HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վկան իր նախաքննական ցուցմունքից տեղյակ չէր. «Իմ տեղը գրել են, ես տակը ստորագրել եմ»

ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի գործով այսօր դատարանում հարցաքննված վկա Մուշեղ Անտոնյանի ասածները էականորեն տարբերվում են նախաքննության ժամանակ` անցյալ տարվա մայիսի 5-ին, Հատուկ քննչական ծառայության քննիչ Գեւորգ Գեւորգյանին տված ցուցմունքից: Վկան պնդում է, որ իր նկատմամբ երբեւէ հարկադրանք չի եղել. ցուցմունքը տվել է կամովին: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված ցուցմունքների հակասությունը, նա կոնկրետ բացատրություն չուներ:

«Ես քննիչի մոտ ոչ մի ցուցմունք չեմ գրել, իմ տեղը գրել են, ես տակը ստորագրել եմ: Իմ սխալն էն ա, որ առանց կարդալու ստորագրել եմ»,- ասաց Մ. Անտոնյանը:

Վերջինս դատարանում հարցաքննության սկզբում հայտարարում էր, որ չի կարող նախաքննությանը տված ցուցմունքը պնդել կամ ժխտել, քանի որ դրանից տեղյակ չէ: Իսկ նախաքննական մարմնին նա հայտնել է, որ 2008 թ. նախագահական ընտրություններից` փետրվարի 19-ից հետո երկու անգամ մասնակցել է Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին: Ընդ որում` երկրորդ անգամ հանրահավաքի է գնացել Հակոբ Հակոբյանի հորեղբոր տղայի` Սեյրանի հետ, քանի որ դրանից մի քանի օր առաջ Հ. Հակոբյանն իրեն «մունաթով» հարցրել է, թե ինչո՞ւ հանրահավաքներին չի մասնակցում, եւ ինքը միտինգի է գնացել զուտ Հակոբյանի աչքին երեւալու եւ «ներկա ստանալու» համար:

«Քանի որ Հ. Հակոբյանի հարցի մեջ սպառնալիք զգացի եւ նրա տոնից հասկացա, որ եթե հանրահավաքներին չմասնակցեմ, ինձ աշխատանքից կազատի»,- բացատրել էր վկա Անտոնյանը: Այնուհետեւ նա պատմել էր, որ աշխատում է Մալաթիայի տոնավաճառում` «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ում, եւ դրանից մոտ երկու տարի առաջ վիճաբանել է Հակոբ Հակոբյանի ընկերոջ` Հարութի հետ, ինչի պատճառով Հ. Հակոբյանը փակել էր իր խորովածանոցը:

«Մի կերպ ներողություն խնդրելուց եւ Հ. Հակոբյանի մոտ գնալուց հետո նա բացեց խորոված-քյաբաբի վաճառքի իմ կետը»,- քննիչին ասել է Մուշեղ Անտոնյանը:

Նա թվարկել է կոնկրետ մարդկանց անուններ, որոնց շրջապատում էլ երկու անգամ հանրահավաքի ժամանակ տեսել է Հակոբ Հակոբյանին: Իսկ մարտի 1-ին թե՛ նախաքննական, թե՛ այսօր դատարանում տված ցուցմունքով վկա Անտոնյանը հանրահավաքին չի մասնակցել. եղել է տանը եւ կատարվածի մասին տեղեկացել է հեռուստացույցից:

Այսօր դատարանում Մուշեղ Անտոնյանը նշեց, թե այս ցուցմունքներն իրականությանը չեն համապատասխանում, ինքը փետրվարի 19-ից հետո ընդամենը մեկ անգամ է մասնակցել ընդդիմության հանրահավաքին, գնացել է կամովին` հետաքրքրությունից դրդված, ճիշտ այնպես, ինչպես մյուս ուժերի հանրահավաքներին, սակայն Օպերայի մոտ եղել է ընդամենը 20 րոպե, քանի որ «հետաքրքիր ոչ մի բան չկար»:

Հակոբ Հակոբյանին տեսնելու, նրանից հանրահավաքներին մասնակցել-չմասնակցելու կապակցությամբ հորդոր կամ սպառնալիք լսելու հանգամանքը հերքելուց բացի, վկան շեշտեց, որ «Ռաֆայել-Տաթեւ» ՍՊԸ-ի տնօրենը Սամվել Ավետիսյանն է, վերջինս է իրեն ընդունել աշխատանքի, եւ Հ. Հակոբյանը նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող իրեն աշխատանքից ազատել:

Վկա Մուշեղ Անտոնյանին հարցաքննելուց հետո դատարանն անցավ գործում եղած մյուս ապացույցների հետազոտմանը: Մեղադրող Հովսեփ Սարգսյանի միջնորդությամբ` դատարանը կասեցրեց դատակոչված և չհարցաքննված վերջին վկային` Աշոտ Մելքոնյանին բերման ենթարկելու մասին որոշումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter