HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ ընկ. Լուկաշինին, պատճենը՝ բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն

«Հետքի» սիրելի ընթերցող, այս տարի լրանում է հայ մեծանուն երգիծաբան Լեռ Կամսարի 125-ամյակը: Այս առիթով պարբերաբար ձեզ կներկայացվի գրողի անտիպ և տպված նյութերի ընտրանի՝ գեթ մասամբ գաղափար տալու համար նրա գրական վաստակի մասին: Հիմնականում կլինեն նամակներ և դիմումներ, որոնք պատմության, քաղաքականության և մի կորսված կյանքի վավերագրություններ են:

Չնայած իր ժամանակների բոլոր իշխանավորներին գրողը հրապարակային նամակներ գրել է մամուլում (Վանի թուրք վալիին, Լենինին, Քաջազնունուն և այլն: Եթե թվարկեմ էջը չի հերիքի...), այնուհանդերձ, ընտրությունն ընկավ Սարգիս Լուկաշինին՝ որպես խորհրդային միակ բարեկամ իշխանավորը, ով միշտ՝ մինչև իր եղերական սպանությունը, սատար եղավ անկոտրում երգիծաբանին:

1921թ. սովետների համընդհանուր համաներումից հետո Լուկաշինը  գրողին Թավրիզից (հայ մտավորականներից շատերը Փետրվարյան ապստամբությունից հետո ապաստանել էին  Պարսկաստանում)  հրավիրում է Հայաստան և նշանակում «Խորհրդային Հայաստանի» թերթի գլխավոր ֆելիետոնիստ:

Իսկ երբ սկսվում է կարմիր տեռորը՝ 1931թ. գրողին «զտելուց» հետո, Լուկաշինը ուղղակի փախցնում է Լեռ Կամսարին պրոլետ գրողների ճիրաններից և փրկում  կործանումից:

Արազին իր հուշերում գրում է, որ Լուկաշինը միշտ ասում էր գրողներին.« Եթե Լեռ Կամսարի պես տաղանդավոր գրեք տպագրվելու հարցում խնդիրներ չեք ունենա»:   

Վանուհի Թովմասյան

Նամակ ընկ. Լուկաշինին, պատճենը՝ բոլորի՜ն, բոլորի՜ն, բոլորի՜ն

1.Ձեզ սաստիկ տեսնել կուզեմ։

2.Մինչև անգամ Թիֆլիս պիտի գայի այդ նպատակով` եթե դրամ ունենայի։

3.Ես, Ձեզ չըս՞ի, որ Սիբիրն անգամ երթաք` հետևեմ պիտի Ձեզի։

4.Որովհետև այն ժամանակ, երբ կարիքը հարձակեցավ վրաս, վիրավորեց ու կիսամեռ ձգեց գնաց` դուք էիք, որ Ձեր ավանակեն իջաք, ձեթ քսեցիք վերքիս, դրիք Ձեր գրաստի վրա ու Արամայիս Երզնկյանին ըսիք. պաշտոն տուր ասոր, խնամի` մինչև Թիֆլիսեն վերադառնամ։

5.Ձեզմե զատ մնացած բոլորը ղևտացի քահանաներ ու փարիսեցիներ էին, որք` իմ վերքին «խոսք» ու «խոստում» քսելով անցան։

Դուք` իմ Ողորմա՜ծ Սամարացին...

6.Այն օրը, երբ կդադրեք իմ մասին մտածելեն` օր մը առաջ ինձի անցագիր հանեցեք։

7.Այն օր կտրվի պիտի այն միակ թելը, որ կապեր էր ինձի այս երկրին։

8.Ինձի սովի են մատներ` որ գրեմ։ Ահա գյուղատնտեսներ, որք քիչ կաթ տվող կովի մը օրերով անոթի կթողուն, որ ստիպված կաթն ավելցնի։

Եթե անասնապահության այս մեթոդն է կիրառվելու` պետք կա՞ պանրագործարան կառուցել։

9.Անգործության ու կարիքի Գուբն եմ ինկած ինչպես Հովսեփ Գեղեցիկը։ Կնախանձեմ իրեն, որ իբրև գերի վաճառվեցավ իսմայելացի վաճառականներուն Եգիպտոս տարվելու համար։ Հոն, Եգիպտոսում, գուցե չկարողանայի ողջ Քանանը սովեն փրկել, բայց կփրկեի իմ ընտանիքը ու երեխաս, մանավանդ, որուն այնքա՜ն կսիրեմ։

10.Օր մը Շատունցին ըսի վրդովված. «Ասոնք մինչև բոլոր կուսակցականներու գործ չիտան` հերթը ինձի չի հասնի»։

Շատունցը պատասխանեց. «Իհարկե՛, այդպես պիտի ըլլա։ Կուզես, որ կուսակցականներուն անգործ թողունք` քեզի՞ գործ տանք»։

11.Վանում, երբ ես պզտիկ էի` այսպես կմտածեի։ Եթե Աստված մեկ է և արքայություն մը միայն գոյություն ունի` մի՞թե հայերը և թուրքերը մեռնելեն վերջ քով-քովի, միևնույն արքայության մեջ պիտի բազմեն։ Եթե այո` ինչու՞ այս աշխարհին մեջ այսպես կատեն զիրար։

12.Երևանում, հիմա, երբ մեծ եմ արդեն, այսպես կմտածեմ։

Եթե կոմունիզմը հանկարծ իրականանա և մեր աշխարհը երկրային արքայության վերածվի` «կուսակցականներն» ու «անկուսակցականները» հավասա՞ր պիտի վայելեն. կամ առաջինները թող պիտի տա՞ն երկրորդներին այդ արքայությունը ոտք կոխալու։ Եթե այո` հիմա ինչո՞ւ այսքան կատեն զիրար։

13.Հետո կհարցնեմ ինձի՝ եթե անկուսակցականները այսքան գարշելի են` կուսակցությունը մեկ անգամեն ինչո՞ւ չի բնաջնջեր, քանի որ ատոր բոլոր հնարավորությունները ունի։

Ու կպատասխանեմ այսպես։

Կուսակցությունը պրոտոպլազմ է, իսկ անկուսակցականները այն լորձանյութը, որ միջոց կուտա սաղմին ազատ շարժել ու չչորնալ մանավանդ։ Անկուսակցականը այս երկրին մեջ դերանուն մըն է ու կսպասի, թե երբ կուսակցությունը անունը կդնի` իրեն դեն շպրտելու և անվանն իր տեղը դնելու համար։ Անկուսակցականը այս երկրին մեջ զերո մըն է` թվանշանին ձախ կողմը գրված...

14.Հայտնի կոմունիստ Ս. Խանոյանը առանց երկար մտածելու գրեց. «Մենք գրականություն չունենք»։

Եթե ճիշտ է այն բնորոշումը` թե «գրականությունը կյանքի հայելին է»՝ չէ որ «գրականություն չունենք» ըսելը հավասար է «կյանք չունենք» ըսելուն...

Գրականությո՜ւն։

15.Կուսակցությունը կկերակրի գրողի մը այնպես առատ, որ այդ գրողը ցուլ կդառնա և փողոցին մեջ անցուդարձող աղջիկներու վրա կհարձակվի (Չարենց) և ուրիշի մը այնքան ժլատ, որ անկարող է անգամ գրիչ շարժել։

16.Աշխարհիս սկզբեն չի պատահած, որ ճշմարտությունը որևէ կուսակցության քովն ըլլա ամբողջովին։

Եթե հակառակը պնդեք, ըսելով թե ճշմարտությունը բոլշևիկներու քովն է, պիտի հարցունեմ.

-Բոլշևիկներեն առաջ ճշմարտություն չկա՞ր այս աշխարհիս մեջ։ Ճշմարտությունը ես միշտ երկու կուսակցությանց մեջտեղն եմ փնտրած ու միշտ ալ գտած։

17. Բայց ինչո՞ւ այսքան հեռացա նյութես։ Ես ձեզի պիտի պատմեի իմ մասին, ես որ ինկած եմ գուբին մեջ ու իբրև գերի անգամ իսմայելացոց ծախվելու համար «ա՜խ» կքաշեմ։

18. Գրե՜մ, գրե՜մ, ըսելիքս շուտ վերջացնեմ, վասնզի այն գրասեղանը, որի վրա կգրեմ` քանի մը օրեն կոմունալ բանկը վաճառքի պիտի հանի իր առնելիքի դիմաց, աթոռս պիտի քաշի տակես։ Եվ որովհետև այդ բոլորը 200 ռուբլի չի արժեր` գուցե և անկողինս։

19.Գրեմ ցավերս ու շուտ վերջացնեմ, վասնզի այն տունը, ուր կնստիմ հիմա, շուտով Գավգործկոմը աճուրդի հանի պիտի ու ծախի անոր, ով շատ դրամ ունի։

20. Ու կտեսնեմ, թե ինչպես հեռվեն կամաց-կամաց ինձի կմոտենա այն ժամանակը, երբ ես այլևս ոչինչ չեմ ունենա կորսնցնելու...

21.Վիքթոր Հյուգոն Ժան Վալժանին վրա տասը հատորնոց «Թշվառներ» է գրեր։ Բայց Հյուգոն, որ ողջ ըլլար և ծանոթ իմ պատմությանը` իր «Թշվառները», 15 հատորե բաղկանար պիտի։

22.Ընկե՛ր Լուկաշին, ես Ձեզ անպատճառ պիտի տեսնեմ։ Պիտի տեսնեմ ոչ Ձեզնից անպատճառ շնորհ գտնելու համար, պիտի տեսնեմ նաև վռնդվելու համար։

Դուք գիտե՞ք, որ ես այժմ պատիվ չունեմ։

Ես այսօր տոնեցի իմ մուրացկանության վեցամյակը։

Անպատիվ ըլլալու համար վեց տարվա ստաժը խիստ բավական է։

23.Մուրացկան էի նաև այն ժամանակ, երբ տեսակետներու դիպմամբ, իմ քաղաքական ֆելիետոններովս կուսակցության դիրքերը կամրացնեի։

24.Ես կանգնած եմ բոլշևիկյան ու դաշնակցական կուսակցություններեն հավասար հեռավորության վրա։ Իմ գրվածքներին մեծ մասը դաշնակցությունը կծաղրի, սակայն ոչ անոր համար, իհարկե, որ բոլշևիկնները պակասություն չունեն, այլ որովհետև վերջիններս առայժմս պակասություն չեն ուզեր ունենալ... հրապարակված։

Ես իմ գրական գործունեության ողջ տևողությանը դաշնակցության հասցեին անուշ խոսք մը ըսած չունիմ, բայց դաշնակցությունը մեկ ժամվա մեջ ինձ պաշտոն տվավ, բան մը, որ կոմկուսակցությունը վեց տարվա մեջ չկրցավ ընել։ Դաշնակցությունը, հարյուրավորներ իր կուսակցութենեն դուրս թողուց և ինձ պաշտոն տվավ. կոմկուսակցությունը կսպասի, որ իր վերջին պիոները պաշտոնի անցնի` նոր ավելցուկը տա ինձ։

25.63 անգամ Մռավյանին եմ գացեր. 39 անգամ Կարինյանին 1` Աշոտ Հովհաննիսյանին, 11`Երզնկյանին, 35 Շատունցին, 18` Կոստանյանին, 1` Ամիրխանյանին, 1` Համբարձումյանին, 4` Դր. Սիմոնյանին, 3` Պարչյանին. ընդամենը 176 անգամ։

Կըսեն »սպեց» չես, որ գործ տանք։

26.1915թվին, Վանում, երբ հրաման ստացանք գաղթել, տունը թողնելեն առաջ մայրս ախոռը մտավ ու արձակեց մեր երինջը, որ կապված տեղը սովամահ չըլլա, այլ ազատության մեջ ման գալով մեռնի։

Դնենք թե անպիտան մեկն եմ, չարժե կերակրել ու իրավունք չունե՞մ պահանջելու խորհրդային կառավարութենեն, բայց իրավունք չունե՞մ պահանջելու, որ կառավարությունը մորս չափ կենդանասեր ըլլա (չեմ ըսեր մարդասեր) և մտնելով ախոռ, իմ կապերն արձակի, որ մսուրին փայտը կրծելով չմեռնեմ։

27. Մռավյանը կըսի. - Քեզի անցագիր չենք տա, իսկ պաշտոնի համար կմտածենք։

...Ո՜վ երինջ, քեզ տված ազատությանը կնախանձեմ։

28. Այս վիճակիս մեջ ստիպել, որ գրեմ` կնշանակի կախաղանի դատապարտվածի մը, նախքան պարանը վիզն անցունելը` ստիպեն անուշ երգ մը երգել...

29. Ընկե՛ր Լուկաշին, ես Ձեզ անպատճառ պիտի տեսնեմ։

Եկեք մեր տուն։

Ի՞նչ կա որ։ Օր մը ժողովներեն, օպոզիցիայեն, վերելքեն ու շինարարութենեն ձանձրացած` կառք մը նստեք և պատվիրեք քշել Ռուստամ խան համար 33։

Հիսուս, երբ Երիքովեն Երուսաղեմ կերթար` Զաքիոսին տուն հյուր եղավ։ Հավատացյալներու տուն հյուր իջնելով մեծ բան մը ըրած չեք ըլլար. ատոնք մխիթարված են արդեն։ Մխիթարության պետք ունինք մենք, հեթանոսներս, օրենքեն դուրս ինկածներս։

Ես Ձեզի կհրամցունեմ թեյ և եթե ցանկաք՝ կկարդամ այն հոդվածս, որ խմբագրությունը հավնեց` բայց վախեցավ տպել, մեջը ճշմարտություն քիչ մը շատ ըլլալու պատճառով։

30. Իսկ եթե Ձեզմե անկախ պատճառներով չպիտի կրնաք հրավերս ընդունել` հայտնեցեք թե ո՞ւր կրնամ տեսնել Ձեզ` և ե՞րբ։ Զանգահարեք Երևանի լուսբաժին` ինձ, վասնզի ես Ձեզ անպատճառ տեսնել կուզեմ։

31.Ի՜նչ մոլորություն։ Մինչև հիմա ալ կկարծվի, թե ամենամեծ հանցանքը «բանդիտիզմն» է և ամենաբարձր պատիժը` գնդակահարությունը։ Ժամանակն է փոխել կոդեքսը։ Ամենամեծ հանցանքը գրող ըլլալ` ու «տաղանդավոր գրիչ» ունենալն է ու ամենաբարձր պատիժը սովամահությունն է` ընտանյոք հանդերձ։

32. Սխալ է նաև Միքայել Նալբանդյանի սա խոսքը` թե «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի»։ Ոչ, ամեն մարդ մի անգամ չի մեռներ. մարդ կա որ 365 անգամ կմեռնի հասարակ` իսկ 366 անգամ նահանջ տարվա մեջ։

33. Անցյալ տարի բժիշկ մը, որ դասախոս էր Հայկական համալսարանին մեջ, կամենալով դանդաղ կերպով ինքզինքը սպանել, սյուլիմա ընդունեց ու շաբաթ մը գալարվեցավ։

Անմի՜տ, ինչո՞ւ սյուլիմա. «Տաղանդավոր գրիչ» մը ունենայիր ու դուն քո ողջ կյանքին մեջ պիտի գալարվեիր։

34. Ընկե՛ր Լուկաշին, ես Ձեզ տեսնել կուզեմ. զանգահարեք լուսբաժին և հայտնեցեք, թե ու՞ր կրնամ Ձեզ տեսնել։

35. Իսկ եթե օր մը պետք ըլլա Ձեզ գրել ինձի Ամերիկայեն կամ աշխարհիս ամենահյուսիսային քաղաք` Համերֆեսթեն` իմ հասցեն է` Երևան՝ աշխարհիս ամենաթշվառ մարդուն։

 Փոշտալիոնը կճանչնա ինձի...

1927.նոյ.12 Երևան
Մնամ` այս բոլորեն հետո միայն`
Լեռ Կամսար 

  • Սարգիս Լուկաշին (1883-1937)- սովետական պետական կուսակցական գործիչ: 1921-1925թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, ՀՍՍՀ Ժողտնտխորհի, Ժողկոմխորհի նախագահ:

    Լուսանկարում` Սարգիս Լուկաշինը եւ Լեռ Կամսարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter