
Հ. Հակոբյանի և Մ. Մալխասյանի դատավարությունները հետաձգվեցին
Այսօր Կենտորն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում նույն ժամին նշանակված էր «Յոթի գործ»-ից անջատված Ազգային ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանի և Մյասնիկ Մալխասյանի քրեական գործերով առանձին դատավարությունները:
Հիշեցնենք, որ Հակոբ Հակոբյանը մեղադրվում է «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ, իսկ Մյասնիկ Մալխասյանը դրա հետ միասին ամբաստանվում է նաև «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու» համար:
Փաստաբան Մելանյա Առուստամյանը դատարանում պաշտպանում է և´ Հակոբ Հակոբյանի և´ Մյասնիկ Մալխասյանի շահերը: Նա դատարանին տեղեկանք էր ներկայացրել, որ վատառողջության պատճառով չի կարող ներկայանալ այսօր նշանակված նիստին:
Մյասնիկ Մալխասյանի շահերը պաշտպանում է նաև փաստաբան Հովիկ Արսենյանը, որը մեկնել էր Կոտայքի մարզ` այսօր նույն գործից անջատված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի շահերը դատարանում պաշտպանելու:
Ամբաստանյալների խնդրանքով` պաշտպանների բացակայության պատճառով դատավարությունները հետաձգվեցին: Հակոբ Հակոբյանի դատական հաջորդ նիստը նշանակվեց ապրիլի 27-ին, Մյասնիկ Մալխասյանինը` ապրիլի 28-ին:
Մեկնաբանել