HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արմեն Մարտիրոսյան. «Ոստիկանության գրությունը ստահոդ լուր է»

Աժ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով դատակոչված և չհարցաքննված երկու վկաների` Մուշեղ Անտոնյանի և Աշոտ Մելքոնյանի մասով դատավոր Գագիկ Ավետիսյանը կայացրել էր «բերման ենթարկելու մասին» որոշում: Սակայն նախօրեին վկա Մուշեղ Անտոնյանն ինքնակամ ներկայացել էր դատարան, բայց այդպես էլ չէր հարցաքննվել. մեղադրող Հովսեփ Սարգսյանը դահլիճից անվերադարձ հեռացել էր: Իսկ վկան, հետապնդումների պատճառով, երեկ գիշերել է «Չորրորդ իշխանություն» օրաթերթի գրասենյակում եւ այսօր դատարան էր եկել թերթի խմբագրությունից:

«Հարգելի դատարան, ճնշումս բարձրացել էր: Ներկայումս բժշկական հետազոտություն եմ անցնում, որից հետո անմիջապես եկել եմ նիստի»,- երեկ դատարանից իր հանկարծակի հեռանալու պատճառը պարզաբանեց դատախազ Սարգսյանը: Իսկ վկա Անտոնյանը «ՉԻ» խմբագրությունում գիշերելը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Իմ մոտիկներն են, գնացել եմ իրանց մոտ»: Վերջինս չհիշեց, թե ում հետ է գնացել խմբագրություն, քանի որ «երեկ խառը վիճակ էր»:

Դատարանը հրապարակեց ոստիկանության Մալաթիայի բաժնից ուղարկված գրությունը, ըստ որի` դատավոր Գագիկ Ավետիսյանի կողմից վկա Մուշեղ Անտոնյանին «բերման ենթարկելու մասին» որոշում կայացնելուց հետո բաժնի աշխատակիցները մի քանի օր անարդյունք փնտրել են վկային: Սակայն երեկ նրան պատահաբար տեսել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի մոտ, փորձել են վերջինիս բերման ենթարկել, ինչին խոչընդոտել են ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ՆԺ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, Հակոբ Հակոբյանի դուստրը, պաշտպան Մելանյա Առուստամյանը, վկա Անտոնյանի փաստաբանը եւ Հ. Հակոբյանի համախոհները:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ դատարանում հրապարակված գրությունն ընդամենը ստահոդ լուր է»,- ասում է պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նա նշում է, որ երեկ վկա Մուշեղ Անտոնյանին պարզապես փորձել են դատարանից առեւանգել:

«Նախ` այդ անձինք չունեին համազգեստ, երկրորդ` որեւէ մեկն ինձ փաստաթուղթ չի ներկայացրել, որ ինքը ոստիկանության աշխատակից է, կամ ցույց չի տվել վկային բերման ենթարկելու որոշման օրինակ: Այնպես որ, ցանկացած անձնավորություն, այդ թվում` նաեւ հանցագործներ, հնարավոր է, որ առեւանգեին Մուշեղ Անտոնյանին»,- նշում է պատգամավորը եւ շեշտում, որ իր գործողություններն ամբողջովին տեղավորվել են օրենքի շրջանակներում:

Դատարանը մինչեւ «բերման ենթարկելու մասին» որոշում կայացնելը վկա Անտոնյանին ուղարկել է ծանուցագրեր: Վկան այսօր դատարանին հայտնեց, թե դրանք ստացել է իր հարեւանը եւ մոռացել է փոխանցել իրեն:

«Ես ահավոր խառն եմ, վազվզուքի մեջ: Իմացա, որ «բերման ենթարկելու» որոշում կա, եկա դատարան»,- պատճառաբանեց Մ. Անտոնյանը: Հիշեցնենք, որ նրա անունով դատարան էր ուղարկվել մի գրություն, որի համաձայն` Անտոնյանը հայտնում էր, թե ինքը գտնվում է Վրաստանում, չի կարող մասնակցել դատավարությանը, ուստի խնդրում էր հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Այսօր վկան, դատարանում ծանոթանալով հիշյալ գրությանը, հայտարարեց, թե ստորագրությունն իրենը չէ, եւ նշեց, թե չի հիշում` ինքը նման գրություն գրե՞լ է, թե՞ ոչ:

Իրականում, վերջին շրջանում նա Վրաստանում չի եղել: Անտոնյանի անձնագրով փաստվում է, որ 8 օր առաջ` մայիսի 18-ին, նա անցել է Բագրատաշենը, սակայն չի հատել Վրաստանի սահմանը:

«Մեր սահմանն անցել, հասել եմ չեզոք գոտի, բայց վրացիների հետ վիճել եմ ու ինձ չեն թողել մտնեմ Վրաստան, հետ են ուղարկել»,- մանրամասնեց վկան:

Այսօրվա նիստում, ի վերջո, Մուշեղ Անտոնյանը հարցաքննվեց: Դատարանում նրա ասածները հակասում են նախաքննական ցուցմունքներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter