HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախը կմիանա Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվենցիային

Կառավարության նիստում 

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության` այս տարվա վերջին նիստը` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Կառավարության անդամները օրակարգում ընդգրկված 3 տասնյակից ավելի հարցերի շուրջ ծավալել են քննարկումներ և ընդունել որոշումներ:

Նիստի ընթացքում ուժը կորցրած են ճանաչվել նախկինում ընդունած մի շարք որոշումներ: Առանձին ոլորտներում  ԼՂՀ կառավարության լիազոր պետական մարմին է ճանաչվում ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը: Նույն նախարարությանն են վերապահվել  «Արցախերկսևմետ» ՓԲԸ բաժնետոմսերի կառավարման լիազորությունները: Հաստատվեց համապատասխանության հաստատման բնագավառում սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման խորհրդի կազմը` նախագահությամբ ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալի: Կառավարությունը հավանություն տվեց նաև գնումների մասին ԼՂՀ օրենսդրության իմացության գնահատման նպատակով թեստավորման կարգին: Համապատասխան օրենքների դրույթներից ելնելով` գործադիրի հավանությանն արժանացավ հյութերին և հյութամթերքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը`  հաշվի առնելով նաև մարդու կյանքի և առողջության անվտանգության ապահովման, սպառողներին թյուրիմացության մեջ գցող գործոնների կանխարգելման հանգամանքը:

Գործադիրը առաջարկում է լրացում կատարել  «Նոտարիատի մասին» ԼՂՀ օրենքում, որի համաձայն նոտարի ժամանակավոր բացակայության դեպքում արդարադատության նախարարը նոտարի օգնականին կարող է նշանակել նոտարի ժամանակավոր պաշտոնակատար: Այդ դեպքում նոտարի օգնականը կկրի նոտարի համար օրենքով նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը: Քաղաքացիները նոտարներին դիմելլիս այլևս ավելորդ խոչընդոտների չեն հանդիպի:   Այս և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950 թվականի նոյեմբերի 4-ի կոնվենցիային միանալու և նրա իրավազորությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ճանաչելու մասին ԼՂՀ օրենքների նախագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը: Վերջին օրինագծով նախատեսվում է  ԼՂՀ տարածքում ճանաչել և երաշխավորել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի իրավազորությունը և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը` որպես գերակա` ԼՂՀ-ում  մարդու իրավուքնների պաշտպանության հարցում: Միջազգային Կոնվենցիային միանալը կնպաստի ԼՂՀ ճանաչմանը և նրա քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը:

Նիստի օրակարգում ընդգրկված գյուղատնտեսության ոլորտին առնչվող միակ` գյուղատնտեսական կենդանիների կարանտինի սահմանման և չեղյալ հայտարարման կարգը հաստատելու մասին հարցը ևս արժանացավ կառավարության անդամների հավանությանը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ և հաստատվեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության նոր կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը: Գործող կանոնադրության մեջ լիարժեք կերպով շարադրված չէին ԼՂՀ արտաքին  գործերի նախարարի և գլխավոր քարտուղարի լիազորությունները, ուստի փոփոխություններ մտցվեցին նաև այդ կետերում` դրանք ընդլայնելու նպատակով:

Կառավարության հավանությանն արժանացավ նաև ԼՂՀ-ում ասպիրանտուրայի ընդունելության նոր կարգը: Այսուհետ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների, ինչպես նաև հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ասպիրանտուրայի ընդունելությունը կկազմակերպվի նոր կարգի համաձայն: Փոփոխությունը հիմնականում պայմանավորված է օտար լեզվի քննությունը անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու պահանջով: Գործադիրը հաստատեց ԼՂՀ կրթության որակավորումների ազգային շրջանակը. մինչև գալիք տարվա վերջը կրթության նախարարությունը պետք է հաստատի կրթության որակավորումների բնութագրերը` մասնագիտությունների կրթական չափորոշիչները համապատասխանեցնելով դրանց: Հաստատվել են նաև ԼՂՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ 2013-2014 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների, ինչպես նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների առկա և հեռակա ուսուցմամբ 2013-2014 ուս. տարվա մասնագիտությունների  ցանկերը: Կատարված փոփոխությունների մեջ հատկանշական է ԱրՊՀ-ում նոր` կենսաբժշկական ճարտարագիտություն մասնագիտության ընդգրկումը:

Կառավարության որոշմամբ  կկազմակերպվի ԼՂՀ-ում հաշվառված ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների տեղեկատվական բազան մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը գյուղատնտեսության նախարարությունից  ԼՂՀ արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը հանձնելու գործընթացը: Վերջինս պարտավոր է մինչև 2014 թվականի վերջը այդ բազայում ընդգրկված մեքենաների համար անվճար տրամադրել նոր նմուշի տեխնիկական անձնագրեր և պետհամարանիշներ:

Գործադիրի հավանությանն արժանացած երեք որոշումները առնչվում են ոստիկանության ծառայության ոլորտին: Այսուհետ ինքնուսուց վարորդները կարող են մասնակցել որակավորման քննություններին և ստանալ համապատասխան կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական: Կհեշտացվի նաև տրանսպորտային միջոցների համարանիշների հաշվառման և հատկացման գործընթացը:

Այսօրվա նիստում հաստատվել են օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային ծրագիրը և համանուն ազգային կոմիտեի կանոնադրությունը:

Կառավարությունը լրացումներ է առաջարկում զբոսաշրջության և պատմական հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորող օրենքներից երկուսում, ինչպես նաև դրանցից բխող «Պետական տուրքի մասին» և «Լիցենզավորման մասին» ԼՂՀ օրենքներում: Նախատեսվում է պետական հաշվառման վերցնել զբոսաշրջային գործունեությամբ զբաղվող բոլոր սուբյեկտներին: Մյուս լրացման համաձայն թանգարանային գործի կառավարման լիազորությունները կվերապահվեն մշակույթի և երիտասարդության նախարարությանը:

«Տեղական տուրքի և վճարների մասին» ԼՂՀ օրենքում կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունը վերաբերում է համայնքի տարածքում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում` ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի իրացման թույլտվությանը: Նոր որոշմամբ տեղական տուրքերն ու վճարները կսահմանվեն համայնքների բնակիչների թվաքանակից ելնելով:

Կառավարության ընդունած որոշումներից մեկով կստեղծվի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ. հաստատվեց վարչակազմի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը:

Գործադիրի մեկ այլ որոշում Մարտակերտի «Գիտակ»> ՊՓԲԸ-ի լուծարման գործընթացին է վերաբերում: Վարաչպետը անդրադարձել է, որ հարկ է ուսումնասիրել և լուծարել հանրապետությունում չգործող պետական ընկերությունները:

Կառավարության որոշմամբ  ԼՂՀ-ում այսուհետ դեկտեմբերի 22-ը  նշվելու է որպես էներգետիկի օր:

Նիստի ավարտին վարչապետ Ա. Հարությունյանը իր ամփոփիչ խոսքում անցնող տարին բնորոշեց որպես լարված աշխատանքի և խաղաղ տարի: Նա հույս հայտնեց, որ համատեղ ուժերով կկարողանանք ի կատար ածել պետության և հասարակության կողմից` կառավարության առջև դրված պահանջները և նախանշված ծրագրերը: Շնորհավորելով ներկաներին` վարչապետը նրանց մաղթեց հաջողություններ և գալիք 12 ամիսները ցանկալի ձեռքբերումներով նշանավորելու ցանկություն:

ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter