HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկան հրաժարվեց բոլոր ցուցմունքներից. նա պատրաստ է ենթարկվել քրեական պատասխանատվության

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, շարունակվում է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործի քննությունը: Այսօր դատարանը հարցաքննեց երեք վկաների, այդ թվում` 27-ամյա Համլետ Հովհաննիսյանին: Վերջինս նախաքննության ընթացքում իր մեղքն ընդունելուց բացի, մեղադրող ցուցմունքներ է տվել ոչ միայն Հակոբ Հակոբյանի, այլեւ մարտի 1-ին զոհերից Արմեն Ֆարմանյանի դեմ:

Դատարանում, երբ նախագահող Գագիկ Ավետիսյանը վկային խնդրեց` ներկայացնել գործի մասին իրեն հայտնի հանգամանքները, Համլետը, նայելով Հակոբ Հակոբյանի ուղղությամբ, հայտարարեց. «Իրա վրա ոչ մի բան ինձ հայտնի չէ: Իսկ ընդհանրապես` մարտի 1-ին մասնակցել եմ հանրահավաքի»:

Ըստ Համլետ Հովհաննիսյանի դատարանում տված ցուցմունքի` մարտի 1-ի կեսօրին գնացել է Արարատյան զանգվածում գտնվող իր «դիսկերի պռակատնոց», օղի է խմել, հետո սկավառակների վարձույթի սրահ է եկել իրենց բակից Արմեն Ֆարմանյանը, որի հետ ինքը մինչ այդ որեւէ հարաբերություն չի ունեցել: Վերջինս առաջարկել է միասին գնալ հանրահավաքի եւ երեկոյան վերադառնալ:

«Սվթա չէի ուզում, հետո 30 հազար դրամ տվեց, գնացի: Էդ փողով մի քանի հոգու հետս պիտի տանեի միտինգի` յուրաքանչյուրին տալով 5000 դրամ: Բայց ես ոչ մեկին չտարա, 30 հազարն էլ մնաց մոտս. Արմենը հետ չուզեց»,- պատմեց վկան: Նրա խոսքերով` ինքն Արմենի հետ սպիտակ գույնի «Գազել» մակնիշի մեքենայով ժամը 14:30-ի սահմաններում եկել է Կիլիկիա թաղամաս, որտեղից ոտքով ուղեւորվել են դեպի քաղաքապետարան. «Մեքենայում էլի մարդիկ կային` մոտ 10 հոգի: Կարող է` ավելի շատ լինեին. չեմ հիշում: Բոլորին Արմենը 5000-ական դրամ էր տվել, որպեսզի գային հանրահավաքի»:

Վկան նշեց, թե քաղաքապետարանի մոտ մարդիկ հանգիստ նստած էին, ոչ մի բան չէին անում, «հետո ՕՄՈՆ-ն եկավ, ինչ-որ մեկն ասաց` եկել են ծեծեն, ըտենց կռիվ սկսվեց ժողովրդի եւ ՕՄՕՆ-ի միջեւ, բայց ես հեռու էի»:

Հարցերին ի պատասխան` Համլետը նշեց, թե Հակոբ Հակոբյանին չի տեսել, Արմենը նրա մասին ոչինչ չի ասել, վերջինիս մոտ տեսել է մոտ 200-300 հազար դրամ` 5 հազարանոցներով, բայց ոչ ինքն է հարցրել, թե դա ինչ փող է եւ ինչի համար է, ոչ էլ Արմենն է այդ մասին որեւէ բան ասել:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանը հայտարարեց, թե վկան նախաքննության ժամանակ Հակոբ Հակոբյանի վերաբերյալ ցուցմունքներ է տվել, ուստի խնդրեց դատարանում հրապարակել ցուցմունքների տվյալ հատվածները:

Ըստ դրանց` Համլետը նախաքննական մարմնին հայտնել է, թե Արմեն Ֆարմանյանին ճանաչել է որպես հանցագործ տղա, որը եղել է Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի մտերիմը: Այդ մասին մարտի 1-ին իրեն անձամբ ասել է Արմենը եւ նշել, որ իր մոտի գումարը (մոտ 200-300 հազար դրամ) տվել է Հ. Հակոբյանը, որպեսզի «հանրահավաքի համար մարդ բերի»:

«Քաղաքապետարանի մոտ մարդկանց ուտելիք եւ ինչ-որ արտասավոր հյութ բաժանեցին, բայց այդ հեղուկի ազդեցությունը ես չեմ զգացել, որովհետեւ խմած եմ եղել»,- նախաքննությանն ասել է Համլետը: Այնուհետեւ նշել է, որ երբ մութն ընկել է, ինչ-որ սեւ գույնի «Մերսեդես-Բրաբուս» մակնիշի ավտոմեքենա է եկել, որի բեռնախցիկն ամբողջությամբ լցված է եղել «Մոլոտովի կոկտեյլ»-ներով եւ հատուկ կռիվ անելու համար հարմարեցված փայտե մահակներով:

Նախաքննության ժամանակ Համլետ Հովհաննիսյանը սկզբում հարցաքննվել է որպես կասկածյալ, այնուհետեւ` մեղադրյալ, քանի որ խոստովանել է, որ ինքն էլ է «Մոլոտովի կոկտեյլ» նետել ոստիկանների ուղղությամբ: Սակայն նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել, ըստ էության, Հակոբ Հակոբյանի դեմ տված մեղադրող ցուցմունքների «շնորհիվ»:

Այս ցուցմունքները հրապարակելուց հետո դատախազ Հովսեփ Սարգսյանը վկային հարցրեց, թե ո՞ր ցուցմունքն է ճիշտ:

«Ոչ մեկը. սկզբից մինչեւ վերջ սխալ է գրված»,- պատասխանեց Համլետ Հովհաննիսյանը եւ հայտարարեց, որ իրականությանը չեն համապատասխանում նույնիսկ րոպեններ առաջ դատարանին տված իր ցուցմունքները: Իսկ «ո՞րն է իրականությունը» հարցին` վկան պատասխանեց` «մարտի 1-ին ես տանն եմ եղել եւ ընդհանրապես ոչ մի բանից տեղյակ չեմ»:

Համլետը հրաժարվեց պատասխանել բոլոր այն հարցերին, թե ինչո՞ւ է նման ցուցմունքներ տվել: Միայն, առանց մանրամասնելու, նշեց, թե նախաքննության ժամանակ 3 օր իրեն «պահել են քաղմասում»:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը վկային հիշեցրեց, որ ստորագրությամբ հաստատել է, որ դատարանում սուտ ցուցմունք տալու համար կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության:

«Բոլոր ցուցմունքներիցս հրաժարվում եմ, անգամ եթե ենթարկվեմ քրեական պատասխանատվության,- հայտարարեց Համլետ Հովհաննիսյանը: – Թե խի՞ եմ գրել, ես գիտեմ: Մեղավորը ես եմ եւ դրա համար պատրաստ եմ ընդունել Ձեր որոշումը, ինչ որոշում էլ որ կկայացնեք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter