
Ինչպես են ծախսվել Շնողի մանկապարտեզին տրամադրված համայնքային միջոցները (վիդեո)
Լոռու մարզի Շնող գյուղի «Շնողի նախադպրոցական կրթական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրենը նախկին գյուղապետ Հայկազ Քոչինյանի կինն է: Միջինում 45 հաճախող երեխա ունեցող մանկապարտեզին նախկին գյուղապետը 2011թ. հատկացրել է 18մլն դրամ, իսկ 2012թ.՝ 15մլն դրամ: Նախադպրոցական կրթական հաստատության տնօրեն Մարինե Ավետյանը 2012թ. սննդի գնումների համար երկկողմանի պայմանագրեր է կնքել որդու`Էդգար Քոչինյանի ընկերոջ՝ Կարեն Հախվերդյանի, շնողցիներ Կորյուն Բոշյանի, Գեղամ Պետրոսյանի, նախադպրոցական կրթական հաստատության ֆիզկուլտ-հրահանգիչ Սուսաննա Նորեկյանի հետ:
Մարինե Ավետյանը նրանց միջոցով 2012թ. նոյեմբերի 1-ի դրությամբ երեխաներին կերակրելու համար գնել է 161 կգ շաքարավազ, 85 կգ կարագ, 58 կգ իշխան ձուկ, 50 կգ մեղր, 425 լ կաթ, 81 կգ պանիր, 110 կգ տավարի միս, 30 կգ հավի միս, 40 կգ կոնֆետ, 40 տուփ թեյ, 12 կգ չամիչ, 97 կգ ալյուր, 87 լ ձեթ, 2332 հատ ձու, 600 հազար դրամի հաց, 2350 կգ կարտոֆիլ և այլ մթերքներ: Գնումները կատարվել են ոչ մրցութային կարգով:
«Մենք գիտենք, որ 1 մլն դրամից սկսած՝ ծախսն աճուրդային է լինում: Մենք աշխատել ենք 1մլն դրամը անց չկացնենք»,- ասում է Մարինե Ավետյանը: Այդ նպատակով էլ նա Կարեն Հախվերդյանի հետ մեկ օրվա ընթացքում` 09.01.2012թ. կնքել է առուվաճառքի երկկողմանի 3 պայմանագրեր: Թիվ 1 պայմանագրով Կարեն Հախվերդյանը պարտավորվել է հաստատությանը մատակարել միս, կարտոֆիլ, պանիր և այլ գյուղմթերքներ, որի համար տնօրենը պարտավորվել է վճարել 980,0 հազար դրամ: Կողմերի միջև կնքած թիվ 2 պայմանագրով Կարեն Հախվերդյանը պարտավորվել է նախադպրոցական հաստատությանը մատակարարել հասարակական սննդի ապրանքներ, որի համար տնօրենը պարտավորվել է վճարել կրկին 980 ,0 հազար դրամ: Թիվ 3 պայմանագրով Կարեն Հախվերդյանը պարտավորվել է հաստատությանը մատակարարել կենցաղային նյութեր: Տնօրենն էլ պարտավորվել է նրան վճարել 100,0 հազար դրամ: Գնումների մեծ մասը, ըստ շնողցիների, կատարվել է Հայկազ Քոչինյանի սեփական խանութից, որի տնօրենը Կարեն Հախվերդյանն է:
Նոյեմբերի 1-ի դրությամբ Կարեն Հախվերդյանի կողմից նախադպրոցական հաստատության համար կատարվել է 1 մլն 928 հազար 255 դրամի գնում, որից 1,5 մլն դրամը կազմել են հաստատության սննդի գնումները: Երեխաների սննդի պայմանագրային գները փաստում են, որ Մարինե Ավետյանը երեխաների համար 2012թ. գնել է 2350 կգ կարտոֆիլ, որից հունվարին կգ-ը 300 դրամով 100 կգ կարտոֆիլ է գնել Սուսաննա Նորեկյանից, փետրվարին կգ-ը 250 դրամով 1050 տոննա կարտոֆիլ է գնել Կարեն Հախվերդյանից, մայիսին և հունիս ամիսներին կգ-ը 250 դրամով 300կգ կարտոֆիլ է գնել Սուսաննա Նորեկյանից, կգ-ը 300 դրամով 100 կգ կարտոֆիլ է գնել նաև Կորյուն Բոշյանից: Թումանյանի տարածաշրջանում և հատկապես Շնողում կարտոֆիլի գինը 250-300 դրամ վերջին տարիներին չի հասել:
-Մեր գյուղում 300 դրամով կարտոֆիլ եղել է: Ես չգիտեմ՝ ով է բերել: Կարտոֆիլի գինը 150 դրամ է հիմա: Անցած տարի, ինչ իմանամ, միգուցե էդ գինն է եղել,- ասում է մանկապարտեզի տնօրենը:
-Դուք այս տարի եք 250 և 300 դրամով մեծ քանակությամբ կարտոֆիլ գնել,- հիշեցրինք տնօրենին:
-Մենք այդ գնով ենք գնել,- պատասխանեց նա:
Մարինե Ավետյանը 2012թ. հունվարին Կարեն Հախվերդյանից գնել է 70 կգ, իսկ մայիսին՝ 40 կգ տավարի միս, որի համար վճարել է 275 հազար դրամ: Ձմեռային արձակուրդներից հետո երեխաները նախադպրոցական կրթական հաստատություն են հաճախել հունվարի 9-ից: Հաստատության հաշվապահ Անուշ Մղդսյանը պարզաբանեց, որ հունվարի 12-25-ը 10 աշխատանքային օրվա ընթացքում Շնողի նախադպրոցական կրթական հաստատություն հաճախած միջին թվով 38 երեխաներ, որից 20-ը՝ մսուրային խմբից, 10 օրվա ընթացքում կերել են 70 կգ միս: Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած մանկապարտեզային հասակի երեխաների սննդակարգի նորմատիվների համաձայն՝ նախադպրոցական հաստատությունների երեխաների համար սահմանված է օրական 40 գրամ միս: Մարինե Ավետյանն ասաց, որ առաջնորդվում է այդ նորմատիվներով. «Եթե միսը եփում ենք, ոսկորը առանձնացնում ենք, նա ինքը քաշը գցում ա»: Մյուս ամիսներին երեխաներին միս չտալու հետ կապված Մարինեն պատասխանեց. «Ուրեմն չենք ունեցել, բա ի՞նչ անեինք»:
Մարինե Ավետյանը Կարեն Հախվերդյանից կգ-ը 2400 դրամով ապրիլին գնել է 16,5 կգ, իսկ մայիսին՝ 24,5 կգ իշխան ձուկ, որի համար վճարել է 141 հազար 600 դրամ: Շնողի նախադպրոցական կրթական հաստատության ֆիզկուլտ-հրահանգիչ Սուսաննա Նորեկյանից գնել է 50կգ մեղր: Տնօրենն ասում է, որ սկզբում երեխաներին տրվել է 15, ապա 20 գրամ մեղր: Խոհարար Նունե Գալինյանը մեր հեռախոսազրույցի ժամանակ ասաց. «Սկզբում յուրաքանչյուր երեխային տվեցինք 10 գրամ, տեսանք չի բավականացնում`դարձրինք 15 գրամ»: Երեխաներն ասում են, որ նախադպրոցական հաստատությունում մեղր չեն կերել: Այս մասին էլ Մարինե Ավետյանն ասաց. «Յա, յա: Էդ սեպտեմբերից էս կողմ չեն կերել ձուկը, միսը, բայց անցնենք էն մի անցկենող տարին, ու էդ օրը որ ձուկ ենք տվել, ազգանուններով գնացեք ճշտեք`ձուկ են կերել, մեղր են կերել, թե միս են կերել»:
Մեզ հետ զրույցում ֆիզկուլտ-հրահանգիչ Սուսաննա Նորեկյանը, ումից Մարինե Ավետյանը գնել էր 50 կգ մեղր, 425 լիտր կաթ, 81 կգ պանիր, կգ-ը 300 դրամով փետրվարին՝ 100 կգ, մայիս և հունիս ամիսներին՝ կգ-ը 250 դրամով 300 կգ կարտոֆիլ և այլ սննդամթերք, ասաց, որ տեղյակ է միայն կաթի գնումներից. «Ես ընդամենը իմ հաշվի համարին փոխանցված գումարները ստացել և տվել եմ Մարինե Ավետյանին»,- հայտնեց Սուսաննա Նորեկյանը:
«Ինքը ինձ է տվել այդ փողերը, ես տվել եմ նրանց, ումից գնել եմ այդ մթերքները»,- պարզաբանեց Մարինե Ավետյանը:
Շնողի գործող գյուղապետ Հովիկ Սահակյանը հայտնեց, որ ծանոթանալով Շնողի համայնքային բյուջեի վերջին տարիների ծախսումներին՝ անհրաժեշտ է համարում դրանք անհապաղ աուդիտի ենթարկելը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել