HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հակոբյանը դատարանից տեղափոխվեց հիվանդանոց

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի դատավարությունն այսօր մեկնարկեց ուշացումով` 18-ամյա վկա Գևորգ Մուրադյանի ուշացման պատճառով: Հիշեցնենք, որ վերջինս երեկ դատարանում հրաժարվեց նախաքննության ժամանակ տված իր բոլոր ցուցմունքներից եւ հայտնեց, որ դրանք կորզվել են ծեծի արդյունքում:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը նիստը սկսելուն պես ուշացման համար նկատողություն արեց վկային: Վերջինս էլ պարզաբանեց, որ ինքը ժամանակին եկել էր, ուղղակի տեսել է, որ դատարանի շենքի մոտ քաղաքացիական հագուստով կանգնած են Շահումյանի բաժնում իրեն ծեծի ենթարկած ոստիկանները, ուստի սպասել է մինչեւ նրանք հեռանան:

«Էդ միլիցեքին ռադ արեք, թող ստեղից գնան. եկել կապիկություն են անում, մարդկանց վախեցնում: Երեխուն 15 հոգով ծեծել են, հիմա էլ մեյմունություն են անում, որ վրես ցուցմունք տա,- հայտարարեց Հ. Հակոբյանը: – Թելոյին ընենց են ծեծել, որ թևն ու ոտքը ջարդել են»:

Դատավորը հորդորեց` անպատասխանատու հայտարարություններ չանել:

«Անպատասխանատու հայտարարություն չէ: Եթե ուզում եք, այդ մարդը կարող է դատարանում վկայություն տալ»,- ասաց պատգամավորը: Դատարանն էլ նշեց, թե դրա համար կան համապատասխան մարմիններ:

«Հենց էդ համապատասխան մարմիններն էլ ծեծում են»,- հավելեց Հակոբյանը:

Այնուհետեւ դատարանը շարունակեց վկա Գևորգ Մուրադյանի երեկ ընդհատված հարցաքննությունը: Թեև մեղադրող Հովսեփ Սարգսյանը նախօրեին մի քանի ժամ հարցաքննել էր վկային, այսօր էլ նա շարունակեց հղել նույն հարցերը, ընդ որում` նույն բանը տարբեր կերպ ձեւակերպելով:

«Ես ինձ վատ եմ զգում, խնդրում եմ թույլ տվեք 5 րոպեով դահլիճից դուս գամ, բայց նիստը մի ընդմիջեք,- դատավորին ասաց Հակոբ Հակոբյանը եւ մերժում ստանալով` հավելեց,- ախր, հլը մեղադրողի հարցերին նայեք: Ես ինձ չեմ կարողանում զսպել: Պարտադիր պետք է ինչ-որ բան ասեմ, վիրավորեմ, որ դուրս հանեք: Քանի չեմ ասել, թողեք դուրս գամ»:

Կրկին մերժում ստանալով` պատգամավոր Հակոբյանը հայհոյանք տվեց «գործ սարքողների» հասցեին, ինչի պատճառով էլ դատավորը նրան դահլիճից հեռացնելու սանկցիա կիրառեց և արգելեց մասնակցել առաջինա երկու նիստերին:

Որոշ ժամանակ անց փաստաբան Մելանյա Առուստամյանը դատարանին հայտնեց, որ Հակոբյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է եւ խնդրեց կանչել շտապօգնություն:

«Բայց որտեղի՞ց Ձեզ նման տեղեկություն»,- հարցրեց դատավոր Գ. Ավետիսյանը:

«Ես լսեցի, թե ինչպես Ձեր ականջին շշնջացին այդ մասին»,- դահլիճից նկատեց Հ. Հակոբյանի դուստրը: Դատավորը, որ մինչ այդ զարմանքով էր ընդունել պատգամավորի առողջության վատթարացման մասին լուրը, ոչինչ չպատասխանեց եւ կարգադրեց կանչել շտապօգնություն:

Վկային ուղղված դատախազի հարցերի կապակցությամբ պաշտպան Մելանյա Առուստամյանը նկատեց, որ դատարանը, տարօրինակ կերպով, չի հանում կրկնվող հարցերը: Դրանից հետո մեղադրողի բազմաթիվ կրկնվող հարցերից միայն երկուսի դեպքում դատավորը միջամտեց: Ավելին, երբ հարցեր տալու հերթը հասավ դատավոր Ավետիսյանին, նա նույնպես մի քանի անգամ հնչեցրեց այնպիսի հարցեր, որոնց պատասխանը վկա Մուրադյանը հստակ տվել էր:

Դատավոր Գագիկ Ավետիսյանը վկայի պատասխանները լսելուց նրան դիտողություններ արեց «մուննաթով խոսելու», «ճիշտը չասելու», «դերասանություն անելու» և «անգիր արած բառեր ասելու» համար: Պաշտպան Առուստամյանն էլ դատարանի պահելաձեւը որակեց իբրեւ վկայի նկատմամբ կիրառվող ճնշում:

Դատարանը Գեւորգ Մուրադյանին ուղղված հարցերի առնչությամբ թույլ չտվեց առարկություններ ներկայացնել ոչ միայն վկայի փաստաբանին, այլեւ պաշտպան Մելանյա Առուստամյանին:

«Լավ, Ձեր տված ցուցմունքների միջև ընկած ժամանակահատվածը մոտ 5 ամիս է: Եթե առաջին անգամ սուտ էիք գրել, հետո նորից ցուցմունք տալուց բա Ձեր խիղճը չարթնացավ, չմտածեցիք, որ անմեղ մարդու էիք մեղադրում»,- վկային հարցրեց դատավորը:

«Եթե խիղճս արթնանար, նորից կտանեին ոստիկանություն` ծեծելու»,- պատասխանեց Գեւորգ Մուրադյանը:

«Հա ի՞նչ անենք, թող մի հատ էլ ծեծեին, տղամարդ չե՞ք»,- ասաց դատավոր Ավետիսյանը:

Վկան պատմեց, որ Գաբրիելյանից բացի, իրեն ծեծող ոստիկաններից կարողացել է ճշտել միայն մեկի անունը` Մալաթիայից Մուշեղն էր, որն ապրում է Նոյի թաղամասում:

«Գաբրիելյանն ինձ ասել էր, որ ոչ մեկին, նույնիսկ ծնողներիս չասեմ, որ ինձ ծեծել են: Հետո, երբ դատախազությունում քաղմասում տված ցուցմունքս նորից գրեցի, Գաբրիելյանը մայրիկիս ասել էր, որ դատարանում էլ պետք է Հակոբ Հակոբյանի դեմ ցուցմունք տամ: Դրանից հետո մայրիկիս պատմեցի, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,- ասաց վկան: Նա միաժամանակ նշեց, որ մինչեւ վերջերս Գաբրիելյանը զանգել է իրենց տուն եւ մոր հետ խոսելիս սպառնացել, որ եթե որդին ցուցմունքներից հրաժարվի, նրա համար շատ վատ կլինի: «Ասել է` համալսարանից կհանենք, համ էլ մտածեք, որ դեմը ծառայություն կա»: Գեւորգ Մուրադյանը հունիսի 8-ին զորակոչվելու է բանակ:

Վկան մանրամասն պատմեց նաեւ, որ գլխավոր դատախազությունում առաջին անգամ պետք է ցուցմունք տար դատախազ Վաղինակ Մկրտչյանի մոտ: Սակայն վերջինս գործերով տեղ է գնացել եւ ինքը մի քանի ժամ միջանքում սպասել է նրան: Հետո «մի հատ ջահել տղա տարավ իրա մոտ ու գիշերվա ժամը 2-ին ցուցմունք վերցրեց»:

Մուրադյանի խոսքերով` մի քանի օր անց իրեն դարձյալ կանչել են դատախազություն եւ կրկին ցուցմունք վերցրել:

«Դատախազությունում երկրորդ անգամ Գևորգ Գևորգյանն էր հարցաքննում: Քաղմասում տված իմ ցուցմունքը բռնել էր ձեռքը ու հարցեր էր տալիս: Ես անգիր արած պատասխանները գրում էի ու որտեղ «տոռմուզ» էի տալիս, Գևորգյանը թելադրում էր»,- ասաց վկան: Նա հիշեց, որ Գևորգյանի մոտ իր հարցաքննություններից մեկը նույնիսկ տեսագրել են, որտեղ ինքը դարձյալ մեղադրող ցուցմունք է տվել Լեդի Հակոբի` պատգամավոր Հակոբ Հակոբյանի դեմ:

18-ամյա Գեւորգ Մուրադյանը պատմեց նաեւ, թե ինչպես են իրեն տարել քաղաքապետարանի մոտ եւ ցույց տվել այն հատվածը, որտեղ իբր կանգնած է եղել Հ. Հակոբյանի ավտոմեքենան` առջեւի մասում երկու դրոշակ փակցրած:

Ասացի` նման բան չի եղել, նորից տարան դատախազություն եւ Վաղինակ Մկրտչյանն ինձ ծեծեց:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանը հրապարակեց վկայի նախաքննական ցուցմունքները եւ միջնորդեց` դատարանում հետազոտել նաեւ դատախազությունում Մուրադյանի հարցաքննության տեսագրությունը: «Եթե դրանից հետո վկան դարձյալ կհրաժարվի նախաքննական ցուցմունքներից, մեղադրանքի կողմը կդրսևորի համապատասխան վերաբերմունք` դատարանում նրա պատմածներն ընդունելով որպես հանցագործության մասին հաղորդում»,- ասաց դատախազ Հ. Սարգսյանը: Պաշտպանն էլ նկատեց, որ դատարանում Մուրադյանի ասածները, այսպես թե այնպես, հանցագործության մասին հաղորդում է` անկախ այն հանգամանքից` մեղադրողն այն որպես այդպիսին դիտարկո՞ւմ է, թե՞ ոչ:

Գագիկ Ավետիսյանը դատախազի միջնորդությունը բավարարեց: Հայտարարված ընդմիջումից հետո դատարանում հետազոտվեց մոտ 15 րոպե տեւողությամբ հիշյալ տեսագրությունը:

«Մի 15 անգամ նույն բանը ձայնագրել են: Հենց ինչ-որ բան էն չէի ասում, նորից էին ձայնագրում: Դրա համար էլ այդքան վարժ եմ խոսում»,- պատմեց վկա Մուրադյանը ևսմեկ անգամ փաստելով, որ նախաքննական ցուցմունքները սուտ են, քանի որ դրանք կորզվել են ծեծի միջոցով:

Գեւորգ Մուրադյանը դատարանին ասաց, որ եթե հանկարծ հաջորդ նիստերից մեկում իր ստորագրությամբ դիմում ներկայացվի, թե ինքը դատարանում սուտ ցուցմունք է տվել, «ուրեմն իմացեք, որ նորից տարել են ոստիկանություն ու ծեծելով ստիպել նման գրություն գրել»:

Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ` դատարանը, չանսալով պաշտպանի առարկություններին, դատակոչի ցուցակից հանեց վկաներ Մարուսյա Գասպարյանին, Սիմոն Հակոբյանին եւ Աշոտ Երանոսյանին:

Դատավարությունը կշարունակվի վաղը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter