2013 թվականի հունվարի 1-ից գործելու է բոնուս-մալուս համակարգը
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն» տեղեկացնում է, որ բյուրոյի կողմից ընդունվել է «ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման» RL1-040 կանոնը: Նշված կանոնը ուժի մեջ է մտնում 2013թ.-ի հունվարի մեկից:
Բոնուս–մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների կամ բոնուսների և մալուսների համակարգ, համաձայն որի`ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:
Մասնավորապես՝ 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար բոնուս–մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3 %-ի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:
Միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր և զգոն՝ ավտովթարներից խուսափելու համար, որովհետև այդ ժամանակաշրջանից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ կամ մալուսներ կիրառելու համար[1]:
ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման RL1-040 կանոններին կարող եք ծանոթանալ Բյուրոյի ինտերնետային կայքում:
Բյուրոն նաև հայտնում է, որ ԱՊՊԱ համակարգը շարունակում է գործել և հորդորում վարորդներին ժամանակին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր` հետագա տուգանքներից խուսափելու համար:
[1] ԱՊՊԱ օրենքի համաձայն ԲՄ գործակիցները սահմանվում են այնպես, որ համակարգն ապահովի ֆինանսական հավասարակշռվածություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել