HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վրաստանում Հայաստանի դեսպան. «Երբ ես ճաշ եմ պատրաստում, դա պետք է երևույթ լինի, տոն` քիմքի համար և հաճելի ժամանց»

«Հետքի» հարցերին պատասխանում է Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Պարոն Մանուկյան, ինչպե՞ս եք դիմավորելու Ամանորը, որտե՞ղ եւ ի՞նչ միջավայրում:

Միանշանակ, ընտանեկան միջավայրում: Ինչպես միշտ է լինում: Առավել ևս, արդեն ավելի քան 2 տարի մշտապես բնակվելով Երևանից դուրս, առիթը բաց չեմ թողնում լինել հարազատ օջախում, ծնողներիս կողքին: Եվ հաշվի առնելով նաև, որ երկու դուստրերս էլ ուսումնական արձակուրդներին վերադարձել են` այս Ամանորին հրաշալի հնարավորություն ունենք երեկոն ջերմ ընտանեկան մթնոլորտում անցկացնելու համար:

Բայց, քանի որ ինքս շատ ակտիվ և էներգիայով լեցուն եմ, այդ գիշեր ընկերներիս հետ շփվելու առիթը ևս բաց չեմ թողնում: Եվ ահա, կեսգիշերից հետո, ընտանիքով ժամանակ անցկացնելուց հետո, տիկնոջս հետ պլանավորում ենք ամանորյա գիշերը շարունակել ընկերական շրջապատում, որևէ ռեստորանում, որտեղ կգտնենք հետաքրքիր ժամանցային ծրագիր և ուրախ մթնոլորտ:

Լինելով օտարության մեջ կարողանու՞մ եք ընտանիքում ապահովել հայկական ոգին:

Ասեմ անկեղծ` այդ ոգին առանձնապես մոռանալ էլ չի հաջողվում: Նախ, հաճախ ենք լինում Երևանում (մյուս դեսպանների նկատմամբ ունեմ այդ առավելությունը` ավտոմեքենայով հասնել Երևան), և երկրորդ, շփմանս մի մեծ մասն այստեղ հենց Հայաստանից եկող հայերի հետ է, այդ թվում նաև շատ ինտենսիվ պաշտոնական և աշխատանքային այցելությունները, ինչպես նաև համայնքային կյանք, որը Վրաստանում շատ ակտիվ է:

Իսկ եթե Դուք պատահաբար լինեք Վրաստանում Հայաստանի դեսպանի նստավայրում, ապա լիարժեք զգալու եք Ձեզ Հայաստանում, քանի որ բացի հայկական միջավայրի առկայությունը ամենապարզ բաներում (օրինակ` Ջերմուկի և Դիլիջանի շշերը մեր ամենօրյա սեղանին), դուք միանգամից տեսնելու եք հայկական մեծադիր դրոշը և պետական զինանշանը` մուտքին փակցված: Մի բան էլ ասեմ. Վրաստանում օտար չեմ զգում, ամեն ինչ շատ ծանոթ է և հարազատ: Ուզում եմ հիշեցնել, որ մայրս թբիլիսցի է:

Թբիլիսիում ինչպե՞ս են հայերը նշում Ամանորը:

Վրաստանի հայերը բոլոր տոները նշում են հայկական ոգու և կոլորիտի ամենաբազմազան դրսևորումներով: Ամանորը ևս բացառություն չէ: Հայկական ընտանիքները Ամանորը դիմավորում են հիմնականում տանը, հայկական և վրացական կերակրատեսակներով լի սեղաններով` հյուրընկալ ու ջերմ մթնոլորտում:

Ցավոք, կան կարիքավոր շատ ընտանիքներ, որոնք բազմաթիվ դժվարություններ ունեն և ամանորյա տոների ծախսերը նրանց համար չափազանց մեծ բեռ են: Աշխատում ենք առանձին այսպիսի ընտանիքներին որոշակի աջակցություն ցուցաբերել: Այս հարցում անգնահատելի է նաև մեր եկեղեցու դերը, մասնավորապես թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ջանքերն ու աշխատանքը:

Նոր տարվա գնումները  Ձեր ընտանիքում ո՞վ է անում եւ ի՞նչ դերակատարում ունեք ուտելիքների պատրաստման հարցում:

Նոր Տարվա գնումները, հատկապես Ձմեռ Պապի նվերները երեխաներին, կատարում ենք տիկնոջս հետ միասին: Ինչ վերաբերում է սննդի գնմանը` դա միանշանակ տղամարդու գործ է: Ամանորյա ճաշատեսակների պատրաստման պրոցեսին անկեղծ ասած չեմ միջամտում, քանի որ դա ստանդարտիզացված գործընթաց է, թե ճաշատեսակների մասով, թե սեղանի պարունակության և ձևավորման: Ես խոհարարության մեջ, այնպես ինչպես արվեստի (գեղեցկության) որևէ բնագավառում կողմնակից եմ Էքսկլյուզիվի: Երբ ես ճաշ եմ պատրաստում, դա պետք է երևույթ լինի, տոն`քիմքի համար և հաճելի ժամանց: Իմ ստեղծածը պետք է յուրահատուկ լինի, հակառակ պարագայում ինձ չեմ ների:

Խնդրում եմ պատասխանել երկու ոչ ամանորյա հարցի: Վրաստանը վերջերս կրոնի հետ կապված օրենք ընդունեց: Վիճելի համարվող հայկական 6 եկեղեցիների հարցը ի՞նչ ընթացքում է եւ 2013-ին արդյոք խնդիրները կլուծվեն:

Քաղաքական թեմատիկայով շատ չեմ ծավալվի, չխաթարելով նախատոնական տրամադրությունը, սակայն, որպես դրական ազդակ ինձ թույլ կտամ լավատեսական կանխատեսում անել այս հարցում: Վստահ եմ, որ Վրաստանի քաղաքական ղեկավարության մեջ հարցի լուծման անհրաժեշտության և դրա ուղիների մասին հստակ ձևավորված պատկերացում կա: Անհրաժեշտ է քաղաքական կամքի դրսևորում և երկկողմ քննարկումների արդյունքում ձևավորված հարցի լուծման միասնական տեսլական: Մենք իրավունք չունենք 21-րդ դարի սկզբին երկու եղբայրական քրիստոնեական ժողովուրդների մեջ չլուծված պահել նման մի խնդիր:

Ձեր համար դժվար չէ՞ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից անցումը դեսպանի պաշտոնին:

Բացարձակապես, նույնիսկ հաճելի և հետաքրքիր է նման նոր փորձառություն ձեռք բերելը: Կարծում եմ հաջորդ «անցման» համար այս փուլը շատ օգտակար կլինի (ծիծաղում է):

Ձեր վերջին ասածը հումո՞ր էր:

Փորձեք ինքներդ կռահել…

Լուսանկարը` Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter