HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բա՞ց է, արդյոք, բնապահպանական տեղեկատվությունը

Հայաստանը 16-րդ պետությունն էր, որ վավերացրեց Օրհուսի համաձայնագիրը: 1998թ. հունիսի 25-ին Դանիայի Օրհուս քաղաքում ստորագրվեց «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկատվության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին կոնվենցիան» (Օրհուսի համաձայնագիր):

Համաձայնագիրն ուժի մեջ պիտի մտներ 16-րդ վավերացումից 90 օր հետո: Այսինքն` այն սկսեց գործել Հայաստանի վավերացումից հետո: Համաձայնագիրը ստորագրել է 40 երկիր, սակայն դեռեւս 22-ն է վավերացրել: Դրանց մեջ են նաեւ Վրաստանն ու Ադրբեջանը: Հայաստանում Օրհուսի համաձայնագրի վավերացման գործընթացում մեծ դեր ունեցավ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: 2001թ. մայիսին խորհրդարանը վավերացրեց համաձայնագիրը: Հայաստանում Օրհուսի համաձայնագրի իրականացման պատասխանատուն ՀՀ Բնապահպանության նախարարի խորհրդական Աիդա Իսկոյանն է: «Ոչ մի միջազգային փաստաթուղթ ես չեմ կարող համեմատել Օրհուսի համաձայնագրի հետ: Սա աշխարհն էկոլոգիական կործանումից փրկելու եզակի մոդել է: Այն եզակի է նաեւ նրանով, որ ստեղծվել է հասարակության լայն շրջանակի մասնակցությամբ»,- ասում է Աիդա Իսկոյանը:

2002թ. մայիսին Երեւանում պաշտոնապես բացվեց «Բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնը», որն ընդունված է անվանել նաեւ «Օրհուսի հայկական կենտրոն»: Այն ԲՆ-ի ենթակայության ներքո է: Կենտրոնի գործունեությունը վերահսկվում է հասարակական կազմակերպությունների, հասարակության ներկայացուցիչների կողմից: Ինչպես նշում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի քաղաքական, տնտեսական, բնապահպանական հարցերով բաժնի փորձագետ Ռուզան Բաղդասարյանը, այն կապող օղակ է նախարարության եւ հասարակության միջեւ: Կենտրոնի բացումը Ա. Իսկոյանը բացատրում է հետեւյալ կերպ. «Պետական կառույցներն ու քաղաքացիական հասարակությունը պետք է լինեն ոչ թե ընդդիմադիր կողմեր, այլ գործընկերներ: Հասարակությունը պետք է աջակցի պետական կառույցներին: Իսկ որպեսզի աջակցի, նրան հարկավոր է ինֆորմացիա. հասարակությունը պետք է ներգրավվի որոշում կայացնելու գործընթացում, պետական կառույցները պիտի լսեն նրա ձայնը»:

Ըստ ընդունված կանոնակարգի, յուրաքանչյուր իրավաբանական ու ֆիզիկական անձ բնապահպանական տեղեկատվություն ստանալու նպատակով կարող է դիմել կենտրոն: Այցելուներն այստեղ կարող են անվճար օգտվել բնապահպանական գրականությունից, ինտերնետից, ԲՆ-ից եւ այլ աղբյուրներից ստացված տեղեկատվությունից: Կենտրոնը կառավարում են հիմնադիր կողմերը (ԵԱՀԿ, ԲՆ), խորհրդակցական ու փորձագետների խորհուրդները: Փորձագետների խորհրդի հիմնական գործառույթը անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումն է, կենտրոնի գործունեության տարեկան ծրագրի իրագործման ապահովումը եւ լուսաբանումը: Ռ. Բաղդասարյանի ասելով, 3 ամիսը մեկ կենտրոնը նախարարությունից պետք է տեղեկատվություն ստանա: Եթե անհատը կամ կազմակերպությունը օրենքով նախատեսված տեղեկատվությունը չստանա նախարարության չտրամադրելու պատճառով, խորհուրդը պետք է դիմի նախարարություն եւ պարզի, թե ինչու չի տրամադրվել:

Մատչելիության երաշխիքները

Կենտրոնում ԶԼՄ-ները ներկայացնող փորձագետ Էդիկ Բաղդասարյանը համոզված չէ, որ ԲՆ-ն կկատարի տեղեկություն տրամադրելու իր պարտավորությունը. «ԲՆ-ն փակ ոլորտներից մեկն է: Իհարկե, դա տարօրինակ է թվում: Բայց իրականում ԲՆ-ից շատ ավելի դժվար է ինֆորմացիա ստանալ, քան, օրինակ, ՆԳՆ-ից կամ բանակից: Ամիսներ են տեւում, մինչեւ ինֆորմացիա ենք ստանում»: Եվ այսօր էլ չկա ոչ մի երաշխիք, որ նախարարությունը կկատարի իր ստանձնած պարտականությունները` կենտրոնին կտրամադրի անհրաժեշտ ինֆորմացիա:

Ամիսներ առաջ «Պրոմեթեւս» գործարանից արտանետումներ եղան Դեբեդ գետը, ինչի հետեւանքով գետի կենդանական աշխարհը մեծ վնաս կրեց: Հետաքննող լրագրողների ընկերակցությունը նամակ էր հղել ԲՆ-ին` պարզելու, թե արդյոք գործարանը ենթարկվե՞լ է փորձաքննության: Բայց ընկերակցությունը պատասխան չի ստացել (համաձայն Շրջակա միջավայրի պահպանության օրենքի, գործարանը պետք է փորձաքննության ենթարկվեր): «Սկզբունքորեն, եթե լրագրողներն այդ ինֆորմացիան շուտ ստանային եւ հրապարակումներ լինեին, հնարավոր էր կանխել արտանետումները»,- ասում է Է. Բաղդասարյանը: Քիմիական գործարանների մի մասը գործում է առանց փորձաքննության, Աերացիան չի աշխատում, Երեւանի կոյուղաջրերն առանց մաքրման տեղափոխվում են Արարատյան դաշտավայր, Սեւանի ջրի մակարդակը գնալով իջնում է, անտառների համատարած հատումը շարունակվում է. սրանք խնդիրներ են, որոնք անհապաղ լուծում են պահանջում: Եվ այսօր դրանք պետք է քննարկման առարկա դառնան նախեւառաջ Օրհուսի կենտրոնում: Սակայն նախքան քննարկելը հարկավոր է բավարար ինֆորմացիա ունենալ: Դրա համար անհրաժեշտ է նախարարության անմիջական աջակցությունը: «Բն-ն պետք է գիտակցի, որ միացել է Օրհուսի համաձայնագրին եւ պարտավոր է «ինֆորմացիան բացել»: Ցանկացած քաղաքացի իրավունք ունի պահանջել եւ ստանալ իրեն անհրաժեշտ ինֆորմացիան: Եթե կենտրոնը չի նպաստելու դրան, ապա անհասկանալի է նրա հիմնումը: Եթե ես, լինելով փորձագետների խորհրդի անդամ, չեմ կարողանում ստանալ ինձ անհրաժեշտ ինֆորմացիան, ապա սովորական քաղաքացիների համար դա անհնարին կլինի»,- պատճառաբանում է Է. Բաղդասարյանը:

ԲՆ-ն ներկայացնող փորձագետ Ա.Իսկոյանն այսպես է բացատրում «մերժված» քաղաքացու հետագա քայլերը. «Եթե օրենքով նախատեսված մատչելի ինֆորմացիան չի տրամադրվում, համաձայնագիրը սահմանում է, որ դիմողը կարող է ամեն կերպ պաշտպանել իր իրավունքները: Հնարավոր է` տվյալ չինովնիկը տգետ է եւ չի հասկանում, թե ինչ տեղեկատվություն պիտի տրամադրի, կամ որ դա «բաց» ինֆորմացիա է»: Գրեթե նույն կերպ է ներկայացնում նաեւ Ռուզան Բաղդասարյանը. «Բոլոր նրանք, ովքեր չեն ստանա տեղեկատվություն, կարող են դիմել դատական համակարգին. դա օրինախախտում է»: Օրհուսի համաձայնագիրը սահմանում է (հոդված 9, կետ 1), որ անհատը կամ կազմակերպությունն իրավունք ունի դիմել դատարան, եւ որ դատական ընթացակարգի «ծախսերը» պետք է լինեն մատչելի: Այսինքն` «մերժված» քաղաքացու կամ կազմակերպության միակ պաշտպանը լինելու է դատարանը:

Կենտրոնի իրավասությունը չէ անհիմն մերժում ստացած քաղաքացու իրավունքների պաշտպանությունը: «Կենտրոնը չի կարող «մերժվածի» շահերը ներկայացնել դատարանում: Հնարավոր է` խորհրդի անդամներն ուղղորդեն դիմողին կամ էլ միջնորդեն, որ նախարարությունը տրամադրի պահանջվող ինֆորմացիան: Չնայած դա մեր պարտավորությունների մեջ չի մտնում»,- ասում է Ա. Իսկոյանը:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դեսպան Ռոյ Ռիվը նույնպես շատ է կարեւորում Հայաստանի կողմից Օրհուսի համաձայնագրի վավերացումը: «Հուսով եմ, որ մենք ի վերջո կկարողանանք շարժվել առաջ` Հայաստանում Օրհուսի համաձայնագրի վավերացման սկզբնական փուլից անցնելով դեպի ինֆորմացիայի ազատության ավելի ընդգրկուն օրենսդրության»,- ասում է Ռոյ Ռիվը: Նա նաեւ հույս ունի, որ Հայաստանը կարգապահություն կցուցաբերի եւ կհաստատի դատական գործընթացի հսկողություն, որը կխթանի տեղեկատվության մատչելիության գործընթացը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter