HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային հեռուստատեսությունը հաշվետու չէ հանրությանը

Արդեն երկու տարի է` Հայաստանում գործում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»ՀՀ օրենքը: Որքանո՞վ է այն հաջողված, միանշանակ դժվար է պատասխանել, սակայն սա այն եզակի օրենքներից է, որը մինչեւ խորհրդարանում ընդունվելը հինգ տարվա ընթացքում մշտապես եղել է քննարկումների եւ աշխատանքային գործընթացի մեջ: Որքան էլ տարօրինակ է` զանազան շրջանակներում անցկացված քննարկումներից ոչ մեկին չեն մասնակցել Հանրային (կամ նրա իրավանախորդների) հեռուստառադիոընկերությունների ներկայացուցիչները, հետեւաբար, որեւէ առաջարկություն կամ դիտողություն, օրինագիծը կատարելագործելու ուղղությամբ, նրանց կողմից չի հնչել:

Ինչեւէ, օրենքն ուժի մեջ է մտել 2000 թվականից եւ համաձայն ՀՀ Նախագահի 19.01.2001թ. ՆՀ-798 հրամանագրի` ձեւավորվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը, իսկ ՀՀ կառավարության 04.07.01թ. թիվ 592 որոշումով ստեղծվել է «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն»ՓԲԸ (ՀՀՀԸ) եւ 20.07.01թ. թիվ 661 որոշումով` «Հայաստանի Հանրային ռադիոընկերություն»ՓԲԸ (ՀՀՌԸ): Այս ընկերությունների համար հիմնադիր համարվող պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները վերապահվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Սակայն Հայաստանի ՀՀՌԸ Խորհրդի ուշ ձեւավորումը բոլորովին էլ չի խոչընդոտել, որ «2001թ. ՀՀ պետական բյուջեի մասին»ՀՀ օրենքով «հեռուստառադիոհաղորդումների համար»հատկացվի 1.988.689.0 հազ. դրամ, որից.

ՀՀՌԸ խորհրդին 22.500.0 հազ.

Հեռուստահաղորդումների պատրաստման գծով պետական պատվեր 177.511.5 հազ.

Ռադիոհաղորդումների պատրաստման գծով պետական պատվեր 146.162.0 հազ.

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի համաձայն` «Հեռուստառադիոընկերության խորհուրդը պետք է մինչեւ յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը ՀՀ Ազգային ժողով ներկայացնի Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության մասին ծրագրային եւ ֆինանսական հաղորդում: Հաղորդումն ԱԺ-ի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը, որն ԱԺ-ն ընդունում է ի գիտություն: Այդ մասին հրապարակվում է մամուլում:

Նշված հաշվետվությունը ենթադրում է ներառել ՀՀՀՌԸ խորհրդի ծախսերը, ՀՀՀ եւ ՀՀՌ ընկերությունների բյուջետային տարեկան պլանը` պետպատվերի կատարման ընթացքում կատարված ճշտումների ամփոփմամբ, ինչպես նաեւ ստացված այլ եկամուտների (գովազդային, հովանավորչական, վարձակալական եւ հավանական այլ աղբյուրներից, այդ թվում` միջազգային կազմակերպություններից ստացված դրամաշնորհների) վերաբերյալ համապատասխան տեղեկանքով:

ՀՀՌԸ խորհուրդը մինչ օրս ԱԺ չի ներկայացրել օրենքով նախատեսված հաղորդումը, ասել է թե ՀՀՀՌԸ գործունեության մասին տեղեկատվություն ստանալու հնարավորությունից զրկված է ոչ միայն օրենսդիր մարմինը, այլեւ ողջ հանրությունը, որի հարկերի հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումները:

ԱԺ գիտության եւ կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Շավարշ Քոչարյանը դիմել է Խորհրդին հաղորդումը ներկայացնելու պահանջով, որին հետեւել է Խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի հետեւյալ պաշտոնական պատասխանը (թիվ 01-37 գրություն).

«ՀՀՀՌԸ խորհուրդը իր գործունեությունը եւ օրենքով ամրագրված իրավասություններն սկսել է իրականացնել 2002թ. հունվարի 1-ից, իսկ 2001թ-ի ընթացքում Խորհրդի իրավասությունների գերակշիռ մասն իրականացրել է Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունը, որը նաեւ կազմել է ոլորտի 2001թ. նպատակային ծրագիրը եւ ներկայացրել համապատասխան բյուջեն: Ուստի, Տ. Նաղդալյանի հավաստմամբ, ՀՀՌԸ չի կարող ներկայացնել Խորհրդի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում, որովհետեւ չի կազմել եւ չի իրականացրել համապատասխան ծրագրերը՚:

Հարկ է նշել, որ 2001թ. ընթացքում ՀՀՀՌԸ Խորհուրդը իրականացրել է իր գործունեությունը, պետբյուջեից ստացել է վերոնշյալ գումարը, իրավունք է ունեցել ստանալ արտաբյուջետային եկամուտներ, այդ թվում` գովազդային մուտքեր, կատարել է զգալի կառուցվածքային փոփոխություններ, որոնց մասին Խորհուրդը համաձայն օրենքի 36-րդ հոդվածի պահանջի` պետք թեկուզ հակիրճ հաղորդում ներկայացներ Ազգային ժողով, ինչը չի արել:

Սա դեռ բոլորը չէ: Օրենսդիրը դեռեւս քննության չի առել «Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգ»ՀՀ օրենքի նախագիծը: Ստացվում է, որ Հանրային խորհուրդն արդեն երկու տարի է` գործում է առանց կանոնակարգ-օրենքի` խախտելով «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»ՀՀ օրենքի պահանջը: Առաջին անգամ կառավարության միջոցով ՀՀՀՌԸ խորհուրդը ԱԺ է ներկայացրել մի կանոնակարգ, որը, սակայն, գործող մայր օրենքի չորրորդ գլխի կրկնությունն էր: Լրամշակված երկրորդ տարեբերակը ներկայացվել է 15.05.02թ., որը սակայն դեռեւս չի քննարկվել խորհրդարանում: Ու՞մ է ձեռնտու այս վիճակը, միանշանակ չէ, քանի որ թերացել են եւ՜ ՀՀՀՌԸ խորհրդում, եւ՜ ՀՀ կառավարությունում եւ՜ Ազգային ժողովում:

Խորհրդի նախագահը, հրապարակայնորեն` Եվրախորհրդի փորձագետների, ՀԿ-ների եւ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ անցկացված կոնֆերանսում (6-7 հոկտեմբեր 2001թ., Երեւան) ներկայացրած իր զեկուցման մեջ հայտնել է այս երկու փաստաթղթերի մասին ունեցած իր գնահատականը: Նշենք մի հատված զեկուցումից.

«Բազմաթիվ են խնդիրները նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության գործունեության առնչությամբ: Այստեղ ամեն ինչ շատ պարզ է: Այստեղ չենք կարող ակնկալել օրենսդիրից դոզավորված բարյացակամություն` ըստ իրեն հարմար պահի ու ժամկետի, այստեղ ավելի կարեւոր հարց է օրակարգում` երկրի ամենաազդեցիկ լրատվամիջոցի նկատմամբ իշխանության հարցը: Տարբեր են դրան հասնելու առաջարկվող ուղիները: Այս փուլում դրանք ձեւակերպվել են որպես Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից խորհրդարանին ներկայացվող տարեկան հաղորդում եւ կանոնակարգի ընդունում որպես օրենք: Այստեղ ամենահետաքրքիր մասն, իհարկե, խորհրդի նախագահին պատգամավորների կողմից հարցեր ուղղելու պրոցեդուրայի սահմանումն է, եւ ի սկզբանե պարզ է, որ մեր պատգամավորական կորպուսի մեծ մասին հետաքրքրելու են ոչ թե ընկերության ֆինանսական վիճակը կամ ստեղծագործական չափանիշները, այլ բացառապես քաղաքական հարցեր: Անկեղծ ասած, աչքի առաջ ունենալով այս հեռանկարը, նպատակահարմար չեմ գտնում որեւէ կերպ պաշտոնապես արձագանքել նորամուծությանը, եւ ընդհանրապես խորհրդի ու նաեւ Ազգային հանձնաժողովի կողմից որեւէ առաջարկի ներկայացումն առաջիկա առնվազն մեկուկես տարիների ընթացքում համարում եմ անիմաստ զբաղմունք՚:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը նույնպես Ազգային ժողով չի ներկայացրել իր գործունեության մասին հաղորդում, բայց ԱԺ-ում ընդունվել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի Ազգային հանձնաժողովի կանոնակարգ»ՀՀ օրենքը:

Մի մտահոգություն եւս:

Հանրային հեռուստառադիոընկերություն ունենալու եւ պետության կողմից այն հիմնադրելու գաղափարը սկզբունքորեն ընդունվել է մի նպատակով, որպեսզի այն իսկապես հանրային լինի: Այդ նպատակով է օրենքով սահմանվել ՀՀՀՌԸ-ի ծրագրային քաղաքականությունը, այս կառույցին տրվել է ամբողջ երկրի տարածքով սփռվող առնվազն մեկ հեռուստաալիք եւ մեկ ռադիոալիք: «Առնվազն մեկ ալիք՚-ը ենթադրում է, որ ՀՀՌԸ-ն կարող է ունենալ մի քանի ալիք կամ, այլ կերպ ասած, զբաղեցնել մետրային եւ դեցիմետրային բազմաթիվ հաճախություններ: Ցավոք, օրենքում որոշակի չեն նշվել պետության կողմից ՀՀՀՌԸ-ին հաճախություններ հատկացնելու դեպքերը եւ կարգը, սակայն օրենքում հստակ նշված են ծրագրային քաղաքականության այն ուղղությունները, որոնց իրականացման դեպքում ՀՀՀՌԸ-ն կարող է տնօրինել մեկից ավելի հաճախություններ:

Այսօր արդեն «Հ1»լոգոն առկա է ոչ թե մեկ, այլ երկու ալիքներում: Մեկն այն է, որն ավանդաբար գործում է մինչ օրս, իսկ մյուսը` 48-րդ դեցիմետրային հաճախությունը, որը հիմնականում հայտնի է «Ազգային երաժշտական ալիք»անվանմամբ: Ի՞նչ իրավական հիմքերի վրա է գործում վերջինս, ի՞նչ նպատակների ու ծրագրերի են ուղղված հեռարձակվող բացառապես երաժշտական հաղորդումներն ու հաղորդաշարերը, պարզ չէ:

ՀՀՌԸ խորհուրդը դիմել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն` Երեւան քաղաքում ալիքների դեցիմետրային տիրույթում հեռուստակապուղի հատկացնելու խնդրանքով: Չնայած նշված տիրույթում ազատ կապուղիների բացակայությանը` ՀՌ Ազգային հանձնաժողովը հիմք ընդունելով նախարարության եզրակացությունը, իր 28.02.02թ. թիվ 28 որոշումով, 48-րդ հեռուստակապուղին 2 ամիս ժամկետով` փորձնական կարգով, տրամադրել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը (ՀՀՀԸ):

Այսպիսով, ս.թ. փետրվար ամսին կայացրած վերը նշված որոշումով 48-րդ կապուղին ՀՀՀԸ հատկացվել է երկու ամիս փորձնական ժամանակով: Մինչդեռ ՀՀՀԸ այն զբաղեցնում է ութ ամսից ավել: Փաստորեն, մոտ 6 ամիս 2001թ. գարնանային եթերաշրջանից սկսած, ապօրինի հիմունքներով` ՀՀՀԸ 48-րդ հաճախությունով իրականացնում է առեւտրային գործունեություն, բացարձակապես չիրագործելով այն ծրագրային քաղաքականությունը, որը պարտադրված է օրենքով:

Այս խնդիրները կարգավորման կարիք ունեն: Հանրությանը պատկանող հանրային հեռուստառադիոեթեր ունենալու Հայաստանին ներկայացրած Եվրախորհրդի պահանջները այս պայմաններում ուղղակիորեն չեն կարող կատարվել: Վաղուց հասունացել է հանրային հեռարձակման դաշտում հանրության մասնակցությունն ապահովելու կարիքը:

Հ.Գ. 2003 թվականի պետական բյուջեով նախատեսված է հեռուստառադիոհաղորդումների համար հատկացնել 2 մլրդ 897 մլն դրամ, որից հանրային հեռարձակմանը տրամադրվող գումարը 168.2 մլն. դրամով գերազանցում է նախորդ տարվանը: Սա ավելին է, քան հանրապետության ամբողջ գիտության համակարգին հատկացվող գումարը միասին վերցրած: Փաստորեն, Տիգրան Նաղդալյանի այն պնդումը, թե 48-րդ, այսինքն` երկրորդ հաճախությամբ հանրային հեռարձակումն իրականացվում է բացառապես կոմերցիոն միջոցների հաշվին, չի համապատասխանում իրականությանը: Այն իրականում ֆինանսավորվելու է նաեւ պետ. բյուջեի հաշվին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter