ՀՀ քաղաքացիություն ստացած անձը Հայաստան կայցելի առանց մուտքի վիզայի
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած և դեռևս ՀՀ քաղաքացու անձնագիր չստացած անձանց համար սահմանել ՀՀ առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ։ Այսպիսով, վերը նշված պահանջներին համապատասխանող քաղաքացին ՀՀ ոստիկանության ԱՎՎ տրված պաշտոնական ծանուցագրով կարող է ժամանել Հայաստան, սահմանային անցման կետում համադրել իր անձնագրային տվյալները և առանց վիզայի մուտք գործել երկիր։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է հանել ՀՀ քաղաքացիություն ստացող անձին տեղեկատվական ձեռնարկ տրամադրելու դրույթը, քանի որ ՀՀ օրենսդրությանը տեղեկանալն առավել արդյունավետ է համացանցի միջոցով։
Նաև առաջարկվում է քաղաքացիություն ստանալու դիմումի քննարկումը մինչև մեկ տարվա փոխարեն սահմանել մինչև վեց ամիս, ինչպես նաև ՀՀ քաղաքացիության հարցերի վերաբերյալ դիմումների, միջնորդությունների, անձի քաղաքացիության վերաբերյալ տեղեկությունները համարել անձնական կյանքի գաղտնիք կազմող տեղեկություններ, ինչը կհանդիսանա ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց իրավունքների և օրինական շահերի առավել արդյունավետ իրացման հիմք։ Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել