քաղաքական թէ՛ դիւանագիտական հարթութիւններում ԻԻՀ-ն ադեկւատ պատասխան-քայլերը չի ուշացնում՝ կառչած մնալով պետական ու ազգային ընդհանուր շահերից բխող սկզբունքներին, որոնք միշտ էլ գերակայ են համարւել ԻԻՀ ղեկավարների կողմից:

Թէ՛ Իրանի ատոմական խաղաղասիրական տեխնոլոգիայի գծով տարիներից ի վեր Արեւմուտքի երկակի դիրքորոշումներին, եւ թէ՛ տնտեսական շրջափակումները շրջանցելու ծանրակշիռ իրողութեանը դիմակայելու հանգամանքները առաջին հայեացքից Իրանի համար անյաղթահարելի լինելու տպաւորութիւն են թողնում, յատկապէս Միջին ու Մերձ. Արեւելքի եւ մասնաւորապէս սիրիական ճգնաժամերի առկայութեան դէպքում ու դրանցում ԻԻՀ-ի դերակատարումը ի նկատի ունենալով: Սակայն, միեւնոյն՝ պետական համընդհանուր մտածողութեան եւ համապատասխան գրագէտ  ու հետեւողական դիւանագիտութեամբ՝ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը, ինչպէս անցնող 33 տարիներին, ապացուցել է, որ ի զօրու է յաղթահարել նմանատիպ մարտահրաւէրները:

Յատկանշական իրադարձութիւն էր նաեւ այն, որ անցնող շաբաթասկզբում նախատեսւած նախագահ Ահմադինեժադի Թուրքիա այցը բեկանւեց հէնց իրանական կողմի որոշմամբ:

Հաշւի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջերս եւս բեկանւել էր Իրան-Թուրքիա-Ադրբեջան ԱԳՆ-ի մակարդակով եռակողմ հերթական հանդիպումը, ապա պարզ է դառնում ԻԻՀ-ի խիստ վերապահութիւնն ու դժգոհանքը՝ Թուրքիայի տարածաշրջանային եւ յատկապէս սիրիական տագնապում ցուցաբերւող քաղաքականութիւնից, որի վերաբերեալ Իրանի պետական-դիւանագիտական եւ քաղաքական ու զինւորական գրեթէ բոլոր բարձրաստիճան շրջանակների կողմից տարբեր առիթներով բարձրաձայնւեց: Դժգոհանքի մեծագոյն առիթը, սակայն, հանդիսացաւ թուրք-սիրիական սահմանում ՆԱՏՕ-ի «Պատրիոտ» հրթիռների զենիթային համակարգի տեղակայումը, որը ոչ միայն Իրանի, այլեւ Ռուսաստանի կարծիքով՝ աւելիով հակաիրան նպատակ է հետապնդում, քան՝ Սիրիայից պաշտպանւելու միտում... իսկ սրանում Իրանը մեղքի մեծ բաժին է վերապահում Թուրքիային՝ դրանից բխող բոլոր հետեւանքներից վերջնիս զգուշացնելով:

Դերենիկ Մելիքեան

«Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter