HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Փարավոն Միրզոյանը պարտվեց. նրա հրամաններն անվավեր են ճանաչվել

Քրիստինա Օհանյանը 2006 թվականից աշխատել է «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում՝ սկզբում որպես ցուցանմուշների պահապան, իսկ 2009-ից՝ իբրեւ ֆոնդերի հաշվառման բաժնի համակարգչային օպերատոր: Աշխատած 6 տարիների ընթացքում նա պարտականություններում թերանալու կամ որեւէ այլ հիմքով գործատուի կողմից կարգապահական տույժի չի ենթարկվել:

Այս տարվա փետրվարին Քրիստինան տնօրինությունից ծանուցում է ստացել, որ պատկերասրահում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման անհրաժեշտությամբ ինքը, որպես համակարգչային օպերատոր, պետք է տեղափոխվի մեկ այլ բաժին՝ տնտեսական եւ տեխնիկական: Գործատուն նաեւ հայտնել է, որ փոփոխությունների հետ համաձայն չլինելու դեպքում նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը կլուծվի:

Սակայն 2 ամիս չանցած «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԿԱ-ի տնօրեն Փարավոն Միրզոյանի հրամանով ՊՈԱԿ-ի կառուցվածքը եւ հաստիքային ցուցակը խմբագրվել է. Քրիստինայի զբաղեցրած համակարգչային օպերատորի հաստիքը փոփոխվել է գիտական աշխատողի հաստիքով: Հենց այս՝ օպերատորի հաստիքի կրճատման հիմքով էլ Քրիստինա Օհանյանն աշխատանքից ազատվել է:

Փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանի աջակցությամբ Քրիստինան դիմել է Կենտրոնի դատարան: Պատկերասրահի ներկայացուցիչը, ներկայացնելով առարկություններ, շարունակել է պնդել, որ տնօրեն Միրզոյանի գործողությունները բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից եւ որեւէ ապօրինություն չի եղել:

Սակայն դատարանը, գնահատելով գործի տվյալներն ու հետազոտված ապացույցները, արձանագրել է, որ նախ՝ պատկերասրահի տնօրենը նոր հաստիքացուցակը՝ իր կողմից կազմված կադրային փոփոխությունները, պարտավոր էր հաստատման ներկայացնել մշակույթի նախարարություն, ինչից հետո միայն իրավունք կունենար արձակել համապատասխան հրամանը:  Բայց եթե նույնիսկ այս ամենը կատարվեր օրենսդրության պահանջների պահպանմամբ, դատարանն հաստատված է համարել գործի ելքի համար կարեւոր նշանակություն ունեցող խեղաթյուրված իրողություններ:

Պարզվել է, որ Փարավոն Միրզոյանի «հրամանի հիմքում դրված այն հանգամանքը, որ համակարգչային օպերատորի հաստիքը փոփոխվել է գիտական աշխատողի հաստիքով, իրականությանը չի համապատասխանում, քանի որ գիտական աշխատողի հաստիք ընդհանրապես առկա չի եղել, այլ եղել է ավագ գիտական աշխատողի հաստիքը, ինչը նույնական չէ գիտական աշխատողի հաստիքի հետ»:

«Բացի այդ՝ պահպանվել է համակարգչային օպերատորի հաստիքը, դեռ ավելին՝ այն ավելացել է երեքով»,- արձանագրել է դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ աշխատանքից հեռացվածի հայցադիմումն ամբողջությամբ բավարարել:

«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը պարտավոր է Քրիստինա Օհանյանին վերականգնել համակարգչային օպերատորի պաշտոնում: Եթե անգամ նոր հաստիքացուցակում եւ կառուցվածքում նշված պաշտոնն առկա չլինի, վերջինիս պետք է հատկացվի իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք: Իսկ Քրիստինայի հարկադիր պարապուրդի գումարը, հաշվարկված միջին աշխատավարձի չափով եւ մինչեւ աշխատանքում վերականգնվելու օրը, պատկերասրահից կբռնագանձվի:

Ազգային պատկերասրահը, ի դեմս տնօրեն Փարավոն Միրզոյանի, այս վճիռը կարող է բողոքարկել մինչեւ հունվարի 17-ը:

Մեկնաբանություններ (1)

gayane
hayastani irakanutyan mej clsvac past e, ayd datavorin ir gragitutyan u hamarcakutyan hamar petk e pargevatrvi, kani vor ci vaxecel naxadep darnaluc; astvac pahapan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter