HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հետ կապված» եւ այլ լեզուական նորելուկ եւ շինծու աճպարարութիւններ

Յովհաննէս Յարութիւնեան

Հայտնի չէ թէ ո՞րտեղից է հայտնուել «հետ կապված» բառակապակցութիւնը: Թէ ի՞նչու յօրինուեց, երբ հայերէնը արդէն ունի մի քանի համարժեք իմաստ յաղորդող բառեր, սա մի հարց է որ թերեւս պատասխան չունի:

Բոլորովին կարիքը չկայ նոր անիւ հնարելու: Ինչ-որ է...բերնեց-բերան, մի ականջից միւսը, տարածուեց հայաստանով մէկ:

Մամուլի էջերից մենչեւ Ազգաին Ժողովի պատգամաւորների շրթունքներին երեւացող եւ հնչեցվող այս անհիմն եւ հնարովի ձեւակերպումը, արդիոք կարե՞լի է համարել որպէս ճիշտ հայերէն… Ո՛չ, սա մի լեզուական ցուպ է նրանց համար որոնք խօսում եւ գրում են առանց մտածելու...

Պարագան նոյն է երբ կարդում ենք հետեւեալը: «Չեն տիրապետում այն բյուջեին, որը որ ներկայացրել են.» (Արծվիկ Մինասյան, ՀՅԴ պատգամաւոր)

Յարգելի պատգամաւոր: Ո՞րն է «որը որ»... «Չեն տիրապետում այն բյուջեին, որը ներկայացրել են»: Վերջակետ:

Գանք մեր վերջին աճպարարութեանը: Ի՞նչու են ասում «ինչի՞ համար» երբ ասողը պարզապէս պետք է ասի «ԻՆՉՈՒ»...սա մի հանելուկ եւս:

Ահաւասիկ մի քանի օրինակ՝

«Ժողովուրդ» (12. 12. 2012)

Ախալ: ԲՀԿ-ական գործարարները ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի մոտ եղած ցուցակի հերթականությամբ «կանչվում» են Բաղրամյան 26 եւ զգուշացվում, որ իրենց բիզնեսների հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ:

Ճիշտ: ...որ խնդիրներ կարող են առաջանալ իրենց բեզնիսներում

«Ժողովուրդ» (18.12.2012)

Սխալ: Վերելակի վթարի հետ կապված գործով մեղադրվող «Ռենշին» ընկերության տնօրենին կալանելու որոշումը մերժվել է:

Ճիշտ: Վերելակի վթարի գործում մեղադրվող......

Ազատության Ռատիո (26.11.2012)

Սխալ: Օրեր առաջ լուրն այն մասին, թե ձմռանն ընդառաջ Ռուսաստանից Հայաստան մեկնողների քանակի ավելացման հետ կապված թանկացել են «Արմավիայի»' Մոսկվա-Երեւան ուղղության ավիատոմսերը, հերքեց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Տուրիստական գործակալության ներկայացուցիչների հավաստմամբ' ձմեռային տուրերի հետ կապված տարբեր ավիաընկներություններ իրենց տոմսերի արժեքը չեն փոփոխում:

Ճիշտ: Օրեր առաջ այն լուրն թե... ավելացմանը զուգահեր.... տարբեր ավիաընկներություններ իրենց ձմեռային տուրերի տոմսերի արժեքը չեն փոփոխում

Ազատության Ռատիո: 06.11.2012

Սխալ: «Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռեւս շարունակվում են, եւ, բնականաբար, այս պահին ես նոր տեղեկատվություն չունեմ», - նշեց Պետրոսյանը։ (էներգետիկայի փոխնախարար Արա Պետրոսյան)
Ճիշտ: Բանակցությունները գազի գնի մասին/վերաբերյալ...

Հայաստանի Հանրային Ռատիո (21.12.2012)

Սխալ: «Բժշկական ծառայության հետ կապված զինակոչիկների և զինծառայողների մարդու իրավունքների խախտումների վիճակի մասին» զեկույցի շնորհանդեսի ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակի ղեկավար Արուրթ Սաքունցը'

Ճիշտ: Բժշկական ծառայությանն առնչվող...

Հայաստանի Հանրային Ռատիո (19.12.2012)

Սխալ: «Ինքնաթիռով բեռնափոխադրումների հետ կապված մի շարք խնդիրներ առաջացան: Օրինակ' Հալեպ հասցված օգնությունը պատերազմական իրավիճակի պատճառով պարզապես անհնար է տեղափոխել Սիրիայի հայաշատ այլ բնակավայրեր: Դա մենք չէինք հաշվարկել: Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ներկայումս սիրիահայությանը օգություն ենք տրամադրում կանխիկ գումարի տեսքով,- ասում է դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյան
Ճիշտ: Մի շարք խնդիրբեր առաջացան ինկնաթիռով բեռնափոխադրումների վերաբերյալ...

Armenia Now (06.12.12)

Սխալ: Պուտինի այցը կայացավ բավական բարդ ժամանակահատվածում, երբ փաստորեն երկու երկրների միջև առկա են հանգուցային տարաձայնություններ՝ աշխարհաքաղաքական, ռազմաքաղաքական մի շարք զարգացումների հետ կապված:

Ճիշտ: ...մի շարք զարգացումների վերաբերյալ:

Armenia Now (05.12.12)

Սխալ: Նշենք, որ ՀԱԿ-ը երկար ժամանակ հանրահավաքներ չի անցկացրել' հայտարարելով, թե հաջորդ հանրահավաքը կանցկացվի այն ժամանակ, երբ առաջիկա նախագահական ընտրությունների հետ կապված ռազմավարությունը լիակատար պարզ կլինի:

Ճիշտ: ...երբ առաջիկա նախագահական ընտրությունների ռազմավարությունը լիակատար պարզ կլինի:

News.am: 14.12.2012

Սխալ: Սիրուշոն մեկնաբանում է իր նոր երգի հետ կապված մի շարք հարցեր

Ճիշտ: Սիրուշոն մեկնաբանում է իր նոր երգի վերաբերյալ մի շարք հարցեր

Առաջին լրատվական (www.1in.am): (13.12.2012)

Սխալ: «Նուբարաշեն»-ի դատապարտյալի բողոքի հետ կապված նշանակվել է ծառայողական քննություն

Ճիշտ: «Նուբարաշեն»-ի դատապարտյալի բողոքի վերաբերյալ/հիման վրա նշանակվել է ծառայողական քննություն

Առավոտ (22.12.2012)

Սխալ: ՌԱԿ-ն այսօր կհստակեցնի դիրքորոշումը նախագահական ընտրությունների հետ կապված

Ճիշտ: ՌԱԿ-ն այսօր կհստակեցնի դիրքորոշումյը նախագահի ընտրության մասին/վերաբերյալ

Հետք (13.12.2012)

Սխալ: Նորայրը, ով ևս տեսողության հետ կապված խնդիր ունի, համակարգչին տիրապետում է արդեն մոտ 10 տարի:

Ճիշտ: Նորայրը, ով եւս տեսողության խնդիր ունի....

ԵՐԿԻՐ.am (26.12.2012)

Սխալ: «Բլիզկոյի» հետ կապված ԿԲ պատճառաբանությունն այն է, որ այն խախտել է ԿԲ ուղեցույցներից մեկը' «Արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի կայունությունը եւ (կամ) իրացվելիությունը եւ (կամ) վճարունակությունը վտանգելու մասին»:

Ճիշտ: Բլեզկոյի մասին/նկատմամբ ԿԲ պատճառաբանությունն այն է.....

Մեկնաբանություններ (5)

ominac
Ապրիս Յովհաննէս, շատ հաճոյքով կարդացի յօդուածդ, երանի յաճախ գրես այս եւ այլ ժամանակակից հայերէն լեզուի հարցերու վերաբերեալ․ Ինքս օտարութեան մէջ կապրիմ եւ օդի պէս պէտք ունիմ նման յօդուածներու․ Շնորհակալութիւն․
Յարութիւն
@Ominac - Շնորհակալութիւն գնահատումիդ համար: Մի յօդուած եւս կայ որ քեզ կը յետաքրքրէ - Վերադարձ ակունքներին - Հետքի 28 Դեկտեմբերի համարում:
Հետք
Շնորհակալութիւն Մլեհ ճշտումների համար
Գեւորգ
«հետ կապված»-ի կարգի սխալները /օրինակ՝ «խոսքը գնում է», «այսինչը հանդիսանում է», «բանը նրանում է» եւ այլն/ գալիս են ռուսերեն լեզվամտածողությունից կամ այդ լեզվի բառացի թարգմանությունից: «Հետ կապված»-ը 90%-ի դեպքում կարելի է ուղղակի հանել, եւ ոչինչ չի փոխվի: Բացի նման «պարազիտային» արտահայտություններից, մեր լեզուն լիքն է առանձին բառերի (արդյունք-հետեւանք, առաջ-առջեւ, ծիծաղացնել-ծիծաղեցնել եւ այլն) սխալ գործածության օրինակներով:
Մհեր
Լրիվ համամիտ եմ Գեւորգ...Մի բան է նման սխալներ օգտագործել խոսակցականի մեջ, սակայն անընդունելի է գրական լեզվում: Պարզվում է թէ մամուլում ոչ գրագէտ խմբագիր կա, ոչ էլ լեզվով մտահոգվող լրագրող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter