HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լավագույն հետաքննողները

«Ինտերնյուս-Հայաստան» ՀԿ-ն հայտարարել էր հետաքննական լավագույն հեռուստատեսային նյութերի մրցույթ 2 նոմինացիայով` «Հեռուստատեսային հաղորդում ու ֆիլմ» եւ «Հեռուստատեսային ռեպորտաժ»: Մրցանակների համար նախատեսված միջոցները հատկացրել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը:

Մրցույթն ամփոփվեց 2002թ. դեկտեմբերի 12-ին: Տարբեր կազմակերպությունների եւ հեռուստաընկերությունների կողմից ներկայացվել էր 13 հետաքննական նյութ: Չնայած ժյուրիի անդամները (Արամ Աբրահամյան` «Առավոտ» օրաթերթի խմբագիր, Մեսրոպ Հարությունյան` «Երեւանի մամուլի ակումբի» փորձագետ, Լեւոն Բարսեղյան` Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ, Վաչե Սարգսյան` «Ազատություն» ռադիոկայանի Երեւանի գրասենյակի ղեկավար, Բրյուս Գելլերման` ԱՄՆ, լրագրող) ցավով նշեցին, որ ներկայացված 13 նյութերից ընդամենը 6-7-ն ունեին հետաքննական ժանրի հատկանիշներ, այնուամենայնիվ, նրանք կարեւորեցին նման ծրագրերի գոյությունն ու հետագա զարգացումը Հայաստանում: «Այսօր հետաքննական լրագրությունն ունի զարգացման բազում խոչընդոտներ: Ցավոք, ոչ բոլոր հեռուստաընկերություններն ու թերթերն են զբաղվում հետաքննությամբ, քանի որ դա բավական թանկ ու աշխատատար գործընթաց է»,- նշեց «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: Մրցույթի կազմակերպիչներն արձանագրեցին, որ մեր լրատվամիջոցները քիչ են հետաքրքրված այդ ժանրով: «Հեռուստատեսային հաղորդում ու ֆիլմ» նոմինացիայի առաջին մրցանակը (1500 դոլար) շնորհվեց Հետաքննող լրագրողների ընկերակցության նախագահ, «Վերսուս» ստուդիայի տնօրեն Էդիկ Բաղդասարյանին` «Հետք» հաղորդաշարի երկրորդ ֆիլմի համար: Այն բանակում կատարված մի զինվորի սպանության հետաքննություն է: «Ֆիլմը պետք է հեռարձակվեր «Ա1+» հեռուստաընկերությամբ 2002 թ. ապրիլի 4-ին: Ապրիլի 2-ին «Ա1+» հեռուստաընկերությունը փակվեց եւ ֆիլմը չցուցադրվեց: Տեսանյութը ուղարկվեց «Հ1», «Արմենիա» եւ «Պրոմեթեւս» հեռուստաընկերություններ: Արդյունքում` «Հ1»-ը գտավ, որ ֆիլմը չի հետաքրքրի լսարանին, «Արմենիա»-ն այդպես էլ չարձագանքեց, իսկ «Պրոմեթեւս» հեռուստաընկերությունը պարզապես «կորցրեց» տեսաերիզը: Տեսաֆիլը ցուցադրվեց մարզային հեռուստակայաններով: Յոթ ամիս է տեւել մեր այդ հետաքննությունը եւ ցավալի էր, որ այն չկարողացանք հասցնել լսարանին: Ինչեւէ, մեր աշխատանքն ի վերջո այսօր արժանացավ գնահատականի, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց Է.Բաղդասարյանը: Նույն նոմինացիայի երկրորդ մրցանակը ստացավ Գյումրիի «Նոյեմի» հեռուստաընկերությունը` «Օստապ Բենդերը Գյումրիում» հետաքննական ֆիլմի համար: Մրցանակը հանձնվեց Էդուարդ Մխիթարյանին: «Մեր ներկայացրած թեման բավական արդիական էր Գյումրիի համար: Առաջիկայում մենք պատրաստվում ենք շարունակել հետաքննական տեսանյութերի շարքը»,- ասաց նա:

«Հեռուստատեսային ռեպորտաժ» նոմինացիային առաջին մրցանակ չշնորհվեց: Ինչպես նշեց ժյուրիի անդամ Մեսրոպ Հարությունյանը, առաջին մրցանակին հավակնող ռեպորտաժ չի եղել: Երկրորդ մրցանակը հանձնվեց «Ցայգ» հեռուստաընկերության լրագրող Վաղինակ Նախշքարյանին` «Սպիտակի հիվանդանոց» տեսանյութի համար: Խրախուսական մրցանակ շնորհվեց Հետաքննող լրագրողների ընկերակցության մեկ այլ «Հրազդանի կիրճը.երեկ, այսօր, վաղը» ֆիլմին: Հեղինակը Ալինա Օրդյանն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter