HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմության վկաների աղերսը (վիդեո)

Աննա Ավետիսյան

«Գյուղացիների հավատը վանքի հանդեպ այնքան մեծ է, որ ժողովուրդն անգամ երդվում է վանքով. շատ տարածված է «Կարմիր վանքը վկա» արտահայտությունը…. Բնակիչները վանք այցելելիս հավաքում են նրա մոտակայքում գտնվող խոտաբույսերը (ուրց, նանա, երիցուկ և այլն). ասում են, որ դրանց բուժիչ ուժը շատ մեծ է»,- մեջբերումը Թասիկ գյուղի բնակիչ, ապագա պատմաբան Աննա Սարգսյանի շարադրությունից է, որը Սիսիանի պատմության թանգարանի հայտարարած մրցույթում տարեսկզբին մրցանակի էր արժանացել:

Վանքը, ավելի ճիշտ՝ վանքի ավերակները իր հայրենի գյուղի հարևանությամբ են: Մեջբերելով Սյունյաց տան պատմիչ Ստեփանոս Օրբելյանի խոսքերը, թե` «հայերից նախ հավատացյալ դարձան սյունեցիները», աղջնակը ցավ է ապրում, որ այդքանով հանդերձ սրբավայրը, որ, ըստ Օրբելյանի, Տաթևի վանքից հետո Սյունիքում երկրորդն է եղել իր նշանակությամբ, անմխիթար վիճակում է: Երկրաշարժերը՝ հատկապես 1658թ.-ինը, հետո նաև անուշադրությունն են վանքի այսօրվա վիճակի պատճառը դարձել: Վերականգնման ուղղությամբ քայլ ձեռնարկվել է 1970-ական թթ., հենց այդ ժամանակ էլ վանքի տարածքից հայտնաբերվել է ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինին պատկանող  սեպագիր արձանագրություն:

  Թանահատի վանք

Ճիշտ է` այն տեղափոխվեց մայրաքաղաք, վանքն էլ ցայսօր շարունակում է քայքայվել, սակայն տեղացիները չեն դադարում հպարտանալ նախաքրիստոնեական հեթանոսական մեհյանի վրա 491թ. կառուցված Թանահատի վանքով, որ Կարմիր են անվանում կարմիր տուֆից կառուցված լինելու պատճառով: Ու չնայած դժվարանցանելի ճանապարհին` մոտակա գյուղերի բնակիչները շարունակում են վանքի կիսավեր պատերի տակ մատաղ անել, մոմ վառել և Աստծո ողորմածությունը հայցել… Վանքի կամարներն անտարբեր չեն թողնում նաև զբոսաշրջիկներին, ովքեր հետաքրքրությամբ են լսում ծամի օգնությամբ քարերը տեղափոխած ու վանքը կառուցած սյունուհու, վանքի պահապան, սրբավայրի քարերի կարմիր գույնը ստացած օձի մասին լեգենդ-պատմությունները…

Լեգենդներ հյուսվել են Սիսիանի տարածաշրջանի գրեթե բոլոր սրբավայրերի շուրջ: Իսկ վերջիններս քիչ չեն: Տարածաշրջանում գրանցված են 235 հուշարձաններ, ընդ որում՝ յուրաքանչյուր միավորի տակ կարող է հաշվարկված լինել հուշարձանախումբ, ասենք՝ գյուղատեղի, որն ընդգրկում է առանձին հուշարձան, եկեղեցի, գերեզմանոց, ձիթհան ու ջրաղաց: Միայն եկեղեցիները 34-ն են:

Բոլորն էլ, մշակույթի նախարարության հուշարձանների, արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի ծառայություն» ՊՈԱԿ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Արամ Դավթյանի տեղեկացմամբ, բացի Սյունի վանքից, ենթակա են վերանորոգման (Այստեղ նկատի չենք ունենում Դարբասում 2.5 տարի առաջ կառուցված Սուրբ Ստեփանոս եկեղեցին, կամ Տոլորսում վերջերս օծված Սուրբ Հռիփսիմեն, քանի որ վերջիններս դեռ ընդգրկված չեն հուշարձանների ցանկում):

«Մենք ամեն տարի ներկայացնում ենք վնասված և առավել արժեքավոր, հրատապ վերանորոգման խնդիր ունեցող  հուշարձանների  ցանկը,- ասում է Արամ Դավթյանը:- Թանահատի վանքի քարերը ժամանակին  համարակալվել էին` վերանորոգման նպատակով, սակայն այդպես կոնսերվացված վիճակով էլ մնացել են Խորհրդային տարիներից մինչ այժմ»:

Ա. Դավթյանի գնահատմամբ` վերանորոգման խնդիրը հրատապ է նաև Շաղատի, Լորի Ծառու Սրբ Հովհաննես, Անգեղակոթի Սուրբ Վարդան (Վարդան Զորավոր), Գետաթաղի եկեղեցիների համար: Շաղատի եկեղեցին վերականգնելու նախաձեռնություն են հանդես բերել տեղացիները, կազմակերպվել է հանգանակություն, սակայն հիմա էլ քննարկվում է կառույցը վերականգնելու նպատակահարմարությունը. եկեղեցին սողանաքային գոտում է, և գուցե աշխատանքներն արդյունք չտան: Սուրբ Վարդան Զորավոր եկեղեցին վերանորոգելու ցանկություն են հայտնել Արամ և Արմեն Ստեփանյան եղբայրները` նրանք, ովքեր կառուցեցին նաև Դարբասի Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Սակայն այսպիսի նախաձեռնությունները շատ չեն:

Շաղատի եկեղեցի Անգեղակոթի Սուրբ Վարդան (Վարդան Զորավոր)

Բարերարներ հայտնվելու դեպքում էլ նախապատվությունը տրվում է նոր սրբավայրի կառուցմանը: Ուստի մյուս թվարկված եկեղեցիները, որ հավատքի տուն լինելով հանդերձ կրում են մեր դարավոր պատմությունն ու մեր ազգային նկարագիրը, փլուզման վտանգով սպասում են ուշադրության իրենց հերթին, սպասում են վախով` չլինի թե  արժանանան Շենաթաղի եկեղեցու ճակատագրին, որը փլուզվեց` այդպես էլ չզգալով շինարարի ամոքիչ ձեռքի ուժը: Ի դեպ, Գետաթաղի եկեղեցու քանդվելը, ըստ Արամ Դավթյանի, իրականում ավելի սպասելի էր, քան Շենաթաղինը:

Գետաթաղի եկեղեցի Որոտնավանք

Փլուզումից հետո էլ առանձնապես անհանգստացողներ չեղան: «Նախարարությունը պետք է որոշի` վերանորոգել, թե նորը կառուցել, որովհետև փլուզվել է եկեղեցու մեծ մասը, պահպանված հատվածն էլ վթարային վիճակում է»,-ասում է հուշարձանների պահպանության խնդրով զբաղվող կառույցի ներկայացուցիչը:

Շենաթաղի եկեղեցի

Միակ տեսանելի քայլը, որ այս տարի պետության կողմից իրականացվեց տարածաշրջանում հուշարձանների վերանորոգման ուղղությամբ, Սյունիքի նշանավոր վանքերից մեկում` Որոտնավանքում էր (11-րդ դար): 10 մլն դրամի շրջանակում նորոգվեց տանիքի մի հատվածը. իրականացվեց շուրջ 50քմ տանիքապատում: Ի դեպ, 1931թ. երկրաշարժից և այլ պատճառներով ավերված վանքի վերականգնողական աշխատանքները սկսվել են դեռևս 1980թ.-ին և մինչ օրս չեն ավարտվում:

Հուշարձանը կա, պահպանական գոտին չկա

«Ես եղել եմ այստեղ այն ժամանակ, երբ էս հատվածներում քարեր, խճեր չկային լցված, Որոտանի կիրճի ամենալավ հատվածներից մեկն էր, շատ գեղեցիկ, շատ լավ տպավորություն էր թողնում` ծառապատ, անտառակներով և այլն, հիմա մի քիչ տխուր տեսարան է»,- ասում է հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ով 2004 թ.-ից հնագիտական պեղումներ է իրականացնում Ներքին Գոդեձոր հնավայրում (ՔԱ 4-րդ հազարամյակ) և միաժամանակ պայքարում հարակից տարածքներում քարհանքի շահագործման դեմ: 

«Հիմա տարածքի կարևորությունն է մեծացել թե° որպես հնավայր և թե° որպես քարհանք: Թվում է` անհամատեղելի, բայց արդեն քանի տարի` իրողություն»,- ասում է: Բանն այն է, որ Անգեղակոթի տարածքում հուշարձաններն ու հնագույն բնակատեղիներն ամեն քայլափոխի են: Քարհանքի համար հողահատկացում կատարելիս հուշարձանի մասին խոսք չի եղել: Իսկ երբ մեխանիզմներն արդեն գործի են դրվել, հողի երես դուրս եկած խեցեղենն է սկսել աղաղակել, որ տարածքը պատմական բնակատեղի է` երկաթեդարյան հուշարձան: Բայց դա չխանգարեց, որ հուշարձանը շարունակի ծվատվել:

«Եթե հիմա գնաք-պտտվեք, իրականում մեկ երրորդը հուշարձանի քերված-տարված է: Գուցե տակերը շերտեր կան, ես կդժվարանամ ասել, բայց մեկ երրորդի վրա կոպիտ միջամտություն կա ժամանակակից մարդու կողմից»:

Տարիների «կռիվ-դավիները», դատական գործերը հանգեցրին նրան, որ հստակ գծվեց հուշարձանի պահպանական գոտին: Այն, ինչ ավերվել, ավերվել էր, հուշարձանի մնացած հատվածն այլևս անձեռնմխելի է: Պավել Ավետիսյանի համոզմամբ` նմանատիպ խնդիրները ծագում են հենց այն պարզ պատճառով, որ հայաստանյան շատ հուշարձաններ չունեն պահպանական գոտիներ, այսինքն ո°չ հասարակ քաղաքացիները և ո°չ էլ համայնքի ղեկավարությունը տեղյակ չեն, թե որն է այս կամ այն հուշարձանի հստակ տարածքը:

Նման խնդիր առաջացել է նաև Սյունի բերդի տարածքում, ավելի կոնկրետ` ինչպես Պավել Ավետիսյանն է անվանել, «Սիսիան-2» դամբարանադաշտի մի հատվածում (միջին բրոնզի դարի դամբարաններ), որ, պարզվում է, ընդգրկում է նաև քաղաքային աղբավայրի տարածքը:

«Արդեն իսկ Սյունի բերդը կիսված է այսօրվա մեր Աղիտու տանող ճանապարհով, բերդի մի հատվածը ճանապարհի մի եզրին է, մյուսը` մյուս: Եվ այդտեղ կան Սյունի բերդի շինությունների մնացորդներ, պարսպապատի մնացորդներ և ավելի վաղ ժամանակների դամբարանադաշտ  հսկայական տարածության վրա: Էդ դամբարանների մի դամբարանախումբ էն հատվածներում է, որտեղ բերել- աղբը լցրել են, վառել: Գուցե չարիքներից փոքրագույնն է, որովհետև եթե էդ աղբը լցված է, դամբարանը կմնա, ոչ ոք չի գնա, էնտեղ ոսկի որոնի կամ քանդի-ավերի, գուցե կմնա սերունդներին, չգիտեմ, բայց դա էլ տխուր դեպք է, երբ որ հուշարձանի տարածքը վերածվում է աղբավայրի»:

Ազգային արխիվի Սիսիանի տարածքային ներկայացուցչությունում պահպանված փաստաթղթերի համաձայն` Սիսիան-Աղուդի տանող ճանապարհի աջ հատվածի անօգտագործելի 1 հա հողամասը Սիսիանի քաղաքային սովետի գործկոմի կոմունալ-սպասարկման և բարեկարգման գրասենյակին հատկացվել է դեռևս 1979թ.` աղբավայր կառուցելու նպատակով:

Ժամանակի ընթացքում աղբավայրն ընդլայնվել է, և տարածքը նույն նպատակին ծառայում է մինչ օրս: «Բոլորը գիտեն դամբարանադաշտի առկայության մասին, և չգիտես` ինչու  աղբավայրը դեռ գործում է,- ասում է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանը, ով ղեկավարում է Ույծի վարչական տարածքում ուսումնասիրություններ կատարող արշավախումբը,- Աղբանոցը միանշանակ պետք է տեղափոխվի մանավանդ որ այն գտնվում է հուշարձանների շարքի վրա»: Այդ հարցով, հնագետի համոզմամբ, պետք է զբաղվեն տեղական ինքնակառավարման մարմինները: Սիսիանի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի պետ Կիմ Աղայանը առաջին անգամ էր լսում, որ աղբանոցը հուշարձանի տարածք է ներխուժել: Նրա խոսքով` եթե դիմեն քաղաքապետարան` հիմնավորող փաստաթղթերով, խնդրի լուծմանն ուղղված համապատասխան որոշում կկայացվի:

Այն, որ «Սիսիան-1» դամբարանադաշտը ևս վտանգված է` քաղաքային գերեզմանոցի ընդլայնման հետ կապված, Կիմ Աղայանը տեղյակ է. «Գերեզմանատունն այս պահին դամբարանի տարածքում չէ, բայց պատրաստվում ենք դիմել համապատասխան կազմակերպություններին, եթե հնարավոր է,  ընդլայնենք, եթե ոչ, համարենք փակ գերեզմանատուն և մտածենք նոր հողահատկացման մասին»:

Պավել Ավետիսյանի խոսքով` ընդլայնման տարածք այլևս չկա. հուշարձանն արդեն իսկ վնասվում է, գերեզմանոցը պետք է տեղափոխվի, եթե չենք ուզում հուշարձանը վերացնել:

«Ես էդտեղ էլ եմ աշխատել: Որպես փորձառու մասնագետ, որ գիտի կոնկրետ որտեղ են դամբարանները`  2 տարին մեկ կանչում են` հատկացվելիք գերեզմանի տեղը որոշելու համար: Բայց էլ ճար չկա. կամ էդ հուշարձանը վերացնում ենք, դարձնում ժամանակակից  գերեզմանոց, կամ դադարեցնում ենք էդտեղ թաղումները, ուրիշ տեղ ենք անում, այլ տարբերակ չկա…»,- ասում է հնագետը:

Արամ Դավթյանի խոսքով` այս դեպքում պահպանական գոտին առկա է, խնդիրն ավելի  է լրջանում գոտիների բացակայության պարագայում: Համայնքները հողահատկացում են կատարում` հիմք ընդունելով իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերը, օտարում են, ըստ իրենց տվյալների, համայնքի սեփականություն համարվող կամ բնակավայրային ֆոնդի հողեր, հետո պարզվում է` գործ են ունեցել հուշարձանային տարածքի հետ: Համայնքային քարտեզներում շատ հուշարձանների տարածքներ առանձնացված չեն որպես հատուկ պահպանվող տարածքներ: «Այդ դեպքում մեր իրավական միջամտության հիմքերը թույլ են լինում, որովհետև, ճիշտ  է, հուշարձանը կա հուշարձանների ցանկում, սակայն սահմանները հստակ չեն»,- ասում է Արամ Դավթյանը:

Անկախ նրանից` հուշարձանը ունի պահպանական գոտի, թե ոչ, պահպանության խնդիրն առկա է: Չկան համապատասխպան ցուցանակներ, տարածքները հիմնականում ցանկապատված չեն,  անասուններն ազատ ելումուտ ունեն:  Ցանկապատի խնդիր ունի անգամ «Զորաց քարեր» պատմամշակութային արգելոցը:

Մարդը և հուշարձանը` կողք կողքի

Հուշարձանների պահպանության խնդիրն առկա է ողջ աշխարհում` նշում է Պավել Ավետիսյանը: Նրա խոսքով` համապատասխան կառույցները, օրենսդրական դաշտը Հայաստանում կան, ավելի  խնդրահարույց է հասարակության վերաբերմունքն իր պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Պետությունը չի կարող ամեն մի հուշարձանի համար աշխատող պահել, հասարակությունն ինքը պետք է պահպանի իր հարստությունը:

«Եթե մենք եղանք վատնող, չարժևորեցինք էդ ամեն ինչը, գործեցինք «իմ բոստանն ավելի կարևոր է, քան էս քարերի շարքը» մտածողությամբ, խնդիրը չի լուծվի: Երբ հուշարձանը տպավորություն չի թողնում կամ ինչ որ մացառների մեջ է, ասում ես` տակը շերտ կա, բայց ինքը ասում է` չէ, ես անպայման էստեղ պիտի այգի տնկեմ, կամ պիտի քարհանք շինեմ կամ չգիտեմ ինչ,  սարսափելի է: Ստացվում է, որ դու քո սեփական ձեռքերով օրվա խնդիր լուծելու համար կարող ես փչացնել մի այնպիսի բան, որ գուցե հազար տարի հետո անգամ  կարևոր լինի Հայաստանի համար»:

«Ունենք մեկ այլ` շատ կարևոր խնդիր. մարդկանց կողմից ձևավորվել է արատավոր սովորություն` գանձախուզության միջոցով հարստության հասնելու մոլուցքը: Դա էլ պետք է մեր հասարակության գիտակցությունից վերացնել, որ հուշարձանների տարածքները չփչացնեն»,- ասում է Ա. Դավթյանը: Վերջին շրջանում միայն Սիսիանի տարածաշրջանում երեք նման դեպք է գրանցվել, երեք դեպքում էլ խաթարվել է հուշարձանը: Խնդրով, ճիշտ է, իրավապահներն են զբաղվում, սակայն այլևս հնարավոր չէ վերադարձնել կորցրածը` հատկապես ինֆորմացիայի տեսքով:

Մշակույթի հանդեպ սերը, հուշարձանների նկատմամբ համապատասխան վերաբերմունքը մանկուց պետք է սերմանվի` կարծիք է հայտնում Սիսիանի պատմության թանգարանի տնօրեն Ծովինար Պետրոսյանը: Այդ նպատակին ուղղված ծրագրեր իրենց կառույցն իրականացնում է` ուխտագնացությունների և այլ ներթանգարանային միջոցառումների տեսքով: Համոզված է` հուշարձանների պահպանության մշակույթը երբ մեզանում չկա, հուշարձանը գոմաղբով էլ կպատվի, պահպանվող տարածքներում հոտեր էլ կարածեն… 

«Ժողովուրդը պետք է հասկանա, որ հուշարձանը իր կյանքի մի մասնիկն է, որ այն իր հետ անցյալի մի ողջ պատմություն է բերում»,-ասում է նա: 

Պավել Ավետիսյանի խոսքով` դեռ չի գտնվել այն օպտիմալ ձևը, որ մարդը և հուշարձանը կողք կողքի համերաշխ ապրեն: Բայց նաև հույսը չի կորցնում: «Վստահ եմ, կունենանք»,- ասում է: Այսպես թե այնպես, կամա թե ակամա մարդը, ապրելով իր նախնիների հողին, այս կամ այն չափով վնասում է անցյալի մասունքները, սակայն յուրաքանչյուրիս պարտքն է գոնե գիտակցաբար չվնասել պատմական մեր ժառանգությունը: Այս առումով ինքն իր տեսակետն ունի` կպահպանվի այն հուշարձանը, որը բնակչին օգուտ է տալիս:  Առաջին քայլը պետք է լինի այն, որ համայնքներն իրենց զարգացման ծրագրերում ներառեն նաև հուշարձանների պահպանության, տարածքների բարեկարգման, ցուցանակների տեղադրման հարցերը,  հուշարձաններն ընկալվեն որպես զբոսաշրջային օբյեկտ և լրացուցիչ եկամուտ ապահովելու հնարավորություն:

«Եթե հուշարձանները դարձնենք ոչ միայն խորհրդանշան, այլև օգտագործվող, շահագործվող օբյեկտ և ինչ-որ տեղ շահութաբեր, էդ դեպքում հաստատապես համոզված եմ` խնդիրն արմատապես լուծում կստանա, և մարդիկ կպահպանեն: Աշխարհի շատ վայրերում այդպես է»,- ասում է Պ. Ավետիսյանը:

Հիշեցնում է` Սիսիանը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Դրանք ճիշտ մատուցելու դեպքում հսկայական տեղաշարժ կարելի է արձանագրել զբոսաշրջության զարգացման առումով: 


Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter