Խախտումներով թռչնամթերք արտադրողների անունները (վիդեո)
«Սպառողների միություն» հասարակական կազմակերպությունը և Հայաստանի թռչնաբույծների միությունը, սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 18-ին իրականացրեցին շրջայց Երևանի մի քանի սուպերմարկետներում և խանութներում:
Շրջայցի նպատակն էր ձու և թռչնամիս արտադրող կազմակերպությունների արտադրանքը հանձնել լաբորատորիաներ մանրեաբանական և ֆիզիկոքիմիական փորձարկման: Նույն արտադրողների տեսականուց վերցվեց երեքական նմուշ՝ երեք տարբեր լաբորատորիաների համար:
Նմուշները հանձնվեցին «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ Փորձարկման լաբորատորիա, «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ ֆիզիկա-քիմիական և մանրէաբանական հետազոտությունների լաբորատորիա և ՀՀ ԳՆ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի լաբորատորիաներ:
«Գետամեջ», «Արաքս», «Սադիա», «ԼՂՀ Լուսակերտ», «Հավիցա», «Շիրակ», «Լեբոն», «Բլեք Սթար-Լուսակերտ», «Շիրակ՝ հավ», «Շիրակ՝ հավի թևիկներ», «Կապան». այս կազմակերպությունների արտադրած թռչնամիսը և «Աշտարակ ձու», «Լուսակերտ», ԵՏՖ, «Արզնի» ընկերությունների արտադրած հավկիթները ՝ ընդհանուր առմամբ տասնհինգ փորձանմուշ, հանձնվեցին լաբորատորիաներ:
Այսօր արդեն իսկ հայտնի են այն արտադրողների անունները, որոնցում հայտնաբերվել են թերություններ ու խնդիրներ: «Նարեկ» գիտահետազոտական ՓԲԸ ֆիզիկա-քիմիական և մանրէաբանական հետազոտությունների լաբորատորիան ոչ մի թերություն և խնդիր չի գտել ոչ մի նմուշի մեջ, որը բավականին տարօրինակ է, քանի որ մյուս երկու լաբորատորիաներում այլ պատկեր է:
«Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ Փորձարկման լաբորատորիան «Բլեք Սթար-Լուսակերտ» հավում հայտնաբերել է մաֆամ և «Շիրակ՝ հավի թևիկներում» սալմոնելա տեսակի բակտերիաներ, իսկ ՀՀ ԳՆ ՀԱԲԼԾԿ ՊՈԱԿ-ի լաբորատորիան «Լուսակերտում» հայտնաբերել է սալմոնելա, «Շիրակ» հավում սալմոնելա, իսկ «Շիրակ՝ թևիկներում» մաֆամ:
Լաբորատորիաներից միայն մեկի դեպքում է համընկել հետազոտման միևնույն պատասխանը, սակայն ինչո՞ւ, այդպես էլ հարցական է մնում:
Մաֆամը՝ մեզոֆիլային աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՄ) են, նրանք հիմնականում առաջանում են ոչ մաքուր պայմաններից, հիգենիկ խախտման հետևանքով, իսկ սալմոնելա ախտածին մանրէները, անաէրոբ միկրոօրգանիզմներ են, ապրում են առանց թթվածնի. դրանք կարող են առկա լինել հերմետիկ կամ օդի բացակայությամբ փաթեթավորված արտադրանքում:
Հարուցիչը հասնում է բարակ աղիքներ, տեղակայվում է ավշային հանգույցներում, որտեղ էլ կատարվում է նրանց բազմացումը, այնուհետև մտնում է արյան մեջ և առաջացնում բակտերեմիա: Սալմոնելան ոչնչանալուց օրգանիզմում կուտակվում է էնդոտոքսին, որից էլ զարգանում է ինտոքսիկացիա: Բակտերիաները արյան հետ տարածվում է ամբողջ օրգանիզմ և ախտահարում է տարբեր օրգաններ և հյուսվածքները:
Այսպիսով, հրավիրում ենք բոլոր պատասխանատու մարմինների ուշադրությունը և կոչ անում՝ նմանատիպ նախաձեռնությունները դարձնել պարբերական՝ ի շահ սպառողի:
Գործարար ձեռագիր
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել