Փոխվարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանը` Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի ղեկավար Իվան Դրաբեկի ղեկավարությամբ: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:
Քննարկվեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի շարունակման հետագա հնարավորություններին, իրականացման մեխանիզմներին, ՀԲ-ից բացի, այլ դոնորների ներգրավմամբ ծրագրի ֆինանսավորման դիվերսիֆիկացիային վերաբերող եւ այլ հարցեր: Ներկայումս իրականացվում է ծրագրի երրորդ փուլը, որը կավարտվի 2014թ. հունիսին:
Հանդիպման ընթացքում բարձրացվեց նաեւ զարգացման հաջորդ ռազմավարության մշակմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված հարցերը եւ ՀԲ-ի առաջարկությունները քննարկել նաեւ շահագրգիռ այլ մարմինների հետ:
Ի. Դրաբեկը փոխվարչապետին ներկայացրեց նաեւ հոկտեմբերի 24-25-ին Երեւանում անցկացված «Հայաստանի ու Մոլդովայի սոցիալական ներդրումների հիմնադրամների զարգացման հեռանկարները» խորագրով համաժողովի արդյունքները:
Զրուցակիցները կարեւորեցին Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրի նշանակությունը` սոցիալական ենթակառուցվածքների եւ տարածքների համաչափ զարգացման առումով` երկուստեք ակնկալելով նման արդյունավետ համագործակցություն առաջիկա տարիներին եւս:
Հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել