
Լոռիում հարկահանության ամենավատ վիճակը հողի հարկի գծով է
Լոռու մարզի այս տարվա վերջին մարզխորհրդի նիստում օրակարգային 2 հարց էր նախատեսված` 2012 թվականի անցած ժամանակաշրջանում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների կատարման մասին (զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյան) և 2012 թվականին մարզում կատարված աշխատանքների մասին (զեկ.` Լոռու մարզպետ Ա. Նալբանդյան):
«Անմիջապես անցնենք օրակարգի հարցերին, որը այսօր 2-ն է: Հայտարարություն անողներին պետք է խնդրեմ շատ կարճ, որովհետև այսօր մեզ համար ոչ միայն սովորական հերթական նիստ է, այլ տարի ենք ամփոփում: Մենք միջոցառում ունենք միասին, պետք է կարողանանք ժամանակին նշենք, չուշանանք»,-նիստի հենց սկզբում մասնակիցներին դիմեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Լոռու մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սևակ Հովհաննիսյանի զեկույցի համաձայն` 2012 թվականի կտրվածքով մարզի համայնքների նախատեսված եկամուտների հավաքագրումն ապահովված է 96,3 տոկոսով կամ նախատեսված 5 մլրդ 251 մլն դրամի դիմաց հավաքագրված է 5 մրդ 96,8 մլն դրամ: Դեկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտները կազմել են 1 մլրդ 368 մլն դրամ կամ 88 տոկոս`2011 թվականի 1 մլրդ 417 մլն դրամի կամ 87 տոկոսի դիմաց:
2011 թվականի համեմատությամբ եկամուտների ինդեքսը կազմել է 96,6 տոկոս, այսինքն` նախորդ տարվա համեմատությամբ պակաս է հավաքագրված 48.6 մլն դրամ: Վարչական բյուջեն մարզում կատարվել է 96 տոկոսով նախորդ տարվա 98.8 տոկոսի դիմաց: Վերլուծությունը ցույց է տվել, որ մարզի 67 համայնքներում սեփական եկամուտների հավաքագրումը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է: Առավել մեծ անկում ունեն Ձորագյուղը, Կաթնառատը, Ճոճկանը, Կաթնաղբյուրը: 22 համայնքներում ընթացիկ տարվա ցուցանիշը կազմել է 60 տոկոսից ցածր, իսկ 3 համայնք` Կաթնաղբյուրը, Գյուլագարակը, Ճոճկանը, մինչև 50 տոկոս հավաքագրում են ապահովել:
Գույքահարկի պլանը համարյա կատարված է. նախատեսված 436, 6 մլն դրամի դիմաց հավաքագրումը կազմել է 436.2 մլն դրամ կամ 99,8 տոկոս: Նախորդ տարվա համեմատ ավել է հավաքագրվել 18,6 մլն դրամ: Այս հարկատեսակի գծով էլ նվազում ունի 46 համայնք: 26 համայնքի ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 70 տոկոսից ցածր: Ավելի ցածր`մինչև 50 տոկոս, կատարողական ունի 4 համայնք` Դեբեդը, Փամբակը, Ծաթերը, Ապավենը:
«Վերջին ամիսներին երևի արդեն ականջներդ սովորել է, որ անընդհատ նշվում է, որ հողի հարկն է վատ, էսօրվա դրությամբ էլ էլի մարզում ամենավատ վիճակը, խայտառակ վիճակը հողի հարկի գծով է»,-նշեց ֆինվարչության պետը: Հողի հարկի 391.4 մլն դրամ պլանի դիմաց հավաքագրվել է ընդամնեը 303 մլն դրամ. պլանը կատարված է ընդամենը 79 տոկոսով: Նախորդ տարվա համեմատությամբ պակաս է հավաքագրվել 53.3 մլն դրամ: Մարզի համայնքների 2/3 ավելին`78 համայնք, նվազում ունի այս հարկատեսակի գծով: 30 համայնքի ընթացիկ պլանի կատարողականը կազմել է 77 տոկոսից ցածր, որոնցից մոտ 10 համայնք չի ապահովում միջին` 50 տոկոսի շեմը:
Տեղական տուրքերի հավաքագրման մակարդակը կազմել է 94.3 տոկոս կամ 105 մլն դրամի դիմաց հավաքագրված է 99.9 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրումը նվազել է 1 մլն դրամով:
Պետտուրքի դեպքում (ԶԱԳՍ-ի և նոտարականի գումարներն են), գանձումը մարզում կազմել է 96.5 տոկոս, փաստացի հավաքագրումը նախորդ տարվա համեմատ պակասել է 4.3 մլն դրամով: Սպիտակ քաղաքը կատարել է պլանը` ի տարբերություն մնացած 4 քաղաքների:
Անցնելով օրակարգի երկրորդ հարցին, որ մարզպետն ինքը պետք է զեկուցեր, Արթուր Նալբանդյանը նշեց, որ քանի որ համայնքի ղեկավարների հետ առանձին խոսելու բան ունի, միանգամից այդ հարցը կքննարկի: «Պետք է մեր լրատվամիջոցներից խնդրեմ, որովհետև համայնքի ղեկավարների հետ ուզում եմ առանձին զրուցել, այդ թվում մեր աշխատակազմից, երևի թե բոլորդ գնաք ձեր գործին»,-ասաց մարզպետը` պահանջելով իրեն մենակ թողնել համայնքապետերի հետ: Եվ հավանաբար մարզխորհրդի սկզբում իր նշած`«միջոցառումը ժամանակին նշելու, չուշանալու» համար այդպես էլ չհրապարակայնացրեց 2012 թվականին մարզում կատարված աշխատանքները:
Մեկնաբանել