
Կրկնակի հարցաքննություն. վկան հիմա էլ հրաժարվեց դատարանում ասածներից
Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով հայտարարված ընդմիջումից հետո դատավոր Գագիկ Ավետիսյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդնությունը` անհիմն լինելու պատճառաբանությամբ: Դատավորը հընթացս նշեց նաեւ, որ բավարարում է մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությունը` երեկ դատարանում իր բոլոր ցուցմունքերից հրաժարված Համլետ Հովհաննիսյանին կրկին հարցաքննելու մասին:
«Բայց Դուք իմ կարծիքը չեք հարցրել այդ միջնորդության վերաբերյալ»,- նկատեց պաշտպան Մելանյա Առուստամյանը:
«Դե որ այդպես է, ասեք, լսում եմ»,- հակադարձեց դատավորը:
«Միջնորդությունը բավարարելուց հետո՞ եք տեսակետս լսելու»,- տարակուսեց Մելանյա Առուստամյանը և հայտարարեց, որ վկային նորից հարցաքննելու անհրաժեշտություն ամենևին չկա, քանի որ այսքանից հետո վերջինս ինչ էլ ասի, դա ոչ մի նշանակություն չի կարող ունենալ:
«Ես արդեն ասացի, որ վկաների նկատմամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցների կողմից կիրառվում են ճնշումներ: Երեկ, երբ այդ մասին հայտարարել եմ, պարզվում է, որ դահլիճում նստած է եղել ոստիկանության Մալաթիայի բաժնի պետի տեղակալ Գաբրիելյանը , որին ես դեմքով չեմ ճանաչում: Նա դահլիճում է եղել նաեւ վկայի հարցաքննության ժամանակ»,- ասաց Մելանյա Առուստամյանը` դատարանին խնդրելով այդ իրողությունը համադրել երեկ վկա Հովհաննիսյանի` դատարանի դահլիճից անհետանալու փաստի հետ և հանգել համապատասխան եզրակացության:
Այնուամենայնիվ, դատարանը վերստին հարցաքննեց վկա Համլետ Հովհաննիսյանին: Մեղադրողի հարցերին, թե որևէ մեկը ճնշե՞լ է Ձեզ` երեկ դատարանում արված հայտարարություններից հրաժարվելու և նոր վկայություն տալու մասին դիմում գրելու համար, վկան պատասխանեց` ոչ: Նա նշեց, թե դիմումը գրել է անձամբ, քանի որ երբ գնացել է տուն, հայրն ամոթանք է տվել` սուտ ցուցմունք տալու համար:
«Ա’յ մարդ, ասա, որ նախաքննական ցուցմունքներդ պնդում ես, իմ դեմ ցուցմունք տուր ու գնա երեխեքիդ գլխին կանգնի: Թե չէ իմ դեմ տված ցուցմունքիցդ հրաժարվելու համար քեզ 8 տարի սռոկ են տալու»,- ասաց Հակոբ Հակոբյանը: Նա վկային հարցրեց. «Երեկ, երբ ինձ դատարանից տանում էին կալանավայր, դու ինձ տեսա՞ր»: Վկան տվեց բացասական պատասխան:
«Երեկ ժամը 5-ի սահմաններում, երբ ինձ տանում էին կալանավայր, անձամբ իմ աչքերով եմ տեսել, որ դատարանի փակ տարածքում վկային, թևերը ոլորած, նստեցրին մուգ գույնի «BMW» մակնիշի ավտոմեքենա ու տարան»,- հայտարարեց Հակոբ Հակոբյանը և նայելով դատավորին` շարունակեց. «Եթե Դուք էլ տեսնեինք, թե ինչպես նրան` վիզը ծուռ վիճակում նստեցրին մեքենան, Ձեր մեղքն էլ կգար: Թող նախաքննական ցուցմունքները պնդի ու հանգիստ գնա տուն: Մեկ է`ես համոզված եմ, որ եթե երեկ նրան չտանեին էլ, 2 օր հետո պլանի կամ դեղի համար տանելու էին փակեին: Խի ո՞վ չգիտի, թե էս երկրում ինչ ա կատարվում»:
Վկա Համլետ Հովհաննիսյանը մինչ օրս մեղադրյալի կարգավիճակում է, քանի որ նախաքննության մարմնին տվել է նաեւ ինքնախոստովանական` ինքն իրեն մեղադրող ցուցմունքներ: Թեև մարտի 1-ի իրադարձություններից անցել է ավելի քան մեկ տարի, նրա մեղավոր լինել-չլինելու հարցն իրավապահները չեն հստակեցրել, ինչը, ըստ Հակոբ Հակոբյանի, արվել է մի բանի համար. «Սպասել են, տեսնեն դատարանում իմ դեմ ցուցմունք տալի՞ս է, թե՞ չէ: Դրա համար էլ էս մարդը մինչև հիմա մեղադրյալի կարգավիճակում է»:
Պաշտպան Մելյանա Առուստամյանը վկային հարցաքննելիս խնդրեց, որպեսզի նա նկարագրի, թե ինչպես է երեկ հասել տուն: Համլետ Հովհաննիսյանը մեկ նշեց` քայլելով, հետո ասաց, թե գնացել է մեքենայով, հոր հետ է եղել, բայց չկարողացավ մտաբերել, թե մեքենան որ հատվածում է նստել` դատարանի փակ` ծառայողական մեքենաների համար հատկացված տարածքի՞ց, թե՞ այլ հատվածից: Ի վերջո, այս հարցերին ի պատասխան` 27-ամյա Համլետը նշեց, թե չի հիշում:
«Եթե ասեմ` ովքեր էին թևերդ ոլորելով տանողները, ես էդ մարդկանց ճանաչում եմ անուն-ազգանունով, կհիշե՞ս, թե ոնց ես տուն գնացել»,- հարցրեց Հակոբ Հակոբյանը: Բայց հարցը մնաց անպատասխան:
Համլետ Հովհաննիսյանն այսօրվա հարցաքննության ժամանակ հայտնեց, որ պնդում է իր նախաքննակաան ցուցմունքները: Բայց հարցադրումներին պատասխանելիս կոնկրետ Հակոբ Հակոբյանին մեղադրող որևէ բան չասաց: Նա միայն նշեց, թե Արմեն Ֆարմանյանի մոտ եղած գումարը (200-300 հազար դրամ) տվել էր Հակոբ Հակոբյանը:
«Այդ մասին ինձ Արմենն է ասել: Կարող է սուտ է, ոչինչ ասել չեմ կարող»:
Հիշեցնենք, որ Արմեն Ֆարմանյանը մարտիմեկյան իրադարձությունների պատճառով զոհված քաղաքացիներից մեկն է:
Դատավարությունը կշարունակվի մայիսի 18-ին:
Մեկնաբանել