HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրթահամալիրի երեխաները ոչ մեկին չեն հավատում

«Ամեն ինչի հետ կարողանում եմ հաշտվել, բացի մի բանից. ինձ թվում է, թե գաղութում եմ, ազատություն եմ ուզում: Նեղվում եմ, երբ դրսում ասում են. «էս էն գաղութի էրեխեքից է»,- ասում է 18-ամյա Գ-ն: Ազատության ձգտումը միավորում է Վարդաշենի կրթահամալիրի բոլոր երեխաներին: Երազում են ազատ լինել, ամեն օր փախչելու միջոցներ են որոնում: Չեն դիմանում պատերի ներսում: Իրենց միայնակ, լքված են զգում: Սառած աչքերով նայում են լուսամուտից դուրս, լցվում նախանձով ու վրեժխնդրությամբ: «Ինչի՞ պիտի իմ տարիքի էրեխեքը ազատ լինեն, իսկ ես` ոչ: Ախր փոքր էլ չեմ»,-շարունակում է Գ-ն:

Մարդիկ այս հաստատության երեխաներին համարում են հանցագործ, վտանգավոր, անբարո: «Վարդաշենի երեխաները հիմնականում միակողմանի ծնողազուրկ, դատապարտված, ամուսնալուծված, մի քանի անգամ ամուսնացած ծնողների երեխաներ են: Գուցե հենց դրանից է, որ դրսում նման կարծիք ունեն նրանց մասին»,- ասում է տնօրենը: Վարդաշենի հատուկ կրթահամալիրը 43 տարվա պատմություն ունի: Սկզբում 14-18 տարեկան տղաների համար նախատեսված հատուկ ուսումնարան էր, ուր ուղարկվում էին փոքր զանցանքներ գործած տղաները: Կրթահամալիրում գտնվելը չէր համարվում ազատազրկում, բայց շատերի գիտակցության մեջ այն մտել է որպես «գաղութ», իսկ այնտեղ անցկացված ժամանակն էլ որակել են «ռեժիմի տարիներ»: 1996թ. ուսումնարանը դարձել է հանրապետական հատուկ կրթահամալիր: Մեր առաջին այցելությունների ժամանակ կրթահամալիրի սաները քչախոս էին: Երկամսյա հանդիպումներից հետո նրանք ավելի շփվող դարձան: Սաների պատմելով` իրենց հաճախ են ծեծում: Դաստիարակի գոռգոռոցը, հրմշտոցն ու ապտակը սովորական բան է: Պատմում են, թե ինչպես դաստիարակներից մեկը 10-12 տարեկան աղջկա գլուխը խփել է պահարանին: «Կրթահամալիրում երեխաներին այլեւս չեն ծեծում: Բայց պատահում են դեպքեր, երբ դաստիարակներն, ափերից դուրս գալով, ապտակում են: Նրանց էլ մեղադրելու չէ, հազար ու մի հոգս ունեն: Չհաշվենք, որ շատ երեխաներ ամեն չափ ու սահման անցնում են»,- ասում է կրթահամալիրի տնօրեն Լարիսա Սարգսյանը: Կրթահամալիրի կանոնադրությամբ` հաստատությունը վարքի շեղում ունեցող անչափահասների համար է: Բայց տնօրենը կարծում է, որ կրթահամալիրը ոչ թե վարքի շեղում ունեցող, այլ դժվար իրավիճակում հայտնված երեխաների համար է: Վերջերս, սակայն, Գյումրիից կրթահամալիր էին ուղարկել պայմանական ազատության մեջ գտնվող մի տղայի: Եվ նման դեպքը եզակի չէ:

«Բժիշկներ առանց սահմանի»-ն Վարդաշենում

1997 թվականից կրթահամալիրը համագործակցում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանի» (ԲԱՍ) կազմակերպության հետ: Լ.Սարգսյանի ասելով` սկզբնական շրջանում ԲԱՍ-ը ձգտում էր ոչ թե բարելավել, այլ փակել հաստատությունը: Բայց կազմակերպության հետագա նորամուծությունների շնորհիվ հաստատությունը դարձավ ավելի բաց: Կրթահամալիրում ստեղծվեցին հոգեբանական, բժշկական, սոցիալական, իրավաբանական ծառայություններ: Սոցաշխատողները փորձում են պարզել երեխաների ընտանեկան վիճակը: Հանդիպում են ծնողներին, համոզում հնարավորության դեպքում հետ տանել երեխաներին: «Մենք բացատրում ենք ծնողներին, թե ինչ իրավիճակում են իրենց երեխաները, ինչպես վարվեն, որ ճիշտ լինի»,- ասում է ԲԱՍ-ի սոցաշխատող Ռիմա Հարությունյանը: ԲԱՍ-ի ու կրթահամալիրի սոցաշխատողների հետ մեկնեցինք Գյումրի` հանդիպելու մի քանի ընտանիքների: Ծնողներին կամ խնամակալներին դնում էին երկընտրանքի առջեւ. երեխային կամ ձեզ մոտ պահեք, կամ պիտի ենթարկվի կրթահամալիրի կարգ ու կանոնին: ԲԱՍ-ի աշխատակիցները մեզ թույլ չտվեցին մասնակցել հաջորդ այցելություններին: Իրավաբանական ծառայությունը մասամբ է գործում: Հիմնականում չեն պաշտպանվում երեխաների գույքային իրավունքները: «Ես ինչպե՞ս կարող եմ ծնողին պարտադրել, որ վաճառի տունն ու բաժին տա իր երեխային: Մանավանդ, երբ այդ ընտանիքները ծանր պայմաններում են ապրում»,- ասում է ԲԱՍ-ի իրավաբան Աշոտ Հակոբյանը: Այս ծառայության շնորհիվ դատարանը երբեմն մեղմում է դատապարտված երեխաների վճիռը: Վերջերս գողության համար ձերբակալել էին կրթահամալիրի աղջիկներից մեկին: ԲԱՍ-ի իրավաբանի ջանքերով նրան 2 տարվա փոխարեն ազատազրկեցին մի քանի ամսով: Ըստ Ա.Հակոբյանի վերջին մի քանի տարիների ընթացքում կրթահամալիրում բռնաբարության դեպք չի եղել (տնօրենի ասելով` բռնաբարության 2 դեպք է եղել 1998-99թթ): Սակայն Էրեբունի համայնքի դատախազության մի աշխատակցից տեղեկացանք, որ բռնաբարության դեպքեր եղել են նաեւ վերջին 2 տարիներին:

Նման հաստատություններում հաճախ են վարակներ տարածվում: Ըստ տնօրենի` տարիներ առաջ հիվանդություններն ավելի հաճախակի էին, հիմնականում երեխաների անձնական հիգիենիկ պարագաների բացակայության պատճառով: ԲԱՍ-ի բժիշկ Գեղամ Կեդիկյանի հավաստմամբ` այսօր կրթահամալիրում սեռական հիվանդություններով վարակված երեխաներ չկան, իսկ պարբերական ստուգումներ չեն անցկացվում: «Փորձում ենք հարգել մարդու իրավունքները. ստուգումներ ենք անում իրենց կամքով: Անգամ անչափահասները սեռական կյանքի իրավունք ունեն: Մենք կարող ենք միայն խորհուրդ տալ»,- ասում է Գ.Կեդիկյանը: Սովորաբար ստուգվում են այն երեխաները, որոնք փախչում են կրթահամալիրից: Դրսում նրանք հաճախ են սեռական հարաբերություններ ունենում եւ սեռական վարակների հավանականությունը մեծանում է: Հաստատության շատ երեխաներ տառապում են գիշերամիզությամբ: Նրանց մեծ մասն այդ հիվանդությունը ձեռք է բերել կրթահամալիրում: Բժշկի ասելով` այս երեխաներն ունեն ֆունկցիոնալ խանգարումներ: Ավելի հավանական է, սակայն, որ ծեծը կամ վախն են պատճառ հանդիսացել: «Երբ եկանք, Վարդաշենում հիվանդ մթնոլորտ էր տիրում: Հարկավոր էր աշխատել անգամ աշխատակազմի հետ: Կարծում եմ` այսօր զգալի առաջընթաց կա»,- ասում է ԲԱՍ-ի հոգեբան Հասմիկ Հակոբջանյանը:

Ոչ մեկին չեմ վստահում

Վարդաշենի կրթահամալիրում գրեթե բոլոր երեխաները հոգեկան անկայուն վիճակում են: Աննշան դժվարությունն անգամ նրանց կյանքի վերջ է թվում: Երբեմն փորձում են ինքնասպան լինել` վնասելով երակները: «Այս երեխաները չեն ուզում սպանել իրենց: Նրանց հիմնական նպատակը մարդկանց ուշադրությունը գրավելն է»,-ասում է հոգեբան Հասմիկ Հակոբջանյանը:

Օրը սկսվում է սովորականի պես: Ամեն մեկն արթնանում է իր հոգսերով: Մեկը մտածում է, թե ինչ է ուտելու նախաճաշին, մյուսը` հիշում ծնողներին, կարոտում, մեկ ուրիշը` պլանավորում փախուստը: Դժկամորեն են գնում դասի: Ձանձրացած գալիս են դպրոցից, փորձում որեւէ կերպ հետաքրքիր դարձնել իրենց առօրյան: Հաճախում են տարբեր խմբակներ, պարբերաբար էքսկուրսիաների գնում: Հաճախ են լինում հոգեբանի սենյակում: Խոսում են իրենց խնդիրներից` հուսալով, որ կօգնեն: «Ինչի՞ պիտի ամեն առավոտ ծնողներիս փոխարեն ուրիշներին բարեւեմ, ինչի՞ եմ ապրում ճաղերի հետեւում, ինչի՞ պիտի տեղի-անտեղի կռվեմ քրոջս հետ». սրանք հարցեր են, որոնց պատասխանները դժվար թե կարողանա որեւէ մեկը տալ: Ոմանք որոշ ժամանակ լուռ նստում են, կամ էլ խզբզում ինչ-որ պատկեր ու հեռանում: Բոլորը չէ, որ վստահում են հոգեբաններին: Կան երեխաներ, որ այլեւս չեն գնում հոգեբանի սենյակ: «Ես գիտեմ, որ ինչ պատմում եմ հոգեբանիս, տնօրենը իմանում է: Էլ ոչ մեկին չեմ հավատում, չեմ վստահում: Ոչինչ չեմ պատմում»,- ասում է Դ.-ն: Երեխաներից մի քանիսը պատռել են իրենց օրագրերը: «Օրագիր ինչի՞ պահեմ, անտեղի փորձանք է: Կվերցնեն, կկարդան: Մեր դաստիարակներից մեկն էլ էր ասում, որ չպահեմ»,- ասում է Գ-ն:

Ազատության ձգտումը միավորում է անգամ իրարից խռով երեխաներին: Հավաքվում են, որոշում, թե ինչպես պիտի փախչեն: Պահակին եւ դաստիարակին խաբում են, դուրս պրծնում շենքից: Հաճախ փախչում են գիշերը: Սավանները կապում են, պատուհանից իջնում ցած: Թափառում են փողոցներում, այգիներում, գիշերում որտեղ պատահի: Աղջիկները սովորաբար նոր ծանոթություններ են ձեռք բերում, որոնք հաճախ դառնում են ճակատագրական: Այս երեխաները սեռական հարաբերություններ են ունենում դրսի իրենց ընկերների հետ: Նման հարաբերությունները սկզբում սովորույթ են դառնում, հետո` պահանջ, հետեւաբար փախուստն էլ` անհրաժեշտություն: Տնօրենի ասելով` վերջին մի քանի տարվա ընթացքում անչափահասների հղիության ընդհատման 2 դեպք է եղել: Ավելի հաճախ փախչում են տղաները. նրանց հիմնական զբաղմունքը մանր-մունր գողություններն են: Սեռական հարաբերութուններ են ունենում էժանագին մարմնավաճառների հետ: Ազատության մեջ երեխաները դառնում են սեռական հիվանդությունների պոտենցիալ վարակակիրներ: Ըստ տնօրենի` խոշոր գողություններ չեն լինում: Վերջերս, սակայն, աղջիկներից մեկը փախել էր ու բավական մեծ գումար գողացել տանից: Չունենալով հիմնական ապաստան` որոշ ժամանակ անց (մի քանի օրից մինչեւ 1 տարի) փախչողները վերադառնում են Վարդաշեն: Երեխաներին կրթահամալիր հետ են բերում նաեւ ոստիկանության միջոցով: Փախուստի մեջ գտնվողները երբեմն հայտնվում են դատարաններում: Մի քանի ամիս առաջ կրթահամալիրի աղջիկներից մեկին ազատազրկեցին` գողության մասնակից լինելու մեղադրանքով: Կրթահամալիրում պատժամիջոցներից մեկն էլ ծեծն է: Փախուստի համար պատժվում են` զրկվելով միջոցառումներից, էքսկուրսիաներից:

Նրանց ճակատագիրը

«Մի քանի օր ա` մամայիս եմ տեսնում երազիս, շատ եմ կարոտել, երեւի դրանից է: Չնայած` գոնե սենց եմ կարոտս առնում»,- ասում է Մ.-ն: Նա երկու տարի է` քրոջ հետ ապրում է Վարդաշենի կրթհամալիրում (Մ.-ն 17 տարեկան է, քույրը` 15տ): Փոքր են եղել, երբ նրանց հորն ազատազրկել են: Մայրը երեխաներին թողել է ամուսնու ծնողների մոտ ու նոր ընտանիք կազմել: Հայրն էլ, դուրս գալով բանտից, մեկնել է Ռուսաստան: Երեխաներին մեծացրել են տատն ու պապը: Այլեւս չկարողանալով հոգալ թոռների կարիքները, լինելով ծայրահեղ աղքատության մեջ` ուղարկել են կրթահամալիր: «Էլ չէի կարող պահել նրանց, մեծացել էին, արդեն չէին ենթարկվում: Ասացի` այնպիսի տեղ ուղարկեմ, որ ապահով լինի, իմանամ, որ հսկողության, խնամքի տակ են, օտար տղաների հետ չեն շփվի, սոված չեն մնա»,- ասում է երեխաների տատը: Այսօր երեխաները Վարդաշենի կրթահամալիրում են: Ինչ-որ չափով հոգում են նրանց կարիքները, սոված չեն: Բայց դժվար է ասել, թե հսկողության տակ են: Գրեթե ամեն շաբաթ փախչում են, հանդիպում իրենց փողոցի ընկերներին, գիշերում տարբեր տղաների հետ: Անգամ երբ կրթահամալիրի սոցաշխատողները նրանց տանում են տուն, կրկին փախչում են: Բայց միայն այս քույրերը չեն, որ նման կյանքով են ապրում: Կրթահամալիրում դժվար թե գտնվի մի երեխա, ով չի փախչել հաստատությունից ու չի գիշերել դրսում: Աղջիկներից ոմանք դառնում են մարմնավաճառներ: Նրանցից մեկը, օրինակ, մարմնավաճառ է դարձել փախուստից հետո: Երեխաները պատմում են, որ հաստատությունում կա մի աղջիկ, որին մայրն է ստիպողաբար մարմնավաճառ դարձրել. դստեր համար հագուստ, տարբեր պարագաներ է բերում, հետո էլ ստիպում «վարձահատույց լինել» օտար տղամարդկանց: Կան աղջիկներ, որոնց կյանքը փոխվել է հենց ընտանիքում: Բռնաբարվել են, ծեծվել, անտեսվել ու ինքնաբերաբար մեկուսացել հասարակությունից: Լ-ն ապրել է Երեւանում եղբոր հետ: «Տնից գնացի, որովհետեւ վատ էր վարվում հետս»,- ասում է նա: Նրա ընկերուհիները պատմում են, որ եղբայրը բռնաբարել է Լ.-ին, եւ դրա համար էլ վերջինս հեռացել է տանից: Սկսել է զբաղվել մարմնավաճառությամբ: Հետո եկել է Վարդաշեն: Որոշ ժամանակ անց փախել է նաեւ այստեղից, շարունակել իր գործը: Վերադարձել է կրթահամալիր մեկ տարի հետո միայն:

Գ.-ն 18 տարեկան է: Մոր մահից հետո Գ.-ի հաշմանդամ հայրը նորից ամուսնացել է: Խորթ մայրը խաղացել է իր «ավանդական» դերը հոր եւ երեխաների հարբերություններում: Տարբեր պատմություններ է «սարքել», որոնց պատճառով հայրը պարբերաբար ծեծել է երեխաներին: Սոցիոլոգներից մեկը պատմում է, որ Գ.-ն մորեղբոր կնոջ հետ շատ է թափառել փողոցներում եւ չի բացառվում, որ զբաղվել է մարմնավաճառությամբ: Այլեւս չուզենալով ապրել հոր ու խորթ մոր հետ` գնացել է Վարդաշենի կրթահամալիր: «Անկախ ամեն ինչից պապայիս շատ եմ սիրում, նույնիսկ իրա ծեծն եմ կարոտել: Բայց չեմ էլ ուզում տուն գնալ: Վախենում եմ, որ նորից կծեծի: Չէ՜, ես չեմ կարա ապրեմ նոր մամայի հետ»,-ասում է Գ.-ն: Հիմա Գ.-ն ապրում է Մասիսի հանրակացարաններից մեկում (քանի որ չափահաս է, չէր կարող մնալ կրթահամալիրում): Աշխատում է, փորձում հարմարվել ինքնուրույն կյանքին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter