HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վաղատին. տնտեսական ճգնաժամը հասել է գյուղի խանութ

Սյունիքի մարզի Վաղատին գյուղը Սիսիանի տարածաշրջանի խոշոր բնակավայրերից է: Պաշտոնական տվյալներով այստեղ գրանցված է 251 տնտեսություն:

Համայնքապետի խոսքերով, գյուղում փաստացի ապրում է 180 ընտանիք: Իսկ վաղատինցիները նշում են, որ մշտական բնակիչներն իրականում ավելի քիչ են:

«Մեր բնակչությունն ավելանում է, որովհետեւ գյուղում ծնելիության աճ կա: Երեւի դա նրանից է, որ վերջին տարիներին մոտ 10-15 երիտասարդ զույգեր ընտանիք են կազմել: Ես էլ ինչով կարողանում, ընդառաջում եմ. բոլոր հարսանիքներին պարտադիր քավոր եմ կանգնում»,- ասում է համայնքապետ Շահեն Գրիգորյանը:

Սակայն ծնելիության աճի վերաբերյալ գյուղապետի ասածները հակասում են որոշ թվային տվյալների: 1997թ. հետո գյուղի միջնակարգ դպրոց ավելի քիչ աշակերտներ էին ընդունվում, քան ավարտում: Այս տարի դպրոցը կունենա 17 շրջանավարտ, իսկ առաջին դասարանում կընդունի ընդամենը 6-ին:

«Դա պայմանավորված է երիտասարդության հոսքով: Եթե գյուղում աշխատանք չկա, ինչո՞ւ պետք է ջահելները մնան»,- ասում է դպրոցի տնօրեն Պայքար Գալստյանը: Նրա երեք զավակներն էլ Վաղատինից հեռացել են. մեկն Էջմիածնում է, մյուսը` Երեւանում, երրորդը` Ռուսաստանում:

Բնակչության թվի ուռճացումը, ըստ էության, որոշակի խնդիրներ է լուծում ընտրությունների ժամանակ: Համայնքապետ Շահեն Գրիգորյանը հպարտությամբ նշում է, որ վաղատինցիների մեծ մասը համակրում է իր կուսակցությանը. «Երեւի ժողովուրդն ինձ վստահում է, ես էլ հավատում եմ մեր իշխանություններին»:

2007թ. խորհրդարանական ընտրություններին հօգուտ Հանրապետական կուսակցության քվեարկել է գյուղացիների ավելի քան 90 տոկոսը: Իսկ անցյալ տարի` նախագահական ընտրությունների ժամանակ, կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը Վաղատինում ստացել է քվեների մոտ 60 տոկոսը:

«Ես ինչ գյուղապետ եմ` 2005թ. վերջից, ո՛չ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամից, ո՛չ միջազգային որեւէ կազմակերպությունից, ո՛չ էլ սոցհիմնադրամից աջակցություն չեմ տեսել: Ընտրությունների ժամանակ Կապանի մոլիբդենի գործարանի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանի օժանդակությամբ վերանորոգել ենք գյուղի Մշակույթի տան կտուրը: Բայց մեր ամենամեծ խնդիրը գազաֆիկացումն է: Գազատարը գյուղից 4 կմ է հեռու, իսկ մոտակայքում անտառներ չկան. բնակիչները փայտը գնում են: Ընտրությունների ժամանակ Մաքսիմ Հակոբյանը խոստացավ լուծել նաեւ գազի հարցը: Էն էլ ֆինանսական ճգնժամի պատճառով ձգձգվեց: Բայց երեւի իրենց գործերը լավանալու դեպքում անմիջապես կօգնեն»,- ասում է Շահեն Գրիգորյանը:

Վաղատինցու առջեւ ծառացած խնդիրները շատ են: Վարելահողերն անջրդի են, ինչի պատճառով էլ շատերը հողը չեն մշակում: Մշակողներն էլ հիմնականում ցանում են ցորեն եւ գարի:

«Առաջ գոնե հարեւաններն ասում էին` արտը տուր, քեզ էլ բերք կտանք: Բայց հիմա իսկի իրանց հողը չեն կարողանում բեջարել: Տեխնիկա է պետք. ահագին փող են ուզում, վառելիքը թանկ ա. մշակելը ձեռք չի տալիս: Տնամերձն էլ, ճիշտ ա` բեջարում ենք. գյուղի մեջ ոռոգման ջուրը կա, բայց ապրանքն առնող չկա. մեր խնձորն ու տանձը կովն ա ուտում»,- ասում է 77-ամյա Ալվարդ Խաչատրյանը:

Համայնքում անասնապահությունը զարգացած է: Չնայած նախորդ տարի դաբաղի հասցրած մեծ կորուստներին` այսօր գյուղում կա ավելի քան 300 կով եւ 400-ից ավել ոչխար: Սակայն վաղատինցին ունի արտադրանքի իրացման լուրջ պրոբլեմ, որը կապված է շուկա չունենալու` քաղաքից հեռու լինելու եւ Սիսիանը գյուղին կապող քարուքանդ եղած ճանապարհի հետ: Անմխիթար վիճակում են նաեւ ներհամայնքային ճանապարհները:

«Ես իմ աշխատակազմով, ավագիներով, գյուղի երիտասարդներով անցյալ տարի փոսալցման աշխատանքներ եմ իրականացրել: Բայց դա օգուտ չի տա: Ճանապարհները հանձնվել են Տրանսպորտի եւ կապի նախարարությանը, որ «Հազարամյակի» ծրագրով պետք է շինարարությունը սկսեր, այն էլ ձգձգվում է»,- նշում է գյուղապետ Գրիգորյանը:

Նա դժվարացավ մտաբերել, թե Սյունիքի մարզպետարանի օժանդակությամբ գյուղում ինչ խնդիր է լուծվել: Հետո հիշեց, որ գյուղ եկող խմելու ջրի խողովակները փոխելու գումարը տվել է մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Քիչ անց նշեց, թե այդ գումարը հատկացրել է հանգուցյալ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարությունը` անձամբ մարզպետի միջամտությամբ:

Իսկ զրույցի սկզբում գյուղապետն ասել էր. «Խմելու ջրի հետ էլ պրոբլեմ ունենք: Ջրագծի մի մասը` մինչեւ գյուղ մտնող հատվածը, գյուղապետարանի միջոցներով հիմնովին վերանորոգել ենք: Իսկ ներքին ցանցը` էդ մաշված ռետինե խողովակները, երեւի «Հազարամյակի» ծրագրով հնարավոր կլինի լուծել: «Հազարամյակի մարտահրավերում» Վաղատինը ներառված չէ: Բայց հնարավոր է` ինչ-որ գյուղ իր պարտականությունները, ներդրումները չկարողանա կատարել, ծրագրից դուրս մնա, մենք իր տեղը մտնենք: Հույսս դա է, թե չէ ներքին ցանցը փոխելու միջոցներ մենք չունենք»:

Շահեն Գրիգորյանի փոխանցմամբ` համայնքի բյուջեն գոյանում է հողի եւ գույքի հարկերից: Եթե առաջ հարկերը չէր վճարում բնակչության մոտ 30 տոկոսը, ապա ճգնաժամից հետո այդ թիվը հասել է 50 տոկոսի: Արդյունքում համայնքի բյուջեն, պետության տված դոտացիայի հետ միասին, կազմում է 8-9 միլիոն դրամ, որն էլ «հազիվ բավարարում է աշխատավարձերին»:

«Մինչեւ ճգնաժամը ունեցել եմ 19 աշխատող: Հիմա կրճատել եմ մինչեւ 8-ի: Երկուսին էլ մոտ ապագայում կկրճատենք,- ասում է գյուղապետը: – Արդեն այս տարվա հունվարից, անվճարունակ գյուղացիներին օգնելու համար, մեր աշխատավարձերը ստիպված չենք վերցնում: Այսինքն` մուծում ենք իրենց հողի հարկը: Եթե կարող են, հետո կվերադարձնեն»:

Ստացվում է, որ բյուջեից որպես աշխատավարձ դուրս գրվող գումարը հարկի տեսքով նորից վերադառնում է: Սակայն Շահեն Գրիգորյանի հետ զրույցից այդպես էլ պարզ չդարձավ, թե, ի վերջո, ինչի՞ վրա է ծախսվում համայնքի գումարը: Նա միշտ տալիս էր նույն պտասխանը. «Բյուջեն հազիվ աշխատավարձին ա հերիքում»:

Գյուղապետը լիահույս է, որ «սենց չի մնա», եւ հատկապես գյուղի գազաֆիկացումը շատ հարցեր կկարգավորի:

«Համաձայն եմ, որ ջահելների արտագաղթն ամենակարեւոր հարցն է: Ես միշտ ձմռանը երկու անգամ բիլիարդի, սեղանի թենիսի մրցաշար եմ կազմակերպում: Մի երկու անգամ տոն օրերին աստղերին բերել եմ, համերգ են տվել: Փորձում եմ երիտասարդությանը ոգեւորել: Ամեն ինչ անելու ենք, որ նրանք չհեռանան»,- ասում է Շ. Գրիգորյանը:

«Հենց հիմա էլ ձեւ ունենամ, 100 տոկոսով գյուղից գնացող եմ. ստեղ մնալու տեղ չի: Ջահել տղերք ենք, հողագործությունից ու անասուն պահելուց բացի, ոչ մի բան չենք տեսնում: Դրանով էլ կյանքում մեկը երկուս չի դառնում: Միշտ հույս ենք տալիս` լավ կլինի, բայց էդ լավը չի գալիս»,- ասում է 23-ամյա Հայկ Առուստամյանը: Նա ապրում է ծնողների հետ, որոնց թոշակը, ինչպես ինքն է ասում` միայն հերիքում է էլեկտրաէներգիայի վարձին:

Վաղատին գյուղի երեք խանութներից մեկի սեփականատերը Գագիկ Հախվերդյանն է: Նա իր հաստափոր տետրում լրացնում է խանութից պարտք վերցնողի տվյալները: Կան գյուղացիներ, որոնց պարտքը 300 հազար դրամից ավելի է: Գագիկը նկատում է, որ եթե միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից առաջ ավելի շատ պարտքով վերցնում էին մակարոնեղեն, սուրճ եւ կոնֆետ, ապա հիմա «նիսյաների» առաջին հորիզոնականը զբաղեցնում է ծխախոտը:

«Որովհետեւ տղամարդկանց մի մասը Ռուսաստան չի գնացել: Գնացողներն էլ գումար չեն ուղարկում. ոչ մեկի ձեռքը փող չկա,-  ասում է խանութպանը: – Էս ճգնաժամի ջառմեն լրիվ իմ վրա յա: Եթե սենց շարունակվեց, խանութս պիտի փակեմ. ուրիշ ճար չկա»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter