HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լուսինե Սահակյանի կարծիքով` ամուսնու հետ կատարվածը պայմանավորված չէ իր գործունեությամբ

Փաստաբան Լուսինե Սահակյանը Արգիշտի Կիվիրյանի կինն է: Նա զբաղվում է մի քանի ընդդիմադիր ակտիվիստների աղմկոտ գործերով, մասնավորապես` պաշտպանում է գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի շահերը: Ապրիլի 30-ին Կիվիրյանին դաժան ծեծի ենթարկելուց հետո կարծիքներ հնչեցին, թե դա կարող է կապված լինել Լուսինե Սահակյանի փաստաբանական գործունեության հետ:

«Ես հակված եմ մտածելու, որ սա կապված է Արգիշտիի լրատվական գործունեիության հետ, որովհետեւ ես մեծ հույսեր չունեմ այդ մարդկանց հետ կապված, որ նրանք կունենային այնքան բարոյակություն` ձեռք չբարձրացնել կնոջ վրա: Զուտ դա է իմ մտածելակերպը, որ իմ փաստաբանական գործունեության հետ դա կապված չէ», – այսօրվա ասուլիսում ասաց Լ. Սահակյանը:

Նա նույնպես համոզված է, որ ամուսնուն ցանկացել են սպանել: «Ես նույնիս լսեցի, որ փախչողներից մեկն ասաց` մեկ ա քեզ սպանելու ենք»:

Լուսինե Սահակյանի խոսքերով` ամուսինը, որոշ հանգամանքներից ելնելով, հրաժարվել է ցուցմունքեր տալուց: Նախ` քրեական գործ է հարուցվել «Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու» մեղադրանքով, այնինչ կատարվածը «Սպանության փորձ» է: Հետո` դեպքի վայրից անհետացել են պարկուճները: Երրորդ` ոստիկանությունը տեղեկացրել է, թե կատարվածի մասին ահազանգ է ստացել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, այնինչ, Լ. Սահակյանի վստահեցմամբ, Ա. Կիվիրյանին սկզբում տեղափոխել են շտապօգնության հիվանդանոց, որտեղ եղել են նաեւ ոստիկաններ. «Փաստ է, որ ահազանգը տրվել էր»:

«Այս բոլորը մեզ հիմք է տալիս պնդելու, որ քննությունը օբյեկտիվ չի կատարվում, եւ մենք որեւէ հույս չունենք, որ այն օբյեկտիվ կկատարվի: Դրա համար էլ Արգիշտին հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա համարում է, որ չպետք է զբաղվել մի բանով, որն ի սկզբանե ապարդյուն է»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ինչ վերաբերում է կատարվածի դրդապատճառներին, Լ. Սահակյանը ոչ մի վարկած չի բացառում: Բայց հատուկ շեշտում է, որ «ոչ մեկի մտքով չանցնի, թե կարող են բռնությամբ որեւէ կերպ իրենց դեմն առնել կամ կոտրել», հակառակը շարունակելու են գործել էլ ավելի սկզբունքային դիրքերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter