HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

«Իմ մանկության տոնածառի բույրը շենքով մեկ տարածվում էր»

Հ. Թումանյանի տուն-թանգարանի փոքր թատերախումբը Նոր տարվա նախօրեին ներակայացումներ է կազմակերպում հիվանդանոցներում գտնվող երեխաների համար: «Հատկապես արյունաբանական կենտրոնում շատ ենք լինում, փոքրիկ թատերախումբը ուրախացնում է երեխաներին: Եվ այն երեխաները, ովքեր նախորդ տարի պառկած էին հիվանդանոցներում և այս տարի արդեն ապաքինվել են, գալիս, մասնակցում են»,- ասում է թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը:

Դեկտեմբերի 29-ն է, դեռ աշխատում եք:  Ինչպե՞ս եք հասցնելու Նոր տարվա տան գործերը անել:

Պիտի հասցնեմ, միշտ էլ էսպես է եղել: Եղել է, որ մինչև 31-ը ներառյալ աշխատել եմ: Եթե ցանկություն ունես, կհասցնես գիշերներն էլ: Դե հիմա ավելի հեշտացել է գնումների հարցը, որովհետև  ամեն ինչ կա և ամեն տեղ կա: Ինչ-որ բան ճարելու խնդիր չկա: Այդ առումով մեր կենցաղը բավական թեթևացել է, իսկ տանը պատրաստելը կհասցնենք, խնդիր չէ:

Կա՞ ճաշատեսակ, որ ամեն տարի պատրաստում եք:

Խմորեղեններ կան, որ ավանդաբար պիտի մեր տանը լինեն: Մեկը սովետից մնացած նապոլեոնն է, շերտերը ես ինքս եմ անում և ղադեիֆը, որը արևելյան քաղցրավենիք է: Դպրոցական տարիներից մեր դասարանում շատերը կային, որ նորեկների զավակներ էին: Փախլավայի, ղադեիֆի, իշլի քյուֆթայի խոսակցությունները անընդհատ կային: Նոր Արեշում կային մարդիկ, ովքեր ղադեիֆի խմորը պատրաստելու սարք ունեին, հատուկ մեքենա կար, որ խմորը կտրատում էր բարակ շերտերի , աղում էր: Միշտ պատվիրում էինք նախապես, ու դա էլի ծիսակարգ էր:

Տանը օգնող ունե՞ք:

Աղջիկս:

Ինչո՞ւ են մարդիկ հորինել Նոր տարին:

Ես չեմ կարծում, որ մարդիկ են հորինել Նոր տարին: Նոր տարին բնությունն է հորինել իր զարթոնքով, ուրիշ հարց, որ ժամկետները փոփոխվել են: Նոր ժամանակներում Նոր տարին Քրիստոսի ծննդյան  հետ է կապվում: Խորհրդային տարիները ամեն ինչ արեցին, որ մթագնի այս գաղափարը`  Քրիստոսի ծնունդը` հունվարի 6-ը: Այս 70 և ավելի տարիները շատ խիստ ամրագրեցին հունվարի 1-ը: Բայց դա դարձավ շատ լավ տոն: Շատ անուշիկ տոն դարձավ, չնայած կորցրեց տիեզերական առնչությունը, ներդաշնակությունը: Այն զուտ տոն է, նյութական, որկրամոլային, ուրախ…

Բա էլ ի՞նչն է անուշիկ:

Անուշիկ, որովհետև այդ օրվան մենք սովորել ենք սպասել, պատրաստվել: Ճիշտ է` հոգևոր որևէ բան չկա հունվարի 1-ի մեջ, զուտ ուրախանալու առիթ է, գուցեև անիմաստ(ծիծաղում է-Մ.Մ.): Հիմա մենք դարձյալ նշում ենք Սուրբ ծնունդը, բայց թուլացած ենք նշում: Շատ լավ կլինի, որ հունվարի 6-ը առաջնային դառնա, ոչ թե հունվարի 1-ը: Դա, իհարկե հասարակության գիտակցության խնդիրն է, ժամանակ է պետք դրա համար և գիտակցության փայլատակում: Հանրային կառույցները կարող են դա անել` հեռուստատեսությունները` ավելի աշխատանք տանելով ամսի 6-ի ուղղությամբ:

Ինչպե՞ս եք նշում: Ուրախանալու ի՞նչ առիթ եք գտնում Նոր տարուն:

Ես շատ սիրում եմ էս տոնը: Մեծացել եմ էս տոնի հմայքի մեջ: Ես խորհրդային շրջանում եմ մեծացել, ու չգիտեի հունվարի 6-ի մասին: Ամրակայվել է հունվարի 1-ը ու դա իմ ամենասիրելի տոներից մեկն է հիմա: Այդ տոնի հետ կապված ամեն ինչն եմ սիրում` և նախապատրաստությունը, և ակնկալիքները, և ջերմությունը, համը, բույրը: Մանկությունից մնացած բուրմունքային հիշողություններ կան` իրական տոնածառի և մանդարինի: Էն ժամանակի մանդարինը դիֆիցիտ էր, Մոսկվայից էին բերում: Շատ քիչ, մի քանի հատ կարող էիր ուտել, որովհետև չկար Հայաստանում: Մանդարինը դիֆիցիտ էր ու սրատրոփ սպասելի: Տոնածառերը իսկապես յուրահատուկ բույր ունեին: Եթե հարցնեք տարիքով մեծ մարդկանց, կհաստատեն: Այսօրվա տոնածառները բույր չունեն ընդհանրապես: Իմ մանկության ու պատանեկության տարիների տոնածառի փշատերևի բույրը ամբողջ շենքով տարածվում էր:

Գուցե փոքր եք եղել, հոտը ուժեղ է թվացել:

Չէ, չեմ կարծում, երևի բնության հետ ինչ-որ բան կատարվեց: Նույնը մանդարինի բույրը, համը, հիմա էլ շատ տարբեր տեսակներ կան, բայց իմ տարիների մանդարին բույրը ես չեմ առնում:

Նարինե Թուխիկյան. «Շատ լավ տարի էր»

Հայաստանում կարիերիստ տիպեր կան, որ շարունակում են այն, ինչ կա` նույն անարդարադատությունը, բայց երիտասարդության մի խումբ էլ կա, ովքեր չեն հանդուրժում անարդարությունը: Որոշները չեն հանդուրժում, թողնում-գնում են, մեղադրելու չէ, բայց լուծում չէ: Պետք է մնան ու լինեն անհանդուրժող տգիտության, դաժանության, անազնվության, բարբարոսության հետ, որ կա բնապահպանության, քաղաքաշինության, մշակույթի ոլորտում: Որպեսզի, օրինակ, որևէ պաշտոնյա իրավունք չվերապահի իրեն մեր մեծերի ճիվաղային արձանները տեղադրել քաղաքում առանց հասարակության կարծիքը հաշվի առնելու: Կուզենամ տարին սկսվի ու այդ խայտառակությունները վերանան քաղաքից: Էժան նյութից սարքած այդ արձանները, որ ամեն վայրկյան կարող են փշրվել, մեր վերաբերմունքն է մշակույթի հանդեպ: Իսկ իրենց արձանները, բրոնզաձույլ կամ մարմարե կանեն… Ոզում եմ` այդ գիտակցությունը վերանա…

Դրա համար պետք է երիտասարդությունը ակտիվ լինի:  Շատ լավ տարի էր այդ առումով և դա կամրագրվի: Այն, ինչ որ այս տարի կատարվեց զուտ բնապահպանական առումով Մաշտոցի պուրակը, Քաջարանի գյուղապետի օրնակը, հրաշք է, անկեղծ եմ ասում… Չեմ կարծում, որ այդ խումբը չի շարունակի իր գործը, կամ այդ խմբին չեն միանա ուրիշները:

Մեր երկրին արդարամտությունից և հումանիզմից բացի այլ բան չեմ կարող մաղթել, որովհետև ամեն ինչ կա այդ երկուսից բացի:

Երիտասարդները պետք է լինեն քաջ, չհուսալքվեն երբեք: Իմանան, որ էս երկրի ապագան իրենք են տնօրինելու: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter