HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ճոճկանցիների սպասումները հերթական համայնքապետից՝ ապահովել խմելու եւ ոռոգման ջուր

Վրաստանի Հանրապետությանը սահմանակից Լոռու մարզի Ճոճկան գյուղում Հայաստանում աճող բոլոր պտղատեսակներից բացի պտղաբերում են նաեւ նուռը, թուզը, խուրման: Ճոճկանցիներն ավանդաբար զբաղվել են այգեգործությամբ, սակայն անկախության տարիներին գյուղի ոռոգման ջրատարների եւ քայքայված ներքին ցանցի անուշադրության պատճառով կորցրել են մոտ 1000 հա այգի:

«Մեր ջուրը քիչ ա, էլի: Երկու հատ աղպիր ունենք, նրանով ենք ապահովում, հետն էլ շատից-քչից անտառից ունենք ջուր՝ նհե օգտագործելու: Խմելու ջրի խնդիրը լավը չի, չէ»,- հայտնեց գյուղի տարեց տղամարդկանիցից մեկը՝ Լեւոն Հախվերդյանը:

Զրուցակիցս, կանխելով ոռոգման ջրի մասին հարցս, հավելեց. «Ոռոգման ջրի մասին չասես, էդ մի բանն էլ չկա: Գյուղի կարեւոր խնդիրը ոռոգման ջուրն է»:

Լեւոն Հախվերդյանն ասաց, որ 1 հա հող ունի, որտեղ կամ ցորեն է ցանում, կամ արեւածաղիկ, բայց բերք չի հավաքում: Հետո դեմքի դժգոհ արտահայտությունը փոխվեց, միանգամից պայծառացավ ու ավելացրեց. «Երկու թոռներս Ղարաբաղում ծառայում են, Լեռնո Հախվերդյան թոռս, որ գնացել ա բանակ, գովասանագիր ա ստացել: Էն մին թոռս էլ ինձ նման Լեւոն Հախվերդյան է, նա էլ է գովասանագիր ստացել»:

Կենսախինդ ճոճկանեցին լավատես մարդ էր եւ սպասում էր ոռոգման ջրի խնդրի լուծմանը:

«Գյուղապետը փոխվել ա, տենանք հլա ջուրը որդիան տի ստեղծիլ: Մեր գյուղի հիմնական պրոբլեմը խմելու եւ ոռոգման ջուրն ա, էտա, հա»,- ասաց նա: Թեեւ ջրի պակասությանը, ճոճկանցիները մոտ 30-40 հա նորատունկ այգիներ  են հիմնել. «Կառալյոկ են տնկում, ես ինչ գիտեմ, խնձոր  են տնկում, դեղձ են տնկում: Շատը օգտվում էլ են: Փողը տալիս են «Այրում-Ճոճկան» նասոսին: Էտա, էլ ուրիշ նհե հնար չկա: Հա, էլի դժվար ենք ապրում»,- ասաց Լեւոն Հախվերդյանը:

Ըստ ճոճկանեցի Մարինե Ասլանյանի՝ 504 տնտեսություն եւ մոտ 2000 բնակիչ ունեցող գյուղից շատերն են հեռացել. «Մեր գյուղացիներից շատը դրսում են աշխատում»,- ասաց  նա:  Մարինեն նշեց, որ վերջին տարիներին Ճոճկանում որոշակի խնդիրներ լուծվել են. մանկապարտեզը գործում է, որոշ փողոցներ լուսավորված են, գյուղի գլխավոր փողոցն ասֆալտապատվել է:

Ճոճկանի 2008-2012 թթ. քառամյա ծրագրով առաջնահերթ խնդիր է դիտվել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը: Ճոճկանում երբեք չի եղել եւ չկա խմելու ջրի ներքին ցանց: Երկու հազար բնակիչ ունեցող գյուղին սպասարկել են բնական երկու աղբյուրները, որոնք չեն բավականացնում գյուղացիներին: Աղբյուրների ջրերն ունեն կոշտ եւ կրային նստվածքներ: Ջրերը խմելու համար ոչ պիտանի են համարվում:

«Գյուղի աղբյուրների ջրերն օգտագործելու պատճառով ճոճկանցիների մոտ տարածված են լնդային եւ երիկամային հիվանդությունները»,- արձանագրված է Ճոճկանի 2008-2012 թթ. քառամյա ծրագրում:

Խմելու ջրի ներքին ցանցի համար անհրաժեշտ է եղել կառուցել 4 կմ երկաթյա խողովակացանց, որի ֆինանսական արժեքը ծրագրով գնահատվել է 12 մլն դրամ: Նորընտիր համայնքապետ Արկադի Թամազյանն ասաց, որ դեռեւս ծանոթ չէ Ճոճկանի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման խնդիրներին:

Նախկին համայնքապետ Սամվել Գիգոլյանը տեղեկացրեց, որ 2011թ. «Հազարամյակի մարտահրավերներ»-ի ծրագրով 3 կմ ջրագիծ է վերակառուցվել: «Սնունդ աշխատանքի դիմաց» ծրագրով վերանորոգվել են որոշ ջրագծեր: «Վորլդ Վիժն» կազմակերպության աջակցությամբ գյուղի դաշտերում փոխվել են որոշ ջրագծեր, մնում է դրանք ծածկել: Այդուհանդերձ, նախկին համայնքապետը նշեց, որ իրեն վերջնականապես չի հաջողվել լուծել գյուղի խմելու ջրի ներքին ցանցի կառուցման խնդիրը:

Սամվել Գիգոլյանն իր հեղինակած քառամյա ծրագրում նախատեսել է նաեւ Ճոճկանի ոռոգման ներքին ցանցի նորոգումը: Գյուղի ջրովի հողատարածքների միջով անցնող շուրջ 7 կմ երկարությամբ մայր առուն 70-ական թվականներից նորոգված չէ, որի պատճառով պոմպակայաններից մղվող ջրի ընդամենը 30 %-ն է հասնում ջրովի հողերին:

Ծրագրի արժեքը կազմել 75 մլն դրամ, որը նախկին համայնքապետին չի հաջողվել հայթայթել: Քառամյա ծրագրով նախատեսված Ճոճկանի զարգացմանը խիստ անհրաժեշտ ոռոգման ներքին ցանցի նորոգման խնդիրը նույնպես մնացել է անլուծելի: Անլուծելի է մնացել նաեւ Ճոճկանի 7 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհի բարեկարգման խնդիրը: 

Այսօր Ճոճկանի նորընտիր համայնքապետ Արկադի Թամազյանը հայտնեց, որ Ճոճկանի համայնքապետի պարտականություններն ստանձնելուց 10 օր հետո հրավիրել է համայնքային ժողով եւ գյուղացիների հետ քննարկել գյուղի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: 

«Բարձրացված կարեւորագույն հարցերը տեղ կգտնեն Ճոճկանի 2013-2016թթ. քառամյա ծրագրում»,- ասաց նա: Թե որոնք են առաջնահերթները, Արկադի Թամազյանն ասաց, որ այդ մասին կհայտնի քառամյա ծրագիրն ավագանու նիստում քննարկելուց հետո:

Մեկնաբանություններ (1)

mher
tikin Larisa eli sksecik jahel mardkancic kpchel norntir giuxapet a toxek nervern hangist ashxati eli inchek tanelu es kiankic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter