Կառավարության տարեվերջյան ապօրինությունը
Այն մինչև օրս չհասկացավ և չընդունեց, որ նույնիսկ հանուն «Համազգային» թատրոնի շենքի, չի կարելի օրենքի պահանջը խախտել: Հայաստանի Հանրապետության վարչապետն ու Երևանի քաղաքապետն անձնապես են կրում պատասխանատվություն իրենց կողմից ընդունված ապօրինի որոշումների համար:
Ամանորի նախաշեմին ՀՀ կառավարությունը, կրկին խախտելով Երևանի գլխավոր հատակագիծն ու նրա հայեցակարգը, ինչպես նաև քաղաքաշինական նորմերը, փորձում է կառուցապատում իրականացնել հանրային տարածքի և հանրային սեփականության հաշվին: 2012թ. դեկտեմբերի 27-ին կայացած նիստում ՀՀ կառավարությունը Երևանի քաղաքապետին առաջարկել է «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերել Սարյան և Բուզանդի փողոցների հատման հարակից հատվածում գտնվող 1200 քմ մակերեսով հողամասը, սահմանել, որ ՀՀ պետական սեփականություն հանդիսացող հողամասը կարող է օգտագործվել բացառապես «Համազգային» թատրոնի շենք կառուցելու նպատակով և այն իր նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով։
Տեղեկանալով այս չարաբաստիկ որոշման մասին` քաղաքացիական նախաձեռնություններս հայտարարում ենք, որ Երևանի Գլխավոր պողոտան որևէ շինարարության համար նախատեսված չէ ըստ Երևանի գլխավոր հատակագծի՝ նույնիսկ «Համազգային» թատրոնի համար: Այդ մասին բոլոր ճարտարապետական և իրավական հիմնավորումները համապատասխան մասնագետների կողմից բերվել են անցած ամիսների հանրային քննարկումների ընթացքում: Հետևաբար, այնտեղ ցանկացած շինարարություն լինելու է ապօրինի և հակասելու է Երևանի քաղաքաշինական գլխավոր փաստաթղթերին լուրջ անհարմարություններ և վտանգներ ստեղծելով երևանցիների համար:
ՀՀ օրենքները ոտնահարելու և նման անհեթեթ որոշումներ ընդունելու և ի կատար ածելու ողջ պատասխանատվությունը կրում են ՀՀ վարչապետն ու Երևանի քաղաքապետը: Այստեղ ի հայտ է գալիս նաև հայ մտավորականների կողմից ՀՀ օրենքների նկատմամբ հարգանքի և հանրային պատասխանատվության հույժ կարևոր խնդիրը:
Ի վերջո, ՀՀ սահմանադրության 5-րդ հոդ. 2-րդ մասով` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Հուսով ենք, որ Երևանի քաղաքապետը միևնույն գետը երկու անգամ չի մտնի` կրկնելով իր նախորդ սխալը այս պուրակի հետ կապված:
Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն
Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն
Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
29.12.2012
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել