HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկան պնդում է, որ իրեն պարբերաբար ծեծել են` ստիպելով ցուցմունք տալ Հ. Հակոբյանի դեմ

Այսօր ԱԺ պատգամավոր Հակոբ  Հակոբյանի գործով ցուցմունք տվեց նաև 18-ամյա վկա Գևորգ Մուրադյանը, ով սովորում է Քըրքորյանի անվան համալսարանում: Վկան դատարան էր ներկայացել իր փաստաբան Կարինե Խաչատրյանի հետ: Դատարանում Գ. Մուրադյանը հրաժարվեց նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից, որովհետև «դրանք չեն համապատասխանում իրականությանը»:

Այնուհետև նա պատմեց, որ մարտի 1-ից մոտ երկու շաբաթ անց` առավտյան ժամը 8-9-ի սահմաններում, Շահումյանի շրջանի ոստիկանները երեք հոգով եկել են իրենց տուն, ասել, որ միլպետն իրեն մեկ-երկու հարց ունի տալու, որ ինքը պետք է իրենց հետ գնա ոստիկանություն ու մի քանի ժամից կգա տուն: Հոր ուղեկցությամբ ոստիկանների հետ Գևորգը նստել է նրանց ավտոմեքենան ու գնացել ոստիկանության Շահումյանի բաժին:

Վկան մանրամասն նկարագրեց, որ իրենք բարձրացել են երրորդ հարկ, աջից երկրորդ սենյակն են մտցրել իրեն: Ինքն ու հայրը նստած են եղել երեք ոստիկանի ներկայությամբ, հետո եկել են ևս չորս-հինգ ոստիկան, հորն ասել են , որ պիտի դուրս գա այդ սենյակից, ու սկսել են վկային ծեծել` ոտքերով, ձեռքերով ու «դուբինկաներով»:

Այնուհետև նրան ասել են, թե` «հարևաններից քո վրա դանոս է եկել, որ դու մարտի 1-ին մասնակել ես ցույցերին»:

«Ու ծեծողներից մեկն ասում էր` արա դու մեր վրա գրանատ ես գցել, մեկն էլ` շիշ, մյուսը` չագուչ և այլն: Ես ասացի, որ ոչ մի բանի չեմ մասնակցել ու ոչնչից էլ տեղյակ չեմ»,- պատմեց վկան` հավելելով, թե ոստիկաններին ասել է, որ ինքը «Հանրապետական» կուսակցությունից է, խնդրել է որ իրեն հնարավորություն տան զանգելու ու ապացուցելու, որ հանրահավաքների հետ կապ չունի, բայց հեռախոսը ձեռքից վերցրել են` չթողնելով զանգել:

Վկայի խոսքերով` ոստիկաններն իրեն այնքան են ծեծել, մինչև վատացել է, բայց շտապօգնություն չեն կանչել, պարզապես հանգստացնող դեղ են տվել:

Մոտ երկու ժամ հետո, վկայի հավաստմամբ, իրեն տարել են ձախ թևի վրա գտնվող ավելի մեծ սենյակ, այդքան մարդուն գումարվել են ևս 4-5 «ջանով տղերք», ու նորից շարունակել են ծեծել` ասելով որ ինքը պետք է ցուցմունք տա Հակոբ Հակոբյանի դեմ: «Ասում էին` Արմեն Ֆարմանյանի (մականունը` Ճտեմ) մասին գրի, միևնույնն է` նա մեռել է, ինչ ուզում ես` գրի. քեզ ոչ ոք ոչինչ չի ասի»:

Հարցերին ի պատասխան` վկան նշեց, որ Ճտեմի դեմ ցուցմունք տալով` մեխանիկորեն ցուցմունքն ուղղվում էր նաև Հակոբ Հակոբյանի դեմ, քանի որ ոստիկաններն իրեն ասել են, որ ցուցմունք պիտի տա, իբր Հակոբ Հակոբյանը գումար է տվել Ֆարմանյանին, վերջինս էլ այդ գումարը տվել է իրենց, որ գնան, մասնակցեն հանրահավաքին:

«Սկզբում ասում էին`15 000 դրամ, հետո կանգնեցին 5 000-ի վրա»,- ասաց վկան` հավելելով, որ ցուցմունքի ժամանակ, փաստորեն, ինքն ասել է, որ ժողովրդին Հակոբ Հակոբյանն էր ղեկավարում` ասելով, որ ամեն ինչ իր ուզածով պիտի լինի:

Վկայի խոսքերով` ինքը ոստիկաններին ասել է, որ իրեն չխփեն, քանի որ ինքը սրտի արատ ունի: Բայց հաշվի չեն առել, միայն նրանցից մեկն ասել է. «ընենց ծեծեք` վրեքներս չմնա»:

Վկան ծեծի արդյունքում կրկին վատացել է, նրան կրկին դեղ են տվել ու տեղափոխել մյուս սենյակ, դուռը փակել վրան ու թողել այնտեղ: Գիշերը 4-ին 3-4 հոգով նորից եկել են, արթնացրել ու էլի ծեծել, բայց մի 6-7 րոպե, մինչդեռ նախորդ դեպքերում կես ժամից քառասուն րոպե ծեծը շարունակվել է:

Ծեծողներից ոմանց վկան դեմքով է ճանաչում ու նույնիսկ նկարագրեց նրանց արտաքինը` աչքերի, մազերի գույնը, հասակը: Անուն-ազգանունով ոչ ոք չի ներկայացել, վկան գիտեր միայն քրեականի պետ Գաբրիելյանին, ով անձամբ մասնակցել է «առաջին ծեծին»:

Վկան հավաստիացրեց, որ նույն ընթացքում ոստիկանությունում էլի մարդիկ կային, որոնց ծեծում էին, քանի որ այդ ընթացքում իր ականջին հասել են «մամա ջան, էս ինչ եք անում, մի խփեք» և նմանատիպ արտահայտություններ:

Ոստիկանությունում երեք օր նրան պահել են ու պարբերաբար ծեծել: Երկրորդ օրը առավոտյան, վկայի խոսքերով, սենյակի դուռը բացել է շեկ մազերով, կապույտ աչքերով մի տղա` ծեծողներից մեկը, ու հետագայում հենց նա էլ թելադրել է ցուցմունքը:

Նրան ցույց են տվել մեկի նկարը, ով պարզվել է, իրենց թաղամասից Համլետն է ու ասել են, թե` պետք է այնպիսի ցուցմունք գրես, որ նրա ցուցմունքերի հետ համապատասխանի: Իրեն ստիպել են Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք գրել, սակայն ինքն ընդհանրապես չի էլ կարդացել իր ցուցմունքը. ինչ թելադրել են, գրել է:

Ցուցմունքը գրելուց հետո նրան տարել են դատախազություն, ու ճանապարհին ոստիկանները վկային սպառնացել են, որ եթե ցուցմունքը չկրկնի, իրեն կրկին հետ կբերեն ոստիկանություն, և ինքն էլ ստիպված նույնն է ասել:

Նրան տարել են քաղաքապետարան, ցույց են տվել, ու ասել, որ ասի, թե Հակոբ Հակոբյանի մեքենան տեսել է այնտեղ կանգնած, թեև` վկայի խոսքերով, ինքն ընդհանրապես մարտի 1-ին այնտեղ չի էլ եղել:

Դատախազությունում երբ ասել են, որ պետք է տանեն քաղաքապետարան, ինքն ասել է` «չեմ տեսել, ո՞նց ասեմ», ինչի համար գլխավոր դատախազությունում էլ են ծեծել նրան: Ցուցմունքները կորզելուց հետո ասել են, որ ոչ ոք պետք է չիմանա այդ մասին, և վկան դուրս գալուն պես`որոշ ժամանակով գնա գյուղ, եթե պետք լինի, իրեն նորից կկանչեն:

«Հետո իմացանք, որ Ազգային ժողովում փաստահավաք խումբը նիստ է անում, մորս հետ գնացինք` ցումունք տանք, ասենք` իրականում ինչ է տեղի ունեցել, բայց չստացվեց մտնելը, քանի որ ասացին, որ փաստահավաք խումբն արձակուրդ է գնացել»,- ասաց վկան` հավաստիացնելով, որ մինչև հիմա էլ ճնշումներն ու սպառնալիքներն իր նկատմամբ շարունակվում են, և ինքը տանը չի քնում:

Նա դատարանին խնդրեց, որ ցուցմունք տալուց հետո էլ մինչև վերջ մնա դատարաում, որովհետև` «հաստատ գիտեմ, որ լավ չի լինելու, ինձ հաստատ նորից կտանեն բաժին»:

Դատավորն ասաց, որ վկայի փաստաբանն իրեն դիմում էր գրել ու ասել, որ վկան նախաքննությանը տված ցուցմունքներից հրաժարվում է: Եվ եթե նման հետապնդում լիներ, մինչև հիմա կհետապնդեին նրան:  Բայց փաստաբան Կարինե Խաչատրյանը տեղից նկատեց, որ իրենց դիմումի մեջ նման բովանդակություն առհասարակ չի եղել, պարզապես դատարանին խնդրել են, որպեսզի հնարավորություն ստեղծվի` վկային դատարանում հարցաքննելու համար:

«Ընդամենը տեղյակ ենք պահել, որ վկան հետապնդվում է որոշ մարմինների կողմից,  ու խնդրել ենք հնարավորություն ընդձեռել, որպեսզի նա կարողանա վկայություն տալ»,- ասաց փաստաբանը:

Վկան ասաց, որ եթե այս ամենը շարունակվի, ինքն իրեն էլ վնաս կտա, մնացածներին էլ: Սակայն դատավորը դիտողություն արեց, որ դատարանի դահլիճը սպառնալիքների տեղ չէ:

Փատաբանը դիմում էր տվել դատարանին` նշելով, որ ոստիկանության  Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի աշխատակիցների կողմից հենց դատարանի տարածքում վկան հետապնդվել է` սև գույնի ավտոմեքենայի կողմից, ու սպառնաիքներն այն բնույթն են կրում, թե նա պետք է պնդի նախաքննության ժամանակ իր տված ցուցմունքները:

Դատարանն առաջարկել էր վկայի անվտնագությունն ապահովել, բայց դատապաշտպանը հրաժարվել էր, որովհետև` «Մենք ոստիկանությանը չենք վստահում: Ինչպե՞ս կարող է ոստիկանությունը ապահովել վկայի անվտնագությունը, երբ հենց ինքն է հետապնդում նրան»,-ասաց նա` հավելելով, որ իրենք վկայի պաշտպանության համար արդեն դիմել են օմբուդսմենի գրասենյակ:

Վկայի հարցաքննությունը կիսատ մնաց, քանի որ դատավարությունը հետաձգվեց մինչև վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter