HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սուրբ ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, որի բերկրաշատ առիթով համայն հայության հոգևոր կենտրոնում` Միածնաէջ Մայր Տաճարում, Ս. Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո հայրապետական շքեղ թափորը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր Տաճար: Ամպհովանակիրներն էին` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանը, երգիչ-երգահան Վահան Արծրունին, Ս. Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը և ԳԱԱ Փիլիսոփայության և սոցիոլոգիայի ինստիտուտի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Ս. Պատարագի ընթացքում Նորին Սրբությանը որպես առընթերականեր սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Ծննդյան հանդիսավոր Պատարագին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տոնի առիթով հայրապետական իր պատգամն ուղղեց աշխարհասփյուռ համայն հայությանը` ամենքին փոխանցելով հրեշտակաբարբառ ավետիսը: 

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ

ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 «Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ, որ թարգմանի` ընդ մեզ Աստուած»

 (Մատթ. Ա 23, Եսայի Է 14):

 Սիրելի հավատավոր ժողովուրդ,

Հոգու անհուն ուրախությամբ այսօր օրհնաբանում և փառաբանում ենք մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածհայտնությունը` միմյանց փոխանցելով ողջույնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

Ի լրումն ժամանակի իրականացավ Եսայի մարգարեի խոսքը, թե «Ահա կոյսը պիտի յղիանայ եւ մի որդի պիտի ծնի, եւ Նրան պիտի կոչեն Էմմանուէլ, որ նշանակում է Աստուած մեզ հետ»:           

Երկնքի անհասանելի բարձունքներից մարդասեր Տերը խոնարհվեց և որպես մանուկ ծնվելով քարայրում` աղքատացրեց Իրեն, որպեսզի մեզ հարստացնի հոգևոր բարիքներով: Պողոս առաքյալն ասում է. «Գիտէք շնորհները մեր Տէր Յիսուս Քրիստոսի, որ ձեզ համար աղքատացաւ, Նա, որ հարուստ էր, որպէսզի դուք Նրա աղքատութեամբ հարստանաք» (Բ Կորնթ. Ը 9): Աստված մարդացավ, որպեսզի Աստծո պատկերով ստեղծված մարդը ճանաչի իր Արարչին, Նրա կամքը, հարստանա հավատքով, Աստծո խոսքով, հարստանա աստվածահաճո կյանքի փափագով ու փութաջանությամբ և փրկության արժանացած` ժառանգի հավիտենական կյանքը: Արդարև, ոչինչ չի կարող համեմատվել այդ հարստության` Աստծո արքայության մեջ հավիտենական կյանք ունենալու շնորհի հետ, որ բերեց մեզ Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս`«մարդու Որդին, որ երկնքից էր» (Յովհ. Գ 13):

Փառքի ու զորությունների անմերձենալի Տերը մանկացել, աշխարհ է եկել, և յուրաքանչյուրը կարող է համարձակաբար մոտենալ ու երկրպագել Նրան հովիվների ու մոգերի օրինակով, ովքեր ճանաչեցին Նրան և իրենց ընծաները բերեցին քարայրում մսուրի մեջ դրված Փրկիչ մանկանը: Այսօր, սիրելի հավատավոր ժողովուրդ, մենք ենք երկրպագում մանուկ Հիսուսի սնարի առջև, բայց ի±նչ ընծաներ ունենք, որ մատուցենք մեր նորածին Փրկչին: Նյութական հարուստ պարգևներ չէ, որ սպասում է Տերը: Պատվական պարգևը Փրկչի համար քրիստոնյան ինքն է, ով մաքուր սրտով ընդունել է ՙԱստված մեզ հետ է՚ մարգարեաբարբառ ավետիսը և ջանում է կյանքի ամեն մի օրը ապրել աստվածային կամքի համաձայն, լի առ Աստված հավատքով, այլոց հանդեպ սիրով, Փրկչի հետ հոգևոր նորոգությամբ: Փրկչի շնորհներով վերածնված մարդը վերափոխում է կյանքը` այն առաջնորդելով միշտ դեպի բարին, ավելի լավն ու կատարյալը: Տիրոջ ներկայության և Նրա ողորմության անստվեր շողերի առջև, ինչպես ասում է Սուրբ Գրիգոր Նարեկացին, հալչում են մեղքերը, ողջանում են վերքերը, վերանում են ապականությունները, նահանջում են տխրություններն ու հեծությունները, փախչում է խավարը, և տիրում է ամենախնամ  թագավորությունը Բարերար Աստծո (Մատեան ողբերգ. Բան ԽԱ): Այսօր և մինչև ժամանակների վախճանը, Իր խոստման համաձայն, մարդացյալ Աստված մեզ հետ է (Մատթ. ԻԸ 20). մեզ հետ է փրկության Իր շնորհով, Իր սքանչելագործ մարդասիրությամբ: Բայց արդյո±ք մենք Աստծո հետ ենք և արդյո±ք աշխարհն ընթանում է այն ճանապարհով, որ ուղենշեց Քրիստոս:

Մարդկության, նաև մեր կյանքը, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, լի է տարաբնույթ մարտահրավերներով, տագնապներով ու հոգսերով` ընկերային, տնտեսական հիմնահարցեր, ազգամիջյան և միջկրոնական խնդիրներ ու հակամարտություններ, կարիք, անձնական շահի մոլուցք, զրկվածների անտեսում, արդարության, մարդասիրության պակաս և այլ արատներ, որոնք հետևանք են Աստծուց հեռանալու ընթացքների: Մարդը աշխարհի իրականության առջև հաճախ կարծում է, որ կյանքի բարելավումը, հասարակության բարօրությունը հասանելի է հատկապես նյութականի առատությամբ: Մինչդեռ, եթե մարդկանց հոգում չկա Աստված, նյութականը միայն բաժանում է մարդկանց, ցամաքեցնում կյանքի ուրախությունն ու երջանկությունը: Ունևորն ապրում է անհանգստության մեջ, չունևորը` նեղսրտության, ընդհանուր հասարակությունը` օտարացման: Հանուն նյութականի են մարդիկ հնարներ փնտրում կողոպտելու, զրկելու, նվաստացնելու: Հանուն նյութականի են օրենքներ խախտում, պաշտոն չարաշահում, իրավունք ոտնահարում, միմյանց կործանում: Հանուն նյութականի, ավաղ, երբեմն նաև` Աստծո անունով` ընդդեմ Աստծո: Այն ինչ ծնունդ է առնում հանուն Աստծո, բարիք է մարդկանց համար, մխիթարություն ու խնդություն: Աստծո հետ մարդու համար գործում են կյանքի այլ չափանիշներ, գոյության իմաստի այլ սկզբունքներ ու արժեքներ` «սէր` առանց կեղծիքի. ատելով չարը` ընթանալ բարու յետեւից. եղբայրասիրութեան մէջ` միմեանց հանդէպ լինել գթասիրտ. պատիւ տալու մէջ` միմեանց գերազանցել» (Հռոմ. ԺԲ 9-10): Աստծո հետ պաշտոնը ծառայություն է, մարդկային ունակություններն ու կարողությունները` աղբյուր բարիքի, երկրի շենացման, կյանքի բարօրության:

Սուրբ Ծննդյան խորհրդով, սիրելիներ, հանապազ շնորհն ունենք Քրիստոսի հետ բարձրանալու պայծառակերպության լեռը, Տիրոջ ներկայությամբ ապրելու աստվածահաճո հոգեշեն միջավայրում և մեր ընթացքը հաստատուն պահելու Աստծո շավիղներում բարոյական, ճշմարիտ արժեքների վրա: Սուրբ Գիրքը մեզ խրատում է, որ Աստծո հետ ընթանալը փրկում է փորձություններից, բազմացնում բարիքները և հաղթանակներ շնորհում երկնային զորությամբ: Մեր պատմությունն իսկ վկայում է, որ Փրկչին հավատարմությամբ է մեր ժողովուրդը կերտել իր ստեղծագործ կյանքի հաղթանակները և մշակույթի վերելքները: Մեր Տիրոջ հետ ենք դիմակայել փորձություններին, վեր հառնել ավերներից, վերապրել ցեղասպանություն: Մեր Տիրոջ զորությամբ Սփյուռքում վերընձյուղվել ենք ու պահպանել մեր ինքնությունը,  աշխարհասփյուռ միասնականությամբ վերահաստատել մեր ազատ պետականությունը, մշտապես վառ պահել տեսիլքը մեր ավետյաց երկրի, այլև` հավատը, որ Տերը համախմբելու է մեզ մեր Հայրենիքում: Այսօր ՙԱստված մեզ հետ է՚ ավետիսով հուսավառ ու քաջալեր` խոնարհվենք մարդացյալ Փրկչի սնարի առջև` ջերմանալու Նրա սիրով, ընդունելու Նրա շնորհներն ու օրհնությունները, որպեսզի ի Հայրենիս և ի Սփյուռս բարեփոխենք ու զորացնենք մեր կյանքը, իրագործենք մեր ազգային նպատակները, կերտենք մեր ժողովրդի բարօր ու երջանիկ, լուսավոր գալիքը և հավետ մնանք Աստծո հավատարիմ ժողովուրդ:

Այս հայցն ու մաղթանքը մեր շուրթերին` Սուրբ Ծննդյան ավետիսով և եղբայրական սիրով ողջունում ենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին` Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին« Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյանին« Երուսաղեմի Հայոց Պատրիարքական Տեղապահ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հայցում Տիրոջ բյուր շնորհներն ու զորակցությունը քրիստոսապատվեր առաքելության մեջ:

Տիրոջ Ծննդյան տոնի բարեմաղթանքներով ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին« Մեր ողջույնն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին և հայոց պետական ողջ ավագանուն` հայցելով ազգաշեն ու հայրենաշեն գործոց հաջողություններ Տիրոջ երկնառաք օրհնության ներքո: Ողջունում ենք Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին ու ներկայացուցիչներին` մաղթելով, որ նրանց արգասալի ջանքերով ու մշտանորոգ ձեռքբերումներով միշտ բարեզարդվեն մեր երկրների և ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը:

Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում սիրեցյալ մեր ժողովրդին ի Հայրենիս և ի Սփյուռս: Աղոթք ենք բարձրացնում« որ մարդացյալ Փրկչի սիրո, խաղաղության և համերաշխության շնորհները հանապազ ճառագեն աշխարհում, ի մասնավորի հակամարտության մեջ գտնվող երկրներում, հատկապես պատերազմական իրավիճակում հայտնված Սիրիայում և այնտեղ դժվարություններ ու նեղություններ դիմագրավող մեր եղբայրների ու քույրերի կյանքում: Թող մարդկանց հոգիներում մշտապես արձագանք գտնի Սուրբ Ծննդյան «յերկիր խաղաղութին և ի մարդիկ հաճութիւն» պատգամը և ամրապնդվի Աստծո հետ ընթանալու կամքը: Թող Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղ ու ապահով պահպանի հայրենի մեր երկիրը« պայծառ ու անսասան` Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և օրհնի աշխարհասփյուռ ազգս հայոց այժմ և միշտ և հավիտյան. ամեն:

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՒ ԵՒ ՅԱՅՏՆԵՑԱՒ

ՁԵԶ ԵՒ ՄԵԶ ՄԵԾ ԱՒԵՏԻՍ: 

Սբ. Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը կատարեց Ջրօրհնեքի արարողությունը: Այս տարի Մայր Տաճարում ջրօրհնեքի Խաչի կնքահայրն էր ակադեմիկոս Սեն Արևշատյանը:

Սբ. Պատարագի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամներ, կառավարության անդամներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ:

Սբ. Պատարագից հետո Ալեք և Մարի Մանուկյան Գանձատան սրահում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն:

Մեկնաբանություններ (17)

Աննա Վանաձորից
Ինչպե՞ս կարելի է մի ժողովրդի քրիստոնյա համարել, երբ նրանց ակնկալիքները օձերից, վիշապներից, խոզերից, կռիսներից,....և այլ կենդանակերպերից Է,և բոլոր եթերները նման քարոզություններով է ողողված, ախր այնքան անմիտ եմ, որ չեն էլ հասկանում իրենց հայրերի՝ չինացի-ճապոնացիների նոր տարին փետրվարին է սկսում: Իսկ եկեղեցին խիստ չի մոտենում դրան, կամ տերնդեզի կրակավառությունը, երբ դիվային պարերով պտտում են նորապսակներին կրակի շուրջը, Աստծո բարկությունը շարժելով:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Հայ(22) - ես ընդհանուր ցանկություններ չեմ արտահայտում : Յուրաքանչյուր անհատի (կյանքի/լինելու) խորը ճշմարտությունները գտնվում են հենց իր հոգու/էության խորքում: Նույնը նաև ազգերինը: Իսկ ազգերի այդ խորքի/ էության ճշմարտությունները մարմնավորում են տվյալ ազգի սիմբոլիկ կերպարները/անհատները` լինի դա կրոնական-հոգային,թե հասարակական-ռազմական: Հենց սրա համար կա, օրինակ, էպոս: Այսպիսի մի սիմբոլիկ կերպար է Նժդեհը հայերի համար: Կամ Հայ Աստվածների հավաքական-ազգային ՊԱՏԳԱՄԸ: Որպեսզի այսօր Հայի մտածելակերպը փոխվի ,ՊԻՏԻ ՇԱՀԱՎԵՏ լինի նոր մտածելակերպին անցնելը: Շահավետ լինելը միայն փողը կամ նյութականը չէ: Այսօր (էլ) ամբողջ աշխարհը լցված է անարդարությունով,բաց օրինակ, տվյալ դեպքում,Քրիստոսը ոչ մի բան չի անում սրա դեմ : Այսինքն, քրիստոնեական արժեհամակարգը 21-րդ դարում չի գործում: Դրա համար Հայերն էլ աջ ու ձախ անում են այն, ինչ անում են. մտածում են. «դե լավ, մի եկեղեցի կամ խաչքար կկառուցեմ ու սաղ արածներս կներվի/կքավվի»: Այսինքն, քրիստոսը հայ ազգի համար (այլևս) ազգային-սիմբոլիկ կերպար չէ,բայց ազգի ռեսուրսների մի զգալի մաս գնում է սրան: Արդյո՞ ք սա ձեր ասած իմաստուն,ճշմարիտ,բարի,անհրաժեշտ է:
Աննա Վանաձորից
Արևմտյան Հայաստանը դատարկվեց հազար տարում, Իսկ արևելյանը ավելի արագ է դատարկվում, 50 տարուց Հայաստանում հայ չի մնա, այստեղ է պետք աչքեր ու ականջներ զգալու նոր եղեռնի սկիզբը: Հետո էլի Աստծու՞ն ենք մեղադրելու, երբ մեր անտարբերությամբ նպաստում ենք այդ գործընթացին:
Հայ
Վարազ Սյունի, դուք ընդհանուր ցանկություններ եք արտահայտում, որոնք շատ նման են վերի Ցանկությունների խանութը պատմության պտուղներին։ Իսկ մենք ոչ միայն սերմեր ցանող, այլ նույնիսկ սերմեր չունենք։Նաև ցանկության, հնարավորության և ռեալ իրականության միջև շատ մեծ տարբերություններ կան։ Ձեր առաջարկած ....Դեղատոմսը վերադարձ ՀԱՅԿԱԿԱՆԻՆ .... գեղեցիկ է հնչում, բայց եթե թույլ տաք թարգմանել, նշանակում է մեկ ճահճից տեղափոխվել մեկ այլ ճահիճ։ Փորձեմ բացատրել ինչու։ Իմ կարծիքով, մեր հայ իրականությունը ներքին մնայուն արժեքների բովանդակությունից ինչ ինչ պատճառներով շատ է դատարկվել՝ վերածվելով միամիտ, մանկամիտ, զգացական հավաքականության։ Եկեք ինքնագովեստով ու ինքանխաբեությամբ չզբաղվենք, այլ անկեղծորեն իրերն կոչենք իրենց անուններով։ Իսկ մեկ ձևից մեկ այլ ձևի անցումը, թեկուզ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՅԱՊԱՇՏՈԻԹՅՈՒՆ կոչելով, հարց չի լուծում, քանզի բովանդակությունը մնում է դատարկ և մենք դարձյալ հայտնվում ենք էլ ավելի կոտրած տաշտակի առջև։ Ես վերը մեկ առանցքային միտք էի արտահայտել, որը հավանաբար վրիպել է ձեր ուշադրությունից։ Նորից կրկնեմ, որպեսզի կարևորը երկրորդականից տարբերենք ու բովանդակությունը լցնելու վրա մեր ուշադրությունը սևեռենք։ Ես վերը ճշմարիտ աղոթքի, հաղորդակցության վերաբերյալ հետևյալ տեսակետն էի հայտնել։ ......Անհատական ու հավաքական ճշմարիտ աղոթքն ամենօրյա ու շարունակական հաղորդակցություն է Արարչի ու մերձավորի հետ և բարոյական ու հոգևոր արդյունքը զգալի անձնական ու ընտանեկան կյանքում։ Այլ ոչ թե ձևական, ավանդական տեսակի կամ գույնի պատկանել, պատեր շարել, թեկուզ դրանք կոչելով Վահագնի Սուր, Անահիտի տաճար կամ Քրիստոնեական Եկեղեցի, բայց աջ ու ձախ խաբել, թալանել, զրպարտել, զրկել հատկապես որբին, այրուն ու անպաշտպանին։ Ուշադրություն դարձրե՛ք, այս պարագային կրոնի պատկանելությունն էլ քիչ դեր է խաղում, որոշիչն իրական, գործնական հարաբերություններն են։ Թե այդ մտքերի ու գործողությունների մեջ որքանո՞վ է արտահայտված Արարչի կամքը, այդ է ամենաէականը, որը վրիպում է մեր ուշադրությունից և մենք սկսում ենք ազգային ու կրոնական գունավոր հեքիաթներ հյուսել՝ խափելով և՛ մեզ և՛ մեր մատաղ սենդին։....... Եթե հայ մարդու կյանքում արտահայտվի ճշմարիտ Արարչի կամքը, նա աջ ու ձախ չխաբի, չթալանի, չզրպարտի, չզրկի հատկապես որբին, այրուն ու անպաշտպանին, ապա թող հավատա ինչի և ում կամենում է, թող կառուցի ինչ խորհրդանիշ, տաճար կամ պաշտամունքի տուն սիրտը ցանկանում է։ Թե չէ եթե այսօր եկեղեցու փոխարեն, Վահագնի Սուր, Անահիտի արձան կամ մեկ այլ տաճար կառուցենք, սակայն շարունակենք նույն կյանքով, ոճով ապրել, աջ ու ձախ խաբել, թալանել, զրպարտել, զրկել հատկապես որբին, այրուն ու անպաշտպանին, ապա իրականում փոփոխության օգտակար գործակիցը զերո է։..... Իմ համեստ կարծիքով դեղատոմսը հետևյալն է։ Մեզ անհատական թե հավաքական շատ է պակասում իմաստությունը։ Թեև կատարյալ ու զորավոր իմաստությունը հոգեմտավոր իմաստությունն է, բայց գոնե նվազագույնը մտավոր իմաստություն։ Իմաստություն, իմաստություն և դարձյալ իմաստություն, ահա մեր բոլոր հարցերի լուծման դեղատոմսը։ Այն մեզ կարճ ժամանակում կհամախմբի, կհզորացնի։ Մենք ազգովի և՛ բավարար դրամ ունենք և՛ բավարար կապիտալ և բավարար կարողություններ, սակայն մեզ օդի պես պակասում է գործնական իմաստությունը։ Սա էլ ձեզ կարդալու և գործնական իմաստության կարևորության մասին մտածելու համար։ ........ Երեք մաղերը Մի օր մեկը վազելով գալիս է իմաստուն Սոկրատեսի մոտ և ասում. - Լսի՛ր, Սոկրատե՛ս, այս պատմությունը քեզ անպայման պետք է պատմեմ։ - Սպասի՛ր,- ընդհատում է նրան իմաստունը,- այն, ինչ ուզում ես պատմել ինձ, արդյոք անցկացրե՞լ ես երեք մաղերի միջով։ - Երեք մաղերի՞,- հարցնում է մարդը զարմացած։ - Այո՛, իմ լա՛վ բարեկամ, արի տեսնենք, թե այն, ինչ ուզում ես պատմել, արդյոք երեք մաղերի միջով կանցնի՞։ Առաջինը ճշմարտության մաղն է։ Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք ճշմարի՞տ է։ - Ո՛չ, ես լսել եմ այդ պատմությունը և …: - Այդպես, այդպես։ Բայց վստահ եմ՝ դու այն երկրորդ մաղի միջով անց ես կացրել։ Դա բարության մաղն է։ Արդ, ինչ որ դու ինձ պատմել ես ուզում, արդյոք բարի՞ է։ Մարդը վարանած ասում է. - Ո՛չ, հակառակը…։ - Ահա թե ինչ,- ընդհատում է նրան իմաստունը,- ուրեմն արի երրորդ մաղն էլ գործածենք։ Այն, ինչ դու ուզում ես պատմել ինձ, արդյոք անհրաժե՞շտ է։ - Անհրաժե՞շտ. ոչ անպայման…։ - Ուրեմն,- ժպտալով ասում է իմաստուն Սոկրատեսը,- եթե դա ո՛չ ճշմարիտ է, ո՛չ բարի և ո՛չ էլ անհրաժեշտ, արի այն թաղենք հողի տակ և դրանով ինձ ու քեզ չծանրաբեռնենք։ ....... Հարգանքներվ՝ Հայ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հայ(18) - Համաձայն եմ: Դեղատոմսը վերադարձն է ՀԱՅԿԱԿԱՆԻՆ. Հայ աստվածների պատգամը,Հայկական ազգային բարոյա-հոգեբանություն ,վարք և այլ նման արժեքներ: ԱԶԳԱՅԻՆ մակարդակոով ՄԻԱՅՆ Հայկական, անձնական մակարդակով՝ ՆԱՅԵՎ ով ինչ ցանկանում է կողքից: Այսինքն,օրինակ եթե աձնապես եկեղեցում մոմ վառելով դու քեզ լավ/հանգիստ ես զգում, պրոբլեմ չկա: Բայց ազգային-պետական մակարդակով ՄԻՄԻԱՅՄ Հայկական:Այսինքն՝ ՀԱՅԱՊԱՇՏ քրիստոնյա, ՀԱՅԱՊԱՇՏ մուսուլման, ՀԱՅԱՊԱՇՏ բուդդիստ,ՀԱՅԱՊԱՇՏ հեթանոս,ՀԱՅԱՊԱՇՏ անկրոն, ՀԱՅԱՊԱՇՏ աթեիստ: Հայաստանում պիտի սկսվեն շուտափույթ կառուցվել Վահագն ու Անահիտ աստվածների/ազգային սիմբոլների մեծարման կառույցներ:
Աննա Վանաձորից
Մատթեոս Ուռհայեցի 11-րդ դար.... Քրիստոսին հավատացող բոլոր ժողովուրդները դեգերելու են խավարի մեջ: Բոլոր հավատացյալ ժողովուրդների մոտ մթագնելու է եկեղեցու կարգը, մարդիկ պիտի անուշադրության մատնեն պահքն ու աղոթքը: Իշխանները միանալու են գողերին, ավազակներին և թալանողներին, դատավորները դառնալու են կաշառակեր և տեսնելու են անիրավ դատաստան: Վանականները թողնելու են անապատներն ու մենաստանները, զբաղվելով աշխարհիկ գործերով: Նրանք պիտի ատեն աղոթքը: ... Հանդերձյալ կյանքի մասին հույսը վերանալու է: Մարդիկ չեն վախենալու Աստծո դատաստանից:.. Շատերը պիտի անիծյալ լինեն, որովհետև պիտի արհամարհեն հոգևոր սուրբ առաջնորդների աստվածային խրատական խոսքերը: Որդիները իրենց անհնազանդության պատճառով պիտի անիծվեն ծնողներից, վերջիններս էլ պիտի չարչարվեն աշխարհ բերած իրենց երեխաների կողմից: Հայրապետների ծուլության պատճառով բազմաթիվ հերձվածներ են մուտք գործելու եկեղեցի: Թագավորները, իշխանները և հոգևոր առաջնորդները ապականելու են երկիրը, հոգևոր առաջնորդներն ու իշխանները պիտի դառնան կաշառասեր, ստախոս, սուտ երդվող և, կաշառք ստանալով պիտի ոտնահարեն աղքատի իրավունքը: Այսպիսով Աստված է՛լ ավելի պիտի զայրանա նրանց դեմ՝ հոգևոր և աշխարհիկ իշխանությունը ոչ Աստծո կամքի, այլ կողմնակալությամբ վարելու համար: Նրանք ավելի պոռնկասեր, քան թե աստվածասեր են լինելու:.... Նրանք մատնիչներին և գողերին պիտի պատվեն, անիրավաբար պիտի հափշտակեն աշխատողների ունեցվածքը: Արծաթասիրության պատճառով ձեռնադրելու են բազում անարժանների և ամեն մի պիղծ մարդու քահանաների շարքն են դասելու: Քրիստոսին պատարագելու են անարժան քահանաներ: Այդ անարժաններն են ժողովրդին հաղորդություն տալու՝ ոչ ի փրկություն, այլ որպես պատիժ և հոգու կորուստ: Բայց տեղ-տեղ կան Քրիստոսի սուրբ խորհրդի ճշմարիտ պատարագողներ, որոնց սիրույն էլ Աստված կողորմի մարդկությանը:
Հայ
Ազնվափայլ տիկին Արփինե, կեցցե՜ք։ Շատ իմաստուն և իրատեսական վառ պետկերներով ախտորոշեցիք մեր ազգային, եկեղեցական ու հասարակական տեսակ - տեսակ հիվանդագին երևույթներ, որոնք գալիս են դարերի խորքից և ունեն խորն արմատներ։ Վկա` մեր մեծն Մովսես Խորենացին։ Լիովին համամիտ եմ ձեզ հետ , սակայն դեղատոմս չեք առաջարկում։ Ի՞նչ անել։ Որտեղի՞ց սկսել։ Հետո ու՞մն է ձռնտու եղել, որ մենք դարեր շարունակ այսպես խափված, տգետ ու ինքնահավան մնանք։ Հարցեր են, որոնք լուրջ մտածելու տեղիք են տալիս։ Հարգանքներով` Հայ։
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Հայ (13) -Շնորհակալություն:..............................................................Մհեր(10)-Համաձայն եմ: Միայն մի վերապահումով. ես հավատում եմ ճակատագրին,որն այս ԵՐԿՐԻ վրա իմ արած լավ ու վատ արարքների (տիեզերական) փոխհատուցումն է` ԿՅԱՆՔԻ ժամանակ:Ուստի ճակատագիրը fatal չէ/ կարելի է փոխել:.......................................................Ինչ վերաբերում է «՚ազատ կամքին՛». 2-3 ամսեկան ծծկեր երեխային ի՞նչ ազատ կամք կամ «մեղքի քավում»: Իմ կարծիքով, Եղեռնի խորքային պատճառում Հայի մասնաբաժինը նրանում էր,որ հայը Վահագնի սուրը փոխարինեց խաչով/երկնային «տիրոջ» մշուշոտ խոստումներով/պաշտպանությամբ:
Հայ
Հարգարժան Վարազ Սյունի, նախ շնորհակալություն հարգալից ու զուսպ արձագանքի համար։ Փոխադարձ հարգանքի վրա խարսխված մտքերի փոխանակությունն արդեն բարեկրթության ու ազնվության նշաններ են։ Նույնիսկ եթե զրուցակիցդ այլխոհ ու այլադավան է։ Դժբախտաբար այս երևութը դեռևս հայ իրականությանը մեծավմասամբ խորթ է ու անծանոթ։ Ձեզ համար անձնապես ուրախ եմ , եթե այդպես է. ,,,,Հարգելիես հավատում եմ Աստծուն, ՈՐՆ ինձ համար տիեզերական արդարադատությունն է:Ես ինքս նույնպես հավատում եմ ,որ ոչինչ պատահական տեղի չի ունենում ու ես արդեն երկար տարիներ է,որ Աստծո/Տիեզերական Արդարադատության/Հարմոնիաի/Բալանսի հետ հաղորդակցության հրաշքն ապրում եմ: ... Իսկ ձեր այն հարցին թե, ......«Ինչու՞ արդար և ամենակարող անվանված Աստված(Քրիստոս) ԳՈՆԵ չփրկեց ծծկեր հայ մանուկներին Եղեռնի ժամանակ:..... Անկեղծորեն ու համեստորեն ասեմ, որ չափազանց դժվար հարցեր են նաև ինձ համար։ Այնուամենայնիվ փորձեմ այդ հարցերի վերաբերյալ իմ սահմանափակ կարծիքն արտահայտել։ Գիտեք, նախ հարցի ձևակերպումից շատ բան է կախված։ .....,,Ծծկեր արդար հայ մանուկներ,,..... ձևակերպումը հարցը տանում է փակուղի։ Ես հավատում եմ բազմաթիվ սերունդների թե՜ դրական և թե՜ բացսական ժառանգական պատասխանատվության շղթային։ Եթե ընդունում ենք, որ Տիեզերքի Արարիչն արդար է ու հավիտենական ներդաշնակությունը պահում է, ապա այստեղ մարդկային գործոնն է առաջ գալիս, որն մենք կոչում ենք ազատ կամք։ Մարդկանց ազատ կամքը ժամանակ առ ժամանակ երկրի վրա այդ Աստվածադիր ներդաշնակությունը խախտում է։ Այդպիսի խախտումներ այսօր էլ կարելի է նկատել սկսած պարզագույն մտքերից, խոսքերից մինչև ազգակործան պատերազմներ։ Չգիտեմ, իմ սահմանափակ տեսանկյունից արդյոք կարողացա՞ մտքերս հստակ արտահայտել։ Երկրորդ հարցը. .....ԻՆՉՈՒ՞ է(ր) ապա հայը աղոթում/հայացքն ուղղում Քրիստոսին,եթե ազգի ԱՄԵՆԱԾԱՆՐ պահին նա ոչինչ չարեց:..... Ես մի քիչ այս կարգի հարցադրմանը և հատկապես աղոթքի ձևակերպմանը կասկածանքով եմ վերաբերվում։ Ասեմ ինչու։ Անհատական ու հավաքական ճշմարիտ աղոթքն ամենօրյա ու շարունակական հաղորդակցություն է Արարչի ու մերձավորի հետ և բարոյական ու հոգևոր արդյունքը զգալի անձնական ու ընտանեկան կյանքում։ Այլ ոչ թե ձևական, ավանդական տեսակի կամ գույնի պատկանել, պատեր շարել, թեկուզ դրանք կոչելով տաճար կամ եկեղեցի, բայց աջ ու ձախ խաբել, թալանել, զրպարտել, զրկել հատկապես որբին, այրուն ու անպաշտպանին։ Այս տեսանկյունից դիտված նաև այսօր էլ մեր վիճակն բարվոք չէ։ Ուշադրություն դարձրեք, այս պարագային կրոնի պատկանելությունն էլ քիչ դեր է խաղում, որոշիչն իրական, գործնական հարաբերություններն են։ Թե այդ մտքերի ու գործողությունների մեջ որքանով է արտահայտված Արարչի կամքն, այդ է ամենաէականը, որը վրիպում է մեր ուշադրությունից և ձեր ձևակերպմամբ սկսում ենք ազգային ու կրոնական գունավոր հեքիաթներ հյուսել՝ խափելով և մեզ և մեր մատաղ սենդին։ Այս հարցում ձեզ հետ համամիտ եմ։ Վարազ Սյունի, թեև ես հավատում եմ, որ մենք ադեն որոշակի շնորհներով ու ժառանգական շղթայից մեզ փոխանցված խնդիրներով աշխարհ ենք գալիս, սակայն մենք կարող ենք և մանավանդ Արարչի հետ հաղորդակցվելով ունենք այդ հնարավորությունը մեր կյանքը շտկելու, մարդ ապրելու և այդ բարի շնորհը մեզնից հետո եկող սերնդին փոխանցելու կամ հակառակը։ Ես նաև խորապես համոզված եմ, որ մարդն ինչպիսի հավատքի, մտքերի, պատկերացումնեի համակարգ ունի և այդ հոգեղեն արժեքներով ինչպիսի բնակատեղի կառուցում է, դրա մեջ էլ ապրում է։ Ոմանք կառուցում են մութ ու խավար նկուղ կամ բանտ և ապրում են դրա մեջ։ Ոմանք էլ կառուցում են լուսավոր, գեղեցիկ ու ներդաշնակ պալատ և վայելում Արարչից շնորհված ամեն վայրկյան։ Այս պատկերները փոխաբերական իմաստներ ունեն, սակայն հաստատում են շատ կարևոր ու գործնական ճշմարտություն։ Եղբայրս, շատ ծավալվեցի։ Մեր հավաքական ազգն էլ մեկ օր գուցե հասկանա, շտկվի ու սկսի նեքուստ հզորանալ և կամ երբեք էլ չհասկանա ու այդպես դավին անտեղյակ ու ցավին անտարբեր լքի պատմության թատերաբեմը։ Պատմության թատերաբեմից մեզ նման ազգեր են հեռացե՞լ։ Մենք էլ առանց փողահարելու կարող ենք, օգնենք, չենք կարող, գոնե չվնասենք։ Ահա իմ կյանքի կարևոր նշանաբաններից մեկը։ Լավ եղեք, եղբայր։ Դատարկ մարդկանց հետ ել գլուխ մի դրեք։ Կամ չեն հասկանում, կամ մասնավոր ձեզ վիրավորում են։ Սա էլ ձեզ համար, քանզի ազնիվ սիրտ ունեք։ Կարդացեք և դրա մասին մտածեք։ Ցանկությունների խանութը Մի մարդ երազում ցանկությունների խանութ է մտնում։ Վաճառասեղանի մոտ կանգնած է լինում հրեշտակը։ - Ի՞նչ եք վաճառում, պարո՛ն,- հարցնում է նրան մարդը: Հրեշտակը սիրալիր պատասխանում է. - Ամեն բան, ինչ որ կուզեք։ Մարդն անմիջապես սկսում է թվարկել. - Ես շատ եմ ուզում, որ ամբողջ աշխարհում դադարեն պատերազմները, կարիքավորներն ապրելու բարվոք պայմաններ ունենան, և վերանա չքավորությունը, բոլոր գործազուրկներն աշխատանք գտնեն, ծնողներն իրենց երեխաների համար ավելի շատ ժամանակ ունենան և... Հանկարծ հրեշտակն ընդհատում է նրան և ասում. - Ներեցե՛ք, դուք ինձ սխալ հասկացաք. մենք այստեղ պտուղներ չենք վաճառում, այլ միայն սերմեր։ Մարդը լուռ ու մտախոհ հեռանում է խանութից։ Եթե կցանկանաք գրքուկը ձեռք բերել, ապա վարի տեղեկությունները ձեզ համար օգտակար կլինեն կամ դիտեք www. lusamut.net կայքը։ ։.....Ձեզանից շատերը երևի կհիշեն, որ 2011-ի դեկտեմբերի 28-ին հրատարակեցինք «Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը», ինչպես նաև «Երեք մաղերը» բարոյախրատական փոքրիկ պատմությունները: Շատ կարճ ժամանակահատվածում այդ փոքրիկ պատումները սիրվեցին և մի քանի հազար ընթերցողներ եղան։ Հարգելի ընթերցողներ, ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ այդ պատումները թարգմանած անձը հրատարակել է այն՝ գիրքը կոչելով «Իմաստուն պատմություններ կամ գեղեցիկ ապրելու արվեստը»: Գրքում ընդգրկված են 25 այնպիսի գեղեցիկ և ուսուցողական պատումներ: Գիրքն գրախանութներում հասանելի է: Ցանկացողները կարող են այն ձեռք բերել նաև մեր միջոցով՝ գրելով մեզ կապի բաժնից կամ զանգահարելով +37495709075 հեռախոսահամարով: Հարգարժան Վարազ Սյունի, մաղթում եմ ձեզ քաջառողջություն, իմաստություն և ամենայն բարիք։ Մեր ազգին էլ իմաստություն, լավատեսություն և ճշմարիտ Սեր առ Աարարիչը և առ մերձավորը։ Հարգանքներով՝ հայ մարդ
Աննա Վանաձորից
Երանի թե, մեր հոգևոր և աշխարհիկ առաջնորդները սովորեին Քրիստոսից մարդկանց սիրել: Թող ամենակարող ԱՍՏՎԱԾ նրանց կարծրացած քարեղեն սիրտը փոխի մարմնեղեն սրտի:
John
Մի մեջբերում անեմ- «ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-12-2012 ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆ ԽԱՌՆԱԿ ՕՐԵՐ ՀԱԼԷՊԻ ՄԷՋ Հայու վրայ կատարուած ցեղասպանութեան ընթացքին Աստուած լսե՞ց արդեօք մեր միլիոններուն աղօթքը, ձայնը, անէծքը... լսե՞ց արդեօք Կիլիկիոյ հայոց Վեհափառին ՙՍահակ Բ. Խապայեան կաթողիկոսին աղօթքի ձայնը Հալէպի Քառասնից մանկանց Ս. եկեղեցւոյ մէջ արտասանուած, երբ հոն հաւաքուած հայու բեկորներ «հա՜ց, հա՜ց, հա՜ց, հա՜ց» կը պոռային անօթիներու ձայներով:Իսկ Վեհափառը կ՛ըսէր բազկատարած.-Ժողովուրդ հայոց, ես ալ անօթի եմ, ես ալ հաց կ՛ուզեմ, բայց ձեզի հաց չեմ կրնար տալ, կրնամ միայն աղօթել եւ ահա իմ աղօթքս.«Տէր ամենակալ ու ամենակարող, դուն շատ սիրեցիր մեր ժողովուրդը ու երկար ժամանակ փորձեցիր մեզ, իսկ հիմա կառաջարկեմ, կը պաղատիմ առ քեզ, որ այլեւս դադրիս հայը սիրելէ, այլեւս թուրքը սիրէ...»....................... ...............զԱստուած դաւանող ու քարոզող Վեհափառը լաւայի հանգոյն պոռթկացած էր զուսպ Աստուծոյ դէմ եւ ոչ թէ Նարեկացիի նման Աստուծմէ շնորհք խնդրելով ինքզինք ինքնախարազանումի ենթարկած....
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հարգելի Հայ(7) - Նախ, ոչ մի վատ բան չկա աթեիստ լինելու մեջ:Երկրորդ` ես աթեիստ չեմ. ես հավատում եմ աստծուն, ՈՐՆ ինձ համար տիեզերական արդարադատությունն է:Ես ինքս նույնպես հավատում եմ ,որ ոչինչ պատահական տեղի չի ունենում ու ես արդեն երկար տարիներ է,որ Աստծո/Տիեզերական Արդարադատության/Հարմոնիաի/Բալանսի հետ հաղորդակցության հրաշքն ապրում եմ: ԲԱՅՑ իմ վերևի գրած կոմենտները (հատկապես կոմենտ 6-ս) լրիվ ուրիշ բանի մասին է(ր): Միգուցե դու՞ք կարող եք պատասխանել այդ շատ կարևոր հարցին. «Ինչու արդար և ամենակարող անվանված աստվածը(քրիստոսը) ԳՈՆԵ չփրկեց ծծկեր հայ մանուկներին Եղեռնի ժամանակ: Ի՞ՆՉՈՒ է(ր) ապա հայը աղոթում/հայացքն ուղղում քրիստոսին,եթե ազգի ԱՄԵՆԱԾԱՆՐ պահին նա ոչինչ չարեց:
Հայ
Հարգարժան Վարազ Սյունի, ես հաճախ ձեր անկղծությունը գնահատել եմ։ Նաև ձեր որոշ կարծիքների հետ համամիտ եմ եղել։ Սակայն այս առիթով հետևյալը պիտի գրեմ։ Դուք պարզապես անկեղծ ու շիտակ աթեիստ եք՝ անաստված հայ մարդ։ Ձեր արտահայտած կարծիքը վկայում է այն մասին, որ դուք չգիտեք, թե ինչի մասին եք խոսում։ Թեև դուք խորը համոզումով ճիշտ հակառակն եք պնդում։ Այո՛, այսօրվա ձեր անցնելիք ճանապարհն ինձ ծանոթ է։ Ես այդ ճանապարհն անցել եմ։ Ձեր բարձրացրած ցավոտ հարցերն ինձ էլ են տարիներ շարունակ տանջել։ Սակայն այսօր ես հավատում ու վստահում եմ Ճշմարիտ Աստծուն։ Ճշմարիտ Լույսի ներքո դիտված ոչինչ պատահական տղի չի ունենում։ Եթե մենք այդ նշանները չենք հասկանում, ապա խնդիրը մեր մանկամտության ու ոչ հասուն կամ իմաստուն լինելու մեջ է անհատական թե՛ հավաքական..... Ի դեպ ես հայկական ու եվրոպական բարձրագույն կրթություն ունեմ, բավական քաջատեղյակ եմ և՛ մեր պատմությանը և՛ Ընդհանուր ու Հայ Առաքելական Եկեղեցու պատմությանը և՛ այսօրվա հոգևոր ու աշխարհիկ կյանքի իրական պատկերին։ Ճշմարիտ Աստված շատ ավելին է ու այլ չափանիշի ու որակի դաշտում է ։ Դուք առայժմ այնտեղ մուտք չունեք։ Ավելին չեմ գրում, քանզի ձեզ վրա հեքիաթի տպավորություն կթողնի և այսօր դրանք ձեզ համար անիմաստ ու դատարկ խոսքեր կհնչեն։ Տա Աստված, որ մեկ օր Աստուծո հետ հաղորդակցության հրաշքն ապրեք, այն ժամանակ դարձյալ կվերհիշեք իմ այս պարզ ու ոչինչ չասող տողերը։ Ես, թեև այսօրվա Հայ Առաքելական Եկեղեցո գործունեությամբ առանձնապես խանդավառված չեմ, սակայն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պարզ զավակ ու պարզ հայ մարդ եմ։ Եղբայր, նախ փնտրենք ու գտնենք այն տեղը, որտեղ գտնվում է ցորենը հարդի հետ միասին, ապա ցորենը մաքրենք ու պահենք, իսկ հարդը դեն նետենք։ Նույնպես Եվրոպայում ապրող մի հայ մարդ։ Նոր Տարվա ու Ս. Ծննդյան բարի մաղթանքներով՝ Հայ
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Վարդագույն տառերով գրված հեքիաթները քաղցր են: Բայց Հայը/հայ ազգը պիտի վերջապես ԼՐԻՎ ԱՆԿԵՂԾՈՐԵՆ նայի հայելուն ու իրեն հարցնի. «այս ի՞ նչպես եղավ,որ Հայը,լինելով առաջին քրիստոնյա ազգը, ու ԱՅԴՔԱՆ զոհաբերելով կրոնին ու այդքան եկեղեցի կառուցելով հանդերձ, (հատկապես) Եղեռնի ժամանակ ԲԱՑԱՐՁԱԿ մենակ,անօգնական,խաբված ու անպաշտպան մնաց: Մինչև ե՞րբ պիտի Հայը այս հարցից խուսափի:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Դեր-Զոր: Ու՞ր էիր,քրիստոս, երբ մանկիկի շուրթից աղոթք էր ելնում: Ախր ու՞ր էիր- «ամենակարող փրկիչ»:
Varaz Syuni (Amsterdam)
Hetq- inchu im komenty chtpvets?
Աննա Վանաձորից
Հարգարժան Դավիթ Պետրոսյան ամենևին չկասկածելով Աստծո արդար դատաստանին ես երբևիցե չեմ դատում մարդկանց, իմ մեկնաբանությունը մաղթանք է, շատ կցանկանաի նույն մաղթանքից ինձ էլ, իսկ քարեղեն սիրտը ակնհայտ փաստ է: Վա՜յ, նրանց ովքեր չարը բարի կհամարեն:Եսայու վայերից չեմ ուզում ինձ էլ բաժին հասնի: Արդարությունը չասելն էլ է մեղք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter