
Ազգային ժողովի «օձերը»
2013թ.-ը, ըստ հորոսկոպի, սեւ օձի տարի է: Ազգային ժողովի 4 պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, Նաիրա Կարապետյանը, Վահե Հակոբյանն ու Հովհաննես Սահակյանը ծնվել են օձի տարում:
Աստղաբանները նշում են, որ սեւ օձի տարում ծնվածները հիանալի առիթ ունեն` ազատվելու իրենց «հին մաշկից» եւ կյանքը սկսելու նոր էջից: Օձի տարին բարենպաստ կլինի սիրավեպերի համար: Ըստ արեւելյան աստղագուշակի` այն մարդիկ, ովքեր ծնվել են օձի տարում, ուժեղ բնավորության ունեն, բարի են ու զսպված:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ սնահավատ չէ եւ մեծ նշանակություն չի տալիս հորոսկոպներին:
Նա չցանկացավ հորոսկոպի վերաբերյալ մեկնաբանություններ անել` պատճառաբանելով, որ որոշ մարդիկ զուրկ են հումորից եւ կարող են լուրջ ընդունել: Օրինակ` դեկտեմբերի 21-ի աշխարհի կործանման վերաբերյալ, Ն. Զոհրաբյանն ասել էր, թե միայն մերձավորներին բարի ու ջերմ խոսքեր ասելու համար արժեր հավատալ, որ դեկտեմբերի 21-ը աշխարհի վերջն է, սակայն դա սոցիալական ցանցերում քննարկման առարկա է դարձել, եւ գրել էին, թե պատգամավորը հավատում է աշխարհի վերջին:
«Եկեք օձի թեմայով էլ հումոր չանեմ, թե չէ դա էլ կտրանսֆորմացնեն եւ լրջագույն թեմա կդարձնեն»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ամփոփելով իր կյանքի անցած ճանապարհը` պատգամավորը նշեց, որ շատ շնորհակալ է Աստծուն, քանի որ իրեն երջանիկ մարդ է համարում: Նաիրա Զոհրաբյանը հաճախ է հիշում Անտուան դը Սենտ Էքզյուպերիի աղոթքի խոսքերը, որ Աստված իրեն տվել է ոչ թե այն, ինչ ինքն է ցանկացել, այլ այն, ինչն իրապես իրեն անհրաժեշտ է:
«Կարող եմ ասել, որ Օձի տարում ծնված լինելը, չգիտեմ ինչով է պայմանավորված, որովհետեւ աստղերի դասավորությանն ու հորոսկոպներին չեմ հավատում, բայց ինձ համարում եմ հաջողակ, երջանիկ մարդ: Չգիտեմ այս հարցում օձի տարում ծնված լինելը կապ ունի, թե ոչ, իսկ եթե ունի, ուրեմն շնորհակալ եմ իմ հորոսկոպին, եթե ընդունենք, որ կա: Համենայնդեպս, կենդանիներ շատ եմ սիրում, այդ թվում նաեւ օձ»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը Ամանորը դիմավորելու է տանը եւ օձի տարին սկսելու է ընտանիքի անդամների հետ:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը նշեց, որ հավատում է հորոսկոպին եւ ավելին` տեսնում է օձի դրսեւորումները: «Օձը ավելի սառնասիրտ, պրագմատիկ, խելացի է, եւ որպես Օձի տարի, կարծում եմ, 2013թ. պետք է լինի այս հարթության մեջ»,-ասաց Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորը նշեց, որ չի ցանկանում իրեն բնութագրել, սակայն, ինքնագովեստով չզբաղվելով հանդերձ, նշեց, թե իր մեջ օձին բնորոշ որոշակի հատկանիշներ կան` նպատակասլաց է, պրագմատիկ եւ այլն:
Հովհաննես Սահակյանը ասաց, որ Օձի տարին դիմավորելու է հայրական օջախում` ծնողների ու եղբոր հետ: Հարցին, թե այս Ամանորը իր համար որեւէ ձեւով առանձնանալու է, պատգամավորը կատակով պատասխանեց. «Դե, օձը սեղանի վրա կա, հերիք է, էլի: Դրանից ավել էլ ի՞նչ լինի»:
ՀՀԿ-ական Նաիրա Կարապետյանը «Հետքին» ասաց, որ ընդհանուր առմամբ տարին բազմաբովանդակ է եղել իր համար: «Բարդ տարի էր, լի դժվարություններով, սակայն շատ էին նաեւ ձեռքբերումներն ու հաղթանակները: Թե անձնական եւ թե ոչ անձնական կյանքում հետաքրքիր տարի էր: Տարի, որ հետադարձ հայացք նետելիս գիտակցում ես, որ իզուր չի անցել այն: Կա կուտակած մեծ փորձ, կան հպարտանալու առիթներ, սակայն, ցավոք, կան նաեւ եզրակացություններ անելու հիմքեր: Մի փաստ ակներեւ է՝ մենք հաստատուն քայլերով գնում ենք առաջ»,-ասում է Նաիրա Կարապետյանը:
Անցնող տարվա ամենապայծառ օր պատգամավորը նշում է քրոջ դստեր՝ Լյուսիի ծնունդը:
Ինչ վերաբերում է օձի տարուն, ապա Նաիրա Կարապետյանը նշում է, որ օձն իր բնույթով իմաստուն եւ զուսպ կենդանի է, սակայն հարվածները հասցնում է անսպասելի: «Ես այդ տարուց սպասում եմ կայուն առաջընթաց, իմաստուն եւ զուսպ որոշումներ եւ անսպասելի ձեռքբերումներ: Հորոսկոպներին վերաբերում եմ հետաքրքրությամբ՝ զուտ ժամանցային տեսակյունից, սակայն այն ընթերցելիս հաճախ շատ նմանություններ եմ գտնում: Եվ քանի որ իմ տարին է գալիս, ուստի կարծում եմ, որ հաջողակ եւ բարի տարի է լինելու»,-ավելացրեց պատգամավորը:
Նաիրա Կարապետյանն ասում է, որ ամեն տարի Ամանորն իր խորհուրդն ու գեղեցկությունն ունի:
«Մանկուց մինչ օրս նույն սպասումներով եւ հոգու նույն թրթիռով եմ դիմավորում Նոր տարին: Իհարկե, անկնալիքների բովանդակությունը փոխվում է, երազանքներն ու սպասումներն են այլ, բայց հեքիաթային խորդուրդը նույնն է: Չեմ կարողանում տարանջատել «ամենան»: Ինձ համար Ամանորը խիստ ընտանեկան տոն է: Նոր տարին դիմավորում եմ տանը՝ ընտանիքիս հետ: Այս տարի եւս բացառություն չի լինելու: Շատ ուրախ եւ ջերմ մթնոլորտ է տիրում միշտ, սկզբում միմյանց ենք շնորհավորում, տոնածառի տակի նվերները նայում, հետո շնորհավորում բոլոր մտերիմներին»,-ավելացրեց Նաիրա Կարապետյանը:
Պատգամավորը ասաց, որ փոքր տարիքում Ամանորին ցանկացել է կախարդական փայտիկ ունենալ: «Այդ հարցին հիմա ավելի պրագմատիկ պատասխան կտամ՝ առողջություն եմ խնդրում բոլոր հարազատներիս համար եւ ակնկալում երջանիկ տարի: Իմ ընտանիքի, իմ ժողովրդի եւ իմ հայրենիքի համար: Մենք արժանի ենք ունենալու ապահով Հայաստան»,-ավելացրեց Նաիրա Կարապետյանը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել