HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարունակական կլինի՞ արդյոք Երիտասարդ գիտնականների աջակցության 100 մլն-ի ծրագիրը

2013թ.-ը եկավ։ Եկավ նաեւ գիտության աշխատողների համար։ Եկավ՝ փաստելով իշխանական, քաղաքական եւ հասարակական լայն շերտերի կողմից գիտության ֆինանսավորման ավելացման անհրաժեշտության բազմիցս «ըմբռնման» հուսադրող, բայց բյուջեում այդ ավելացման օրենսդրորեն հնարավոր նվազագույն մակարդակի ամրագրման տխուր իրականությունը։

Սիրուն չի։ Սիրուն չի, երբ երկրի զարգացման համար գիտության կարեւորության մասին միայն սիրուն խոսքեր են շռայլվում ու թափանցիկ ակնարկվում, որ գիտնականներն իրենցից ձեռ քաշեն, բարեկամաբար խորհուրդներ են տրվում՝ եթե էդքան խելոք են, թող իրենց հարցերը լուծելու համար դիմեն տարբեր հիմնադրամների։ Սիրուն չի, երբ գիտնականն ու պահակը նույն կարգի են վարձատրվում։ Սիրունը սիրուն չի, բայց դե անաչառ լինելու համար արժե նշել, որ որոշ, չնայած չափազանց անբավարար ծավալներով, բայց եւ այնուամենայնիվ, քայլեր արվում են գիտությանն աջակցելու գործում։ 

Օրինակ` անցած տարի սկսեց գործել նախագահ Սարգսյանի կողմից հատկացված 100 մլն դրամ հիմնադրամով Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը (ԵԳԱԾ)։ Այդ գումարի տնօրինումը հանձնվեց երիտասարդ գիտնականներից կազմված խորհրդին եւ խոստացվեց, որ կախված առաջին տարվա արդյունքներից՝ ծրագիրը կարող է դառնալ ամենամյա։  

Հիմա փորձենք հասկանալ՝ արդյո՞ք «հավուր պատշաճի» են տնօրինվել հատկացված գումարները, արդյո՞ք շարունակական կլինի ծրագիրը։

Տարվա ընթացքում ընտրվեցին գումարի ծախսման 4 ուղղություններ՝  երիտասարդ գիտնականների գիտական գործուղումներ, երիտասարդական գիտաժողովների, դպրոցների եւ սիմպոզիումների կազմակերպում, երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն եւ գիտական դրամաշնորհների տրամադրում։ Դատելով ԵԳԱԾ-ի ֆեյսբուքյան էջում արված գրառումներից եւ մեկնաբանություններից՝ կարելի է արձնագրել, որ առկա էր երիտասարդ գիտնականների կողմից ծրագրերին մասնակցելու մեծ ակտիվություն եւ շահագրգռվածություն։

Մրցույթների անցկացման չափորոշիչները ընտրված էին հնարավորիս հստակ, ծագող հարցերին էջում եւս տրվում էին հնարավորինս հստակ պարզաբանումներ։ Գումարի բաշխման համար ընտրվեց սեփական ծախսերը բացառող տարբերակ՝ նոր հիմնադրամ ստեղծելու փոխարեն որոշվեց օգտվել գործող հիմանդրամի (ՀԵՀ) ծառայություններից։

Եթե հաշվի առնենք նաեւ այն, որ տարվա ընթացքում խորհրդի կողմից հաջողությամբ քայլեր են ձեռնարկվել համաֆինանսավորման միջոցով ծրագրի գումարն ավելացնելու ուղղությամբ՝ ապա, ըստ իս, գումարի տնօրինումը տարվա կտրվածքով կարելի է միանշանակորեն գնահատել դրական եւ որոշել ծրագիրը դարձնել շարունակական։  

Բայց «ըստ իս»-ը այստեղ, ըստ իս, էական դեր չի խաղում, զի, ինչպես ցույց է տալիս բյուջեից գիտությանը հատկացումների տոկոսների դինամիկան՝ անմեկնելի են գումար հատկացնողների որոշումները։ Իրականությանն ավելի մոտ գնահատականներ ստանալու ակնկալիքով միեւնույն հարցն ուղղեցի գործին ավելի քաջածանոթ ԵԳԱԾ խորհրդի անդամների. 

-Ըստ Ձեզ, շարունակակա՞ն կլինի արդյոք 100 մլն-ի ծրագիրը։ 

Կառլեն Խաչատրյան (ԵՊՀ երիտասարդ գիտնականների միավորման նախագահ, ԵԳԱԾ ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար)

 -Վստահ եմ, որ երիտասարդ գիտնականների խնդիրները շարունակելու են գտնվել մեր երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին որոշակի տեղաշարժեր նկատվում են այս ուղղությամբ, և Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո ասվածի ապացույցն է: Երիտասարդ գիտնականների առջև ծառացած բազում խնդրներ կան, որոնց մի մասը փորձեցինք թեթևացնել այս ծրագրի շրջանակներում: Արդյունքում ապահովվում է հայ երիտասարդ գիտնականների մասնակցությունը միջազգային հեղինակավոր գիտաժողովներին, գիտական կազմակերպություններին օժանդակություն է ցուցաբերվում գիտաժողովներ, գիտական դպրոցներ կազմակերպելու հարցում, հայտարարվել են գիտական դրամաշնորհներ և երիտասարդ գիտնականների մրցանակաբաշխություն: Չնայած որ Ծրագիրը դեռ չի ավարտվել և շուրջ 5 ամիս կա նրա ավարտին, բայցևայնպես արդեն իսկ երևում են նրա արդյունքները: ԵԳԱԾ ղեկավար մարմինը արել է առավելագույնը նախանշված ծրագրերի մաքսիմալ արդյունավետությունն ապահովելու համար: Ուստի հույս ունեմ, որ ծրագիրը շարունակական է լինելու: 

 Գեւորգ Վարդանյան (ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, ԵԳԱԾ ղեկավար մարմնի անդամ)

 -Իմ խորին համոզմամբ ԵԳԱԾ ծրագիրը իրականացվում է շատ պատշաճ: Հաշվի առնելով այդ հանգամանքը և այն որ Նախագահի կողմից մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ գիտնականներին, համոզված եմ, որ այդ ծրագիրը կլինի շարունակական։ 

Արթուր Մովսիսյան (ՊԳՖԱ նախաձեռնության ներկայացուցիչ, ԵԳԱԾ ղեկավար մարմնի անդամ)

-Ես չգիտեմ շարունակական կլինի ծրագիրը թե ոչ, բայց գիտեմ, որ նմանատիպ ծրագրեր շատ են պետք, շատ և՛ գումարային, և՛ քանակային իմաստներով: Կոնկրետ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի հետ կապված ասեմ, որ բոլոր նախադրյալները կան, որ ծրագիրը շարունակվի, կատարվել է մեծ ծավալի աշխատանք, թե՛ կարգերի և չափանիշների մշակման, թե՛ կոնկրետ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Հաջորդ ծրագիրը կամ ծրագրերը անցկացնելը կլինի շատ ավելի հեշտ և որակով, քանի որ արդեն որոշակիորեն պարզ են այս ծրագրի թույլ և ուժեղ կողմերը... 

Հաշվի առնելով ԵԳԱԾ ղեկավար մարմնի ներկայացուցիչների կարծիքը եւ վերլուծելով ծրագրի առաջին տարվա գործունեությունը, ակնհայտորեն պարզ է դառնում, որ ծրագիրը պե՛տք է դարձնել շարունակական, եւ ցանկալի է ավելացնել հատկացվող գումարի չափը՝ Երիտասարդ գիտնականների աջակցման ծրագրի ընգրկումն ու ծավալները ավելացնելու ակնկալիքով։ 

Հ.Գ. Տարեվերջին տեղեկացա, որ ԵԳԱԾ խորհուրդը որոշել է գումար հատկացնել նաեւ Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գրքի հրատարկմանն աջակցելու համար։ Չգիտեմ, թե ինչպես կընդունվի այս փաստը «անմեկնելի» որոշումներ կայացնողների կողմից՝ բայց ես մեծ բերկրանք ապրեցի… 

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (2)

ominac
Ազատ շուկայական տնտեսական համակարգի մէջ, այս ձեւի ծրագիրներու համար տեղ չիկայ․ Ոչ պահակը ոչ ալ գիտնականը արժէք ունին, շուկան է որ մարդուն կարողութեան արժէք կուտայ, պահանջքէն կախուած, այլապէս անձ մը միայն մարդկային արժէք ունի․ Այս բոլոր ծրագիրներուն վերջը, բաւական ծախսերէ եւ աշխատանք թափելէ վերջ, այդ մարդկանց խումբը պիտի երթայ ուր որ շուկան իրենց պահանջը ունի, կարճ ըսած արտասահման․ եթէ կուզէք հաճելի, գունաւոր եւ տարբեր մասնագիտութիւններով լի երկիրի մէջ ապրիլ, պէտք է զարգացնէք հայաստանի շուկայական համակարգը, եւ այդ համակարգի ճիշտ կենդրոնը է, Հակամարտութիւնների կարգաւորման համակարգը, (conflict resolution system) , եթէ անձ մը կրնայ կողքի անձին գողնալ կամ վնասել, եւ ոչ մէկ գործնական ձեւով կարելի չըլլայ հասցէագրել անարդարութիւնը, ինչպէս այսօր է վիճակը, գիտնականների թիւի աճը ի՞նչպէս պիտի օգնէ տնտեսութեան, կամ հասարակարգի զարգացման։ Ձեր ուշադրութեան կենդրոնը շուկան պէտք է ըլլայ եւ ոչ թէ աղուոր ծրագիրներ․ Մեզ ինկած է շուկայական կառոյցներուն վրայ աշխատիլ, իսկ ծրագիրները ձգեցէք որ շուկան որոշէ թէ որն է պէտք․
Լիլիթ
Կարծում եմ, որ ծրագիրը շարունական դառնալ չի կարող, եթե այսօրվա երիտասարդ գիտնականների ետևից նոր երիտասարդ գիտնականներ ասպարեզ չգան: Ուստի, գիտահանրամատչելի գիրք տպելը, այն էլ այնպիսի, ինչպիսին «Դարերի խորքից դեպի Տիեզերք» գիրքն է, հենց այն քայլերից է, որոնք աճող սերնդից լավագույներին կհրապուրեն, կկրթեն ու կդարձնեն երիտասարդ գիտնականների շարքերը համալրող գիտության նվիրյալներ և դրանով հնարավոր կդարձնեն ծրագրի շարունականությունը: Իմ հասկանալով հենց դրա համար է այդպիսի հեռատես որոշում կայացվել: Ես այդպես եմ ընկալում և նույնպես ողջունում եմ նման մոտեցումը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter