HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012-ը վերջին 17 տարում վատագույնն էր աշխարհի լրագրողների համար

2012 թվականը վատագույնն է եղել աշխարհի լրագրողների համար վերջին 17 տարում` 1995թ.-ից ի վեր, երբ «Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը սկսեց հրապարակել իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով սպանված, բանտարկված կամ այլ բռնությունների ենթարկված լրագրողների վերաբերյալ ամենամյա զեկույցները:

2012թ. աշխարհում սպանվել է 88 լրագրող, ձերբակալվել 879 լրագրող, սպառնալիք ստացել կամ ֆիզիկական հարձակման ենթարկվել 1993 լրագրող, առևանգվել է 38 լրագրող, իր երկիրը ստիպված է եղել լքել 73 լրագրող, սպանվել է լրատվամիջոցների 6 աշխատակից, սոցիալական ցանցերում ակտիվորեն լուրեր տարածող 47 մարդ, ձերբակալվել 144 բլոգեր և սոցիալական ցանցերում ակտիվորեն լուրեր տարածող մարդ:

Լրագրողների անվտանգության տեսանկյունից 2012թ. վատագույն տարածաշրջաններն էին Միջին Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան (26 սպանված լրագրող), Ասիան (24 սպանված լրագրող) և Ենթասահարային Աֆրիկան (21 սպանված լրագրող): Միայն արևմտյան կիսագունդն է, որ գրանցել է լրագրողների սպանությունների ցուցանիշի նվազում:

88 լրագրողի սպանությունը վատագույն ցուցանիշն է 1995 թ.-ից ի վեր և 33 տոկոսով ավելի է, քան 2011-ին գրանցված ցուցանիշը. 2011-ին սպանվել էր 67 լրագրող: 2010-ին իր մասնագիտական պարտականությունները կատարելու հետևանքով սպանվել է 58 լրագրող, 2009-ին` 75: Նախորդ «ռեկորդը» 2007-ին էր, երբ սպանվեց 87 լրագրող: 2012-ին 88 լրագրող զոհվել է պատերազմներ, ռմբակոծություններ լուսաբանելիս, սպանվել է կազմակերպված հանցավորությանն (այդ թվում նաև թմրամիջոցների թրաֆիքինգին) առնչվող հանցախմբերի, ծայրահեղ իսլամիստների կողմից կամ կոռումպացված պաշտոնյաների պատվերով:

«2012-ին սպանված լրագրողների աննախադեպ թվի պատճառը հիմնականում պատերազմն է Սիրիայում, քաոսը Սոմալիում և թալիբների բռնությունները Պակիստանում: Այս բռնությունների շարունակակությունը խրախուսում են նրանք, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների, մասնավորապես տեղեկատվության ազատության իրավունքի ոտնահարման համար, բայց վայելում են անպատժելիություն»,- նշում է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գլխավոր քարտուղար Կրիստոֆ Դելուարը:

Չնայած ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 2006 թ. ընդունեց բանաձև, որը շեշտում է վտանգավոր վայրերում լրագրողներին պաշտպանելու անհրաժեշտությունը` լրագրողների նկատմամբ բռնությունները և ի վերջո նաև սպանությունները շարունակում են մնալ արտահայտվելու ազատությանն ուղղված մեծագույն սպառնալիքներից:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` լրագրողների համար 5 մահացու երկրները հետևյալներն են.

Սիրիա. գերեզման լուրեր հաղորդողների համար: 2012-ին Սիրիայում սպանվել է առնվազն 17 լրագրող, լրատվամիջոցներին լուրեր հաղորդող 44 ակտիվիստ և լրատվամիջոցների 4 աշխատակից:

Սոմալի. սև տարի Սոմալիի համար: 2012-ին այս աֆրիկյան երկրում սպանվել է 18 լրագրող:

Պակիստան. այս երկրում ամիսը մեկ լրագրող է սպանվում: 2012-ին Պակիստանում սպանվել է 10 լրագրող և լրատվամիջոցի 1 աշխատակից: Պակիստանն ականապատ դաշտ է լրատվամիջոցների համար` հիմնականում թալիբների բռնությունների պատճառով:

Մեքսիկա. լրագրողները դառնում են կազմակերպված հանցավորության թիրախ: 2012-ին Մեքսիկայում սպանվել է 6 լրագրող:

Բրազիլիա. մարդկանց աչքից հեռու: Այս երկրում 2012-ին սպանվել է 5 լրագրող:

Աշխարհում երբեք այսքան շատ լրագրողներ չեն բանտարկվել, որքան 2012-ին: Ներկայում իր աշխատանքի հետևանքով բանտում է 193 լրագրող: Լուրեր ու տեղեկություններ տարածելու հետևանքով կալանավորված է սոցիալական ցանցերում ակտիվ գործող առնվազն 130 մարդ:

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության` աշխարհում լրագրողների համար 5 ամենամեծ բանտերն են հետևյալ երկրները.

Թուրքիա. աշխարհի ամենամեծ բանտը լրագրողների համար: Այս երկրում ձերբակալված են առնվազն 42 լրագրող և լրատվամիջոցի 4 աշխատակից:

Չինաստան. առաջընթացի բացակայություն: Այս երկրի բանտերում է 30 լրագրող և սոցիալական ցանցերում ակտիվ գործող 69 մարդ:

Էրիթրեա. դժոխային բանտ: Էրիթրեայում բանտարկված է առնվազն 28 լրագրող:

Իրան. դաժան անհանդուրժողականություն: Իրանի բանտերում են 26 լրագրող և
սոցիալական ցանցերում ակտիվ գործող 17 մարդ:

Սիրիա. սիրիական բանտախցեր: Սիրիայում անազատության մեջ է առնվազն 21 լրագրող և սոցիալական ցանցերում ակտիվ գործող 18 մարդ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter