HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Աշխատանքն է կայանալու թիվ մեկ նախապայմանը. կապ չունի՝ հաշմանդա՞մ ես, թե՞ ոչ»

Լուսինե Սարգսյան 

Ֆիլետա Ներսիսյանը ասում, որ վերջին շրջանում հաջողություններն ընկերացել են իրեն: Բնավորությամբ աշխույժ ու մարդամոտ Ֆիլետան որակավորված դիմահարդար է, բայց աշխատանքային բազմազանության և նախասիրությունների պակաս չի ունեցել:  

«Երբ Ալավերդիում էի ապրում, աշխատել եմ մի կարճ ժամանակահատված մասնագիտությամբ, հետո` անտառտնտեսությունում, ապա ակումբավար էի, անգամ ժամագործություն եմ արել, ունեմ նաև նկարչական  ձիրք, շատ եմ սիրում արվեստը»,- ասում է Ֆելիտան: Ալավերդիում նա տունը վաճառել և տեղափոխվել է Վանաձոր: Գրանցվել Զբաղվածության Վանաձորի մարզային կենտրոնում` որպես աշխատանք փնտրող:

«Չեք պատկերացնի, որքան  զարմացա, երբ կարճ ժամանակ անց զբաղվածության կենտրոնից  զանգեցին: Մտածեցի՝  ով գիտի՝ ինչ աշխատանք է»,- հիշում է Ֆիլետան:

Այժմ Ֆիլետա Ներսիսյանն աշխատում է Վանաձորի Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնում որպես գրադարանավար, բայց միայն այդ աշխատանքով չի սահմանափակել գործունեությունը. փորձում է ներգրավվել նաև տարբեր ծրագրերում:

Աշխատավայր Ֆիլետան հասնում է սեփական հարմարեցված մեքենայով: Նա նաև բավական փորձառու վարորդ է. մեքենա վարելու շուրջ 20 տարվա ստաժ ունի:  

«Աշխատատեղում ինձ խանգարող միակ հանգամանքը գրադարանի բարձր դարակներն էին: Շատ կարճ ժամանակում խնդիրը լուծվեց: Գործատուս էր սրտացավ: Ինձ համար հատուկ սանդուղք է պատրաստվել, որի  շնորհիվ վերևի դարակներն այլևս անմատչելի չեն ինձ համար»:  

Նրա կարծիքով, հաշմանդամություն ունեցող կանանց համար աշխատանքի խնդիրն ավելի սուր է դրված, որովհետև շատերը, ունենալով համապատասխան մասնագիտական պատրաստվածություն, այդպես էլ մնում են աշխատաշուկայից դուրս: Զբաղվածության պետական ծրագրերն էլ, նրա խոսքով, այնքան էլ արդյունավետ չեն:

«Գործատուները  տեղեկացված չեն, որ հաշմանդամություն ունեցողն էլ կարող է աշխատել և ոչ պակաս պատասխանատվությամբ: Այս խտրական մոտեցումը, այս կարծրատիպերը, ցավոք, նախկինից են գալիս և դրանցից ազատվել է պետք»,- նշում է Ֆիլետան:

Հասարակության գիտակցության մեջ Ֆիլետան դրական փոփոխություններ տեսնում է և միաժամանակ ասում, որ իրազեկում անընդհատ պետք է լինի. շատ բան կախված է հաշմանդամություն չունեցողներից, որպեսզի նրանք հասնեն այն գիտակցության, որ հաշմանդամություն ունեցողը նույնպիսի մարդ է` իր իրավունքներով, կարողություններով ու պահանջմունքներով, ինչպիսին իրենք:

«Հիմա, երբ ունեմ աշխատանք, ձգտում եմ կայանալ, ապագայի հեռակարներ են բացվում, նաև մտածում եմ հիմնել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն, որի մասին երազել եմ ամբողջ կյանքում: Իմ  փորձից  ելնելով` կարող եմ ասել, որ աշխատանքն է կայանալու թիվ մեկ նախապայմանը` կապ չունի մարդ ունի՞ հաշմանդամություն, թե՞ ոչ»:

Զրույցի ավարտին Ֆիլետան կիսվեց իր կյանքում տեղի ունեցած մեկ այլ հաջողությամբ: Բոլորովին վերջերս նա ընտանիք է կազմել: Կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ եթե չլիներ դժբախտ պատահարը, երբ կենտրոնի բակում վայր ընկավ ու վնասեց ոտքը, չէր ծնվի նաև իրենց փոքրիկ ընտանիքը: Ֆիլետային ամուսնության առաջարկ է արել այն անձնավորությունը, ով այդ պահին օգնության ձեռք է մեկնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter