
Արգենտինյան տանգո և ոչ միայն. Պիետրոդարկին կրկին Երևանում է
Արգենտինյան ռիթմեր, տանգո, Աստոր Պիացոլա, Էնիո Մորիկոնե, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբ, էլեկտրական երաժշտական գործիքներ և համաշխարհային պրեմիերա. երփներանգ ծաղկեփունջ հիշեցնող այսպիսի ծրագրով հունվարի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում սպասվում է աշխարհահռչակ բանդոնեոնահար, ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի համատեղ համերգը հայ երաժիշտների հետ:
Երիտասարդ իտալացի վիրտուոզն արդեն երրորդ անգամ է նվագելու միևնույն բեմահարթակում Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Երիտասարդական նվագախմբի հետ, բայց այս անգամ ծրագիրը տարբերվելու է իր ռիթմիկայով և երաժշտական փորձարկումներով. դասական կատարողներին կնվագակցեն էլեկտրոնային կիթառահարներ, բաս կիթառահարներ:
Մարիո Պիետրոդարկիի խոսքերով` այս համերգը նպատակ չունի կրթել հանդիսատեսին, ծանրաբեռնված չի լինելու արգենտինյան բարդ երաժշտությամբ, հագեցած է լինելու կենսախինդ մեղեդիներով և ռիթմերով:
Ծրագրով նախատեսված է նաև Նինա Ռոտա (Կոպոլայի «Կնքահայրը» ֆիլմի երաժշտության հեղինակը), Ռոբերտո Մոլինելի, Ֆաբիո Կոնիչիելա և Էնրիկո Բլատի, ինչպես նաև համաշխարհային պրեմիերա՝ Մարտին Պալմերի՝ «Տարվա եղանակները»:
Հիշեցնենք, որ համերգի տոմսերի հասույթի 10 %-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որը զբաղվում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների փրկությամբ:
Մեկնաբանել