HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացիական հասարակության մասին

Արթուր Գրիգորյան

Հայաստանում այժմ ընթանում է քաղաքացիական նախաձեռնությունների համախմբման, սկզբունքների և վարքագծի կանոնների մշակման մի բարձրարժեք գործընթաց, որը հավակնում է ձևավորել իրապես բաց, իրավունքի գերակայության և սահմանադրականության սկզբունքների վրա հիմնված քաղաքացիական հասարակություն: Այս փուլում շատ կարևոր է գործընթացը դնել իրական քաղաքացիական հիմքերի վրա, ձևակերպել արժեքներն ու հետևել դրանց կենսագործմանը: Այս գործընթացի յուրաքանչյուր անդամ պետք է գիտակցի, որ ինքը մարմնացումն է իրավական պետության և, ինչպես ասված է, պետք է ձգտի լինել այն փոփոխությունը, որն ուզում է տեսնել իր շուրջը: Քաղաքացիական հասարակության հիմքում ընկած ոչ բռնի պայքարի սկզբունքը, բազմակարծությունն ու ցանկացած խտրականության մերժումը մոդայիկ բառեր չեն, ու շաբլոնի պես չի կարելի օգտագործել: Դրանք արժեքավոր քաղաքացիական գործընթացների առանցքն են, որոնք պետք է իմաստավորել ամենօրյա կենսակերպով:

Մի առիթով խոսել եմ այն մասին, որ Հայաստանի այսօրվա հասարակական-քաղաքական գործընթացներում «քաղաքացիական հասարակություն» եզրույթի ձևակերպման համար խորը վերլուծություններ չեն արվում: Հոդվածում փորձել էի զատել պետական կառավարման և բիզնես միջավայրը քաղաքացիական հասարակությունից, բայց դա կարծես բավարար չէ՝ անհրաժեշտ է նաև վերլուծել դրա արժեհամակարգային և իրավական այլ բնութագրիչները: Սուբյեկտիվ վերլուծությունից խուսափելու համար կփորձեմ դիրքորոշումս հիմնավորել քաղաքացիական հասարակության էության և իմաստի վերաբերյալ իրավաբանական գիտական դոկտրինի կողմից մշակված տեսական հիմքերի վրա: Դրա համար նախ անդրադառնամ քաղաքացիական հասարակության գոյությունը պայմանավորող որոշ հասկացություններին, ինչպիսիք են իրավունքի գերակայության, անմիջական ժողովրդավարության, քաղաքացիական անհնազանդության իրավունքին՝ հիմնվելով Հայաստանում այսօր ամենակայացած խմբերից մեկի՝ «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» հրապարակած Մանիֆեստում տեղ գտած ձևակերպումների վրա:

Իրավունքի գերակայության մասին

Եթե մի կողմ թողնենք կրոնական հենքի վրա ձևավորված իրավունքի ճյուղերը, աշխարհում կա երկու հիմնական իրավական ընտանիք՝ Ընդհանուր իրավունքը (կամ նախադեպային իրավունք) և Մայրցամաքային իրավունք: Առաջինի հիմնական հատկանիշն այն է, որ իրավունքը ստեղծվում է կոնկրետ գործի քննության ընթացքում՝ հիմնվելով արդարության համընդհանուր չափորոշիչների վրա, որը հետագայում դառնում է նախադեպ համանման գործերի քննության ընթացքում կիրառելու համար: Իսկ Մայրցամաքային իրավունքում, որի մաս է կազմում նաև Հայաստանի իրավական համակարգը, իրավունքը ձևակերպված է գրված օրենքի միջոցով:

Հայաստանի պես երկրներում, որտեղ իշխանությունը սերտաճած է բիզնեսի հետ, ընդունվող օրենքները շատ հաճախ բխում են ոչ թե մարդու իրավունքները և օրինական շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից, ինչը հենց օրենքի հիմնական գործառույթն է, այլ սպասարկում են այդ օրենքն ընդունող պաշտոնյաների բիզնես շահերը, միտված են նրանց անձնական բիզնեսը ծաղկեցնելուն և հակասում են պետության և ժողովրդի ազգային շահերին, յուրացնում են հանրային ունեցվածքը: Այդպիսիք են, օրինակ՝ ընդերքօգտագործման կամ հանրային գերակա շահի վերաբերյալ ընդունված օրենքները: Այդօրինակ օրենքներով օրինականացնում են Հայաստանում առկա համակարգային կոռուպցիան և մարդու շահագործումն ու ունեզրկումը: Այլ կերպ ասած՝ ընդունվում են հակաիրավական օրենքներ:

Ահա այստեղ է, որ հատկապես հանրային շահերը պաշտպանելու համար առաջ է գալիս իրավունքի գերակայության սկզբունքը՝ որպես իրավական մեխանիզմ հակաիրավական և անարդարացի օրենքների դեմ և դրանցից բխող հետևանքների դեմ պայքարելու համար: Այս սկզբունքն ամրագրված է Հայաստանի Սահմանադրությամբ և հստակեցված է սահմանադրական դատարանի մի քանի որոշումներով՝ դառնալով հզոր զենք վարչարարական անօրինականությունների և բռնությանը արդյունավետ և իրավաբանորեն անխոցելի հակազդեցություն ցուցաբերելու համար: Ամբողջ սահմանադրաիրավական համակարգը խարսխված է իրավունքի գերակայության սկզբունքի վրա:

Հայաստանյան իրականության մեջ իրավունքի գերակայության սկզբունքն ունի երկու հիմնական դրսևորում: Առաջին դրսևորումն այն է, որ օրենսդիրը չի կարող ընդունել Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներին չհամապատասխանող օրենքներ: Սահմանադրությունն ուղիղ տեքստով ամրագրում է մարդու բնական իրավունքներն ու ազատությունները որպես բարձրագույն արժեք: Պետությունը կաշկանդված է մարդու հիմնարար իրավունքներով որպես անմիջականորեն գործող իրավունք, իսկ օրենսդիրը պարտավորվում է ընդունել Սահմանադրությամբ ամրագրված մարդու հիմնարար իրավունքներին համահունչ՝ «իրավական օրենքներ»: Հակառակ դեպքում առաջ է գալիս նույն Սահմանադրության իմաստով թույլատրելի՝ քաղաքացիական անհնազանդության իրավունքը, որի իրավական ասպեկտներին կանդրադառնամ հաջորդիվ:

Իրավունքի գերակայության սկզբունքի երկրորդ դրսևորման համաձայն, օրենքով սահմանված իրավունքները և ազատությունները չեն բացառում միջազգային պայմանագրերով սահմանված այլ իրավունքներ և ազատություններ: Այսինքն, յուրաքանչյուր ոք ունի նաև այնպիսի իրավունքներ, որոնք թեև ուղղակիորեն նախատեսված չեն օրենքներով, սակայն հանդիսանում են Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների տրամաբանական շարունակությունը: Այլ կերպ ասած՝ եթե Օրհուսի կոնվենցիայով սահմանված է, որ հասարակական կազմակերպություններն ունեն դատական կարգով կառավարության որոշումները վիճարկելու իրավունք, սակայն ներպետական օրենսդրությունը նման իրավունք չի նախատեսում, ապա Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայության ուժով հանրությունը կարող է չենթարկվել այդ օրենքին և ստեղծել իր սեփական դատարանը, կայացնել որոշումներ և դրանք ի կատար ածել, ինչպես դա եղավ Մաշտոցի պուրակում:

Անմիջական ժողովրդավարության մասին

Անմիջական ժողովրդաիշխանության ձևերն են` հանրաքվեն, ընտրությունները, ժողովրդական նախաձեռնությունը, ընտրված ներկայացուցիչներին հետ կանչելը, ժողովրդական հարցումը, ժողովրդական քննարկումը, անհնազանդության իրավունքը: Սահմանադրությունը դրանցից ուղղակիորեն վկայակոչում է հանրաքվեն և ընտրությունները: Սակայն, դա չի նշանակում, որ ժողովրդաիշխանության մնացած ձևերի իրավունքը հանրությունն ինքն իրեն չի վերապահել: Ժողովուրդն իրավազոր է կատարելու այն ամենը, ինչն ուղղակիորեն չի արգելված Սահմանադրությամբ:

Անմիջական ժողովրդավարության ինստիտուտի իրագործման անհրաժեշտությունն առաջանում է հատկապես այն պարագայում, երբ չի գործում ներկայացուցչական ժողովրդավարության մոդելը: Մասնավորապես, երբ բոլոր տեսակի ընտրությունները պարբերաբար կեղծելու հետևանքով իշխանությունը չի հանդիսանում ժողովրդի ներկայացուցիչը: Հետևապես, քանի որ իշխանության վերարտադրությունը պայմանավորված չէ հանրության կողմից ընտրված լինելու հանգամանքով, վարչական մարմինները շահագրգռված չեն գործելու ի շահ հանրության, ընդունելու իրավական օրենքներ, ապահովել սոցիալական արդարություն: Այսպիսի պայմաններում հանրությունը, Սահմանադրության ուժով, իրավունք ունի դիմելու իր իրավունքների ինքնապաշտպանության՝ իրեն պատկանող իշխանության անմիջական կիրառմամբ:

Բերեմ կոնկրետ օրինակ. Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը հասարակության անդամների համար լայն իրավունքներ է սահմանում՝ շրջակա միջավայրին առնչվող որոշումների կայացմանը մասնակցելու, իր էկոլոգիական իրավունքները դատական կարգով պաշտպանելու հարցերում: Հայաստանի նախագահը, արտաքին գործերի նախարարը, կառավարությունը իրենց իրավասություններից բխող անմիջական պարտավորություն ունեն ապահովելու Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացումը: Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշման համաձայն Թեղուտի հանքավայրի շահագործման թույլտվություն տրամադրելիս խախտվել են Կոնվենցիայի մի շարք դրույթներ: Այդ որոշումը Սահմանադրության իմաստով ենթակա է պարտադիր կատարման, որը պետք է ապահովեն վերոհիշատակյալ սուբյեկտները: Եթե վերջիններս, որպես ժողովրդի ներկայացուցիչներ, չեն իրականացնում Կոմիտեի որոշումը, ապա հասարակությունն իրավունքն ունի անմիջական ժողովրդավարության սահմանադրական սկզբունքի հիման վրա ինքնուրույն իրականացնելու Օրհուսի կոմիտեի՝ պարտադիր կատարման ենթակա որոշումը և սեփական ուժերով դադարեցնելու Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը:

Քաղաքացիական անհնազանդության մասին

Իրավաբանական դոկտրինում ընդունված դիրքորոշման համաձայն, իրավական է բնութագրվում այն պետությունը, որի ամբողջ գործունեությունը խարսխված է իրավունքի վրա, և որի գլխավոր նպատակը մարդու և քաղաքացու իրավունքների ապահովումն ու երաշխավորված պաշտպանությունն է։

Վերջերս Հայաստանի սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ» աշխատությունը, որի խմբագրական կազմում ընդգրկված է հայաստանյան արդի իրավաբանական մտքի գրեթե ողջ սերուցքը: Մեջբերում եմ քաղաքացիական անհնազանդության սահմանադրական իրավունքի վերաբերյալ վերլուծությունից մեկ հատված՝ «ճնշմանը և բռնապետությանը դիմադրելը ժողովրդին պատկանող իրավունքն է, որ կարող է արտահայտվել իշխանությունների ապօրինի ակտերին և գործողություններին դիմադրելով: Դիմադրության արդի և նպատակահարմար ձևը քաղաքացիական անհնազանդությունն է: Քաղաքացիական անհնազանդությունը դիմադրության ոչ բռնի, խաղաղ եղանակն է, երբ ժողովուրդը դեմ է արտահայտվում իշխանությունների քաղաքականությանը հանրային հավաքների, ճանապարհների շրջափակման, քարոզչական թերթիկների տարածման, գործադուլների անցկացման, իշխանությունների հետ համագործակցելուց հրաժարվելու միջոցով»:

Սահմանադրությունը հասարակությանը տալիս է արդյունավետ պայքարի անսամանափակ զինանոց անելու այն ամենն ինչ արգելված չէ օրենքով՝ ներառյալ չհնազանդվել ոչ իրավաչափ պահանջներին, որը կարող է իրականացվել միայն ԱՌԱՆՑ ԲՌՆՈՒԹՅԱՆ: Պայքարի ոչ բռնի եղանակը քաղաքացիական դիմադրության անկյունաքարն է: Դուրս գալով ոչ բռնի պայքարի շրջանակից, դու զրկվում ես Սահմանադրությամբ նախատեսված իրավական բազան օգտագործելու հնարավորությունից՝ մտնելով բռնի ուժի կիրառման տիրույթ և ընդունելով այն խաղի կանոնները, որում դու ի սկզբանե պարտված ես: Յուրաքանչյուրն ունի ընտրություն, թե ինչ եղանակով պայքարի Հայաստանում ձևավորված կործանարար ռեժիմի դեմ, բայց քաղաքացիական հասարակության անունից խոսելիս պետք է հասկանա, որ «քաղաքացիական հասարակություն» և «բռնություն» եզրույթները անգամ ծայրահեղ իրավիճակներում անհամատեղելի են:

Սահմանադրության մասին

Հայաստանի Սահմանադրությունը մարդու իրավունքների ամենալայն ընդգրկման առումով լավագույններից է աշխարհում: Սահմանադրությամբ իրավաբանորեն ամրագրված, ապա նաև իրավաբանական դոկտրինով հստակեցված են իրավունքի գերակայության, անմիջական ժողովրդավարության և քաղաքացիական անհնազանդության իրավունքները: Սահմանադրությունը գիտակից հասարակության համար մի անփոխարինելի գործիք է չհնազանդվելու պետական իշխանության ֆորմալ որոշումներին և հրահանգներին, եթե հասարակության այս կամ այն խումբը կարողանում է իրավաբանորեն գրագետ, փաստարկված կերպով հիմնավորել, որ դրանք չեն համապատասխանում իրավունքի գերակայության սկզբունքին, խախտում են հանրության կամ մարդու սահմանադրական իրավունքները:

Սահմանադրությունը պետության համար ունի հիմնադիր գերակայող նշանակություն: Սահմանադրություն և պետություն փոխհարաբերություններում պետությունն ունի երկրորդային բնույթ: Այս փաստաթուղթը դուրս է հանրային իշխանությունների (օրենսդիր, գործադիր և դատական) իրավազորությունից: Սահմանադրությամբ խելամտորեն և հետևողականորեն պաշտպանվելու դեպքում բռնության գործիքներն անզոր են և կարող են վարչակարգի շահերը պաշտպանել միայն ժամանակավորապես: Սահմանադրականությունն ընկած է Հայաստանի նորագույն պատմության ընթացքում ծավալված բոլոր հասարակական և քաղաքական գործընթացների, այդ թվում Մաշտոցի պուրակի քաղաքացիական դիմադրության առանցքում՝ համենայն դեպս պուրակի պայքարի նախնական՝ գաղափարական փուլում:

Սակայն Սահմանադրության լոկ գոյությունը ինքնին բավարար չէ դրանում ամրագրված դրույթների ուժը և արժեքը գնահատելու համար, անհրաժեշտ է նաեւ, որպեսզի սահմանադրական նորմերը կյանքի կոչվեն՝ հասարակական պրոցեսները հիմնավորելով սահմանադրական իրավունքներով՝ ձևավորելով հասարակության սահմանադրական մշակույթի իրական որակներ, այն դարձնելով ազգային մշակույթի օրգանական բաղադրատարրը:

Քաղաքականի և քաղաքացիականի մասին

Քաղաքացիական նախաձեռնությունների հիմնական նվաճումներից մեկն այն է, որ քաղաքացիական պայքարի գործընթացում ձևավորվեց քաղաքական մտածելակերպ և քաղաքական հասունություն հասկանալու, որ Հայաստանում ընթացող բոլոր գործընթացները քաղաքական են: Այն ամենը, ինչը չի կարգավորվում իրավական ճանապարհով, իքնաբերաբար քաաքականացվում է: Իսկ մեր երկրում նույնիսկ չորս հատ մանր կրպակի հարց լուծվում է ամենաբարձր քաղաքական միջամտությամբ: Հետևապես, Հայաստանում քաղաքացիական հասարակության պայքարը՝ ուղղված իր իրավունքների պաշտպանությանը, ևս քաղաքական է:

Այստեղ, սակայն, պետք է քաղաքացիական հասարակության կողմից իրավունքների պաշտպանության և համընդհանուր բարօրության համար մղվող քաղաքական պայքարը տարբերել վարչական լծակներ ձեռք բերելու համար մի խումբ անձանց նույնպես քաղաքական պայքարից: Անգլերենում, օրինակ՝ օգտագործվում է երկու տերմին՝ “Policy” և “Politics”: Առաջինն օգտագործվում է «հայեցակարգ» իմաստով (տնտեսական քաղաքականություն, արտաքին քաղաքականություն և այլն), և միտված է ազդելու պետական քաղաքականության վրա՝ հանուն համընդհանուր բարեկեցության և իրավունքի պաշտպանության: Երկրորդը՝ կուսակցությունների և քաղաքական գործիչների պայքարն է վարչական լծակներ ձեռք բերելու համար, որը ոչ մի կերպ չի կարող նույնացվել քաղաքացիական հասարակության կողմից իրավունքների պաշտպանության համար մղվող պայքարի հետ:

Հասանք գլխավորին՝ ի՞նչ ասել է «քաղաքացիական հասարակություն»: Կրկին, իրավական դոկտրինում ընդունված ընդհանուր տեսակետի համաձայն, դա այն գիտակից հանրությունն է, որը դուրս է պետական ու բիզնես սեկտորներից և իր ակտիվ մասնակցությամբ հակակշռում և հավասարակշռում է պատական մեքենային: Գաղափարախոսական իմաստով վարչական լծակներ ձեռք բերելու համար մղվող քաղաքական-կուսակցական պայքարը դուրս է քաղաքացիական հասարակության նպատակների և խնդիրների տիրույթից, քանի որ իշխանությունն արդեն իսկ պատկանում է հասարակությանը: Մենք ենք իշխանության կրողը՝ սուվերենը և որոշում կայացնողները: Այլ բան է, որ գործնականում այս սկզբունքը խախտված է: Սակայն դա այլ քննարկման առարկա է:

Միևնույն ժամանակ «քաղաքացիական հասարակություն» եզրույթն ամփոփում է այն ամբողջ բազմակարծությունն ու բազմամշակութայնությունը, որը բնորոշ է հանրության տարբեր խմբերի: Հանրության տարբեր խմբերը կարող է համախմբվել միայն գաղափարների, նպատակների շուրջ և դրանց իրականացմանը հասնել իրենց ընկալումների և մոտեցումների շրջանակներում, ինչպես դա անում էին ազգայնականներն ու նույնասեռականները Մաշտոցի պուրակում կողք կողքի կանգնած: Նպատակը նույնն էր՝ օրինականության համար պայքարը: Քաղաքացիական հասարակության պայքարն ուղղված է համընդհանուրի իրավունքների պաշտպանությանը և ինքնադրսևորվում է արհմիությունների, հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական նախաձեռնությունների միջոցով: Հանրության յուրաքանչյուր ամփոփ խումբ կարող է ունենալ իր հայացքներն ու գաղափարախոսությունը՝ աշխատանքային իրավունքների կամ զինծառայողների իրավունքների պաշտպանություն, բնապահպանություն և այլն, բայց դրա հիմնական առաքելությունն ու էությունը ամբողջականանում է միայն համընդհանուր բարիքի՝ իրավունքի պաշտպանության, վարչական մեքենայի հավասարակշռման գաղափարի շուրջ. Վահե Ավետյանի դեպքում՝ հանուն արդարության, այլ դեպքերում՝ հանուն քաղբանտարկյալների ազատության, հանուն իր բնության և իր քաղաքի պաշտպանության:

Այսպիսով, քաղաքացիական հասարակության համար ուրվագծվում են երկու հիմնական բնորոշիչ գծեր՝ գաղափարական-մշակութային բազմակարծությունն ու բազմազանությունը մի կողմից և, լինելով իշխանության կրողը, իրավունքների պաշտպանության համար ապաքաղաքականացված պայքարը՝ մյուս կողմից: Չժխտելով իր նպատակների իրականացման համար քաղաքական ուժերի հետ համագործակցության հնարավորությունը՝ քաղաքացիական հասարակության մաս կազմող ակտիվը չի կարող քաղաքական պայքար մղել վարչական լծակներ ձեռք բերելու համար և չի կարող համախմբվել ինչ-որ քաղաքական միավորի շուրջ՝ դա հակասում է քաղաքացիական հասարակության բուն էությանը: Այս սկզբունքն ուղղակիորեն ամրագրված է «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության» Մանիֆեստում: Եթե հանրության որևէ խումբ ձգտում է ձեռք բերել վարչական լծակներ, դրանով այդ խումբը հավակնում է լինել պետական կառավարման մաս, որով էլ զրկվում է պետական մեքենային հավասարակշռելու՝ քաղաքացիական հասարակության հիմնական առաքելությունից: Միևնույն ժամանակ, քաղաքական պայքար մղելու համար պետք է ունենալ կոնկրետ գաղափարախոսություն՝ ազգայնական, ազատական, պահպանողական, ձախակողմյան և այլն, ինչը ևս չի արտացոլում «քաղաքացիական հասարակություն» եզրույթի ամբողջ բազմամշակութայնությունը:

Քաղաքացիական հասարակությունը կամ դրա ակտիվ հատվածը իրենից արժեք է ներկայացնում այնքանով, որքանով հանդիսանում է ինքնուրույն միավոր և ունի իր օրակարգը: Հասարակական ակտիվ խմբերում կարող են միավորվել բացարձակապես տարբեր քաղաքական հայացքներ և կողմնորոշումներ ունեցող մարդիկ: Ավելին, որքան այդ բազմազանությունը մեծ լինի, այնքան հասարակական ակտիվը կլինի ներկայացուցչական և հավասարակշռված: Սակայն կենսունակ լինելու և որպես ինքնուրույն միավոր հանդես գալու համար այն պետք է ունենա սեփական օրակարգ և ներքին կանոնակարգ: Բոլոր քաղաքական միավորները կարող են աջակցել, բայց երբեք չի կարելի մտնել նրանց օրակարգերի մեջ, քանի որ դրանով դու դառնում ես կոնկրետ գաղափարական ուղղվածություն ունեցող և պետական իշխանության ձգտող խմբի մասը՝ կորցնելով սեփական ինքնուրույնությունը:

Անշուշտ, ուժեղ քաղաքական ընդդիմությոնը կարևոր նախապայման է քաղաքացիական հասարակության արդյունաետության համար, և հանրությունը պետք է շահագրգռված լինի ունենալու այդպիսի ընդիմություն, սակայն դա չպետք է տեղի ունենա որպես ինքնուրույն միավոր ձևացորված քաղաքացիական նախաձեռնությունների սոցիալական բազայի հիման վրա: Հաշվի առնելով քաղաքացիական նախաձեռնություններում օբյեկտիվորեն առկա քաղաքական հայացքնեի տարբերությունը՝ որևէ քաղաքական թմին սպասարկելը ոչ միայն կջլատի նախաձեռնությունների ներուժը, այլև նրանց կնետի քաղաքական վայրիվերումների դաշտ՝ հարվածի տակ դնելով նախաձեռնությունների հեղինակությունն ու փոշիացնելով բոլորի կողմից ստեղծված սոցիալական կապիտալը:

Խտրականության բացառումը՝ որպես քաղաքացիական հասարակության բացարձակ ու անվերապահելի սկզբունք

Քաղաքացիական հասարակության առկայությունը ենթադրում է զարգացած պետաիրավական այնպիսի իրավիճակ, որում ընդունվում է անվերապահորեն բոլոր մարդկանց իրավունքների գերակայությունը՝ առանց որևէ խտրականության: Ցանկացած խտրականության բացառումը, բաց հանդուրժող հասարակությունը պետության զարգացման և պետականության կայացման թիվ մեկ նախապայմանն է: Փոխադարձաբար, միայն իրավական պետությունն է անհրաժեշտ պայմաններ ստեղծում քաղաքացիական հասարակության ձևավորման համար:

Հ.Գ. Յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է քաղաքացիական հասարակության մաս, հեշտությամբ կարող է պարզել՝ արդյո՞ք ինքն իսկապես այդպիսին է: Վերցնում եք Սահմանադրության 14.1 հոդվածը, որը վերաբերում է խտրականության բոլոր ձևերի արգելմանը, և փորձում եք պարզել՝ պատրա՞ստեք արդյոք դուք պաշտպանել այնտեղ նշված սոցիալական խմբերից յուրաքանչյուրի իրավունքները: Եթե գեթ մեկինը պատրաստ չեք պաշտպանել, ինքներդ ձեզ ջնջում եք քաղաքացիական հասարակություն շարքերից, քանի որ մեկ հոգու բացառելու պարագայում հաջորդ բացառությունը դուք եք լինելու: Օրինակ՝ քաչալ ես: Կամ, ասենք՝ գլխիդ բանդանա ես կապում: Կարևոր չէ, թե ինչու: Ինչ-որ մեկն այդպես ճիշտ կհամարի ու վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter