HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանների ցուցմունքներով` Հակոբ Հակոբյանը մեղավոր չէ

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ԱԺ պատգամավոր, «Մալաթիա» ջոկատի հրամանատար Հակոբ Հակոբյանի դատավարությունը: Այսօրվա նիստում նրա դեմ ցուցմունք էր տալիս ոստիկանության Մալաթիայի բաժնի տեսուչ Արման Կիրակոսյանը:

Թեև վերջինիս ցուցմունքը եւս դրված է Հ. Հակոբյանին առաջադրված մեղադրանքի հիմքում, սակայն, ինչպես մյուս ոստիկանների դեպքում է, Ա. Կիրակոսյանի թե´ նախաքննական եւ թե´ դատարանում տված ցուցմունքներն ամենեւին չէին մերկացնում Հակոբյանին մեղսագրվող արարքները: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ:

Ոստիկան-վկան` Արման Կիրակոսյանը դատարանին հայտնեց, թե մարտի 1-ի առավոտյան` ժամը 6-ի սահմաններում, «հրահանգով մեկնել են Ազատության հրապարակ»: Այնտեղ եղել են 1000-ից ավելի ցուցարարներ` «բոլորը ոտնկայս, ինչ-որ մեկը` երեւի ընդդիմության ներկայացուցիչներից, բարձրախոսով ելույթ էր ունենում, բայց աղմուկ էր եւ նրա խոսքերը չէին լսվում»

Ա. Կիրակոսյանի խոսքերով` միաժամանակ ոստիկանական մեքենայից բարձրախոսով ցուցարարներին կոչ էր արվում չխոչընդոտել ոստիկանների գործողություններին:

«Գնացել էինք վրանները խուզարկելու»,- ասաց վկան եւ նշեց, թե չի կարող հստակ պատասխանել` արդյոք ցուցարարները տեղյա՞կ էին, որ ոստիկանները պարզապես եկել էին խուզարկության:

«Հակոբ Հակոբյանը կագնած էր հրապարակի սկզբնամասում` «Օպերա» ակումբի կողմից, հենց իմ դիմաց` մոտ 2 մ հեռավորության վրա: Հակոբյանը բղավում էր` ուզում եմ խոսել ձեր պետի հետ»,- դատարանին պատմեց Ա. Կիրակոսյանը: Ըստ նրա` Հ. Հակոբյանն իր տեսադաշտում է եղել ընդամենը 5 րոպե, նրա ձեռին ոչինչ չի եղել եւ ինքը, բացի վերոհիշյալ արտահայտությունից, Հակոբյանի շուրթերից որեւէ արտահայտություն, կոչ չի լսել:

Արման Կիրակոսյանն այսօր դատարան եկած միակ վկան էր. մյուսները չէին ներկայացել, ինչի պատճառով էլ դատավարությունը հետաձգվեց:

«Կան բազմաթիվ ապացույցներ, որ վկաներից շատ ցուցմունքներ կորզվել են բռնություններով: Դրա համար էլ նրանք կամովին դատարան չեն գալիս»,- նիստից հետո ասաց փաստաբան Մելանյա Առուստամյանը եւ ճնշումների ենթարկված վկաներին կոչ արեց դիմել մարդու իրավունքների պաշտպանին:

Մ. Առուստամյանի խոսքերով` ճնշումների մասին վկավող փաստերը, վկաների անվտանգությունից ելնելով, թեեւ չի հրապարակում, սակայն ժամանակին դրանք կներկայացնի դատարան:

«Այս գործով ոչ մի վկա էլ չի ծանուցվել եւ ինքնակամ գնացել ցուցմունք տալու: Հիմնականում նրանց բերման են ենթարկել բաժին եւ այնտեղ պահել,- ասում է պաշտպան Մ. Առուստամյանը: – Դատախազությունը դատակոչել էր 34 վկայի, բայց այսօր այդ թիվը կրճատվել է մինչեւ 17-ի: Նա, ով հօգուտ Հակոբյանի է ցուցմունք տվել, որպես վկա, չեն դատակոչել, իսկ ի վնաս ցուցմունք տվողներին դատակոչել են»:

Փաստաբանը մանրամասնում է, որ վկաներից Գաբրիել Գաբրիելյանն իր պաշտպանյալի դեմ ցուցմունք չտալու համար, որպես զանգվածային անկարգությունների կազմակերպիչ, դատապարտվել է: Ավելին` վերջինիս հանել են դատակոչված վկաների ցուցակից: Իսկ Լավրենտ Գասպարյանն ազատազրկման է դատապարտվել պայմանական, քանի որ Հակոբյանի դեմ տվել է մեղադրող ցուցմունքներ, այսինքն` «մեղադրական ցուցմունք տալու գինը եղել է ազատությունը»:

«Լավրենտ Գասպարյանը ժամանակին դիմել է, որ նախաքննական մարմինն իր նկատմամբ ճնշումներ է գործադրել, ինչի պատճառով տվել է մեղադրող ցուցմունքներ: Բայց հետո նրան կրկին ստիպել են վերադառնալ իր մեղադրական ցուցմունքներին: Հիմա նման անարժանահավատ վկան դատակոչվել է ցուցմունք տալու»,- ավելացնում է փաստաբան Առուստամյանը:

Ինչ վերաբերում է 6 վկա-ոստիկաններին, ապա պաշտպանը նշում է, թե չի հասկանում նրանց դատակոչելու իմաստը, քանի որ վերջիններիս «ցուցմունքները նույնիսկ անուղղակիորեն չեն ապացուցում, թե Հակոբ Հակոբյանը կազմակերպել է զանգվածային անկարգություններ»:

«Կուզեմ, որ դատախազությունը նման 10 վկա բերի դատարան ցուցմունք տալու: Թող բերեն. նրանց ցուցմունքներն իմ պաշտպանյալի արդարացմանն են ուղղված»,- ասում է Հակոբ Հակոբյանի շահերի պաշտպանը` Մելանյա Առուստամյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter