ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի շնորհավորական խոսքը
Սիրելի արցախցիներ
Սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդի առթիվ: Իմ առաջին մաղթանքն է, որ Դուք լինեք առողջ ու ապահով և Ձեր կյանքի նոր տարին նշանավորվի բարի իրադարձություններով: Ուզում եմ հավատալ, որ նախընթաց 12 ամիսներին մեր ազգաբնակչության գերակշիռ մեծամասնությունը շարժվել է առաջընթացի ճանապարհով` հայրենի տարածքում կերտելով իր երջանկությունն ու ապագան:
Իմ ղեկավարած կառավարության և անձամբ ինձ համար սկզբունքային ու պատվի հարց է, որ յուրաքանչյուր արցախցի ապրելու և աշխատելու բավարար, ավելին` ժամանակակից պայմաններ ունենա և նրա անձնական հետաքրքրությունները մշտապես զուգորդված լինեն պետական ու ազգային շահերին:
Ներկայումս գործադիր իշխանության հիմնական ծրագրերը նպատակաուղղված են տնտեսության, մասնավորապես փոքր ու միջին ձեռնարկատիրության, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացմանը, առողջապահության եւ կրթության ոլորտների արդիականացմանը, սոցիալապես կարիքավոր խավերի կենսապահովությունը ցանկալի մակարդակի հասցնելուն:
Գործելով տարածաշրջանային և աշխարհաքաղաքական բարդ պայմաններում և չունենալով միջազգային կառույցների օժանդակությունը, այնուհանդերձ, կառավարությանը հաջողվում է ապահովել հանրապետության զարգացման համեմատաբար լավ տեմպեր:
Մենք մեծապես կարևորում ենք սոցիալական արդարության, անհատի ինքնադրսևորման, ժողովրդավարության խորացման պահանջները: Շատ հարցեր ունենք կարգավորելու 2013 թվականին: Ես համոզված եմ, և այդ համոզմունքով ուզում եմ վարակել մեր քաղաքացիներին, որ պետության և հասարակության, ամենատարբեր կառույցների և անհատների միջև փոխվստահության ամրապնդմամբ մենք ի զորու ենք լուծելու մեր բոլոր կենսական խնդիրները:
Թանկագին հայրենակցիներ, խաղաղություն և բարեկեցություն եմ մաղթում Ձեզ, կամենում, որ Ձեր ընտանիքներում իշխեն համերաշխությունն ու երջանկությունը և մանկական ծիծաղով լիացած լինի Ձեր տան յուրաքանչյուր օր: Ամանորի և Սուրբ Ծննդի տոների կապակցությամբ իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում նաև Հայաստանի և Սփյուռքի մեր եղբայրներին ու քույրերին, նրանց մաղթում ամենայն բարիք և միասնական ոգի` համազգային նշանակության բոլոր ձեռնարկումներում:
Աստված պահապան մեր սիրելի Արցախին և հայ ժողովրդին:
Ուրախ Ամանոր Ձեզ և Սուրբ Ծնունդ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել