Չարլզ Բուքովսկի
1920-1994
կարծիքներ իմ բանաստեղծությունների վերջին
ժողովածուի մասին
սա նոր որակ է:
ծախվեցիր:
անտաղանդ:
մայրս քեզ ատում է:
հարստացել ես:
դուք լավագույն անգլիագիր գրողն եք:
կարելի՞ է ձեզ այցելել:
ես էլ եմ քեզ պես գրում, մենակ՝ ավելի լավ:
ինչի՞ ես BMW քշում:
ինչո՞ւ ավելի շատ ընթերցումներ չեք անում:
հլա դեռ կանգնո՞ւմ է:
ճանաչո՞ւմ եք Ալեն Գինսբըրգին:
ի՞նչ կարծիքի եք Հենրի Միլըրի մասին:
իմ նոր գրքի համար առաջաբան կգրե՞ք:
կից ուղարկում եմ Սելինի լուսանկարը:
կից ուղարկում եմ պապիկիս գրպանի ժամացույցը:
ուղարկածս ժակետը կինս է գործել՝ բավարական ոճով:
Միքի Րուրքի հետ հարբե՞լ եք:
ես 19 տարեկան աղջիկ եմ, կգամ կմաքրեմ ձեր տունը:
գարշահոտ շանորդի ո՞նց ես ասում թե Շեքսպիրը
անընթեռնելի է:
ի՞նչ կարծիքի եք Նորմըն Մեյլըրի մասին:
ինչո՞ւ եք գողանում Հեմինգուեյից:
ինչի՞ ես Տոլստոյին տշում:
շատ խառն եմ, ազատվեմ՝ կգամ քեզ տեսակցության:
էշի պես ապրանք ես:
դուք փրկեցիք իմ անիծյալ կյանքը:
ինչո՞ւ եք ատում կանանց:
ես քեզ սիրում եմ:
երեկույթների ժամանակ կարդում եմ ձեր գործերը:
ինչ որ գրում եք՝ իսկապե՞ս իրականում եղել է:
ինչո՞ւ եք խմում:
տեսա ձեզ ձիարշավարանում բայց չմոտեցա:
ուզում եմ թարմացնենք մեր հարաբերությունները:
իսկապե՞ս ամբողջ գիշեր արթուն եք մնում:
ես քեզնից շատ կարամ խմեմ:
էդ մեկը Շերվուդ Անդերսընից ես թռցրել:
երբևէ հանդիպե՞լ եք Էզրային:
ես մենակ եմ ու ամբողջ գիշեր քո մասին եմ մտածում:
այ տղա ո՞ւմ ես հարիֆացնում:
ծիծիկներս մեծ չեն բայց գժվելու ոտքեր ունեմ:
ես քու մերը:
կինս քեզ ատում է:
կկարդա՞ք ուղարկածս գործերն ու կասե՞ք ձեր կարծիքը:
բոլոր ուղարկածդ նամակները հրատարակելու եմ:
հարիֆ չկա, այ ձեռնաշարժող անասուն:
պոեզիա
էս
ինչքան
շատ
հուսահատություն
դժգոհություն
ու
հիասթափություն
է
պետք
մի
քանի
լավ բանաստեղծություն
գրելու համար:
ամեն
մարդու
համար
չէ
գրելը
կամ
նույնիսկ
գրածը
կարդալը:
կապտավզիկ
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես դաժան եմ նրա հանդեպ
ասում եմ՝ մնա իմ ներսում, թույլ չեմ տալու
որ ինչ-որ մեկը տեսնի
քեզ:
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես նրա վրա վիսկի եմ լցնում, խորը ներս քաշում
ծխախոտի ծուխը
ու պոռնիկները, բարմենները
խանութի գործակատարները
գլխի չեն ընկնում
որ նա
իմ ներսում է:
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես դաժան եմ նրա հանդեպ
ասում եմ՝
մնա էդտեղ, ինչո՞ւ ես ուզում ինձ վատություն
անել,
ինչո՞ւ ես ուզում փչացնել
ամեն ինչ,
ուզում ես որ գրքերս Եվրոպայում
չվաճառվե՞ն:
մի կապտավզիկ կա իմ սրտում որ
ուզում է դուրս գալ
բայց ես շատ խելոք եմ, միայն գիշերով եմ մեկ-մեկ
դուրս հանում
երբ բոլորը քնած են:
ասում եմ՝ գիտեմ որ էդտեղ ես,
էնպես որ
չտխրես:
հետո նրան նորից ներս եմ անում,
բայց նա դեռ մի քիչ էլ է
երգում, ես դեռ չեմ թողել որ նա
մեռնի
ու մենք միասին հանգիստ
քնում ենք
մեր գաղտուկ
դաշինքով.
սա էնքան գեղեցիկ է
որ մարդ կարող է և
արտասվել, բայց ես չեմ
արտասվում, իսկ
դո՞ւք:
ձոն շշմելու կնոջը
շները որոնք քնում են գիշերները
երազում պետք է որ ոսկորներ տեսնեն
իսկ ես հիշում եմ քո ոսկորները
հստակ
ամենից լավ՝
մուգ կանաչ զգեստի մեջ
ու էն բարձրակրունկ փայլուն
սև կոշիկները:
խմած ժամանակ դու միշտ հայհոյում էիր,
մազերդ արձակ՝ պայթում էիր՝ պրծնելու
քեզ պահող անազատությունից.
փտած անցյալի
փտած
հուշեր,
ու դու
ի վերջո
փրկվեցիր
մեռնելով,
թողնելով ինձ
փտած
ներկայի հետ.
արդեն 28 տարի
չկաս
բայց ես հիշում եմ քեզ
ավելի լավ քան բոլոր
ողջերին:
դու միակն էիր
ով հասկացավ
կյանքի
դասավորության
անպտղությունը.
մնացածներն ընդամենը
դժգոհ էին
աննշան դեպքերից՝
անհեթեթորեն
քննադատելով
անհեթեթությունը:
Ջեյն, քեզ սպանեց
շատ բան
իմանալը:
խմում եմ քո
ոսկորների
համար
որոնց էս շունը
տեսնում է դեռ
երազներում:
ամբոխի հանճարը
միջին մարդ արարածի մեջ էնքան դավաճանություն, ատելություն ու բռնություն կա
որ ցանկացած օր կբավականացնի ցանկացած բանակի
լավագույն մարդասպանները սպանության դեմ քարոզողներն են
լավագույն ատողները սեր քարոզողներն են
լավագույն պատերազմողները խաղաղություն քարոզողներն են
աստծուն քարոզողները չունեն աստված
խաղաղություն քարոզողները չունեն խաղաղություն
խաղաղություն քարոզողները չունեն սեր
զգուշացեք քարոզիչներից
զգուշացեք ամենագետներից
զգուշացեք նրանցից ովքեր միշտ գիրք են կարդում
զգուշացեք նրանցից ովքեր կամ ատում են աղքատությունը
կամ հպարտ են դրանով
զգուշացեք նրանցից ովքեր սիրում են գովերգել
որովհետև իրենք ուզում են գովերգվել ի պատասխան
զգուշացեք նրանցից ովքեր սիրում են գրաքննություն
որովհետև իրենք սարսափում են իրենց չիմացածից
զգուշացեք նրանցից ովքեր մշտական ամբոխ են փնտրում
որովհետև իրենք մենակ ոչինչ են
զգուշացեք միջին տղամարդուց, միջին կնոջից
զգուշացեք նրանց սիրուց, նրանց սերը միջին է
ու միջին է փնտրում
բայց նրանց ատելության մեջ մի հանճար կա
ատելության հանճար որը լրիվ հերիք է քեզ սպանելու համար
ցանկացածին սպանելու համար
նրանք չունեն մենության կարիք
նրանք չունեն հասկանալու կարիք
նրանք կփորձեն կործանել այն ամենը
ինչ տարբերվում է իրենց ունեցածից
անընդունակ լինելով ստեղծելու արվեստ՝
նրանք երբեք արվեստ չեն հասկանա
նրանք իրենց սեփական ձախողումը
կհամարեն միայն աշխարհի ձախողում
անընդունակ լինելով լիովին սիրելու՝
նրանք համոզված են որ քո սերն անկատար է
նրանք քեզ կատեն
ու նրանց ատելությունը կլինի կատարյալ
ոնց որ փայլուն ադամանդը
ոնց որ դանակը
ոնց որ սարը
ոնց որ վագրը
ոնց որ մոլեխինդը
նրանց ամենագեղեցիկ արվեստը
Թարգմ.՝ Սամվել Մկրտչյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել