HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թագուհի Հակոբյան

Ասպիրանտուրայի առավելությունը բանակից ազատվելն է

«Ասպիրանտուրայում սովորելը հիմա գրեթե իմաստազրկվել է, որովհետեւ նրա առավելությունը, թերեւս, զորակոչից խուսափելն ու գիտական թեզ պաշտպանելն է: Սակավաթիվ մարդկանց կարող է միայն հետաքրքրել ցածր աշխատավարձով գոյատեւող դասախոս դառնալու հեռանկարը»,- ասպիրանտական տեղերի բաշխման կարգի ու սկզբունքների մասին հարցիս այդպես պատասխանեց իր անունը հրապարակել չցանկացող ԵՊՀ-ի ֆակուլտետներից մեկի դեկանը: Վերջին հինգ տարում ըստ ֆակուլտետների եւ մասնագիտությունների ինչպե՞ս են բաշխվել ասպիրանտական տեղերը: ԵՊՀ ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի տրամադրած տվյալների համաձայն մագիստրատուրայի ընդունելության համար 1999-2000 եւ 2000-2001 ուս. տարում ԵՊՀ-ին հատկացվել է 450-ական տեղ (1999-2000 թթ`.200 անվճար, 250 վճարովի, 2000-2000 թթ`.190 անվճար, 260 վճարովի հիմունքներով): 2001-2002 եւ 2002-2003 ուս. տարում մագիաստրատուրայի ընդունելության համար ԵՊՀ-ին հատկացվել է 470-ական տեղ (համապատասխանաբար` 205 անվճար, 265 վճարովի հիմունքներով): Անվճար տեղերի բաշխումը կատարվել է յուրաքանչյուր ֆակուլտետի տվյալ տարվա շրջանավարտների մոտ 30 տոկոսի չափով, հավասարաչափ բոլոր մասնագիտությունների գծով, նախարարության կողմից հատկացված տեղերի շրջանակներում: Ինչ վերաբերում է ասպիրանտական տեղերի բաշխմանը, ապա ԵՊՀ-ի մի շարք ֆակուլտետների դեկաններ նշում էին, որ աղջիկները հիմնականում գերադասում են հեռակա ուսուցումը, իսկ տղաները` ստացիոնար (ինչը բանակից խուսափելու հնարավորություն է տալիս- Թ.Հ.): ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը պնդեց, որ ասպիրանտ տղաների թվաքանակը այնքան քիչ է Հայաստանում, որ նրանց զորակոչելով` բանակը, միեւնույնն է, ոչինչ չի շահի, իսկ գիտությունը կկորցնի: Ընդհանրապես, ԵՊՀ-ի ֆակուլտետների դեկանները այն կարծիքին էին, որ կրթական համակարգում առկա են ավելի լուրջ եւ կնճռոտ խնդիրներ, քան բանակից խուսափելու նպատակով ասպիրանտների խնդիրն է: Իսկ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը զրույցի ժամանակ կարծիք հայտնեց, որ եթե օրենքով զինվորական ծառայությունը վերաբերի հավասարապես բոլորին (անկախ կրթական ցենզից), ապա դիմորդներն էլ չեն դիմի զանազան կեղծիքների ու սողանցքների, սկզբում` բուհ, իսկ հետագայում` մագիստրատուրա եւ ասպիրանտուրա ընդունվելու համար: Ասպիրանտական տեղերի բաշխումը, ինչպես պարզաբանեց Ա. Ավետիսյանը, կատարվում է հետեւյալ կերպ. բուհերը ներկայացնում են հայտեր, որոնց հիման վրա կրթության եւ գիտության նախարարությունը հատկացնում է տեղեր: Ոչ բոլոր դեկաններն են գոհ մնում հատկացվող տեղերի թվաքանակից, որովհետեւ պահանջարկն ու առաջարկը չեն համապատասխանում: Մասնավորապես, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանը դժգոհում էր, որ 2002 թ ինքն ընդամենը ասպիրանտական տեղի մեկ հայտ է ներկայացրել, ինչը, սակայն, մերժվել է: «Ինչու՞ նորաստեղծ ֆակուլտետին այդ մեկ տեղն էլ չցանկացան հատկացնել:»,- հարցնում է Գ. Անանյանը: Իրավաբանական ֆակուլտետի դեկան Գ. Ղազինյանը թեեւ դժգոհ չէր ֆակուլտետին հատկացված ասպիրանտական տեղերի քանակից, սակայն նշեց, որ իրավունքի տարբեր ճյուղերի խոր իմացությամբ գիտական կադրերի կարիք ունի հանրապետությունը:

Ասպիրանտական տեղեր իշխանությունների համար

ԵՊՀ ֆակուլտետներից մեկի դեկանը, չցանկանալով հրապարակել իր անունը, պատմեց որ նպատակային տեղերի հատկացումն առանձին գերատեսչությունների կողմից, որ միշտ էլ կիրառվել է հետբուհական կրթության պրակտիկայում, վերջին տարիներին չարաշահվում է: Ազգային ժողովը, կառավարությունը, որոշ նախարարություններ հատուկ նպատակային տեղեր են իջեցնում եւ բուհից պահանջում ասպիրանտուրա ընդունել իրենց երաշխավորած թեկնածուներին: «Բուհը դրանից, ըստ էության, ոչինչ չի շահում, որովհետեւ ուսուցումը լինում է բուհի հաշվին»,-նշեց անհայտ մնալ ցանկացող դեկանը: Միաժամանակ նա հայտնեց նաեւ, որ 2002թ.այդ երեւույթը բավականին ցայտուն էր, եւ շատերը չարաշահեցին նպատակային տեղերը: Որպես կանոն, վերոհիշյալ տեղերը զբաղեցնում են ԱԺ-ում եւ կառավարությունում ծանոթություն ու կապեր ունեցող տղաները զինծառայությունից խուսափելու նպատակով: Ըստ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, ի տարբերություն նախորդ տարիների, 2002թ. առաջին անգամ ասպիրանտուրայի հայտերը բուհերից կրթության եւ գիտության նախարարությունը վերցրել է ոչ թե ըստ ֆակուլտետների, այլ` ըստ մասնագիտությունների: Ա.Ավետիսյանի կարծիքով, այդ տարբերակը կիրառելով, հաջողվում է պետպատվերի շրջանակներում եղած սուղ տեղերը հատկացնել հանրապետությունում առավել մեծ պահանջարկ ունեցող մասնագիտություններին: Բացի այդ, հաշվի են առնվում, թե նշած մասնագիտությունների գծով ովքեր են գիտական ղեկավարները, արդյոք ունենք բարձրորակ գիտնականներ, թե՞ ոչ: Փոխնախարարը հավաստում է, որ կրթության եւ գիտության նախարարությունը կարգավորիչ դեր է կատարում ասպիրանտուրայի եւ հայտեր ներկայացրած բուհերի կամ գիտական հիմնարկների, գերատեսչությունների, ֆիրմաների միջեւ: ԿԳՆ-ն ինքն է որոշում, թե որ բուհի ասպիրանտուրայում պետք է սովորեն հայտ ներկայացնողները:

Ըստ ԿԳ-ի գիտամանկավարժական կադրերի պատրաստման բաժնի տվյալների գիտական կադրեր պատրաստելու հնարավորություն են ստացել «Հայհամակարգիչ» հումանիտար տեխնոլոգիական կենտրոնը, «Ռեդիկոմ»-ը, «Բրայնս» ՓԲԸ-ն, «Ինֆայնայթ թեքնոլոջի քորփորեյշն»-ը, «Էփիջիլեփս-Էլ-Էմ» ՍՊԸ-ն հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, «Էյջ-Փի-Էլ-Էյ» հաշվողական մեքենաների ամերիկյան ձեռնարկությունը: Հայտնի է, որ վերոհիշյալ ձեռնարկություններում աշխատում են իֆորմացիոն տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, էներգետիկայի բնագավառների մասնագետներ:

Ա. Ավետիսյանի հավաստմամբ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման պետական ծրագիր գոյություն ունի, որի համաձայն այդ մասնագիտություններով գիտական կադրեր պատրաստելն ուղղակի անհրաժեշտություն է:

«Այդ ծրագիրն ամենեւին էլ լոբբինգ չէ: Պետք է հեռանկարում տեսնել, թե մեր երկրին ինչ մասնագետներ են պետք»,- հարցիս, թե ինչու են այդպիսի մեծ առավելություններ տրվում վերոհիշյալ մասնագիտություններին` ի հաշիվ մյուսների, հակադարձեց Արա Ավետիսյանը: Այս դեպքում հարց է ծագում` այդ մասնագետների քանի՞ տոկոսն է իր ապագա գործունեության հեռանկարը կապում Հայաստանի հետ: «Էփիջիլեփս-Էլ-Էմ» ՍՊԸ-ի տնօրենը, իմանալով մեզ հուզող հարցերը, միանգամից հրաժարվեց հարցազրույցից, քարտուղարուհու միջոցով փոխանցելով` երբ հարմար գտնենք, կտանք այդ տվյալները: Որոշակի տեղեկատվություն տրամադրելուց հրաժարվեց նաեւ «Էյջ-Փի-Էլ-Էյ»-ի տնօրենը` խորհուրդ տալով, որ այդ տվյալները ինքներս հայթայթել: ԿԳՆ-ի գիտամանկավարժական կադրերի պատրաստման բաժնում մեզ հայտնեցին, որ մեկական նպատակային տեղեր հատկացվել են ՀՀ նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովին եւ կառավարությանը, ՀՀ էներգետիկայի, բնահպահպանության, տրանսպորտի եւ կապի, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարություններին: Բացի այդ, միջպետական համաձայնագրերի հիման վրա նպատակային հինգ տեղեր էլ հատկացրել են ԼՂՀ-ին: Թե ՀՀ նախագահի աշխատակազմից, կառավարությունից, ԱԺ-ից, մի շարք նախարարություններից ովքեր են զբաղեցրել նպատակային տեղերը, ԿԳՆ-ում չկարողացան պատասխանել` պատճառաբանելով, թե այդ հարցի պատասխանը կարող են տալ այն բուհերը, որտեղ սովորում են հայտ ներկայացրած ասպիրանտները: Իր անունը հրապարակել չցանկացող դեկանը մեր զրույցի ընթացքում պնդում էր, որ իշխանության բարձրագույն մարմիններից ճնշումներ են գործադրում ԵՊՀ-ի վրա` ասպիրանտուրայում իրենց երաշխավորած թեկնածուներին «տեղավորելու» նպատակով: ԿԳ փոխնախարար Ա. Ավետիսյանը մեր հարցի պատասխանն էլ ուներ. «Քննություններն ընդունում եւ դիմորդին գնահատում նույն դասախոսներն ու դեկանները, ովքեր հետո դժգոհում են: Եթե ասպիրանտուրայի հայտ ներկայացրած դիմորդը բավարար գիտելիքներ չունի, ինչու՞ են նրան բարձր գնահատել եւ ասպիրանտուրայում սովորելու հնարավորություն ընձեռում»: Ի լրումն այս ամենի, Ա. Ավետիսյանը մեզ համոզում էր, որ կառավարությունից, ԱԺ-ից, տարբեր գերատեսչություններից ասպիրանտուրայում սովորողները կյանքից եկող մասնագետներ են, եւ նպատակային տեղերի հաշվին սովորելուց հետո էլ շարունակում են աշխատել այն գերատեսչություններում, որոնց ներկայացրած հայտերով հետբուհական կրթություն են ստացել: Անհասկանալի է, սակայն, եթե ԱԺ-ն, կառավարությունը կամ տարբեր գերատեսչություններ գիտական կոչում ունեցող, բարձրորակ մասնագետների կարիք ունեն, ապա ինչու՞ են նպատակային տեղեր հատկացնում իրենց աշխատակիցների համար, երբ կարող են թափուր տեղերը համալրել հենց ասպիրանտուրան ավարտած եւ գիտական կոչում ունեցող մասնագետներով: Չէ՞ որ, այդպիսիք քիչ չեն եւ մեծ դժվարությամբ են իրենց մասնագիտությամբ աշխատանք գտնում: ԵՊՀ պրոռեկտոր Էդվարդ Չուբարյանն ընդհանրապես դժգոհ էր ասպիրանտական տեղերի սահմանափակ թվաքանակից: «Դա չի կարող նպաստել սերնդափոխությանը: Իսկ ԵՊՀ-ում դասախոսների միջին տարիքը 60 է»,-նշեց նա: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի աշխատակազմին, ԱԺ-ին եւ կառավարությանը հատկացվող նպատակային տեղերին, ապա պրն Չուբարյանի կարծիքով, դրանք արդարացված են, քանզի պետական կառավարման համակարգում աշխատող բարձրորակ մասնագետներ միշտ էլ անհրաժեշտ են: Զրույցից տեղեկացանք, որ ՀՀ նախագահի աշխատակազմից ԵՊՀ ասպիրանտուրա է ընդունվել Դավիթ Համբարյանը («միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ), Ազգային ժողովից` Արթուր Մարտիրոսյանը («քաղաքագիտություն» մասնագիտությամբ) եւ մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի նախարարությունից Ռուբեն Գեւորգյանը («թուրքագիտություն» մասնագիտությամբ): Մեկ նպատակային տեղ էլ հատկացվել է Լեռնային Ղարաբաղին: Ի դեպ Ազգային ժողովից երաշխավորված Արթուր Մարտիրոսյանը անվերադարձ մեկնել է Հայաստանից: Պրն Չուբարյանը դժգոհ էր կոմերցիոն շահույթ հետապնդող ֆիրմաների ներկայացրած հայտերից: Ըստ պրոռեկտորի, այդ ֆիրմաների անվանական տեղեր ներկայացնող դիմորդներն էլ աչքի չեն ընկնում խոր գիտելիքներով: Մասնավորապես, 2002թ ասպիրանտական երկու տեղ է հատկացվել «Էյջ-Փի-Էլ-Էյ» հաշվողական մեքենաների ամերիկյան ձեռնարկությանը: Ընդունելության քննություններից չստանալով բավարար գնահատականներ, դուրս է մնացել մեկ հոգի: Մեկ տեղ էլ հատկացվել է «Էփիջիլեփս-Էլ-Էմ» ֆիրմային:

Է.Չուբարյանը կարծում է որ, նմանատիպ ֆիրմաները ոչ թե պետք է անվանական հայտեր ներկայացնեն, այլ ասպիրանտուրայի ընդունելության քննություններին մասնակցեն մրցութային պայմաններով: Բացի այդ անհրաժեշտ է նաեւ, որ վերոնշյալ ֆիրմաների տնօրինությունն անպայման մասնակից լինի ընդունելության քննություններին եւ պատասխանատվություն կրի իր երաշխավորած թեկնածուի գիտելիքների համար: Թե չէ ինչի՞ նման է` նախ աշխատանքի են ընդունում, հետո պայքարում, որ իրենց աշխատակցին ասպիրանտ դարձնել: Է. Չուբարյանը սխալ է համարում, երբ այդ ասպիրանտների ուսուցումը իրականացվում է բուհի հաշվին, թեեւ չբացառեց, որ ֆիրմաները միգուցե վճարում են կրթության եւ գիտության նախարարությանը: Ըստ պրն Չուբարյանի, ցանկալի է, որ կոմերցիոն շահույթ հետապնդող ֆիրմաները ժամանակին ասպիրանտական տեղեր պատվիրեն, որպեսզի իրենք ստիպված չլինեն «տեղավորվել» խիստ սահմանափակ ժամանակահատվածում: Պատահում է նաեւ, որ նրանք նեղ մասնագիտություններով գիտական կադրեր են պահանջում պատրաստել, ինչի հնարավորությունը բուհը չունի: «Եվ եթե այդ ֆիրմաներն իսկապես շահագրգիռ են բարձրորակ գիտական կադրեր ունենալու, ինչու՞ չեն աշխատանքի հրավիրում մեր իսկապես լավագույն շրջանավարտներին: Չէ՞ որ այդ դեպքում պահանջարկ ունեցող մասնագետներին «հայտնաբերելը» ավելի հեշտ կլինի»,-եզրափակեց զրույցը ԵՊՀ պրոռեկտորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter