HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանն ազատ լրագրողների կարիք ունի

Ժան Մարկ Պիտ, 38 տարեկան, աշխատում է «Ֆրանս-3» Ազգային հեռուստաընկերությունում, որպես գլխավոր խմբագիր: Բանասիրական կրթություն ստանալուց հետո 2 տարի ուսանել է Փարիզի Ժուռնալիստների կենտրոնում, որտեղ ինչպես ինքն է ասում` «ինձ գրել են սովորեցրել»: Նրա համար սովորական բան է աշխարհի թեժ կետերում հրատապ ռեպորտաժներ պատրաստելը: Վերջին տարիներին, որպես խորհրդատու, համագործակցում է «Ինտերնյուսի» հետ, աշխատել է Մոսկվայում, Տաջիկիստանում, Ադրբեջանում, Վրաստանում: Սա նրա երրորդ այցելությունն է Հայաստան:

- Կարո՞ղ եք պատմել Ձեր մեթոդի մասին:

- Ես ռեպորտյոր եմ եւ երբեք չեմ զբաղվել այլ ժանրերով: Իհարկե, դա չի նշանակում, թե ես չեմ հետաքրքրվում մյուս ժանրերով, բայց մինչեւ հիմա միայն ռեպորտաժներ եմ պատրաստել: Երբ աշխատում էի ԱՄՆ-ում, սեպտեմբերի 11-ի տարելիցին նվիրված ռեպորտաժ պետք է անեի: Տեսել էի շատ ռեպորտաժներ, որտեղ մարդիկ խոսում էին հրշեջների, կատարած աշխատանքի, հերոսության եւ այլնի մասին: Կարծեք թե բոլոր թեմաների մասին արդեն խոսվել էր: Ապավինելով ժուռնալիստի իմ հոտառությանը` որոշեցի ուրիշ թեմա գտնել եւ իմ ռեպորտաժում պատմեցի այն մարդկանց մասին, որոնք ահաբեչության հետեւանքով կորցրել են իրենց աշխատանքը, բնակավայրը: Ինձ ասում էին, թե դա այնքան էլ հետաքրքիր չի լինի, բայց երբ ռեպորտաժը պատրաստվեց եւ եթեր գնաց, շատերն էին ասում, թե հետաքրքիր ձեւով եմ մոտեցել խնդրին:

- Ձեր կարծիքով գոյություն ունե՞ն ինֆորմացիա ստանալու արգելված մեթոդներ:

- Ես բաց եմ աշխատում: Իրավունք ունեմ ինֆորմացիա ստանալ եւ ոչ-ոք չի կարող ասել, թե դա իմ գործը չէ: Ինֆորմացիա ստանալու առումով խնդիր չունեմ, բայց` իհարկե, կան որոշ փոքրիկ խորամանկություններ, որոնց դիմում են լրագրողները: Օրինակ` գերմանացի մի լրագրող Գերմանիայում թուրք էմիգրանտների վիճակի մասին գիրք էր հրատարակել եւ հանդես էր եկել որպես թուրք: Գուցե այդ դեպքում արդարացված է, որ նրա խոսքը առավել հավաստի հնչի: Ես նման բաների կարիք չունեմ: Կա մի մեթոդ եւս, որը չեմ ընդունում: Դա հատկապես կիրառում են ամերիկացի եւ ճապոնացի լրագրողները. նրանք կաշառում են այն մարդկանց, ում հետ գործ ունեն: Կարծում եմ, որ երբ կաշառում ես մարդուն` նա իր իմացածը ճշտորեն չի ասի, եւ դա կխեղաթյուրի գործը: Ինքս երբեք այդ մեթոդը չեմ կիրառում: Իմ կարծիքով լրագրողի լավագույն հատկանիշներն են հետաքրքրասիրությունը, տեսածը, իմացածը ճշգրիտ մատուցելը եւ լսելու կարողությունը: Լավագույն լրագրողը նա չէ, ով լավ ռեպորտաժներ է անում, այլ նա, ով սիրում է մարդկանց: Լրագրողի համար շատ կարեւոր է նաեւ նախապաշարմունքներ չունենալը, այսինքն` երբ պահակին եւ պրեզիդենտին նույն հարգանքով ես մոտենում:

- Ի՞նչ դժվարություններ է ստիպված լինում հաղթահարել «Ֆրանս-3»-ի լրագրողը:

- Սովորաբար ես այդքան շատ ժամանակ չեմ ծախսում, Փարիզում նստում եմ ինքնաթիռ եւ թռչում եմ այն վայրը, որտեղ պետք է ռեպորտաժ անեմ: Մի անգամ Աֆղանստանից ռեպորտաժ պետք անեի: Փարիզից գնացի Բեռլին, որպեսզի տաջիկական վիզա ստանամ, հետո մեկնեցի Ստամբուլ, որտեղից էլ Դուշանբե: Ինքնաթիռով կամ ուղղաթիռով այնքան էլ ապահով չէր: Մի մեքենա մեզ տարավ մինչեւ սահման, հետո անցանք մի գետ ... Ճանապարհորդությունն ավելի շատ հնդկացի Ջոյի ճամփորդությունն էր հիշեցնում, որովհետեւ մեծ դժվարություններ կային: Միայն տեղ հասնելը մեկ շաբաթ տեւեց: Մեքենայով ժամերով գնում էինք գետի միջով, անապատով, անցանք խոր ձորերի այնպիսի կամուրջներով, որոնց տախտակները թվում էր` ուր որ է կթափվեն ձորը ... Վերադարձն էլ մի կիրճով էր, որը 4700 կմ բարձրության վրա էր, ձիով, սառույցների միջով, տեխնիկան շալակած... Բայց հենց այդ ռեպորտաժի հետ են կապված ինձ համար թանկագին հուշերը. 20-30 աֆղանների հետ միասին թեյ էինք խմում, հոգնած պառկում քնելու այնպիսի տեղերում, ուր նախապես չէինք նախատեսել գիշերել ...

Լրագրողի մասնագիտության մեջ ամենից դժվարը սպասելն է: Թուրքիայում` իսլամիստական մի կազմակերպության ղեկավարի հետ հարցազրույցի համար ստիպված էի երկար ժամեր անցկացնել նրա աշխատասենյակում: Տեսնելով իմ համառությունը` նա ստիպված հարցազրույց տվեց: Քիչ չեն նաեւ վտանգավոր իրավիճակները. 96-ին Լիբանանում պետք է մեքենայով անցնեինք այնպիսի մի ճանապարհ, որը գնդակոծվում էր իսրայելցիների կողմից: Ծեր վարորդը սկզբում չէր համաձայնում քշել, լիբանանցի օպերատորն էլ էր տատանվում, բայց համոզեցի նրանց, եւ հետո այդ ճանապարհով անընդհատ գնում-գալիս էինք: Մի անգամ քիչ էր մնում վիրավորվեինք, թաքնվեցինք մի տան հետեւում մինչեւ գնդակոծությունն ավարտվեց եւ հետո պարզապես փախանք: Երբ խմբով ես աշխատում, պատահում է, որ մարդիկ հոգնում են, բարոյալքվում, եւ դու անընդհատ պետք է մեջդ ուժ գտնես հոգնությունդ հաղթահարելու, նրանց հուսադրելու համար:

Ուզում եմ ուրիշ դեպք պատմել: 1992 թ. կոլեգաներիս հետ եղա Մարոկկոյում: Այնտեղ մի գաղտնի բանտ կար, որի գոյությունը Մարոկկոյի թագավորը հերքում էր: Ռեպորտաժ պատրաստեցինք բանտարկյալների, նրանց ընտանիքների, տիրող ծանր վիճակի մասին, բայց այն կազմակերպությունները, որոնք օգնել էին մեզ նկարահանումներ կատարել, ափսոսացին, որ թույլ են տվել, երբ հասկացան, թե ինչ ենք արել: Նրանք մեր ձեռքից վերցրին ամեն ինչ, լույսն անջատեցին, որ մենք չկարողանանք աշխատել, բայց մենք արբանյակային կապով նյութը հասցրել էինք ուղարկել: Դրանից հետո մեզ ձերբակալեցին եւ բանտ նստեցրին: Երեք ամիս բանակցություններ եղան: Մարոկկոյի նոր թագավորը Ֆրանսիա այցելած ժամանակ իմացավ այդ մասին, եւ մեզ ազատ արձակեցին:

- Ո՞րն է էթիկական այն նորմը, որը հատկապես կարեւոր է Ձեզ համար:

- Ամեն ինչից վեր դասել մարդկանց նկատմամբ հարգանքը: Սիրում եմ շփվել մարդկանց հետ, մտնել նրանց տները, հարցազրույցներ վարել, բայց մի կարեւոր բան կա. մարդիկ պետք է զգան, որ քեզ դրդողը անառողջ հետաքրքրասիրությունը չէ: Այդ դեպքում նրանք սիրով պատասխանում են քո հարցերին, անկեղծանում են:

- Ի՞նչ կմաղթեիք Ձեր հայ գործընկերներին:

- Ճիշտ է պայմանները շատ դժվար են եւ՜ քաղաքականապես, եւ՜ տնտեսապես, բայց ես մաղթում եմ, որ ավելի ազատ աշխատեն: Հայաստանը կարիք ունի ազատ լրագրողների: Մաղթում եմ նրանց համբերություն, կամք, որպեսզի շարունակեն իրենց գործը:

թարգմանիչ` Վարդուհի Պետրոսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter