HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հակոբ Հակոբյանը կմնա անազատության մեջ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում Աբովյանի նախկին քաղաքապետ Գրիգոր Ոսկերչյանի եւ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի ու Մյասնիկ Մալխասյանի դատավարություններն այսօր ընթացել են ընդմիջումներով: Առաջին երկուսի դատավարություններն այս պահին շարունակվում են: Իսկ Մ. Մալխասյանի դեպքում գործում ներգրավված նոր պաշտպանի` Ռոբերտ Գրիգորյանի խնդրանքով նիստը հետաձգվել է մինչեւ մայիսի 11-ը:
Հայտարարված ընդմիջումների արանքում դատավոր Գագիկ Ավետիսյանը հասցրեց մերժել Հակոբ Հակոբյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը: Փաստաբան Մելանյա Առուստամյանը ներկայացրեց նոր միջնորդություն` դադարեցնել Հակոբյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, կամ քրեական գործը վերադարձնել մեղադրողին:

Ըստ պաշտպանի` «Յոթի գործի» անջատման մասին որոշում կայացնելիս մեղադրողները պետք է դատաքննությունը հետաձգելու միջնորդություն ներկայացնեին, որից հետո պետք է կատարվեին անհրաժեշտ քննչական գործողություններ` նոր մեղադրանք առաջադրելու համար, քանի որ «բացառապես քննիչն իրավունք ունի մեղադրանք առաջադրելու»: Մինչդեռ «Յոթի գործի» 6 մեղադրողները մարտի 23-ին խնդրել են դատարանին նիստը հետաձգել` իրենց դիրքորոշումը ճշտելու համար, իսկ 4 օր անց որոշում են կայացրել «առաջադրված մեղադրանքը փոփոխելու եւ նոր մեղադրանք ներկայացնելու համար»:

Ելնելով վերոգրյալից` Մ. Առուստամյանը կարծիք հայտնեց, որ իր պաշտպանյալին, ըստ էության, մեղադրանք առաջադրված չէ: «Կամ, եթե այն պատշաճ կարգով չի կազմվել եւ չի համապատասխանում օրենքի պահանջներին, ինչպե՞ս է իրականացվելու արդարացի դատաքննություն»,- տարակուսեց փաստաբանը:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանը միջնորդության դեմ առարկեց` նշելով, որ դատախազները գործել են իրենց լիազորությունների շրջանակում, «կազմել են դատավարական որոշում եւ ակտ, որի անունն է` մեղադրական եզրակացություն, ինչը ոչ թե քննչական, այլ դատավարական գործողություն է»: Ընդ որում, դատախազը շեշտեց, որ այդ քայլերը պարտադրված են եղել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների փոփոխությամբ:

Իր հերթին դատավորը նկատեց, որ փաստաբանի միջնորդության մի մասը վերաբերում է իրեն հավասարազոր` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, իսկ մյուս մասը` մեղադրող-դատախազների գործողություններին, որոնք պաշտպանը կարող էր բողոքարկել համապատասխան վերադաս ատյաններում:

Միջնորդության մերժման կամ ընդունման մասին որոշումը դատարանը կհրապարակի վաղը: Իսկ Գրիգոր Ոսկերչյանի գործում ներգրավված մեղադրողների բացարկի մասին միջնորդությունը դատավոր Գագիկ Պողոսյանն այս պահին դեռեւս քննարկում է խորհրդակցական սենյակում, թեեւ աշխատանքային ժամն արդեն ավարտված է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter